Գերմանիայի հայկական տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գերմանիայի հայկական տպագրություն, հայկական տպագրություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում հայկական տպագրությունով առաջին տպագիր նմուշը 1583 թվականին Բեռլինում Լեոնարդ Թուրնայզերի (1531-1596 թվականներ) հրատարակած գրքում է՝ 10 տող Մատթեոսի Ավետարանից, իսկ առաջին ամբողջական գիրքը 1680 թվականին Լայպցիգում Յուստին Բրանդիի տպարանում տպագրված Անդրեաս Ակոլութոսի (ծ.թ. անհայտ-1704 թվական) «Աբդիաս հայերէն» («Obadias Armenus») ութսունութ էջանոց գրքույկն է։ Այն Աստվածաշնչի Մարգարեությունների մի հատվածն է, որի բնաբանը և բառարանային առանձին հատվածներ հայերեն են, մնացածը՝ լատիներեն, իսկ վերջում դրված է հայոց այբուբենը՝ երկաթագիր և բոլորգիր։

1836 թվականին Լայպցիգում հրատարակվել է Կ. Նոյմանի «Հայ գրականության պատմության փորձ» (գերմաներեն), 1837 թվականին Բեռլինում՝ Հայնրիխ Պետերմանի «Հայոց լեզվի քերականությունը» (գերմաներեն) երկերը։ Տպագրվել են նաև Մակար Եկմալյանի «Ներդաշնակեալ երգեցողութիւնք սրբոյ պատարագի...» գրքույկը (18 էջ, 1896 թվական), Աբգար Էմիի «Ձայնագրութիւն հինգ ժամերգութեանց Աւագ շաբաթու համաձայն կանոնաց առաքելական Սուրբ եկեղեցւոյ Հայոց...» (1902 թվական), «Երգաբանութիւնք ճրագալուցի ծննդեան եւ զատկի եւ կարգի ջուր օրհնելոյ ծննդեան համաձայն կանոնաց առաքելական Սուրբ եկեղեցւոյ Հայոց» (1908 թվական), «Երգաձայնութիւնք Հայաստանեայց առաքելական Սուրբ եկեղեցւոյ» (մաս Ա-Գ, 1920 թվական բոլորը՝ Բրեյտկոպֆի և Հերտելի տպարան) գրքերը։ Ցայսօր Գերմանիայում հրատարակվել են շուրջ 15 անուն հայկական թերթեր և հանդեսներ, որոնց մեծ մասը լույս է տեսել անկանոն ու կարճատև։

1901-1902 թվականներին Մարբուրգում լույս է տեսել Գերմանիայում առաջին հայկական պարբերականը՝ «Հանդէս հայագիտութեան» (2 համար) հայերեն և գերմաներեն։ Հրատարակիչներ՝ Ֆրանց Ֆինկ (պատասխանատու խմբագիր), Եզնիկ վարդապետ Գյանջեցյան, Հակոբ Մանանդյան։ Տպագրել է հոդվածներ հայոց լեզվի, պատմության, ազգագրության, գրականության խնդիրների մասին։ Ֆինկը հրատարակել է նաև ցուցակ ձեռագրաց։

1914 թվականին Բեռլինում հրատարակվել է Գերմանա հայկական ընկերության «Մեսրոպ» (1 գիրք) հանդեսը՝ հայերեն, գերմաներեն։ Խմբագիրներ՝ Ջեյմս Գրինֆիլդ և Ավետիք Իսահակ­յան։ Տպագրվել են Յոհաննես Լեփսիուսի, Պաուլ Ռորբախի, Ջեյմս Գրինֆիլդի գիտական հոդվածները, Ռուբեն Զարդարյանի գեղարվեստական գործերից մեկը։

1937-1944 թվականներին Բեռլինում հրատարակվել է նույն ընկերության «Հայաստան» հայագիտական հանդեսը (18 պրակ)՝ գերմաներեն։ Խմբագիրներ՝ Պաուլ Ռորբախ և Արտաշես Աբեղյան։ Աշխատակցել են գերմանացի գիտնականներ Կ. Ռոթը, Կ. Մլաքերը, հայագետներ Նիկողայոս Ադոնցը, Վահան Տոտոմյանցը և ուրիշներ։

Հայոց ազգային խորհուրդը 1942-1944 թվականներին Բեռլինում հրատարակել է «Հայաստան» շաբաթաթերթը (խմբագիրներ՝ Վիգեն Սեղբոսյան, Ս. Հովիվ) և «Ազատ Հայաստան» ամսաթերթը (1943 թվական, խմբագիր՝ Ավետիք Գյուլխանդանյան), բաժանել են Հայկական լեգեոնի մարտիկներին։

Ներկայում Քյոլնում լույս են տեսնում «Արմենիշե-Դոյչե Քորրեսփոնդենց» (գերմաներեն, 1973 թվականից) և «Գարուն» (հայերեն, գերմաներեն և թուրքերեն, 1995 թվականից) պարբերականները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պետրոսեան Հ., Հայերը Գերմանիոյ մէջ, «Նաւասարդ» ամսագիր, № 110։
  • Աբեղեան Ա., Հայագիտութիւնը եւ հայ մշակոյթը Գերմանիայում վերջին երեսնամեակին, «Յուսաբեր»-ի թերթօն, 23 Մայիս–3 Յունիս, 1950։
  • Օրդուխանյան Ա., Գերմանիայի հայ ակադեմիականների միության տարեգիրք 2001–2002, Ե., 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։