Իրանա-ադրբեջանական սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադրբեջանի քարտեզը՝ հարավում Իրանի հետ սահմանի հետ միասին

Իրանա-ադրբեջանական սահմանը (ադրբ.՝ Azərbaycan–İran sərhədi, պարս.՝ مرز آذربایجان و ایران) ունի 689 կմ երկարություն (428 մղոն) և բաղկացած է երկու ոչ սահմանակից հատվածներից, որոնք միմյանցից բաժանված են հայ-իրանական սահմանով[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան (նախիջևանյան) սահման[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանը սկսվում է հյուսիս-արևմուտքում Թուրքիայի հետ սահմանային հատման կետից, որը գտնվում է Արաքս գետի վրա, սահմանը շարունակվում է այդ գետի երկայնքով դեպի հարավ-արևելք, անցնում է Արաքս ջրամբարի վրայով և իջնում է դեպի հայ-իրանական սահման՝ դեպի Սյունիք։

Արևելյան տեղամաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սահմանն արևմուտքում սկսվում է Արաքս գետի վրա գտնվող կետից՝ Սյունիքի արևելյան հատվածից, այնուհետև շարունակվում է այդ գետի երկայնքով, սահմանի այդ հատվածի մեծ մասը (ընդհուպ մինչև Ջրականի շրջակայքը) գտնվում է Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո։ Սահմանը այլևս չի շարունակվում գետի երկայնքով, երբ հասնում է Բահրամթեփեից հարավ ընկած հատված, կտրուկ շրջվում է դեպի հարավ-արևելք և անցնում Մուղանի դաշտավայրով դեպի Բոլգարչայ գետ։ Այնուհետև սահմանը ձգվում է այս գետի երկայնքով՝ շարժվելով դեպի հարավ և ձևավորելով լայն S-ի ձև ունեցող սահման։ Գետն ավարտվում է Յարդըմլըի մոտ, սահմանն այնուհետև թեքվում է դեպի հարավ-արևելք՝ անցնելով այդ ուղղությամբ Թալիշի լեռներով, ապա դեպի արևելք՝ Ասթարա գետի երկայնքով ձգվելով հասնում է Կասպից ծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում Կովկասը հակամարտության գոտի էր դարձել անկում ապրող Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև․ վերջինս ընդարձակվում էր դեպի հարավ[2]։ Ռուս-պարսկական պատերազմի (1804-1813) և դրան հաջորդած Գյուլիստանի պայմանագրի արդյունքում Ռուսաստանի ձեռքն է անցել ներկայիս Ադրբեջանի տարածքի մեծ մասը և Հայաստանի մի մասը, գծվել է մի սահման, որը Իրանի և Ադրբեջանի (բացառությամբ Նախիջևանի հատվածի) և Իրանի ու Հայաստանի միջև եղած ներկայիս սահմանն է[2][3][4]։ Ռուս-պարսկական պատերազմից (1826-1828) և Թուրքմենչայի պայմանագրից հետո Պարսկաստանը ստիպված Ռուսաստանին է զիջել Նախիջևանը և մնացած հայկական տարածքները․ Արաքսը որպես սահմանային գետ ձգվել է մինչև Օսմանյան կայսրություն՝ դրանով իսկ ավարտելով ադրբեջանա–իրանական սահմանը[2][4][5]։

Արաքսը՝ իրանա-ադրբեջանական սահմանը

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1917 թվականին, ռուս կոմունիստները հաջող հեղափոխություն են իրականացրել, այն դեպքում, երբ Հարավային Կովկասի ժողովուրդները 1918 թվականին հռչակել են Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության անկախությունը։ Ներքին տարաձայնությունները հանգել են նրան, որ 1918 թվականի մայիսին Վրաստանը դուրս է եկել միության կազմից, իսկ շուտով դրան հաջորդել են Հայաստանն ու Ադրբեջանը։ Կովկասյան թաթարների նորանկախ պետությունը՝ Ադրբեջանը, լարվածություն է առաջացրել Պարսկաստանի հետ հարաբերություններում, քանի որ հենց երկրի անվանումը հուշում էր Իրանական Ադրբեջանի տարածաշրջանի նկատմամբ հավակնությունների մասին[6][7][8][9]։ 1920 թվականին ռուսական Կարմիր բանակը ներխուժել է Ադրբեջան և Հայաստան՝ վերջ դնելով երկու երկրների անկախությանը, իսկ դրանից կարճ ժամանակ անց խորհրդայնացվել է նաև Վրաստանը։ Բոլոր երեք պետություններն էլ ընդգրկվել են Անդրկովկասի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային (Ֆեդերատիվ) Հանրապետության մեջ՝ ԽՍՀՄ կազմում, որի կազմում մնացել են մինչև 1936 թվականին առանձնանալը։ Խորհրդային իշխանության հովանու ներքո 1945 թվականին Իրանական Ադրբեջանում ստեղծվել է մի անջատողական պետություն, որը, սակայն, ճնշվել և վերացվել է իրանական բանակի կողմից[10]։

1954 թվականի իրանա-խորհրդային սահմանային համագումարը որոշ աննշան ճշգրտումներ է մտցրել Մուղանի դաշտավայրի սահմանի երկայնքով և Դեմանի ու Նամինի մոտ՝ հօգուտ Իրանի[2]։ Այնուհետև տեղում իրականացվել է սահմանազատում, իսկ 1957 թվականին ստորագրվել է վերջնական համաձայնագիրը[2]։ 1970 թվականին Արաքսի ամբարտակի կառուցումից հետո սահմանի նախիջևանյան հատվածում որոշ լրացուցիչ ճշգրտումներ են մտցվել[2]։

1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը ձեռք է բերել անկախություն և ժառանգել իրանա-խորհրդային սահմանի իր հատվածը։ Իրանը արագ ճանաչել է նոր պետությունը, թեև Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունները սառել են, քանի որ Ադրբեջանը Իրանի նկատմամբ ուներ պոտենցիալ տարածքային հավակնություններ (Մեծ Ադրբեջանի ստեղծում)։ Այս ամենին զուգահեռ Իրանը Արցախյան հակամարտության ժամանակ պաշտպանում էր Հայաստանի կողմը[11][12]։ Պատերազմից հետո Հայաստանը վերահսկողություն է ստացել ադրբեջանա–իրանական «մայրցամաքային» սահմանի արևմտյան հատվածի նկատմամբ։ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները որոշ չափով բարելավվել են Հասան Ռոհանիի՝ Իրանի նախագահ դառնալուց հետո։

Սահմանահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլյասուվարում և Աստարայում «մայրցամաքային» Ադրբեջանի և Իրանի միջև կան սահմանահատման կետեր[13]։ Իրանի և Նախիջևանի միջև սահմանահատման կետերը գտնվում են Ջուլֆայում և Պոլդաշտ-Շախտախտիում[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CIA World Factbook - Iran».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 International Boundary Study No. 25 – Iran-USSR Boundary (PDF), 1978 թ․ փետրվարի 28, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 23-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին
  3. John F. Baddeley, "The Russian Conquest of the Caucasus", Longman, Green and Co., London: 1908, p. 90
  4. 4,0 4,1 USSR-Iran Boundary (PDF), 1951 թ․ փետրվար, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 10-ին, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին
  5. Gavin R.G. Hambly, in The Cambridge History of Iran, ed. William Bayne Fisher (Cambridge University Press, 1991), pp. 145-146
  6. Tadeusz Swietochowski, Russia and Azerbaijan: A Borderland in Transition New York: Columbia University Press, 1995. pg 69
  7. Atabaki, Touraj (2000). Azerbaijan: Ethnicity and the Struggle for Power in Iran. I.B.Tauris. էջ 25. ISBN 9781860645549.
  8. Dekmejian, R. Hrair; Simonian, Hovann H. (2003). Troubled Waters: The Geopolitics of the Caspian Region. I.B. Tauris. էջ 60. ISBN 978-1860649226. «Until 1918, when the Musavat regime decided to name the newly independent state Azerbaijan, this designation had been used exclusively to identify the Iranian province of Azerbaijan
  9. Rezvani, Babak (2014). Ethno-territorial conflict and coexistence in the caucasus, Central Asia and Fereydan: academisch proefschrift. Amsterdam: Amsterdam University Press. էջ 356. ISBN 978-9048519286. «The region to the north of the river Araxes was not called Azerbaijan prior to 1918, unlike the region in northwestern Iran that has been called since so long ago.»
  10. Frederik Coene (2009), The Caucasus - An Introduction, Routledge Contemporary Russia and Eastern Europe Series, Routledge, էջ 136, ISBN 9781135203023, «As a result, the People's Republic of Azerbaijan and the Kurdish People's Republic (the Republic of Mahabad), two short-lived Soviet puppet states, were set up late in 1945...»
  11. James P. Nichol. Diplomacy in the Former Soviet Republics, Praeger/Greenwood, 1995, 0-275-95192-8, p. 150
  12. Cornell, Svante (2000 թ․ դեկտեմբերի 1). Small Nations and Great Powers: A Study of Ethnopolitical Conflict in the Caucasus. Taylor & Francis. ISBN 9780203988879. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին – via Google Books.
  13. 13,0 13,1 Caravanistan – Azerbaijan-Iran border crossings, Վերցված է 2020 թ․ ապրիլի 9-ին