Դորոթի Դաու
Դորոթի Դաու | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 8, 1920[1] |
Ծննդավայր | Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 26, 2005[1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց, Կոլումբիայի համալսարան, Նյու Յորքի համալսարան և Օսթինի տեխասյան համալսարան |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Աշխատավայր | Ռատգերսի համալսարան |
Դորոթի Դաու (հոկտեմբերի 8, 1920[1], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ - փետրվարի 26, 2005[1]), ամերիկացի դասական սոպրանո, որը 1940-ական թվականներից մինչև 1960-ական թվականներն ունեցել է ակտիվ միջազգային կարիերա՝ հանդես գալով համերգներում, օպերաներում և մենահամերգներում։ Բեմական ներկայություն պարտադրող դրամատիկ սոպրանոն ունեցել է հարուստ ձայն, որն օգտագործել է մեծ արտահայտչականությամբ։ 1968 թվականին բեմը թողնելուց հետո սկսել է դասավանդել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում։ Ուսանել է Նյու Յորքի Ջուլիարդյան դպրոցում և 1942 թվականին ավարտել այն վոկալիստի բակալավրի աստիճանով։ Արագորեն դարձել է ԱՄՆ-ում առաջատար համերգային սոպրանոներից մեկը, երգել նվագախմբերի հետ ամբողջ երկրով մեկ ու տվել բարձր գովասանքի արժանացած մի շարք մենահամերգներ[2]։ Բեմական առաջին ելույթն ունեցել է Բուֆֆալոյի օպերային բեմում 1946 թվականին՝ հանդես գալով «Գեղջկական ասպետություն» օպերայում Սանտուցցայի դերերգով։ Քննադատների կողմից հավանության է արժանացել 1947 թվականին Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ Ռիխարդ Վագների «Աստվածների մայրամուտը» օպերայի համերգային տարբերակում Բրունհիլդի նրա դերակատարումը։
Օպերային երգչուհու նրա կարիերան կենտրոնացած էր ավելի շատ Եվրոպայում, քան թե ԱՄՆ-ում։ 1948-1950 թվականներին աշխատել է Ցյուրիխի օպերայում, 1950-1960 թվականներին հաճախակի էր լինում Լա Սկալայում, որտեղ հանդես էր գալիս Ռիխարդ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայից Քրիսոթեմիսի դերերգով, Վագների «Տանհոյզեր» օպերայից Էլիսաբեթի դերերգով, «Ջոկոնդա» օպերայի գլխավոր դերով, «Կապույտ Մորուքի ամրոցը» օպերայից Յուդիթի դերերգով, «Վոցցեկ» օպերայից Մարիի դերերգով, Ուիլյամ Ուոլտոնի «Տրոյլուս և Կրեսսիդա» օպերայից Կրեսսիդայի և այլ դերերգերով ի թիվս այլոց։ 1952 թվականին առաջին անգամ հանդես է եկել Գլայնդբորնյան փառատոնի ժամանակ Վերդիի «Մակբեթ» օպերայից լեդի Մակբեթի դերերգով։ Հաջորդ տարի նույն փառատոնում կատարել է Շտրաուսի «Արիադնան Նակսոսում» օպերայի գլխավոր դերը։ 1954 թվականին Ֆլորենցիայի Տեատրո դելլա Պերգոլա օպերային թատրոնում կատարել է Գասպարե Սպոնտինիի «Ագնես վոն Հոհենստաուֆեն» օպերայից Իրմենգարդի դերերգը։ 1955 թվականին Լա Ֆենիչե օպերային թատրոնում կատարել է քննադատների կողմից մեծ հավանության արժանացած Ռենատայի դերերգը Սերգեյ Պրոկոֆևի «Հրե հրեշտակը» օպերայից[2]։
Թեև ԱՄՆ-ում քիչ է հանդես եկել օպերաներում, նրա այդ հազվագյուտ կատարումները շատ նշանավոր էին։ 1947 թվականի մայիսին Կոլումբիայի համալսարանի Branders Matthews Hall դահլիճում Թոմսոն Վիրջիլի «Մեր բոլորիս մայրը» օպերայի համաշխարհային պրեմիերայի ժամանակ մարմնավորել է Սյուզան Բ․ Էնթոնիի կերպարը։ 1951 թվականին Վաշինգտոն ԿՇ-ում Առնոլդ Շյոնբերգի «Erwartung» օպերայի ամերիկյան պրեմիերայի ժամանակ կատարել է կնոջ դերերգը[2]։
1968 թվականին թողել է երգչուհու կարիերան։ Սկսել է դասավանդել, ձեռք բերել գիտական աստիճաններ պատմության և հումանիտար գիտությունների բնագավառներում Օստինի տեխասյան համալսարանից, Կոլումբիայի համալսարանից և Նյու Յորքի համալսարանից։ Անդամագրվել է Ռատգերսի համալսարանի դասախոսական կազմին և երկար տարիներ պատմություն դասավանդել այնտեղ[2]։ Վախճանվել է 84 տարեկանում Գալվեստոն քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Obituaries: Theodor Uppman, stalwart Met baritone, dies at eighty-five; conductor Gary Bertini; editor Elizabeth S. Crow; sopranos Dorothy Dow and Una Hale; author William Murray; musicologist Stanley Sadie; impresario James Stuart». Opera News. Vol. 69, no. 12. 2005 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Հյուստոն քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 26 մահեր
- 2005 մահեր
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- 20-րդ դարի օպերային երգչուհիներ
- Ամերիկացի սոպրանոներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք