Jump to content

Էնթոնի Փոուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Փոուել
Ծնվել էդեկտեմբերի 21, 1905(1905-12-21)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էմարտի 28, 2000(2000-03-28)[1][2][3][…] (94 տարեկան)
Վախճանի վայրՖրում, Մենդիպ, Սոմերսեթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, վիպասան, օրագրի հեղինակ և գրական քննադատ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲալիոլ քոլեջ և Իթըն քոլեջ
Ուշագրավ աշխատանքներA Dance to the Music of Time?
ԱնդամակցությունՃանապարհորդների ակումբ
Պարգևներ
ԱմուսինViolet Powell?[5]
ԶավակներTristram Powell?[3][5] և John Marmion Anthony Powell?[3][5]

էնթոնի Դիմոկ Փոուել (անգլ.՝ Anthony Dymoke Powell, [ˈpoʊəl][6][7];դեկտեմբերի 21, 1905(1905-12-21)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 28, 2000(2000-03-28)[1][2][3][…], Ֆրում, Մենդիպ, Սոմերսեթ, Սոմերսեթ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, արձակագիր, ֆիլմերի սցենարիստ։ Առավել հայտնի է 1951-1975 թվականներին հրատարակված «Պար ժամանակի երաժշտության տակ» (անգլ.՝ A Dance to the Music of Time) տասներկուհատորյակով։ 2008 թվականին «Թայմս» թերթը Փոուելին ներառել է 1945 թվականից սկսած 50 մեծագույն գրողների շարքում[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնթոնի Փոուելը ծնվել է Վեսթմինսթերում՝ Ուելսի գնդի սպա Ֆիլիպ Լայոնել Ուիլյամ Փաուելի և հողատեր Մոդի դստեր՝ Մերի Ուելս-Դիմոկի ընտանիքում։ էնթոնիի հայրը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ինչի պատճառով ընտանիքը հաճախ է տեղափոխվել կամ ապրել հորից առանձին։

1919 թվականին Փոուելը ընդունվել է Իթըն քոլեջ, որտեղ ընկերացել է Հենրի Յորքի հետ, որը հետագայում որպես գրող հայտնի է դարձել Հենրի Գրին կեղծանվամբ։ Իթընում Փոուելը տարվել է կերպարվեստով և 1922 թվականին դարձել է Իթընի արվեստի ընկերության հիմնադիրներից մեկը։ 1923 թվականի աշնանը Փոուելը ընդունվել է Օքսֆորդի Բալլիոլ քոլեջ, որտեղ ծանոթացել է Մորիս Բոուրայի հետ։ Արձակուրդների ժամանակ Փոուելը ճանապարհորդել է Եվրոպայում։

1926 թվականին Փոուելը ժամանել է Լոնդոն և սկսել է ինտեգրվել սոցիալական կյանքին Մեյֆեյրիում ու Բելգրավիայիում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ։ Մինչև 1932 թվականը վերապատրաստում է անցել Duckworth հրատարակչությունում։ Մոտ կես տարի Փոուելը եղել է Warner Bros. կինոընկերության անգլիական մասնաճյուղի սցենարիստը։ 1937 թվականին փորձել է գնալ Հոլիվուդ, բայց չի հաջողվել։ Այնուհետև նա սկսել է գրախոսականներ գրել The Daily Telegraph թերթի և The Spectator ամսագրի համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փոուելը դարձել է կրտսեր լեյտենանտ 34 տարեկան հասակում, ինչը բավականին մեծ տարիք է եղել նման ցածր կոչման համար։ Նրա ունակությունները, այնուամենայնիվ, կիրառվել են այն ժամանակ, երբ նա փոխադրվել է ռազմական հետախուզության բաժին (որոշ ժամանակ նա նաև ծառայել է Հետախուզական միացյալ կոմիտեում)։

Պատերազմի ավարտից հետո Փոուելը իր կյանքն ամբողջովին նվիրել է գրականությանը։ Նա վերականգնել է իր հարաբերությունները գրող Իվլին Վոյի (Օքսֆորդի ծանոթի) հետ, ընկերացել է նկարչուհի Նինա Հեմնեթի և կոմպոզիտոր Կոնստան Լեմբերտի հետ։ Փոուելը ամուսնացած է եղել և ունեցել է երկու երեխա։ 1934 թվականի դեկտեմբերի 1-ին սկսնակ գրողը ամուսնացել է տիկին Վիոլետտա Փեյկենհեմի հետ։ Հարսանիքից հետո ամուսինները տեղափոխվել են Ռիջենթս այգու իրենց տուն, որտեղ էլ ապրել են ողջ կյանքում։

1940 թվականին ծնվել է նրանց առաջին տղան՝ Թրիսթրամը, որը պատերազմական տարիներին հիմնականում հեռու է եղել ծնողներից։ 1946 թվականի հունվարին ծնվել է երկրորդ տղան՝ Ջոնը։ Գրողի թոռնուհին՝ Ջորջինիան, ամուսնացել է Հենրի Սոմերսեթի՝ Բոֆորտի 12-րդ դքսի հետ։ 1950 թվականին Փոուելը Սոմերսեթի դքսության Ֆրում քաղաքում տուն է ձեռք բերել։ 1956 թվականին նա դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի հրամանատար։ 1973 թվականին Փոուելը հրաժարվել է ասպետական կոչում ընդունելուց[9]։ 1988 թվականին գրողը դարձել է Պատվո շքանշանի հրամանատար։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին հրատարակվել է Էնթոնի Փոուելի դեբյուտային «Մթնշաղային մարդիկ» (Afternoon Men) վեպը՝ Duckworth հրատարակչության կողմից, որտեղ էլ հենց աշխատել է գրողը։ Նույն հրատարակչության կողմից հրատարակվել են գրողի հաջորդ երեք ստեղծագործությունները նույնպես (որոնցից երկուսը հրատարակվել են այն ժամանակ, երբ գրողն արդեն այդտեղ չի աշխատել)։

Հոլիվուդյան շրջանում Փոուելը մի քանի հոդված է գրել Night and Day ամսագրի համար, որը խմբագրել է Գրեհեմ Գրինը։ Փոուելը շարունակել է հրապարակել իր գործերը այդ ամսագրում մինչև 1938 թվականի մարտին այդ ամսագրի փակումը։ 1939 թվականին գրողը ավարտել է իր թվով հինգերորդ «Ինչ պատահեց Ուերինգի հետ» վեպը (What’s Become of Waring), որի վերնագիրը ընտրվել է Ռոբերտ Բրաունինգի բանաստեղծության հիման վրա։ Duckworth հրատարակչությունը չի ընդունել այդ գիրքը․ այն հրատարակվել է Cassell հրատարակչության կողմից՝ մոտ 1000 օրինակով։

Պատերազմի ժամանակ Փոուելը սկսել է նյութեր հավաքել 17-րդ դարի անգլիացի գրող Ջոն Օբրիի կենսագրության վերաբերյալ, բայց ծառայությունը ստիպել է միառժամանակ թողնել նաև այդ ձեռնարկումը։ «Ջոն Օբրին և իր ընկերները» գրքի ձեռագիր տարբերակը պատրաստ է եղել միայն 1946 թվականին և հրատարակվել է 1948 թվականին։ 1949 թվականին հրատարակվել է Օբրիի աշխատանաքների ժողովածուն՝ Փոուելի խմբագրությամբ։

1951 թվականին հրատարակվել է «Դաստիարակության հարց» (A Question of Upbringing) վեպը։ Փոուելը սկսել է «Պար ժամանակի երաժշտության տակ» գրքերի շարքը՝ բաղկացած 12 գրքից, որը անվանվել է Նիկոլա Պուսենի համանուն նկարից ոգեշնչվելով։ Շարքում ներկայացվել է 1921-1971 թվականներին անգլիական բոհեմի կյանքի մասին, իսկ վեպերում ենթադրաբար եղել են ինքնակենսագրական տարրեր։

1957 թվականին շարքի չորրորդ հատորը՝ «Տիկին Մոլիի տանը», արժանացել է Ջեյմս Թեյն Բլեքի մրցանակի։ 1974 թվականին այդ շարքի տասնմեկերորդ մասը՝ «Ժամանակավոր թագավորները» (Temporary Kings), արժանացել է Ու․Խ․ Սմիթի մրցանակի։ Հայտնի անգլիացի գրող և Փոուելի ժամանակակից Իվլին Վոն համեմատել է նրա «Պար ժամանակի երաժշտության տակ» գործը Մարսել Պրուստի ստեղծագործությունների հետ, ընդ որում նշելով, որ Փոուելը ավելի իրատեսական ու զվարճալի է[10]։

«Պար ժամանակի երաժշտության տակ» շարքի վրա աշխատանքն ավարտելուց հետո գրողը 1983 թվականին հրատարակել է «Օ՜, ինչպե՜ս է սլանում անիվը» (O, How the Wheel Becomes It!), իսկ 1986 թվականին՝ «Ձկնորս արքան» (The Fisher King) վեպերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118793144 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Kindred Britain
  6. Barber M. Anthony Powell: A Life. — London: Duckworth Overlook, 2004. — P. 291.
  7. Birns N. Understanding Anthony Powell. — Columbia, SC: University of South Carolina, 2004. — P. 1.
  8. «The 50 greatest British writers since 1945» (անգլերեն). The Times. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 19-ին.
  9. Birns N. Understanding Anthony Powell. — Columbia, SC: University of South Carolina, 2004. — P. 19.
  10. «Books: Between Proust & Waugh» (անգլերեն). Time. 1960 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]