Իմ անունը Կարմիր է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ անունը Կարմիր է
թուրքերեն՝ Benim Adım Kırmızı
ՀեղինակՕրհան Փամուկ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Բնօրինակ լեզութուրքերեն
Նկարագրում էՍտամբուլ
Երկիր Թուրքիա
ՀրատարակիչAlfred A. Knopf
Հրատարակման տարեթիվ1998
Պարգև(ներ)

Իմ անունը Կարմիր է (թուրքերեն՝ Benim Adım Kırmızı), Օրհան Փամուկի՝ 1998 թվականին տպագրված վեպը։ Գրքի համար 2006 թվականին Փամուկը ստացել է Գրականության Նոբելյան մրցանակ։ Գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրության ժամանակների մանրանկարիչների մասին, մեծացրեց Փամուկի միջազգային համբավն ու հասցրեց նրան Նոբելյան մրցանակի։ Փամուկի այս գործում կան Ջոյսի, Կաֆկայի, Մաննի, Նաբոկովի և Պրուստի, Ումբերտո Էկոյի, Խորխե Լուիս Բորխեսի ազդեցությունները։ Հետաքրքիր է, որ այդ ազդեցությունների ընդգծումը ոչ միայն չի ստվերում Փամուքյան բնագիրը, այլև տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Փամուքն ամենալավը գիտի այդ ազդեցությունների մասին և չի էլ փորձում թաքցնել դրանք։ Նա օգտագործում է համաշխարհային վեպի փորձառությունը, խաղարկում է դրանք՝ իր պատմելիք արևելյան նյութը արևմտյան վեպի ծանոթ ֆորմաներով համընթեռնելի դարձնելու համար։ Միջնադարյան մանրանկարիչների այս յուրահատուկ վեպ-վարքագրությունը նա վերնագրել է «Իմ անունը Կարմիր է», իսկ վեպի գլխավոր հերոսի անունը Քարա է (քարա թուրքերեն նշանակում է սև, ի դեպ վեպի անգլերեն թարգմանության մեջ կերպարի անունը հենց Black է)։ Այսինքն՝ Փամուքը վերնագրի ու գլխավոր կերպարի հակոտնյա գույների խաղարկումով հղում է կատարում Ստենդալի հայտնի «Կարմիրը և սևը» վեպին։

Գրքի ֆրանսերեն թարգմանությունը ստացավ ֆրանսիական Prix du Meilleur Livre Étranger-ը, իսկ իտալերեն տարբերակը՝ Premio Grinzane Cavour-ը։ Գրքի անգլերեն թարգմանությունը ստացավ International IMPAC Dublin Literary Award մրցանակը[1]։

Տպագրման առաջին օրվանից գիրքը թարգմանվել է ավելի քան 60 լեզուներով, որոնց թվում է նաև հայերենը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1951 թվականին Ստամբուլում՝ հեղինակի հայրենի քաղաքում և ընդգրկում են Սուլթան Մուրատ 3-րդի կառավարման տարիներին, ավելի կոնկրետ՝ այդ տարիների ընդամենը ինը օրը։ Մի կողմից սրանով ընթերցողը հարաբերվում է պատմական ժամանակին, մյուս կողմից՝ վեպը հեռու է դասական պատմավեպի պատկերացումներից և միստիկայի, սիրավեպի, դետեկտիվի ու մի շարք այլ ժանրատեսակների ինքնատիպ համադրություն է։ Վեպի գլխավոր հերոսները Օսմանյան կայսրությունում բնակվող մանրանկարիչներ են, որոնցից մեկը սպանված է առաջին գլխում։ Այս տեսանկյունից Փամուկը, Բորխեսի պոստմոդեռնական ոճով մետապատում է կառուցում՝ ցույց տալով պատմասացի տեղյակությունը պատմության՝ գրքի մեջ գրված լինելու մասին և ներառելով ընթերցողին պատմության մեջ։

Ամեն գլուխ ունի առանձին պատմասաց, և, որպես կանոն, կան թեմատիկ և ժամանակագրական կապեր գլուխների միջև։ Որպես հավելում, որոշ անսպասելի կերպարներ են հանդես գալիս որպես պատմասացներ, ինչպես մահացածի դիակը, մետաղադրամը, նկարված ծառը, սատանան, երկու դերվիշներ և կարմիր գույնը։ Այս անսովոր պատմասացներից ամեն մեկը ուղեկցվում է հավելյալ կերպրներով, որոնք բացահայտում են 16-րդ դարի Ստամբուլի փիլիսոփայական համակարգը։ Վապը միախառնում է միստիկան, սիրային պատմությունը և փիլիսոփայական գլուխկոտրուկները՝ պատկերելով Սուլթան Մուրատ Երրորդի կառավարման շրջանի ինը ձմեռային ձյունոտ օր 1591 թվականին։

Էնիշթե Էֆենդին՝ Քարայի (թուրքերեն՝ սև) քեռին, կարդում է Իբն Քայյիմ ալ-Ջաուզիյյայի «Հոգու գիրքը», որը Ղուրանի սուննի մեկնաբան է, իսկ ամբողջ գրքի մեջ կան հղումներ «Հոգու գրքին»։ Վեպի մի մասը պատմում է Զարիֆ Էֆենդին, որին սպանել են և որի դիակը պատմում է իր զգացողությունների մասին։ Ալ-Ջաուզիյյան պնդում է, որ մեռյալների հոգիները կարող են մնալ ողջերի աշխարհում և լսել ողջերին։

Փամուկը ցույց է տալիս, որ որոշ կերպարների համար մանրանկարչության «կատարելագործված արվեստին» տիրապետելը որոշակի ձև է հասնելու հավերժության մի ակնթարթի։ Նույն կերպ Շեքուրեն փափագում է նայել ընթերցողին այնպես, ինչպես կանայք, որ նայում են մեկ այլ ժամանակի ու տեղի մանրանկարներին. «....այնպես, ինչպես այն գեղեցիկ կանայք, որոնց մեկ աչքը գրքի միջի կյանքին է, իսկ մյուս աչքը՝ դրսի կյանքին, ես, նույնպես, երկար խոսեմ Ձեզ հետ, որ հետազոտում եք ինձ ո՜վ իմանա ինչ հեռու ժամանակից ու տեղից»։ Զարիֆ Էֆենդին մեղադրում էր իր սպանողին Ալլահին վիրավորող նորարարական պատկերազարդումներ անելու մեջ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զարիֆ Էֆենդի, սպանված մանրանկարիչ, որը հետմահու խոսում է ընթերցողի հետ առաջին գլխում։
  2. Քարա (Սև), մանրանկարիչ, որ 12 տարի բացակայությունից հետո վերադարձել է Պարսկաստանից։ Էնիշթեի (Փեսա) զարմիկը։
  3. Էնիշթե Էֆենդի, Քարայի քեռին, որին սուլթանը գաղտնի առաջադրանք է տվել ստեղծել գիրք՝ վենետիկյան ոճով։
  4. Շեքուրե, Էնիշթեի գեղեցկուհի դուստրը, որին Քարան սիրահարված է (Շեքուրե բառը կապվում է անգլերեն «sugar»-ի հետ և հղում է տալիս Շիրինին, որի անունը նշանակում էր «քաղցր», ինչպես նաև Փամուկի մոր անունն է)։
  5. Շեվքեթ, Շեքուրեի ավագ որդին (նաև Փամուկի ավագ եղբոր անունն է)։
  6. Օրհան, Շեքուրեի կրտսեր որդին (նաև Փամուկի անունն է)։
  7. Հասան, Շեքուրեի ամուսնու կրտսեր եղբայրը։
  8. Հայրիյե, ստրկուհի Էնիշթեի տանը, Էնիշթեի հարճը։
  9. Վարպետ Օսման, սուլթանի մանրանկարչական աշխատարանի գլխավորը։ Կերպարը հիմնված է Նաքքաշ Օսմանի վրա։
  10. Քելեբեք (Թիթեռ), սպանության մեջ կասկածվող երեք մանրանկարիչներից մեկը։ Գրքի մեջ պատկերազարդում է Մահը և Մելանխոլիկ Կնոջը։
  11. Լեյլեք (Արագիլ), երեք կասկածվող մանրանկարիչներից մեկը։ Նկարում է Ծառը և Շանը։
  12. Զեյթին (Ձիթապտուղ), երեք կասկածվող մանրանկարիչներից մեկը։ Նկարում է Սատանային ու երկու Դերվիշներին։
  13. Էսթեր, հրեա մանրավաճառ, միջնորդ, փոխանցում է սիրահարների նամակները։
  14. Նուսրեթ Հոջա, պահպանողական իսլամադավան առաջնորդ, որը կարող է հիմնված լինել պատմական կերպար վրա։ Դեմ է սուրճին ու սրճարաններին, պիկանտ պատմություններին ու պատկերվոր նկարներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]