Երգող կեռնեխ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երգող կեռնեխ (այլ կիրառումներ)




Երգող կեռնեխ (լատին․՝ Turdus philomelos), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։
Նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգող կեռնեխի մարմնի վերին մասը ձիթապտղագույն է, թևերի թափահարող փետուրները մուգ դարչնագույն են, մարմնի ստորին մասը սպիտակ է՝ շիկավուն երանգով կլոր պտերով։ Պտերը որովայնի հատվածում նոսր են և գունաթափված, կտուցը մոխրասև է։ Ոտքերը դեղին են։ Զգալիորեն փոքր է մյուս կեռնեխներից։ Քաշը՝ 57-77 գ, թևի երկարությունը՝ 109-120 մմ, բացվածքը՝ 340-350 մմ։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորությունը՝ Կենդանիներ Դասը՝ Թռչուններ Կարգը՝ Ճնճղուկազգիներ Ընտանիքը՝ Կեռնեխազգիներ Ցեղը՝ Կեռնեխներ Տեսակը՝ Երգող կեռնեխ
Կենսակերպը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է։ Գարնանը վերադառնում է ապրիլ ամսին։ Բնակության համար նախապատվություն է տալիս անտառների թփուտավոր հատվածներին, հաճույքով բնակվում է նաև կաղնու և բոխու անտառներում։ Սնվում է հիմնականում միջատներով, ձմռանը՝ նաև հատապտուղներով։
Երգը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգում է շատ գեղեցիկ, անշտապ, զրնգուն և երկարատև։ Արձակում է սուլոցներ։ Երբեմն նմանակում է այլ թռչունների որոշ ձայներ։ Սովորաբար երգում են ծառերի կատարներին նստած, համարյա ամբողջ ցերեկը, սակայն առավել ակտիվ են առավոտյան և երեկոյան։ Երգում են մինչև բնակալման ավարտը։ Հունիսի սկզբում երգում են սովորականից մի քիչ պակաս չափով, սակայն, հետո նախկին ակտիվությունը վերականգնվում է։ Երգելը դադարեցնում են հուլիսի սկզբում։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույնը սարքում է չոր խոտերից՝ ծառերի ճյուղերին կամ թփերի վրա, բնի ներսը սվաղում է ցեխով։ Մայիս ամսին դնում է 4-7 երկնագույն, սև պտիկներով ձու, հաճախ տալիս է երկու սերունդ։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Իրանի հյուսիսում, Պեչորա և Օբ գետերի ավազաններում, Ալթայում, Մոլդովայում, Դոնի ստորին հոսանքներում, Ղրիմում, Կովկասում[1]։
Երգասեր կեռնեխի պատկերը որպես տարբերանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայի Փրեմյեր լիգայում հանդես եկող Ուեսթ Բրոմուիչ Էլբիըն թիմի տարբերանշանին պատկերված է երգասեր կեռնեխ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ էջ 42.
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող կեռնեխ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող կեռնեխ» հոդվածին։ |
|