Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 24, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ-վրացական պատերազմ, սահմանային կարճատև պատերազմ Հայաստանի առաջին հանրապետության և Վրաստանի դեմոկրատական հանրապետության միջև, որը տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերին՝ հակամարտող երկրների անկախության հռչակումից կարճ ժամանակ անց։ Ռազմական գործողությունները մեծապես ծավալվել են երկու պետությունների սահմանամերձ շրջաններում՝ Լոռիում, Ջավախքում (Ախալքալաք) և Քվեմո Քարթլիում։ Հայկական զորաբանակը գլխավորում էր առաջին հանրապետության ռազմական նախարար, զորավար և ֆիդայի Դրաստամատ Կանայանը։ Վրացական բանակը գործում էր Հարավային Կովկասում հաստատված գերմանական կայազորների զորակցությամբ, իսկ վրաց-գերմանական միացյալ ուժերի գլուխ կանգնած էին Գիորգի Մազնիաշվիլին, Գիորգի Կվինիտաձեն և Վալիկո Ջուղելին։ Նորանկախ կովկասյան հանրապետությունները 19-րդ դարի առաջին տասնամյակում կանգնած էին բազմաթիվ խնդիրների առջև։ Մի կողմից սպառնում էր Թուրքիան, որը Հայոց ցեղասպանությունից հետո ձգտում էր նաև թափանցել Արևելյան Հայաստան և Կովկաս, սակայն 1918 թվականին, կրելով ծանր պարտություն Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում, ստիպված էր սպասել։ Վրաստանում իրավիճակը բավականին տարբեր էր․ մայիսի 28-ին կնքված պայմանագրով վրացական կողմը թույլատրել էր գերմանական բանակին հաստատվել Վրաստանի տարածքում, ինչն էլ երկրում ստեղծել էր անկայուն քաղաքական իրավիճակ։ Տարածաշրջանային ուժերի անհամաչափ բաշխվածությունը, թուրք-բոլշևիկյան համագործակցությունը, կովկասյան թաթարների անդադար հարձակումները ստիպում էին Հայաստանի կառավարությանը անընդհատ լինել պատերազմական վիճակում։ Վրաստանն իր հերթին հավակնում էր զբաղեցնել Լոռու երկրամասը՝ անտեսելով հայաբնակ Ջավախքի հիմնախնդիրը։ Ղարաքիլիսայում կրած պարտությունից հետո դեպի Թիֆլիս շարժվող թուրքական զորքերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով վրաց-գերմանական զորքերը մտնում են Լոռի։ Շատ չանցած, խախտելով հայերի հետ ձեռք բերված համաձայնությունը, նրանք հայտնում են Լոռու ինքնավարության մասին։ Լոռիում որպես ընդհանուր կառավարման մարմին ստեղծվում է կոմիսարիատ, որը ղեկավարում էր Ալավերդում կենտրոնացած գերմանական պարետը։ Հընթացս Վրաստանի իշխանությունները՝ Նոյ Ժորդանիայի գլխավորությամբ․․․ ավելին