Գրիգոր Գալֆայան (ֆակիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալֆայան ազգանունով այլ մարդկանց մասին:
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Գալֆայան (այլ կիրառումներ)
Գրիգոր Գալֆայան
Ծնվել էմայիսի 17, 1900(1900-05-17)
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել է1975
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ և ձեռնածու-աճպարար

Գրիգոր Թորոսի Գալֆայան (հետագայում ստացել է Թահրա Բեյ բեմական անունը, մայիսի 17, 1900(1900-05-17), Տանտա, Եգիպտոս - 1975), հայ բժիշկ, ֆակիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգոր Գալֆայանը ծնվել է 1900 թվականին Եգիպտոսի Տանտա քաղաքում: Հայրը՝ Թորոս Գալֆայանը (Թորո), եղել է բժիշկ, մայրը՝ նիկոմիդացի: Նախնական կրթությունն ստացել է Էոզպեքիի (Կահիրե) արաբական դպրոցում: 1909 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, սովորել տեղի միջնակարգ դպրոցում: 1918 թվականին Կոստանդնուպոլսում ստացել է բժշկական կրթություն: Ապրել Սկյուտարում, եղել սուլթան Ռեշադի արքունի աստղագուշակը: Վերադառնալով Եգիպտոս՝ ղպտիների մոտ ուսանել է ֆակիրության գաղտնիքները: Եղել է ֆակիր և տիրապետել «գաղտնի գիտություններին»՝ հիպնոտիզմին, մագնետիզմին, ոգեհարցությանը, մահահայտնությանը, մեռելահարցությանը և օկուլտիստական այլ գիտությունների: 1919 թվականին՝ 19 տարեկան հասակում, կայսերական իշխան Մեճիտի շնորհիվ մեկնել է Գերմանիա և ֆակիրության հնարքներ ցուցադրել Բեռլինում, Դրեզդենում, Համբուրգում: Բեռլինում բազմանդամ հետազոտողների հանձնաժողովի հսկողությամբ պառկելով դագաղի մեջ և դիականալով՝ ավազաթաղ է եղել և 2 ամիս 12 օր 8 ժամ մնացել գերեզմանում: Այնուհետև նույն փորձը կատարել է ջրով լի թափանցիկ սնդուկում և մնացել 24 ժամ: Հետագայում ներկայացումներ է ունեցել Վիեննայում (երեք ամիս), Հռոմում, Փարիզում, որտեղ նրա ներկայացման տոմսն արժեցել է մինչև 1000 ֆրանկ: Սոֆիայում (8 ամիս) նրան ընդունել է Բուլղարիայի Բորիս թագավորը:

1922 թվականին Աթենքում ունեցել է 38 ներկայացում, ընդունվել է Հունաստանի Յորգիոս թագավորի կողմից: Կորֆու կղզում հույն հոգևորականները նրան անվանել են նեռ: 1925 թվականին եղել է Իտալիայում և Ֆրանսիայում: Նույն թվականի հուլիսի 22-ին Փարիզի օպերայում Գալֆայանը մի սարսափելի փորձ է կատարել. առաջին շարքում նստած մի աղջկա բեմ հրավիրելով՝ նստեցրել է աթոռին, ձախ ձեռքով բռնել մազերից ու յաթաղանով կտրել գլուխը: Սարսափահար հանդիսատեսը պատրաստվել է հարձակվել ու պատառոտել ֆակիրին, սակայն նա, գետնից վերցնելով գլուխը, միացրել է մարմնին ու վերակենդանացրել աղջկան:

Ֆրանսիական «Լեզ Անալ» թերթը գրել է, թե նրա ելույթները ժողովրդին մոռացրել է Մարոկկոյի պատերազմը: Մեկ այլ անգամ բժիշկները դաշույնով խոցել են նրան, բայց արյան կաթիլ անգամ չի երևացել: Նա բեմից խոսելով հանդիսականների հետ, բացատրում էր, որ իր փորձերը ոչ թե խաբկանքներ են, այլ ունեն գիտական բացատրություններ:

1926 թվականի ապրիլի 27-ին Լոնդոնի թատրոններից մեկում կիսամերկ պառկել է փայտե սնդուկում, որը վառվել է, սակայն նրա վրա այրվածքի հետք անգամ չի եղել: Նա համոզված էր, որ իր կախարդության մեթոդներով կարող է բուժել բազմաթիվ հիվանդություններ, այդ թվում՝ թոքախտը և քաղցկեղը: Պատմում են, որ նա բուժել է մի աղջկա, որը 6 տարեկանից համրացել էր՝ շնից վախենալու պատճառով:

Գալֆայանը եղել է Կահիրեի ֆակիրների «Իվնա» հոգեկան միության անդամ: Հետագայում հիմնադրել է «Շավգ» (արաբերեն՝ լույս) ընկերությունը, որի նպատակն էր ֆակիրությունը տարածել Եվրոպայում, և որի անդամները բժիշկներ ու գիտնականներ էին: Հետագայում «Շավգը» մասնաճյուղեր է ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում և այլուր:

Գայֆայանի անձն ու աշխատանքները տասնյակ տարիներ եղել են համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում: Նրա հրաշագործությունների մասին հոդված է տպագրվել «Ալիք» թերթում: Անգլիացի հնագետ Փոլ Պիրթուն իր «Եգիպտոսի գաղտնիքները» գրքում հիշատակել է նաև Գալֆայանի անունը: Չնայած ֆակիրներն ազգ և հայրենիք չեն ընդունում, Թահրա բեյը երբեք չի մոռացել իր հայ լինելը: Լիոնում նա այցելել է հայկական եկեղեցի և խոշոր գումար նվիրաբերել: Մշապես եղել է օտար և հայ մամուլի ուշադրության կենտրոնում:

1926 թվականին պոլսահայ գրող Հրանտ Գուրապյանը հրատարակել է «Ֆակիր Թահրա բեյի զարմանահրաշ գործերը» գիրքը: Գալֆայանի անվան և հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի հետ կապված դառը երգիծանք է գրել Երվանդ Օտյանը:

Գալֆայանի գործունեության տարիներին եղել են ոգեհարցությամբ զբաղվող ևս մի քանի հայեր՝ Գևորգ Աբդուլլահը, նկարիչ Տիգրան Եսայանի հայրը՝ Թովմասը, նմանաբույժ (հոմեոպաթ) Հովհաննես Արշակունին, Ինտրան, Հովհաննես Գազանճյանը, որոնց մասին Թահրա բեյը խոսել է դրվատանքով:

Մահացել է 1975 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առաջինը՝ հայ բժշկության բազմադարյան պատմության էջերում»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2016-12-24 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, 100 հայ հոգեբույժներ, Գիրք Ա, Երևան, 2002: