Ջրօրհնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրօրհնեքի արարողություն

Ջրօրհնեք, եկեղեցական արարողություն, որը կատարվում է Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։

Այլ եկեղեցիների մշակույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապես եղել է միայն Երուսաղեմի եկեղեցուն հատուկ արարողություն, որը տեղի է ունեցել Հորդանան գետի ափին։ Հետագայում քրիստոնյա մյուս եկեղեցիները ևս հաստատել են Ջրօրհնեքի արարողությունը։ Ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցիներում սովորություն է այն կատարել գետի, լճի կամ ծովի ափին։

Հայկական առաքելական եկեղեցու կանոններով[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցին ջրի օրհնությունը կատարում է եկեղեցում։ Հայոց պատմության մեջ հիշատակված են պատմական երկու Ջրօրհնեքներ։ Առաջինը՝ 1022 թվականին, Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի օրոք, Տրապիզոնի մոտ։ Երկրորդ Ջրօրհնեքը տեղի է ունեցել 1211 թվականին, Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում։ Լևոն Բ Մեծագործ թագավորը և բարձրաստիճան հայ ու օտար հյուրեր ներկա են եղել գետեզերքին Ջրօրհնեքի արարողությանը, որից հետո կայացել են ժողովրդական խրախճանքներ։ Ջրօրհնեքի արարողության ընթացքում կատարվում են սուրբգրային ընթերցումներ, աղոթքներ, հանդիսավոր բերվում է նաև սուրբ Մյուռոնի աղավնին։ Պատարագիչ եկեղեցականը §Առաքելոյ աղաւնոյ¦ շարականի երգակցությամբ Մյուռոնը կաթեցնում է ջրի մեջ, ապա ջրի մեջ գցված խաչը «Պահապանիչ»-ի ժամանակ հանում, տալիս է օրվա խաչի կնքահորը։

Ծեսի մեղեդիները և ընթացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողությունից հետո հավատացյալներն օրհնըված ջուրը տանում են տուն։ Ջրօրհնեքի ծեսը, ըստ Մաշտոց ծիսարանի «Օրհնությունաբեր ցուցակի» տվյալների, հաստատել է Բարսեղ Կեսարացին, իսկ Սահակ Ա Պարթևի հրամանով թարգմանել և Հայաստան է բերել Խոսրով թարգմանիչը։ Ջրօրհնեքի կանոնի սկզբնական երաժշտության ձևավորումը սահմանափակվել է հիմնականում 28-րդ սաղմոսի «Ձայն Տեառն ի վերայ ջուրս» կցուրդով և «Տէր թագաւորեաց» սաղմոսով։ Հետագայում սաղմոսներին ավելացել են XII-XIII դարերի հեղինակների գործերը՝ Հովհաննես Երզնկացու «Յամենայն ժամ օրհնեմք օրհնեալդ փրկիչ Էմմանուէլ» քարոզ-գանձը, «Այսօր ձայնն հայրական» տաղը, Կոստանդին Սրիկի (XIII դար) «Քրիստոս, բանդ Հօր» մեղեդին և Գրիգոր Գ Պահլավունու «Ո՜վ զարմանալի» հորդորակը, որով ավարտվում է Ջրօրհնեքի ծիսակատարությունը։ Իր կանոնականությամբ հանդերձ Ջրօրհնեքի երաժշտությունը շարքը հաճախ կազմվել է բավական ազատ։ Այսպես, Ջրօրհնեքի կանոնում, բացի սաղմոսներից և նշված գործերից, ըստ XIV-XVII դարերի առձեռն Մաշտոցների, առկա են նաև հետևյալ ստեղծագործությունները՝ Մխիթար Այրիվանեցու Ջրօրհնեքի Ճրագալույցին նվիրված «Տարփումն ըղձական, տոչոր անձկական» գանձը, Կոստանդին Սրիկի «Հրճուիմք այսօր մեք հոգեպէս» տաղը, ինչպես նաև՝ «Խորհուրդ մեծ և սքանչելի», «Լոյս ի լուսոյ», «Ուրախ լիցին այսօր երկինք», «Առաքելոյ աղաւնոյ» շարականները։ Գանձ-շարքերի նման տարբերությունները և մեղեդիների տարբեր հաջորդականությունը, հավանաբար, արտացոլում են որոշակի շրջանների կամ վանքերի տեղային ավանդույթները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցե՛ք «ջրօրհնեք» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: