Ծերացում
Ծերացում, օրգանիզմի զարգացման ընթացքում օրինաչափորեն ի հայտ եկող հասակային անվերադարձ փոփոխություններ, որոնք սահմանափակում են նրա հարմարվողական հնարավորությունները։ Ծերացումն ուսումնասիրող գիտությունը կոչվում է գերոնտոլոգիա, որը որպես գիտություն սկիզբ է առել 20-րդ դարում։ Գերոնտոլոգիան ուսումնասիրում է ֆիզիկական, մտավոր, սոցիալական փոփոխությունները, ուսումնասիրում է սոցիալական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, ծերացման հետ կապված հիվանդությունները։ Ծերացումը շարունակական և դինամիկ պրոցես է, որը սկսվում է մարդու ծնունդով և ավարտվում է մարդու մահով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերացման վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ։ Ծերացման խնդրին են անդրադարձել սկսած մեր թվարկությունից առաջ։ Ըստ Ցիցերոնի (Մ.թ.ա.106-143 թթ․) ծերությունը խոչընդոտում է ազատ կենսագործունեությանը, ծերությունը տկարացնում է մեր մարմինը, ծերությունը զրկում է մեզ կյանքի հաճույքներից, ծերությունը մոտեցնում է մահվան ժամը։ Ըստ Ցիցերոնի նշված պատճառները անտանելի են դարձնում ծերության գործընթացը։ Ծերացման մեխանիզմների բացատրման վերաբերյալ գոյություն են ունեցել բազմաթիվ վարկածներ, որոնց մեծ մասն այժմ արդեն ունի պատմական նշանակություն։ Չնայած մարդու և կենդանիների օրգանիզմների ծերացման գործընթացները մանրամասն ուսումնասիրվել են, սակայն նրա մեխանիզմների մասին չկա միասնական բացատրություն։ Տարիքային փոփոխություններն ընթանում են տարբեր օրգաններում ու համակարգերում և զարգանում են ոչ միանգամից, անհավասարաչափ։ Որոշ հետազոտողների կարծիքով ծերացումն սկսվում է բջիջների բեղմնավորման պահից։ Ըստ Լյոբի՝ ծերացումն արդյունք է քիմիական որոշ նյութերի ծախսման, որոնք օրգանիզմին տրվում են սաղմնադրման ժամանակ և այլևս չեն սինթեզվում։ Հեղինակների մի այլ խումբ ծերացումը կապում է օրգանիզմի ներքին սեկրեցիայի՝ հատկապես սեռական գեղձերի ֆունկցիոնալ խանգարումների հետ (Բրոուն Սեկար, Ս. Վորոնցով, Ա. Լորան, Հ. Սելյե, Կ. Պարխոն և ուրիշներ)։ Ըստ Ա. Բոգոմոլեցի՝ ծերացման գործընթացը զարգանում է շարակցական հյուսվածքներում առաջացող ախտաբանական փոփոխությունների հետևանքով։ Ծերության վերաբերյալ տեսությունների շարքում կարևոր նշանակություն ունի թթվածնային տեսությունը (Դ. Մարինեսկո, Ն. Սիրոտինին)։ Սովորաբար 40-50 տարեկանից հետո օրգանիզմում առաջանում Է թթվածնային քաղց, որի հետ կապված թուլանում են օքսիդացման գործընթացները։
Ս. Բոտկինը և Ի. Մեչնիկովը տարաբաժանել են
- ֆիզիոլոգիական (բնական) և
- վաղաժամ (ախտաբանական) ծերացում։
Վաղաժամ և ֆիզիոլոգիական ծերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղաժամ ծերացումը զարգանում է զանազան հիվանդությունների, արտաքին միջավայրի ոչ բարենպաստ գործոնների ազդեցությամբ։ Բջիջներում տեղի են ունենում էական փոփոխություններ, որոնք արտահայտվում են բջջի գրգռականության նվազմամբ, գործողության պոտենցիալի տևողության մեծացմամբ։ Ծերացման գործընթացում թուլանում է նյարդային ազդեցությունը բջիջների և հյուսվածքների վրա, բարձրանում է դրանց զգայունությունը հումորալ գործոնների նկատմամբ։ Բջիջներում պակասում են միտոքոնդրիաները, և դրանց մեջ օքսիդացման գործընթացների նվազման պատճառով ընկնում է հյուսվածքային շնչառությունը։ Հատկապես խանգարվում է նյարդային համակարգի գործունեությունը։ Տարիքի հետ կապված խախտվում է նյարդային համակարգի բարձրագույն բաժինների սուբորդինացիոն ազդեցությունը ստորին բաժինների վրա։ Արյունատար անոթները կորցնում են իրենց առաձգականությունը, նվազում է թոքերի կենսական տարողությունը, մարսողական հյութերի ֆերմենտային ակտիվությունը։ Ծերացման ժամանակ փոխվում է մարդու վարքը, իջնում է աշխատունակությունը, խանգարվում է ներքին սեկրետոր գեղձերի ֆունկցիան, նվազում է մկանային ուժը, մազերը սպիտակում են և թափվում, մաշկը բարակում է, կնճիռներ են գոյանում, թուլանում է հիշողությունը, նվազում են մտավոր ունակությունները։ Ֆիզիոլոգիական ծերացման բնույթը և ընթացքը մեծ մասամբ որոշում են մարդու կյանքի բնական տևողությամբ։ Գտնում են, որ մարդու կյանքի պոտենցիալ տևողությունը պետք Է գերազանցի 100 տարին։ Սակայն բնական ծերացման դեպքերը դեռևս քիչ են։ Մարդու ծերացման կանխարգելման համար անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել սնունդը, աշխատանքի և հանգստի հաջորդականությունը։
Բույսերի ծերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսերի ծերացումն ուղեկցվում է օրգանների կառուցվածքային փոփոխություններով, բջջային օրգանոիդների, քլորոպլաստների, միտոքոնդրիաների, ռիբոսոմների քայքայմամբ։ Ծերացման դեպքում ընկնում է ֆոտոսինթեզի, սպիտակուցների, նուկլեինաթթուների և կենսաբանական այլ միացությունների սինթեզի ինտենսիվությունը, ֆերմենտների մեծ մասի ակտիվությունը (պրոտեոլիտիկ ֆերմենտներինը կարող է մեծանալ)։ Արտաքին միջավայրի տարբեր գործոններ՝ սննդային, լուսային, ջերմային ռեժիմը, ախտածին բակտերիաներն ու սնկերը կարող են արագացնել կամ դանդաղեցնել ծերացումը։
Բույսերի ծերացումը զուգակցվում Է առանձին օրգանների նորազոյացմամբ, որը հաճախ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Կան բույսեր, որոնց բոլոր օրգանները ծերանում և մահանում են միաժամանակ (օրինակ, ագավան՝ ծաղկելուց հետո)։ Որոշ ծառաբույսերի մոտ տեղի է ունենում տերևների սեզոնային ցիկլիկ մահացում՝ մյուս օրգանների կենսագործունեության պահպանմամբ։ Շատ խոտաբույսերի ստորին տերևները մահանում են, իսկ գագաթից երիտասարդ տերևներ են գոյանում։
Ծերության փուլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր ժամանակներում ծերության սկզբի համար տրվել են տարբեր սահմանումներ. Պյութագորասը՝ 60 տարեկան, չինացի գիտնականները՝ 70 տարեկան, բրիտանացի հոգեբանները՝ 50 և ավելի տարիներ, գերմանացի ֆիզիոլոգ Ռուբները՝ 50 տարեկան։
Շատ հետազոտողներ կարծում են, որ ծերացումը սկսվում է 60 տարեկանում, և տևում է մինչև մահը։ Ըստ միջազգային դասակարգման տարբերակվում է ծերացման հետևյալ փուլերը․
- Ավելի վաղ ծերության տարիք - տղամարդկանց համար՝ 60-74 տարեկան, կանաց համար՝ 55-74 տարեկան
- Բուն ծերացման տարիք՝ 75–90 տարեկան
- Երկարակեցություն`90 և ավելի տարեկան։
Բիրենը առանձնացրել է.
- Ուշ հասունություն` 50-75 տարեկան
- Ծերություն՝ սկսած 75 տարեկանից
Անձի տիպերը ծերունական տարիքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջինից ուշ հասունության անցման ժամանակ անձի կարևորագույն որակներն անփոփոխ են մնում։ Կայունությունը վերաբերվում է անձնավորության այնպիսի բնութագրերին, ինչպես նեյրոտիզմի մակարդակը, օրինակ՝ տագնապայնություն, ճնշվածություն, իմպուլսիվություն, էքստրավերտության, ինտրովերտության հարաբերակցությունը։ Անգլիացի գիտնական Բրոմլեյը կենսթոշակի անցած կամ մասամբ զբաղված տղամարդկանց շրջանում անցկացված փորձարարական ուսումնասիրության հիման վրա առաջարկել է ծերացման հինգ ստրատեգիաներ․
- Կառուցողական տիպ–բնութագրում է հասուն անձնավորության, ով լավ ինտեգրված է, վայելում է կյանքը, ստեղծում է ամուր և սերտ հարաբերություններ։ Նման մարդիկ համբերատարություն|համբերատար են, ճկուն, գիտեն իրենք իրենց հնարավորությունները։ Նրանք շատ լավ հասկանում և գիտակցում են այն փաստը, որ իրենք թոշակառու են, և ի վերջո մահանալու են։
- Կախյալ տիպ-Այս տիպը ընդունված է հասարակության կողմից, սակայն ունի պասիվության և կախվածության միտում։ Այս տիպի մարդիկ նույնպես լավ ինտեգրված են, սակայն ունեն աջակցության սպասումներ հասարակության կողմից։
- Պաշտպանվող տիպ-Այս տիպի մարդիկ էմոցիոնալ առումով շատ զուսպ են, նրանց գործողություններն ու սովորույթները ավելի բարդ են։ Նրանք խուսափում են արտահայտել իրենց կարծիքը ցանկացած թեմայի վերաբերյալ։ Ծերությանը տրամադրված են հոռետեսորեն, և նախանձում են երիտասարդներին։ Այս տիպի մոտ պաշտպանական մեխանիզմը արտահայտվում է բողոքներով։
- Թշնամական տիպ- Այս տիպի մարդիկ ագրեսիվ են, պայթյուն, կասկածամիտ։ Անվստահությունը մարդկանց հանդեպ ստիպում է նրանց խուսափել մարդկանց հետ շփումներում։ Այս մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց ծերության փաստը, և որպես թշնամի իրենց համարում են երիտասարդներին։
- Ինքնամեղադրող տիպ-Այս տեսակի մոտ ի տարբերություն նախորդ տեսակի, ագրեսիան ուղղված է ինքն իրեն։ Նման մարդիկ քննադատում են, և արհամարհում են իրենք իրենց կյանքը։ Նրանք չեն նախանձում երիտասարդներին, չնայած շատ լավ գիատկցում են իրենց ծերացման փաստը։ Մահը նրանց չի անհանգստացնում, նրանք դա ընկալում են որպես տառապանքներից փրկություն։
Ռոշակը, ընդհանրացնելով Բրոմլեյի և Լիվսոնի համատեղ աշխատանքները, առանձնացրել է ծերացման հետևյալ տեսակները.
- Ծերացման պասիվ տիպ
- Ծերացման ագրեսիվ տիպ
- Ծերացման պաշտպանական տիպ
- Ծերացման կառուցողական տիպ։
Վերջին տիպին բնորոշ են ներքին հավասարակշռությունը, դրական հուզական տրամադրվածությունը, ինքնաքննադատությունը և հանդուրժողականությունը մյուսների հանդեպ։ Լավատեսական դիրքորոշումը կյանքի հանդեպ պահպանվում է մասնագիտական գործունեության ավարտից հետո։ Այս խմբին պատկանող մարդկանց ինքնագնահատականը բարձր է, նրանք ապագայի պլաններ են կազմում՝ հույսները դնելով շրջապատողների վրա։
Անձնային փոփոխությունները ծերունական փուլում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծերության տարիքում սոցիալական և հոգեբանական անկարգավիճակը որոշող գործոնների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում ֆիզիկական առողջությունը, ֆիզիկական ակտիվության գործոնը։ Հենց այս գործոններով են մեծ չափով որոշվում ծեր մարդու տեղն ընտանիքում և հասարակության մեջ։ Ֆիզիկական հնարավորությունների սահմանափակումը, հիվանդագին զգացողություններն ընկալվում են որպես ծերացման սկզբի ազդանշաններ։ Մարդու գիտակցության մեջ ծերությունը առավելապես արտացոլվում է որպես ֆիզիոլոգիական տկարություն, հիվանդագին վիճակ։ Սա ծերության տարիքում կյանքով անբավարարվածության հիմնական պատճառ է։ Դրա հաճախակի հանդիպող հետևանքներից են զգացմունքների աղքատացումը, կարծրացումը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության աստիճանական կորուստը մտերիմների հետ հարաբերությունների փոփոխությունը, ինքնագնահատականի անկումը։ Ծերացման գործընթացի նկատմամբ վերաբերմունքը հոգեկան կյանքի ակտիվ տարրերից է։ Ֆիզիկական և հոգեկան տարիքային փոփոխությունների գիտակցման պահերը, ֆիզիկական տկարության զգացողությունների բնականության ընդունումը ինքնագիտակցության նոր մակարդակ են կազմում։ Դժվարությունների ակտիվ հաղթահարման ռազմավարության պարագայում դրսևորվում է գիտակցված վերաբերմունք սեփական տարիքային փոփոխություններին։ Այս նոր դիրքը մեծ մասամբ կախված է կոնկրետ մարդուց։ Դա կարող է հեգնական վերաբերմունք լինել սեփական անձի հանդեպ, հումորային գնահատական՝ նախկին ֆիզիկական հնարավորություններին, հիվանդագին ապրումներին։ Այդ ապրումների նկատմամբ անտարբերությունը, որը հաճախ հանդիպում է խորը ծերության ժամանակ, դիտարկվում է որպես կենսական տոնուսի խորը իջեցում։ Ծերության տարիքում պահանջմունքները նույնն են, ինչ կյանքի նախորդ փուլերում։ Ռոշակի տվյալներով ծերունական տարիքում փոխվում է պահանջմունքի հիերարխիան, կառուցվածքը։ Պահանջմունքային ոլորտի կենտրոն են գալիս տառապանք|տառապանքից խուսափելու, ապահովության, ինքնավարության և անկախության, ուրիշների վրա սեփական հոգեկան դրսևորումները պրոյեկտելու պահանջմունքները։ Միաժամանակ հետին պլան են մղվում ստեղծագործության, սիրո, ինքնաիրացման և ընդհանրության զգացման պահանջմունքները։ Կյանքի ուշ փուլում տեղի է ունենում ժամանակավոր կենսական հեռանկարի ընդհանուր փոփոխություն։ Անցյալը գնալով ծանրանում է, ապագան թվում է ավելի ու ավելի սահմանափակ։ Ավելի մեծ նշանակություն ունեն ներկան և անցյալի մասին հիշողությունները, քան ապագան։ Շատ ծերեր սկսում են ապրել «Այսօրվա օրով» յուրաքանչյուր օրը լցնելով առողջության և կենցաղի մասին հոգսերով։ Լավ ֆիզիկական վիճակը ընդհանուր տարիքային փոփոխությունների չափավոր բնույթը, երկարակեցությունը, ակտիվ գործունեության պահպանումը, բարձր հասարակական դիրքը, կողակցի և երեխաների առկայությունն ու աջակցությունը, նյութական ապահովվածությունը չեն երաշխավորում ծերության, որպես կյանքի բարենպաստ փուլի ընկալումը։ Ըստ Շախմատովի․
- Հատուկ կողմնորոշվածություն դեպի ներկան- այս մարդիկ անցյալի որևէ պրոյեկցիա չեն անում, միաժամանակ չկան ապագայում գործնական ակտիվության ծրագրեր։ Ներկան ընդունվում է առանց հերքումների և առանց դրական փոփոխությունների ծրագրերի։
- Նախկին նպատակային դիրքորոշումների, կանոնների և համոզմունքների վերանայման միտում։ Նմանատիպ մտավոր աշխատանքը բերում է նոր, մտահայեցական, հանգիստ և ինքնաբավ կենսական դիրքի մշակման։ Շրջապատող կյանքը, առողջական ներկա վիճակը, ֆիզիկական թուլությունները, կենցաղը ընդունվում են այնպես, ինչպես կա։
- Նոր հետաքրքրությունների առաջացում, որոնք բնորոշ չեն տվյալ մարդուն։ Դրանց շարքում հատկապես առանձնանում են վերաբերմունքը բնության նկատմամբ, ստեղծագործելու հակումը, անշահախնդրորեն շրջապատին, առաջին հերթին է հիվանդներին և թույլերին օգտակար լինելու ցանկությունը, երբեմն առաջին անգամ ի հայտ է գալիս սերը կենդանիների նկատմամբ։
- Կայուն մտավոր աշխատանքը, որն արտացոլում է անցյալի կենսափորձը, նախկին գործունեությունը իմաստավորելու ձգտումը։ Նախկին հաջողությունները գիտելիքների կուտակման մեջ, ձեռքբերումներն ու կոչումները կորցնում են իրենց նախկին կարևորությունը, և քիչ նշանակալի են թվում։ Ընտանեկան և բարեկամական հարաբերությունների կայունությունն ու անկեղծությունը նույնպես քիչ կարևոր են դառնում։ Նյութական արժեքները, որոնք ձեռք են բերվել կյանքի ընթացքում, նույնպես ոչ էական են։
Հոգեբանական վիտաուկտը ուշ տարիքում ես-ի կայունացման և փոխհատուցող գործոններն են։ Դրանցից են բարձր համարժեք ինքնագնահատականը՝ կենտրոնացումը բնավորության դրական գծերի վրա, իդեալական և հասանելի ինքնագնահատականների նվազումը, դրանց մերձեցումը իրական ինքնագնահատականին, ինքնավերաբերմունքի հարաբերականորեն բարձր մակարդակը, սեփական դիրքի բարենպաստության ընդունումը, դեպի երեխաների և թոռների կյանքը կողմնորոշումը, ինքնագնահատման ռետրոսպեկտիվ բնույթը։ Հոգեբանական ծերացումը ներքին հակասական բնույթ ունի, ինչն իր արտացոլումն է գտնում մարդու ես-կոնցեպցիայի որակական յուրօրինակության և տարաուղղված միտումների մեջ, և պայմանավորում է կտրուկ արտահայտված անհատական տարբերություններ։
Բարեհաջող ծերացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաջողակ ծերացման հայեցակարգը նկատելի դարձավ 1950 թվականներին, և ճանաչվեց ավելի 1980 թվականներին։ Բարեհաջող ծերացումը ներառում է․
- Ֆիզիկական առողջությունը
- Ֆինանսական ապահովությունը
- Արդյունավետությունն ու զբաղվածությունը
- Անկախություն|Անկախությունը
- Լավատեսությունը
- Ակտիվ գործընթացներում ներգրավվածությունը։
Առանձնացվել են երեք հիմնարար գործոնները, որոնք նպաստում են բարեհաջող ծերացմանը։ Այդ գործոններն են.
- Հիվանդության և հաշմանդամության ցածր հավանականություն
- Բարձր կոգնիտիվ և ֆիզիկական ֆունկցիաների հզորություն
- Ակտիվ ներգրավվածությունը կյանքում
Գոյություն ունեն ունիվերսալ տարիքային փոփոխություններ, ծերացման պրոցեսը յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ է։ Այն առաջանում է ծերացման պրոցեսների և մյուս ազդեցությունների խաչման արդյունքում, որոնք առաջ են գալիս որպես առողջության, և կենսափորձի վրա ազդող մի շարք գործոններ։ Ըստ Մեչնիկովի մարդու ծերացման և բարեկեցության գործընթացը հնարավոր կլինի երկարացնել միայն ու միայն նորմալ հիգիենային հետևելով, հակառակ դեպքում մարդու կյանքը ավարտվում է վաղ շրջանում։ Հիվանդությունը ամբողջապես կառավարելու հեռանկարները Մեչնիկոֆին հնարավորություն տվեցին ձևավորել իր օպտիմիստական պնդումը, որն էլ ենթադրում էր, որ գիտությունը վերջին հաշվով մեծ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա, և վկայում, որ մարդու կյանքն ավարտվում է վաղ շրջանում միայն ու միայն ոչ օպտիմալ հիգիենան պահպանելու պատճառով։ Ըստ Նատա Շոկի ծերացումը չի հանգեցնում մարդու օրգանիզմի ֆունկցիաների կրճատմանը։ Նման սահմանումը նրան հնարավորություն տվեց տարբերակել ծերացման անատոմիկ գործողությունները էիոլոգիկ հիվանդություններից, որոնցով հաճախ տառապում են մեծահասակները։ Հենց դրանք կարող են առաջացնել ֆունկցիաների կրճատմանը։ Շոկն ասում էր, որ ծերացումն ու հիվանդությունները չեն հանդիսանում հոմանիշներ։ Կան ծերացման և էթոլոգիական հիվանդությունների պրոցեսներ։ Այս երկուսի միջև հարաբերությունները չեն հանդիսանում անխուսափելի իրողություններ։ Ծերացումը հանդիսանում է դինամիկ հավասարակշռություն։ Ծերացման տեմպը տարբերվում է այս կամ այն օրգանիզմի տարբերությունից ելնելով, չնայած, որ դա ամբողջական օրգանիզմ է, որը զարգանում է, իսկ վերջում էլ մահանում է։ Մեչնիկովը ենթադրում էր, որ եթե ծերացման կործանիչ գործընթացները մարդու օրգանիզմում կարելի լինի կառավարել, ապա ուշադրության կենտրոնում կգտնվի ինտելեկտի պահպանության ու հասարակության կողմից առավել օգտակար ծառայությունների ընդլայնման ունակությունը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի ապրել նորմալ կյանքով, և սպասել մինչև բնական մահը վրա հասնի։ Ըստ Բարկերի հիվանդները պետք է տեղեկացված լինեն իրենց բոլոր հիվանդությունների մասին, որպեսզի հետագա տարիներին հասարակության համար շարունակեն մնալ օգտակար գործոն, ինչպես նաև ֆինանսական հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնեն։ Բարկերը առանձնացրել է նաև բժիշկների վերաբերմունքը, նրանց՝ հիվանդներին համապատասխան խորհուրդների տալու ձևերը, որոնք ևս ազդում են հիվանդի հետագա կյանքին պայքարելու վրա, այս տեսակի խնդիրները հիմնականում կապվում են ծերացման հետ, քանի որ այս շրջանում արդեն ավելի է մեծանում կենսաբանական - սոցիալական– մշակութային որոշումների կայացման հնարավորությունները։ Ըստ Էրիքսոնի մարդն իր զարգացման ընթացքում անցնում է զարգացման 8 հիմնական փուլերով, որոնցից ամենակարևոր փուլը ըստ Էրիքսոնի կարելի է համարել ավարտման փուլը, այն հնարավորություն է տալիս մարդուն հասկանլ իր կյանքի անցած 7 փուլերը ու կյանքի ավարտի վրա ազդող հիմնական գործոնները։ Նման եղանակով էլ, համապատասխան Շոկի կողմից առաջադրած երրորդ աքսիոմային, Էրիքսոնը դեմոնստրացրել է կյանքի գնահատման կարևորությունը մինչ ծերություն, որպես կարևորագույն և կենտրոնական տարր, որի անմիջական օգնությամբ հնարավոր կլինի փոխել կյանքի հետագա որակը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анцыферова Л.И. Психологиа старост։ Особенности развития личности в период поздней взрослости.
- Крайг Г. Психология развития. 7-е межд. издание. — СПб.։ Питер, 2000.
- Толстых А. Возрасты жизни. М. 1988.
- Хрисанфова Е.Н. Основы геронтологии. М. 1999.
- Монтень, М. Опыты / М. Монтень. - М.։Эксмо, 2007.
- Barker, L. F. ( 1939 ). Problems og ageing։ Biological and medical aspects . Baltimore, MD։ Williams & Wilkins Company.
- Erikson, E. ( 1950 ). Childhood and society. New York։ W.W. Norton & Company, inc.
- Metchnikoff, E. (1908) . The prolongation of life։ Optimistic studies ( P.C. Mitchell, Ed. & Trans.). New York։ The Knickerbocker Press.
- Nascher, I. L. (1916). Geriatrics։ Philadelphia, PA։ Blakiston։
- Shock, N. W. (1951) . Trends in gerontology . Stanford, CA։ Stanford University Press.
- Rowe, J.; Kahn, R. (1987). "Human aging: Usual and successful".
- World Health Organization . World Health Day 2012 - Ageing and Health.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 122)։ |