Զորիկ Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զորիկ Ժիրայրի Գևորգյան
Կապիտան Զորիկ Գևորգյան
հունվարի 29, 1989(1989-01-29) - օգոստոսի 1, 2014(2014-08-01) (25 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան
Ծառայության տարիներ2006-2014 թթ․
Կոչումկապիտան
ԶորամասՊԲ N զորամաս
Հրամանատարն էրվաշտ
ՊաշտոնՊԲ հետախուզական դասակի հրամանատար
ՊԲ հետախուզական վաշտի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Մարտակերտի դիրքային մարտ (2014 թ․ օգոստոսի 2)
Պարգևներ«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Արիության համար» մեդալ

Զորիկ Ժիրայրի Գևորգյան (հունվարի 29, 1989(1989-01-29), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2014(2014-08-01), Մարտակերտ, Թարթառի շրջան, Ադրբեջան), հայ զինվորական, հետախույզ, զոհվել է ադրբեջանական զորքերի հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորիկ Գևորգյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 29-ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Շուտով ընտանիքը մշտական բնակության է տեղափոխվել Լոռու մարզի Վանաձոր քաղաք։ Զորիկի հայրը եղել է զինվորական։

1996 թվականին քրոջ՝ Անիի հետ (ծնվ․ 1990 թ․) հաճախել է Վանաձորի՝ Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 դպրոցը։ Սովորել են նույն դասարանում։

2004 թվականին ավարտելով ութերորդ դասարանը՝ քույր ու եղբայր տեղափոխվում են Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան։ Նույն տարում Զորիկը որոշում է ապագայում ընտրել զինվորականի մասնագիտությունը։

2006 թվականին, ավարտելով տասներորդ դասարանը, Զորիկն ընդունվում է Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտ՝ սկզբում ընտրելով հետևակի, այնուհետև՝ 4-րդ կուրսում՝ հետախույզի մասնագիտացում։ 2010 թվականին լեյտենանտի կոչումով անցնելով ՀՀ ԶՈՒ շարքերը՝ ծառայության է անցնում ՊԲ զորամասերից մեկում՝ որպես հետախուզական դասակի հրամանատար։ 2013 թվականին բարեխիղճ ծառայության համար արժանանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչման և տեղափոխվում ՊԲ Մարտակերտի զորամաս՝ որպես հետախուզական վաշտի հրամանատար։ Կարճ ժամանակամիջոցում Զորիկը սիրվեց տեղացիների կողմից, իսկ վաշտը դարձավ զորամասի լավագույններից մեկը։

Մեր զորամաս Զորիկի գալուց հետո հետախուզությունում շատ բան փոխվեց։ Ինքը շատ էր սիրում մարզվել, հատկապես՝ դանակով ու զենքով, ու մարզել իր տղերքին։ Արդյունքը նկատելի էր ու զարմանալի․ շատ կարճ ժամանակում հետախուզությունը բարձրացրեց և՛ ֆիզիկական, և՛ մարտավարական ցուցանիշները։ Ինձ հայտնի չէ, որ մեկը բողոքեր Զորոյի գործից։

Նույն զորամասի ավագ հրաձիգ, շարքային Հրայր Ղամբարյան

Ռազմանուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայության ընթացքում Զորիկին տրվել էր «Անորսալի միայնակ գայլ» ռազմանունը։ Պատճառն այն էր, որ Զորիկը հաճախ է մարտական առաջադրանքները կատարելիս միայնակ «որսի դուրս եկել», փնտրվել թշնամու կողմից և անգամ քանիցս դարանի մեջ ընկնելով՝ անվնաս հեռացել՝ կատարելով մարտական առաջադրանքը[1]։

2014 թ․ օգոստոսյան պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ․ հունվարից արդեն հայ-ադրբեջանական պատերազմական գործողությունները վերջնականապես հաստատեցին հրադադարի ռեժիմի փաստացի չգոյության փաստը։ Հատկապես թեժ էր հուլիս-օգոստոս ամիսների հատվածը[2], որը հետագայում պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի կողմից «Սիվիլնեթ» համացանցային լրատվականին տված հարցազրույցում սահմանվեց որպես «օգոստոսյան հնգօրյա միկրոպատերազմ»[3]՝ համաձայն ռազմագիտական եզրութաբանության։ Միկրոպատերազմի հիմնական դեպքերը կարելի է դասավորել հետևյալ ժամանակագրական հաջորդականությամբ՝

2014 թ․ հուլիս 26 - Գիշերը թշնամին դիվերսիոն հարձակում գործեց Մարտակերտի ուղղությամբ։ Այդ կռվում զոհվեց ժամկետային զինծառայող Խաչատուր Բադասյանը։

2014 թ․ հուլիս 31 - Առավոտյան դարանակալած թշնամին հարձակվեց հացի մեքենայի մոտ շարժվող հայ դիրքապահների վրա՝ ըստ ամենայնի նպատակ ունենալով գերեվարել վերջիններիս։ Անզեն ձեռնամարտի բռնվելով թշնամու հետ՝ կռվեցին և քաջի մահով ընկան սերժանտ Արարատ Խանոյանը և շարքային Ազատ Ասոյանը։ Շարքային Նորայր Քամալյանը ծանր վիրավորվեց։

2014 թ․ օգոստոսի 1 - Հայկական զինված ուժերի հատուկ նշանակության խմբերը պատասխան պատժիչ գործողությամբ թշնամու թիկունքում ոչնչացրին առնվազն 8 ադրբեջանցի զինծառայողի։

2014 թ․ օգոստոսի 2 - Գիշերը, նպատակ ունենալով վրեժ լուծել նախօրեին կրած խայտառակության համար, ինչպես նաև ըստ ամենայնի՝ առաջադրանք ունենալով գրավել հայկական դիրքը՝ թշնամու ուժեղացված խումբը հարձակվեց այն նույն դիրքի վրա, որի ուղղությամբ հարձակվել էր հուլիսի 26-ին։ Դիրքի պաշտպանությունն այդտեղ այդ գիշեր վստահված էր Զորիկ Գևորգյանին և իր ենթակայության տակ ծառայող զինվորներին[1]։

Վերջին մարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 1-ի գիշերը՝ 22:00-ի սահմաններում, զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը գնացել է հետախուզական վաշտի պաշտպանած դիրք ու նոր գիշերային նշանոց տրամադրել Զորիկին՝ հարցնելով, թե որն է ավելի լավը՝ հինը, թե նորը։ Փորձարկելով նշանոցը՝ հմուտ հետախույզը պատասխանել է՝ «70 մետրի վրա թշնամու շարժը տեսնում եմ, շատ լավն է»։ Հրամանատարը հարցրել է՝ «Իսկ եթե թշնամին առջևդ դուրս գա՞»։ «Կսատկացնեմ», - իրեն բնորոշ կենսախնդությամբ պատասխանել է Զորիկը։ Խոսքից զատ Զորիկը նաև գործնական միջոցների էր դիմել՝ կանխավ իր ԱԿ-74 գիշերային նշանոցով զենքի պահունակը փոխարինելով ձեռքի գնդացրի 45 փամփշտանոց պահունակով։

Գիշերը՝ ժամը 02:10-ի սահմաններում, թշնամու դիվերսիոն խմբին հաջողվում է տեղորոշել հետախուզական վաշտի պահպանած դիրքը և առաջանալ այդ ուղղությամբ։ Թշնամու ուժեղացված խումբն առաջացել է երկու խմբով՝ գրոհող և ապահովող։ Այդքան բազմաքանակ խումբն իր հետ բերել էր նաև գծային կապի մալուխ և ձեռնաշղթաներ․ միով բանիվ՝ թշնամու նպատակը մաքսիմալ էր՝ ոչնչացնել կամ գերեվարել հայկական դիրքի անձնակազմին և գրավել դիրքը։ Սրանով Ադրբեջանը փորձում էր սրբել նախորդ գիշերը կրած խայտառակությունը, երբ հայկական հատուկ նշանակության խմբի կողմից ոչնչացվել էին միանգամից ութ ադրբեջանցի կոմբատանտ։

Գիշերային նշանոցով նկատելով թշնամու մոտ լինելը՝ Զորիկը հրամայում է արթնացնել հանգստացողներին, դիրքավորվել և պատրաստ լինել հակառակորդի հարձակմանը։ Գիտակցելով, որ երիտասարդ զինվորների համար բարդ է իսկույն մարտի մեջ մտնելը՝ Զորիկը գլխի շրջանում մահացու խոցում է փշալարը քանդել փորձող թշնամու մեկ գրոհայինի։ Թշնամին սկսում է կրակ տեղել Զորիկի կրակած ուղղությամբ։ Զորիկը շարունակում է կռիվը՝ հմտորեն փոխելով դիրքը և մեկական թիրախային կրակոցներ ուղղելով թշնամու ուղղությամբ։ Քաջարի սպան թշնամու կենդանի ուժի երկրորդ թիրախը խոցում է սրտի շրջանում։

«Երկրորդ աստիճանի մարտական խաչ» շքանշանի հետմահու ասպետ կապիտան Զորիկ Գևորգյան

Կռիվը բարդ էր նրանով, որ նախորդ դիվերսիայից հետո տվյալ դիրքում տակավին չէին իրականացվել ինժեներատեխնիկական անհրաժեշտ աշխատանքներ, և թշնամին կարողացել էր կիսաշրջանաձև թևանցել Զորիկի և իր հրամանատարության տակ եղած զինծառայողների պահպանած դիրքը հարևան երկու դիրքերից։ Այնուամենայնիվ, անգամ նման պայմաններում Զորիկը կարողանում է շարունակել մարտը՝ անընդհատ փոխելով դիրքը և դիմահար կրակ տեղալով հակառակորդի ուղղությամբ։ Հավաստանշելով Զորիկի տեղը՝ թշնամին խոցում է հայ սպային ոտքից, քիչ անց՝ նաև կողքից։

Ծնկած դիրքում վերստին փոխելով տեղը և նկատելով թշնամու առաջացող խմբին՝ Զորիկը, թունդ հայհոյանք տեղալով, նռնակ է նետում վերջիններիս ուղղությամբ։ Թշնամին, խուճապի մատնվելով, աստիճանաբար սկսում է նահանջել՝ մարտադաշտից հանելով նաև վիրավորներին[4]։ Ընդհանուր առմամբ Զորիկի զենքից այդ գիշեր թշնամու ուղղությամբ արձակվեց 29 կրակոց։

Զննադիտարկելով հայկական դիրքից տեղացող կրակների ուղղությունն ու օրինաչափությունը՝ թշնամու դիպուկահարը հարևան դիրքից գլխի շրջանում մահացու վիրավորում է հասցնում Զորիկ Գևորգյանին։

Նահանջող թշնամին ՌՊԳ-26 միանգամյա օգտագործման հակատանկային նռնականետով խոցում է հայկական դիրքը․ բռնկված կրակը հրո ճարակ է դարձնում հայկական վրանները, այդ թվում՝ զինանոցը։ Ընդհանուր առմամբ ամբողջ մարտը տևեց 15 րոպե[1]։

Սարգիս Մովսիսյանի մասնակցությունն օգոստոսի 2-ի մարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորիկի հետ հավասար հարևան խրամաբջջից թշնամու դեմ կրակ էր տեղում ժամկետային սերժանտ Սարգիս Մովսիսյանը, ով նույնպես վիրավորվել էր մարտում՝ ողնաշարի հատվածում։ Նկատելով, որ Զորիկի կողմից տեղացող կրակը դադարել է, իսկ այնուհետև, որ բռնկվել է զինանոցը՝ Սարգիսը վիրավոր վիճակում շտապում է հրամանատարի մոտ՝ ցանկանալով ապահովել վերջինիս դին թշնամու վրեժխնդրությունից։ Սարգիսն այդ ժամանակ ստանում է երկրորդ վիրավորումը։

Ստացած վիրավորումներից Սարգիս Մովսիսյանը մահացավ օգոստոսի 3-ին հոսպիտալում[1]։

Ժամկետային սերժանտ Սարգիս Մովսիսյան

Մարտի կարևորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զորիկ Գևորգյանի և Սարգիս Մովսիսյանի անօրինակ սխրանքի շնորհիվ՝ ձախողվեց թշնամու նախօրոք մշակված ռազմական պլանը։ Նրանց վարած մարտի շնորհիվ՝ հանկարծակիի եկած թշնամին, կորուստներ տալով, նահաջեց։ Նույն գիշեր թշնամու դիվերսիոն հարձակում տեղի ունեցավ նաև Մարտունու ուղղությամբ։ Նշված երկու մարտերի ընթացքում թշնամին ունեցավ 8 զոհ և շուրջ տասնյակ վիրավոր։ Ապահովվեց Հայաստանի հաղթանակն օգոստոսյան պատերազմում[1]։

Մինչև Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը (օգոստոսի 10) թշնամուն չհաջողվեց ռազմաճակատի որևէ հատվածում հասնել հաջողության, ինչը թույլ կտար բանակցությունների ժամանակ ուժի լեզվով խոսել հայկական կողմի հետ։ Օգոստոսի 2-ի մարտի կարևորությունն այսպես է ներկայացրել զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը[5]՝

Զորիկի հմուտ գործողություններով, նրա առաջին իսկ երկու կրակոցով միանգամից սպանվել են հակառակորդի առաջապահ զինծառայողնրեը, որոնց ձեռքին կային զինատեսակներ, որ եթե նրանց հաջողվեր կիրառել այդ զինատեսակները, նրանք կհասնեին հաջողության։ Սակայն անձամբ Զորիկի հմուտ գործողություններով ձախողվել է հակառակորդի մտադրությունը։

Հիշատակ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014 թ․ օգոստոսի 2-ի ՆՀ-196-Ա հրամանագրով զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով[6]։
  • Արցախի նախագահ Բակո Սահակյանի թիվ 71-Ա հրամանագրով՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով[7]։
  • Զորիկ Գևորգյանին հետմահու շնորհվել է կապիտանի զինվորական աստիճան։
  • 2014 թ․ նոյեմբերի 25-ին Արցախի ազատագրական պայքարում ցուցաբերած հատուկ ծառայությունների համար Զորիկ Ժիրայրի Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մայրություն» հասարակական կազմակերպության սահմանած «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալով։
  • 2015 թ․ մայիսի 6-ին Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի սահմանած «Հայկազունական փառք» շքանշանով։
    • Նույն մեդալով է պարգևատրվել նաև հերոսի մայրը՝ Հրանուշ Ռադիկի Քոչարյանը։
  • 2015 թ․ մայիսի 9-ին Զորիկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակ»՝ ԱՊՀ երկրներում գործող միասնական հոբելյանական մեդալով։
  • 2015 թ․ մայիսի 27-ին Զորիկ Գևորգյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի հրամանով հետմահու պարգևատրվել է ՀՀ ՊՆ Ռազմական հետախուզության «Ծառայության համար» կրծքանշանով։
  • Արցախի նախագահ Բակո Սահակյանի N45-Ա հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրվել Զորիկ Գևորգյանի մայրը։
  • «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում ներկայացված է Զորիկ Գևորգյանի անկյունը։
  • Մարտակերտի զորամասում ի հիշատակ Զորիկ Գևորգյանի ընտանիքի կողմից տեղադրվել է հուշաքար՝ «Այդ զարկն իմն էր» գրությամբ։
    • Այն մարտական դիրքում, որտեղ կռվել և զոհվել է Զորիկ Գևորգյանը, ծառայակից ընկերների կողմից տեղադրվել է հերոսի հիշատակին նվիրված փոքրիկ խաչքար։
  • Վանաձորի զինվորական ավանին կից տարածքում, որտեղ ապրել է Զորիկը, կառուցվել է հանգստյան տարածք, որտեղ մանկության ընկերները տեղադրել են հուշաքար, իսկ ծառայակից ընկերները՝ հուշաղբյուր։
    • Նույն վայրում Զորիկի քեռու կողմից կառուցված է Սուրբ Ամենափրկիչ Զորավոր մատուռը, որն օրհնվել է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին։ Մատուռի վրա շղթաներով ամրացվել են խաչեր, որոնք թվով քսանհինգն են և համապատասխանում է հերոսի տարիքին, իսկ շղթաներն, ըստ հղացման, արտահայտում են Զորիկի ամուր կապը դեպի իր հավատն ու հողը։
      • Նույն տարածքում 2015 թ․ սեպտեմբերի 20-ին կանգնեցվել է խաչքար Վանաձորի զորամասում ծառայող զինվոր Ալեքսանդր Պողոսյանի հոր՝ Վլադիմիր Պողոսյանի կողմից։
      • 2015 թ․ սեպտեմբերի 20-ին Վանաձորի զորամասի զինծառայող Ռաֆայել Տեր-Բարսեղյանի հայրը՝ Յուրիկ Տոնոյանը, սբ․ Ամենափրկիչ Զորավոր մատուռ տանող ճանապարհին որդու անունից Զորիկի հիշատակին կանգնեցրել է վահանակ՝ «Հիշիր անցյալը, ապրիր ներկայով, ապագան կարող է և չլինել» պատգամ-գրությամբ։
  • 2015 թ․ օգոստոսի 16-ին Զորիկի քեռու կողմից Իջևանի Ծաղկավան գյուղի լեռան վրա կանգնեցվել է վեց մետր երկարություն ունեցող քառաթև խաչ։
  • 2014 թ․ նոյեմբերի 25-ից Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարան կոչվում է Զորիկ Գևորգյանի անվամբ։
    • Նույն վարժարանում ստեղծվել է հերոսին նվիրված հուշանկյուն։
  • 2015 թ․ մարտի 2-ից Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցի 6-րդ դասարանը կրում է Զորիկ Գևորգյանի անունը։
  • 2015 թ․ ապրիլի 30-ից Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմանական դպրոցի ռազմագիտության դասարանը կոչվում է Զորիկ Գևորգյանի անունով։
    • Նույն դպրոցում կա նաև հերոսին նվիրված հուշանկյուն, իսկ դպրոցի ճակատային մասում ամրացվել է հուշատախտակ՝ գրությամբ, որ այդտեղ է սովորել Զորիկ Գևորգյանը։
  • 2015 թ․ մայիսի 6-ին Զորիկ Գևորգյանին նվիրված միջոցառում է կազմակերպվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում։
    • Կրթահամալիրի ջոկերից մեկը կոչվել է Զորիկ Գևորգյանի անվամբ։
  • 2015 թ․ հուլիսի 7-ից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետախուզության լսարանը կրում է Զորիկ Գևորգյանի անունը[8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Էդգար Էլբակյան. Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները. Երևան, 2015. ISBN 978-9939-0-1597-2
  2. Հայկական զինուժի կորուստները 2014 թվականին․ Ռազմինֆո
  3. 5-օրյա միկրոպատերազմ
  4. Հայկական դիրքերից տեղացող սակավ, բայց հմուտ կրակի պատճառով՝ թշնամուն գիշերը չհաջողվեց մարտադաշտից հանել սեփական դիակները։ Միայն առավոտյան թշնամին կարողացավ օդային ճանապարհով հեռացնել դրանք։
  5. Օգոստոսյան դիվերսիաներին դիմակայած հերոսները. Զորիկ Գեւորգյան
  6. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալով պարգևատրելու մասին
  7. Ավագ լեյտենանտ Զորիկ Գեւորգյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով
  8. Ռազմական ինստիտուտում բացվեց օգոստոսին զոհված հետախույզ Զորիկ Գևորգյանի անվան լսարան (ֆոտո)
  9. https://www.youtube.com/watch?v=DBzyaneTVYk Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում բացվել է Զորիկ Գևորգյանի անվան լսարան Aysor ATV