Կենգուրու միջազգային մաթեմատիկական մրցույթ
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ (ֆր.՝ Kangourou sans frontières, անգլ.՝ International Mathematical Kangaroo), միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ, որին մասնակցում են դպրոցականներ աշխարհի ավելի քան 50 երկրներից։ Համարվում է ամենաշատ մասնակիցներ ունեցող դպրոցական մաթեմատիկական մրցույթը։ «Կենգուրուն» տրամաբանական և հետաքրքրաշարժ խնդիրներ ներկայացնող մրցույթ է, որին մասնակցելու համար որևէ նախապայման չկա։ Ամեն տարի մրցույթը տեղի է ունենում մարտ ամսվա երրորդ հինգշաբթի օրը։ Հայաստանում խաղին կարող են մասնակցել 3-12 դասարանցիները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը սկիզբ է առել Ավստրալիայում դեռևս 1980-ականների կեսերին։ Ավստրալիացի մաթեմատիկոս և ուսուցիչ Պիտեր Օ'Հոլորանն առաջին անգամ փորձեց թեստային խաղ առաջարկել իր աշակերտներին, որը շուտով զարգացավ և տարածվեց ամբողջ աշխարհամասում։ 1991 թվականին ֆրանսիացի երկու մաթեմատիկոս պրոֆեսորները՝ Անդրե Դելեդիքը և Ժան Պիեր Բուդինը, խաղ-մրցույթը տեղափոխեցին Ֆրանսիա։ Առաջին իսկ մրցույթը Ֆրանսիայում հավաքեց մոտ 120 000 դպրոցականների։ Մի քանի տարվա ընթացքում «Կենգուրուի» սահմաններն ընդլայնվեցին` ընդգրկելով նորանոր երկրներ։
1994 թվականի հունիսին, Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի գագաթնաժողովին 10 երկրների ներկայացուցիչներ որոշեցին հիմնադրել «Կենգուրու առանց սահմանների» ընկերակցությունը։ Վերջինիս անդամ երկրներում մրցույթն անցկացնում են տեղի լիազոր և ներկայացուցչական կազմակերպությունները։ «Կենգուրու առանց սահմանների» ընկերակցության գլխավոր գրասենյակը գտնվում է Փարիզում։
«Կենգուրուն» Հայաստանում
2008 թվականի մայիսին «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում անցկացրեց «Կենգուրու» առաջին փորձնական մրցույթը, որին մասնակցեց 6 դպրոցների 3-11-րդ դասարանցի 639 աշակերտ։ 2008 թվականի հոկտեմբերին «Կենգուրու առանց սահմանների» ընկերակցության անդամ դարձավ նաև Հայաստանը՝ ի դեմս «Այբ» կրթական հիմնադրամի[1]։ 2009 թվականի մարտի 19-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ «Կենգուրու» մրցույթն անցկացվեց Հայաստանի բոլոր մարզերում` մոտ 570 դպրոցի և ավելի քան 30 000 աշակերտի մասնակցությամբ[2]։ Այժմ Հայաստանում ամեն տարի մոտ 45000 աշակերտ ավելի քան 1000 դպրոցներից մասնակցում է մրցույթին։
Ձևաչափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ, նույն օրը՝ անմիջականորեն բոլոր մասնակից դպրոցներում։ Մրցույթը թեստային է, որում ներառված են տրամաբանական խնդիրներ։ Յուրաքանչյուր թեստ ունի պատասխանների 5 տարբերակ, որոնցից միայն մեկն է ճիշտ։ Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտները՝ անկախ դպրոցում իրենց առաջադիմությունից։ Երեխաները մրցույթին մասնակցում են 3-4 դաս., 5-6 դաս., 7-8 դաս., 9-10 դաս., 11-12 դաս. տարիքային խմբերով։ 3-4-րդ տարիքային խմբի երեխաների խնդիրների փաթեթում ընդգրկված է 24, իսկ մնացած տարիքային խմբերի խնդիրների փաթեթում՝ 30-ական թեստային խնդիր։ Մրցույթին մասնակցող 3-4-րդ դասարանցիները կարող են վաստակել առավելագույնը 96, իսկ մյուսները` 120 միավոր։ Դպրոցների արդյունքներն իրար հետ չեն համեմատվում։ Յուրաքանչյուր մասնակից դպրոց ստանում է ամփոփ հաշվետվություն միայն իր մասնակից աշակերտների արդյունքների վերաբերյալ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Kangaroo" in Armenia». kangaroo.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ ««Կենգուրու»-ի պատասխանները' ապրիլի 20-ին». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kangourou Sans Frontières պաշտոնական կայք
- Հայաստանում «Կենգուրու» մրցույթի պաշտոնական կայք Արխիվացված 2013-10-08 Wayback Machine
Տարբեր երկրների կազմակերպած մրցույթների պաշտոնական կայքեր | ||||||
---|---|---|---|---|---|---|
mathkangaroo.org ԱՄՆ | canguromat.org.es Արխիվացված 2021-09-13 Wayback Machine Իսպանիա | kangur-mat.pl Լեհաստան | contests.am Արխիվացված 2021-09-13 Wayback Machine Հայաստան | kangaroo.mn Մոնղոլիա | http://www.math.kangaroo.edu.pk/ Արխիվացված 2015-07-06 Wayback Machine | Սլովակիա |
Ավստրիա | Իսպանիա-2 | Լիտվա | Հունաստան | Նիդերլանդներ | Ռումինիա | http://www.dmfa.si/kenguru/ Արխիվացված 2007-04-03 Wayback Machine |
Գերմանիա | Իտալիա | http://www.mathkangaroocanada.com/ Արխիվացված 2015-08-01 Wayback Machine | Հունգարիա | Շվեդիա | Ռուսաստան | Ուկրաինա |
http://www.teaduskool.ut.ee/kanguru Արխիվացված 2008-03-14 Wayback Machine | mathkangaroo.ir Իրան | Կիպրոս | Մալայզիա | Չեխիա | http://kengur.dms.org.rs/main/ Արխիվացված 2011-05-10 Wayback Machine | Ֆրանսիա |