Բրուդերշաֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1899 թվականի գովազդային պաստառ՝ ոգեշնչված Ֆաուստից. այստեղ իլյուզիոնիստ Հարրի Քելարը բրուդերշաֆտ է խմում Սատանայի հետ

Բրուդերշաֆտ խմել (Ավստրիայում՝ գերմ.՝ Brüderschaft trinken - «եղբայրաբար խմել» կամ «խմելով եղբայրանալ», գերմ.՝ Brüderschaft - «ընկերություն» բառից), խնջույքի հատուկ արարողություն, գինարբուք, որով երկու մարդ բարեկամանում են կամ ամրապնդում իրենց ընկերությունը։ Այդ նպատակով նրանք միաժամանակ խմում են իրենց բաժակների պարունակությունը, օրինակ՝ գարեջուր կամ գինի, ձեռքերն արմունկներով իրար ագուցած։ Դրանից հետո ամենից հաճախ համբուրում են մեկմեկու շրթունքը կամ թուշը (մեր օրերում)։ Գինարբուքի այդ ընթացքում, ընդունված է նայել միմյանց աչքերին։ Այնուհետև ներկայանում են անունով («Ես ... եմ», «Իմ անունը ... է»)։ Այս պահից սկսած մասնակիցները համարվում են լավ ընկերներ և պետք է միմյանց դիմեն «դու»-ով (Սիզենից անցնեն Դուզենի)[1]

Ծեսը գալիս է միջնադարյան Եվրոպայից, երբ նման ծեսը վկայում էր սեղանի շուրջ հավաքվածների բարի նպատակների մասին։ Սա հավանաբար հիմնված է այն ենթադրության վրա, որ նույն ըմպելիքի օգտագործումը դիտվում էր որպես ամուր միության խորհրդանիշ[2]. «միասին խմելը ... կարող է կապել և պարտավորեցնել»[3]։

Կա նաև «իրար հետ բրուդերշաֆտ չենք խմել» արտահայտությունը, որը նշանակում է, որ այս արտահայտությունն արտասանողը կարծում է, որ զրուցակցի հետ շփումը ստացել է խիստ ոչ ֆորմալ (լկտի, լպիրշ, գռեհիկ) բնույթ և ուղղակի (գրեթե վիրավորական) առաջարկում է անցնել առավել պաշտոնական՝ հարգալից տոնի (Դուզենից վերադառնալ Սիզենի)։

Այս սովորույթը գրականության մեջ կարելի է գտնել նաև առած-ասացվածքների տեսքով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուց Ռոհրիխը «Առակ-ասույթների հանրագիտարանում»[4] ենթադրում է, որ բրուդերշաֆտը հանգում է ազգակցության ընտրովի կապի ձևին, որը մոգական ծեսերի[Ն 1] միջոցով դառնում էր պարտադրված։ Բրուդերշաֆտը հատկապես ակտուալ էր դարանակալության մեջ հայտնված զինվորականների համար. նրանց փոխադարձ շփումն ու փոխօգնությունը պարզապես անհրաժեշտություն էր դառնում։

Այս ծիսակարգի յուրաքանչյուր քայլ թաքնված խորհուրդ ուներ՝ ձեռքերն իրար ագուցելը նշանակում էր եղբայրական աջակցություն միմյանց, բաժակը մինչև հատակը դատարկելը՝ ամբողջական աջակցություն, իսկ համբույրն ամրագրում էր իրար տված երդումը։ Բացի այդ, վերջինս ևս մեկ իմաստ ուներ՝ կեղծ ընկերը կարող էր թույն լցնել մյուսի բաժակի մեջ, իսկ եթե դա անողը հրաժարվում էր ծեսն ավարտել համբույրով, վախենալով, որ ինքն էլ կթունավորվի, այս կերպ նա մատնում էր ինքն իրեն։

Հատուկ դեպքերում, ծիսակատարության ժամանակ գինու մեջ ավելացնում էին հենց իրենց արյունը, և դա արդեն համարվում էր արյան երդում, որի խախտման համար դավաճանին ամոթալի մահ էր սպասվում։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմելով եղբայրանալու այս ծիսկարգի ծագումը ճշգրիտ հայտնի չէ։ Ռուդոլֆ Շուլցեն սովորույթի ծագումը վերագրում է ուշ միջնադարին[Ն 2], սակայն առանց որևէ աղբյուր նշելու։ Սովորույթն, անշուշտ, կարելի է գտնել 17-րդ դարում «Խմելու օրենք և կենաց» (Jus Potandi oder Zechrecht) տեքստում. իրավական-պարոդիկ տեքստ, որը հրապարակվել է 1616 թվականին անանուն գերմանացի հեղինակի կողմից։ «Խմելու օրենք» («Jus Potandi») անգլիացի բանաստեղծ Ռիչարդ Բրաթվեյթի (1588-1673) նույն թվականի «Խմելու իրավունքի անդրանիկ տեսական-գործնական քննարկում» (Disputatio inauguralis theoretico-practica jus potandi) տեքստի գերմաներեն թարգմանության 20-րդ գլխում ասվում է, որ Բրուդերշաֆտ խմելը, կարծես, սկիզբ է առել միմյանց կենացը խմելու սովորությունից. «այն անձը, ով ցանկանում է եղբայրություն առաջարկել, խոսում է նրա հետ, խմում նրա հետ և նորից լցնում խմելու բաժակը։ Հետո խոսողը խմում է նույն բաժակից և առաջինն ասում է իր անունը։ Հետո նրանք միմյանց խոստանում են անել այն, ինչ մյուսը «սիրում» է, և չանել այն, ինչը մյուսի համար «անտանելի է»[6]։

Ազնվականները նստեցին սեղանի մոտ և խմեցին իրար հետ, այնպես, որ նրանց աչքերը ճակատը թռան՝ ցցահան հորթերի նման։ Մեկը մյուսին ինչ-որ բան բերեց կոշիկից թասով։ Մեկը մյուսի ձեռքը սեղմեց և մեկը մյուսի անունը հարցրեց և միմյանց խոստացան լինել հավերժ ընկերներ և եղբայրներ՝ հաստատելով այս ընդհանուր դրույթը, ամեն մեկն իր կաշվե տաբատի մի կտոր կապեց մյուսի պատառոտված կամզոլին[7]։

Այս նկարագությունը 17-րդ դարի բանաստեղծ Միքայել Մոսկերոշի «Ֆիլանդեր ֆոն Սիտտևալդի տարօրինակ և ճշմարտացի տեսիլքները» (Wunderliche und Echterigensichten Philanders von Sittewald) պոեզիայից է, որտեղ նկարագրված է ուսանողական խրախճանք (Մաս 1, 6)։

Այլ անվանումներ. Սմոլիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Schmollis - Օդերի Ֆրանկֆուրտ, ամսագրի թերթ, 1804

18-րդ դարում եղբայրաբար խմելը, ըստ երևույթին, տարածված էր եղբայրություններում։ Մագիստր Քրիստիան Վիլհելմ Քինդլեբենը (1748-1785), որը եկել էր Հալլեից, 1781 թվականին իր գրած Ուսանողական հանրագիտարանում նկարագրել է «խմելու եղբայրություն» սովորույթը, թե ինչպես է մեկը դարձել անվանական եղբայր. «երիտասարդները մի գավաթ գինով կամ գուցե Կոմերսում[Ն 3] մի բաժակ գարեջրով կամ շնապսով եղբայրանում էին, իսկ հետո իրար կանչում դու և պարոն եղբայր։ ...»:

Այդ ժամանակաշրջանում հիմնականում ուսանողական եղբայրություններում էին խմում բրուդերշաֆտ։ Հետագայում այս գործողությունն ուսանողների շրջանում ստացել է «Շմոլիս»[Ն 4] անվանումը։

Ըստ 1888 թվականի «Մեյերի խոսակցական հանրագիտարանի» բրուդերշաֆտը «...առաջին հերթին երկու մարդկանց համաձայնությունն է՝ միմյանց տեսնել որպես եղբայրներ, հաճախ՝ ընդամենը «դու»-ով դիմել... Բրուդերշաֆտ խմելու սովորույթը, հավանաբար, հիմնված է այն բանի վրա, որ նույն ըմպելիքի օգտագործումը համարվում էր ամուր միության խորհրդանիշ...»[2]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունագեղ ծեսերը ոգեշնչել են գրողներին և բանաստեղծներին հիշատակել այն իրենց ստեղծագործություններում[8]

Գրիմ եղբայրներն իրենց բառարանում գրել են. «դա նշանակում է խմել եղբայրություն» և որպես գրական վկայություն մեջբերում են մի քանի աշխատություններ՝ առածի տեսքով օգտագործելով։ Այսպես,

  • Ֆրիդրիխ ֆոն Հագեդորնն ասում է. «...նա խմում է Էգելնի հետ բրուդերշաֆտ և հարցնում է, թե դու ինչ ես անում Սիլենուս»
  • Գյոթեի «Էգմոնտ»-ում (4-րդ գործողություն) ասվում է. «Հիմա գնա։ Գնում է։ Ես ինքս ձեզ խորհուրդ կտամ։ Այնտեղ ես տեսնում եմ, որ սկսվում է ևս մեկ ռաունդ. չի թվում, որ նրանք շուտով մեզ հետ բրուդերշաֆտ կխմեն»։
  • Ֆրիդրիխ Շիլլերը «Ավազակները պիեսում» նույնիսկ ակնարկում է ավազակների մեջ սատանայի հետ բրուդերշաֆտի մասին. «Այսպիսով, մենք քաջություն և ուժ ենք կերտում / Եվ Բրուդերշաֆտ սև մարդու հետ / Ով խորովվում է դժոխքում»[9]։

Բրուդերշաֆտն իրենց ստեղծագործություններում հիշատակում են նաև այլ լեզուներով գրողները.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արյան եղբայրության ծեսերը, ինչպիսիք են փոխադարձ արյուն խմելը կամ ձեռքերը համատեղ թաթախելը կենդանական արյան մեջ, ամրագրում էին հոգիների կապը, մասնակիցներին խրախուսում էին նույն նպատակներին ու իդեալներին ծառայել՝ այդպիսով ստեղծելով եղբայրություն։
  2. «14-րդ և 15-րդ դարերում ասպետական հարբեցողությունը զգալի մակարդակի ու ընդլայնման էր հասել, և դրա իսկական բուծարանները հիմնվել էին այն ժամանակ առաջացող համալսարաններում։ ... Ողջության համար խմելը, եղբայրությունը ... անչափ խմելու շատ հնարավորություններ էին ստեղծում»[5]։
  3. Commercium - ավանդական ակադեմիական խնջույք է, որը հայտնի է Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի երկրների մեծ մասի համալսարաններում։
  4. Schmollis - լատին․՝ sis mihi mollis amicus, որը նշանակում է «եղիր իմ մտերիմ ընկերը» կամ «արա ինձ հետ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Import, M. V. S. (2017 թ․ ապրիլի 24). «Duzen oder Siezen?». Industrieanzeiger (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Meyer (1885–1892). «retro|bib - Seite aus Meyers Konversationslexikon: Brüderschaft - Brüel». www.retrobibliothek.de. 4. Auflage. Band 3 (գերմաներեն). Leipzig/Wien: Verlag des Bibliographischen Instituts,. էջ 505. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  3. Regina und Manfred Hübner: «Trink, Brüderlein, trink. Illustrierte Kultur- und Sozialgeschichte deutscher Trinkgewohnheiten.» (Խմի՛ր, փոքր եղբայր, խմի՛ր։ Գերմանական խմելու սովորությունների պատկերազարդ մշակութային և սոցիալական պատմություն։), Լայպցիգ 2004.
  4. Lutz Röhrich: Lexikon der sprichwörtlichen Redensarten. Lemma „Bruder“, Freiburg im Breisgau 1991.
  5. Rudolf Schultze: Geschichte des Weins und der Trinkgelage. Berlin 1867, S. 166
  6. Blasius Multibibus: Jus Potandi oder Zechrecht.Nachdruck der deutschen Bearbeitung des Jus Potandivon Richard Brathwaite aus dem Jahre 1616, Nachwort von Michael Stolleis, Frankfurt am Main 1982.
  7. So Wilhelm Bode: Kurze Geschichte der Trinksitten und Mäßigkeitsbestrebungen in Deutschland, München 1896, Seite 213
  8. «Brotherhood Drinking - Encyclopedia of Alcohol». www.alcohol-encyclopedia.eu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. Bruderschaft, brüderschaft։ In: Jacob Grimm, Wilhelm Grimm (Hrsg.): . Band 2: Biermörder–D – (II). S. Hirzel, Leipzig 1860, էջ 422 (https://woerterbuchnetz.de/?sigle=DWB&lemid=GB11870#0 woerterbuchnetz.de). Գրիմ եղբայրների գերմաներեն բառարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]