Արևորդիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արևորդիներ, Արևորդիք, Հարավային Հայաստանում, Միջագետքում և Կիլիկիայում հիմնականում 11-12-րդ դարերում տարածված քրիստոնեական աղանդավորական շարժման հետևորդներ, ազգությամբ հայեր, հավանաբար և ասորիներ։

Առաջին անգամ հիշատակվում են Գրիգոր Մագիստրոսի Թղթերում։ Կրում էին մազդակյանների ազդեցությունը։ Մազդակյանների գաղափարախոս Խարազանի որդի Ջրադաշտը համարվում էր Արևորդիների գաղափարական նախահայրը։ Արևորդիները պաշտում էին արևը (որը, սակայն, նույնացնում էին Քրիստոսի հետ), բարդի ծառը և շուշան ծաղիկը։ 1170-ական թվականներին Սամոսատ քաղաքի Արևորդիները որոշում են հրաժարվել իրենց աղանդից և ընդունել ուղղափառություն, որի առթիվ գրված Ներսես Շնորհալու Թուղթը հանդիսանում է աղանդի ուսումնասիրության աղբյուր։ Արևորդիների շարժումը սովորական հերձված էր, չունեցավ այն ծավալն ու նշանակությունը, ինչ պավլիկյան ու թոնդրակյան աղանդները։ Արաբական աղբյուրներում Արևորդիները կոչվում են «շամսիյյա»։ Արևորդիների առանձին համայնքներ Հյուսիսային Միջագետքում, հատկապես Ամիդի շրջանում, պահպանվել են ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 46 CC-BY-SA-icon-80x15.png