Ծառապաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծառապաշտություն, բնապաշտական-ոգեխոսական հավատալիք։ Տոհմային ժամանակներից տարածված է եղել բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների մեջ։ Բարդին, եղևնին, կաղնին, ձիթենին, մայրին, սոսին և այլ ծառեր համարվել են ոգիների բնակարան, աստվածների ժամադրավայր։

Ծառապաշտությունը Հին Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հույները հավատում էին, որ ծառերի ոգիները՝ պատգամախոս դրուիդներն (դրիադներ) ու դրուիդուհիները, հովանավորում են ծառեր աճեցնող ու խնամող մարդկանց։ Նրանց պատկերացմամբ Զևսի հնագույն տաճարը եղել է Եպիրոս նահանգի Դոդոնյան անտառի հսկա կաղնին։ Հավատացյալներն ունկնդրելով Դոդոնյան կաղնու սաղարթների սոսափյունը՝ պատգամախոս ոգիների «կամքով» արել են զանազան գուշակություններ։ Հին հույները սոսի (սուսի) ծառը նվիրաբերել են Ապոլլոնին, լատինացիք՝ Պահապան ոգուն, իսկ ծննդյան օրերին մերձավորները միմյանց նվիրել են սոսու ճյուղերից հյուսված պսակներ։

Ծառապաշտությունը Հին Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառապաշտությունը կարևոր տեղ է գրավել նաև հին հայոց կրոնում։ Հավիտենական սրբության, օրհնության և անմեղության խորհրդանիշ «Կենաց ծառի» պաշտամունքը Հայկական լեռնաշխարհի բնակչության մեջ տարածված է եղել վաղ ժամանակներից։ Սոսիի պաշտամունքի գլխավոր տաճարատեղին եղել է Արմավիր մայրաքաղաքը։ Ըստ հայ ավանդական պատմության՝ Արա Գեղեցիկի թոռ Անուշավանը կրել է նաև Սոսի նվիրական անունը, որովհետև հայրը՝ Արա Արայանը, նրան նվիրել էր Արմավիրի Սոսի տաճարին։

Սուսի (Սոսի) անունով տաճարները գոյություն են ունեցել Ուրարտու պետության ժամանակ (մ.թ.ա. IX-VI դարեր)։ Իսկ Էրեբունի (Արին բերդ) քաղաքատեղում պեղվել է Սուսի անունը կրող տաճար՝ զարդարված սրբազան ծառերի որմնանկարներով, ծառերի մոտ կատարվող զոհաբերությունների տեսարաններով։ Արմավիրը բոլորված է եղել ձեռատունկ սոսիներով, որոնց սաղարթների սոսափյունից և ճյուղերի շարժումներից հին հույների նման գուշակություններ են արել հեթանոս հայերը։

Ծառապաշտությունը, որոշ ձևափոխություններով, գոյատևել է քրիստոնեության ժամանակ։ Ամանորի և Ծաղկազարդի (Ծառզարդար) տոներին հայերն իրենց տները, անգամ եկեղեցիները զարդարել են ծառերի դալար ճյուղերով։ Ներսես Շնորհալին վկայում է, որ Սամոսատա քաղաքի հայ աղանդավորների՝ արևորդիների մեջ XII դ. պահպանվում էր բարդի ծառի հնավանդ պաշտամունքը։

Ծառապաշտությունն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառապաշտությունը տակավին դրսևորվում է մեր օրերում, հավատացյալները «սրբազան» ծառը զարդարում են ժապավեններով, տիկնիկներով, այլ զոհանվերներով, աղոթում են նրա մոտ, զոհում կենդանիներ, շուրջը պտտվելով՝ ապաքինում աղերսում։ Ծառապաշտության վերապրուկ է նաև տարեմուտի տոնին տները դալար ծառերով զարդարելու սովորույթը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 117