Գևորգ Հակոբյան (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գևորգ Հակոբյան
Ի ծնե անունԳևորգ Ասատուրի Հակոբյան
Ծնվել էհուլիսի 31, 1981(1981-07-31) (42 տարեկան)
Մեծամոր
Երկիր Հայաստան[1]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
Կայքgevorghakobyan.com

Գևորգ Ասատուրի Հակոբյան (հուլիսի 31, 1981(1981-07-31), Մեծամոր), հայ օպերային երգիչ։ ՀՀ վաստակավոր արտիստ (2011

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Հակոբյանը ծնվել է 1981 թվականին՝ Մեծամորում (Հայաստան)։ 1999-2004 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում։ 2003 թվականից Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ է (բարիտոն)։ Առաջին անգան օպերային դերերգով հանդես է եկել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում՝ կատարել է Մոսիի դերերգը (2004 թվական)։ Հայ օպերային արվեստի պատմության մեջ դրամատիկ բարիտոնի երեք առանցքային դերերգերի ամենաերիտասարդ կատարողն է՝ Մոսի 23 տարեկանում, Դավիթ Բեկ 25 տարեկանում և Արշակ Բ 26 տարեկանում։ Երևանի օպերային թատրոնեում նա երգում է նաև Ալեկոյի, Էսկամիլոյի, Ամոնասրոյի և Բարոն Սկարպիայի դերերգերը։ 2008 թվականից հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի լավագույն օպերային բեմերում, ինչպիսիք են՝ Հռոմի օպերային թատրոն, Հռոմի Կարակալա Ֆեստիվալ, Թեաթրո Լիրիկո թատրոն (Teatro Lirico di Cagliar), Պալերմոյի Մասիմո, Բոլոնիայի Կոմունալե, Վալենսիայի Լես Արտս, Պետերբուրգի Մարիինյան, Մոսկվայի Մեծ Թատրոն և այլն։ Համագործակցել է աշխարհահռչակ դիրիժորներ՝ Լորին Մաազել (Lorin Maaze l), Վալերի Գերգիև, Միխայիլ Յուրովսկին, Ալեքսանդր Վեդերնիկով, Տուգան Սոխիև, Ռոբերտո Աբադո, Նիկոլա Լուիզոտի, Վալերիո Գալիի հետ, երգիչներ՝ Պլասիդո Դոմինգո, Մարիա Գուլեգինա, Լիաննա Հարությունյան, ռեժիսորներ՝ Ջանկարլո դել Մոնակո, Էյմունտաս Նեկրոշիուսը և շատ ուրիշների։

Հյուրախաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտերկրում Հակոբյանի առաջին բեմելը կայացել է 2008 թվականին Իտալիայում Կալիարի քաղաքի Լիրիկո օպերային թատրոնում հանդես է եկել Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին» օպերայում՝ Ֆյոդոր Պոյարոկի դերերգով, Մոսկվայի Մեծ Թատրոնի կազմում, դիրիժոր՝ Ալեքսանդր Վեդերնիկով։ 2008 թվականին այդ նույն թատրոնում հանդես է եկել Եվգենի Օնեգինի դերերգով Չայկովսկու համանուն օպերայում, որը ղեկավարում էր Միխայիլ Յուրովսկին, Ալֆիոյի (Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերա, 2009 թ.), Տոնիոյի (Լեոնկավալոյի «Պայացներ» օպերա, 2009թ.) և Բեսի դերերգերով (Չայկովսկու «Չերևիչկի» օպերա, դիրիժոր՝ Դոնատո Ռենզետտի, 2014 թ.)։

Գևորգ Հակոբյանի կարիերայում նշանակալից է եղել 20-րդ դարի լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի հետ համագործակցությունը, որի ղեկավարությամբ երգել է 20 ներկայացում՝ հանդես գալով Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում՝ Շարպլեսի, Մասկանյիի «Գեղջկական ասպետություն» օպերայում՝ Ալֆիոյի, Վերդիի «Աիդա» օպերայում՝ Ամոնասրոյի դերերգերով (2010 թվական, Սոֆիա Թագուհու արվեստների պալատ, Վալենսիա, Իսպանիա)։

2013 թվականի հունվար ամսին Գևորգ Հակոբյանը հրավիրվեց հանդես գալ որպես Պլասիդո Դոմինգոյի փոխարինող Ֆրանչեսկո Ֆոսկարիի դերերգում՝ Վերդիի «Երկու Ֆոսկարի» օպերայում, իսկ 2014 թվականի մարտ - ապրիլ ամիսներին Դոմինգոյի հետ երգել է Ջ.Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում՝ կերտելով Պաոլո Ալբիանիի դերը (Սոֆիա Թագուհու արվեստների պալատ, Վալենսիա, Իսպանիա)։ Նա հանդես է եկել նաև մեծանուն դիրիժոր Վալերի Գերգիևի հետ՝ մասնակցելով «Շալյապինի անվան ХХХI օպերային փառատոն»-ի փակման գալա-համերգին, որտեղ ելույթ է ունեցել Մարիինյան թատրոնի առաջատար արտիստների և նվագախմբի հետ (2013 թվական Կազան, Ռուսաստան)։ Համերգն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է ֆրանսիական «Mezzo» և ռուսական «Култура» հեռուստաալիքներով։

Հակոբյանի դեբյուտը Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում կայացել է 2015 թվականի հուլիսին, նա հանդես է եկել Բարոն Սկարպիայի դերերգով, Պուչինիի «Տոսկա» օպերայում, որտեղ իր խաղընկերն էր աշխարհահռչակ, հայազգի սոպրանո Մարիա Գուլեգինան։ Այժմ Հակոբյանը Մարիինյան թատրոնի հրավիրյալ արտիստ է, որտեղ հանդես է գալիս Ամոնասրոյի, Սկարպիայի և Սիմոն Բոկանեգրայի դերերգերով։

2017 թ.-ին կայացավ Հակոբյանի առաջնախաղը Մոսկվայի Մեծ Թատրոնում՝ որպես Գրիգորի Գրյազնոյ, Ռիմսկի-Կորսակովի «Ցարի հարսնացուն» օպերայում։ 2018թ.-ին հանդես եկավ Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերայի պրեմիերայում՝ Գրաֆ Տոմսկու դերերգեվ (դիրիժոր՝ Տուգան Սոխիև, ռեժիսոր՝ Ռիմաս Տումինաս)։ Իր առաջնախաղից հետո Հակոբյանը հաճախակի հրավիրվում է Մեծ Թատրոն նշված օպերաներում հանդես գալու համար։

2014 թվականից հանդես է գալիս նաև Գերմանիայում, Քիլի օպերային թատրոնում երգել է Շարպլես՝ Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում, Կարլո Ջերարդ՝ Ջորդանոյի «Անդրեա Շենյե» օպերայում, Նաբուկո՝ Վերդիի համանուն օպերայում և Բարոն Սկարպիա՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում։ 2017 և 2019 թթ.-ին Շտուտգարտի Շտատսօպերայում հանդես է եկել որպես Գրաֆ Տոմսկի Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերայում՝ երգելով 12 ներկայացում և որպես Սկարպիա։

Երգել է Հոնկ Կոնգի Մեծ թատրոնում (Hong Kong Cultural Centre, Grand Theatre)՝ Թուրինի օպերային թատրոնի (Teatro Regio di Torino) կազմում ներկայացնելով Պաոլո Ալբիանի, Ջ.Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում (դիրիժոր՝ Ռոբերտո Աբադո, 2016 թ., փետրվար)։

Հակոբյանը հանդես է եկել հետևյալ թատրոններում՝ Բոլոնիայի Տեատրո Կոմունալե (Բարոն Սկարպիա, դիրիժոր՝ Վալերիո Գալլի, ռեժիսոր՝ Դանիելե Աբադո), Հռոմի օպերային թատրոն (Սկարպիա, Տոնիո, Ալֆիո), Հռոմի Կարակալա Ֆեստիվալ (Նաբուկո), Շտուտգարտ Շտատսօպեր (Բարոն Սկարպիա, Գրաֆ Տոմսկի), Վալենսիաայի Սոֆիա Թագուհու արվեստների պալատ (Բարոն Սկարպիա, Տոսկա՝ Լիաննա Հարությունյան, դիրիժոր՝ Նիկոլա Լուիզոտի, ռեժիսոր՝ Դավիթ Լիվերմուր), Պալերմոյի Մասիմո թատրոն (Ալֆիո, Սանտուցա՝ Սոնիա Գանասսի, դիրիժոր՝ Ֆաբրիցիո Մարիա Կարմինատի)։

Աշխարհի տարբեր բեմերում աշխատել է այնպիսի մեծանուն ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Ջանկարլո դել Մոնակոն (Giancarlo del Monaco), Էյմունտաս Նեկրոշիուսը, Մարիո Կորրադին (Mario Corradi), Իռկին Գաբիտովը, Վիլլի Լանդին (Willy Landin), Լորենցո Մարիանին (Lorenzo Mariani) և ուրիշներ։

Հակոբյանի ձայնը այսօր աշխարհում հազվադեպ հանդիպող դրամատիկ բարիտոն է, նա համարվում է վերդիական բարիտոն և իտալական օպերաների կատարման մեջ առանձնանում է հատկապես իր իտալական առոգանությամբ և երաժշտական մեկնաբանության իտալական ֆրազեջոյով։ Ռուսական օպերաների դրամատիկ բարիտոնի համար գրված կերպարների կերպման և մեկնաբանման մեջ նա նույնպես առաջատար է։ Այդ մասին են վկայում իտալական և ռուսական թատրոնների նրա բազմաթիվ հրավերները, երաժշտական քննադատների և հանդիսատեսի հիացական արձագանքները։

2010 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-տեսական ամբիոնում դասավանդում է դասական վոկալ։ 2015 թվականի մայիսին ստացել է դոցենտի կոչում[2][3][4]։

Ձայնագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբյանը առաջինն է դասական կատարողներից, ով 2015թ-ին թողարկեց «Հայ դասական ռոմանսներ» խորագրով ձայնասկավառակ, որտեղ ընդգրկված են Ռոմանոս Մելիքյանի, Էդուարդ Միրզոյանի, Վաղարշակ Կոտոյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները[5]՝ նվագախմբի նվագակցությամբ։

2008 թվականին Հակոբյանը, Մոսկվայի Մեծ Թատրոնի կազմով, Լիրիկո թատրոնում (Teatro Lirico di Cagliar) նկարահանվել է Ռիմսկի Կորսակովի «Ասք Կիտեժ քաղաքի մասին»[1] օպերայում, որտեղ նա կատարել է Ֆյոդոր Պոյարոկի դերը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 - Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
  • 2011 - «Արտավազդ» մրցանակաբաշխություն, գլխավոր մրցանակ «Տարվա լավագույն օպերային դերասան» անվանակարգում (Երևան, Հայաստան)
  • 2011 - Տարվա մարդ դասական երգեցողության բնագավառում, “Luxury” ամսագրի «Տարվա մարդ 2011» նախագծում (Երևան, Հայաստան)
  • 2011 - «Ոսկե ձայն» մրցանակ, Armenia Music Awards 2011 մրցանակաբաշխություն (Մոսկվա, Ռուսաստան)
  • 2008 - Ոսկե մեդալ և առաջին մրցանակ «Պավել Լիսիցյանի անվան բարիտոնների առաջին միջազգային» մրցույթ (Մոսկվա, Ռուսաստան)
  • 2007 - «Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ» (Երևան, Հայաստան)
  • 2005 - Առաջին մրցանակ, «Բանակի միջազգային մրցույթ» (Մոսկվա, Ռուսաստան)
  • 2000 - Դափնեկիր, «Ավետիք Իսահակյանի անվան հանրապետական մրցույթ» (Երևան, Հայաստան)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bibliothèque nationale de France Record #166095206 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  2. «Gevorg Hakobyan- Bio, Albums, Pictures – Naxos Classical Music». www.naxos.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. «AV Production - Գևորգ Հակոբյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. «Gevorg Hakobyan». www.mariinsky.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. «Գևորգ Հակոբյան. ««Հայ դասական ռոմանսներ» ձայնասկավառակում ընդգրկված ստեղծագործություններից մի քանիսի մասին շատերը բացարձակ տեղեկություն չունեն» (տեսանյութ)». ՄԱՄՈՒԼ.am. https://plus.google.com/+mamulam. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին տեսաֆայլեր
Գևորգ Հակոբյանը ՅուԹյուբում