Վիլհելմ Գրիմ
Վիլհելմ Կարլ Գրիմ (գերմ.՝ Wilhelm Karl Grimm, փետրվարի 24, 1786[1][2][3][…], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4] - դեկտեմբերի 16, 1859[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4][5][6]), գերմանացի բանասեր, Յակոբ Գրիմի եղբայրը: Նա, ինչպես և եղբայրը, Հեյդելբերգի ռոմանտիկայի ներկայացուցիչն է, որի նպատակն էր հասարակական և գիտական հետաքրքրության վերականգնումը ժողովրդական մշակույթի (ֆոլկլորի) նկատմամբ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմ Գրիմը ծնվել է 1786 թվականի փետրվարի 24-ին Հանաու քաղաքում: Նա Շտայնաու-ան-դեր-Շտրասե քաղաքի ամտման Ֆիլիպ Վիլհելմ Գրիմի (1751-1796) և Դորոտթա Ցիմմերի (1755-1805) երրորդ որդին էր: Իր ավագ եղբոր՝ Յակոբ Գրիմի հետ հաճախել է Կասելի Lyceum Fridericianum (գերմ.՝ das Friedrichsgymnasium) հնագույն գիմնազիան, իսկ այնուհետև ընդունվել է Մարբուրգի համալսարան, որտեղ պրոֆեսոր Ֆրիդրիխ Սավինիի ղեկավարությամբ սովորել է գերմանական իրավունք: Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Կասել, որտեղ ապրել է մոր տանը, որն այդ ժամանակ արդեն այրի էր:
Առողջական խնդիրները (նա տառապում էր ասթմայով և, բացի այդ, դժգոհում էր սրտի ցավից) երկար ժամանակ նրան խանգարում էին որևէ պաշտոն ստանալ[9], և 1806 թվականից նա միացել է գերմանական հեքիաթներ հավաքելու աշխատանքին, որն սկսել էր նրա եղբայր Յակոբը: 1809 թվականին բուժվել է հայտնի բժիշկ Յոհաննա Քրիստիան Ռեյլի մոտ՝ Հալլե քաղաքում՝ բնակվելով իր ընկերոջ՝ կոմպոզիտոր Ի. Ֆ. Ռայխարդտի տանը:
Հալլեում նա ծանոթացել է Կլեմենս Բրենտանոյի հետ, և բուժումն ավարտելով՝ նրա հետ մեկնել է Բեռլին: Պրուսիայի մայրաքաղաքում նա Կ. Բրենտանոյի և Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի հետ վարձել է մեծ բնակարան: Սակայն որոշ ժամանակ անց Վիլհելմ Գրիմը վերադարձել է Կասել, որտեղ հանդիպել է Գյոթեին, որը «նրան սրտանց շնորհակալություն է հայտնել վաղուց մոռացված մշակույթի բարօրության օգտին նրա գործադրած ջանքերի համար»[10]: 1814-1829 թվականներին աշխատել է որպես Կասելում Հեսսենի լանդգրաֆյան գրադարանի քարտուղար:
1825 թվականին ամուսնացել է Հենրիետտե Դորոթեա Վիլդի հետ: 1828 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հերման Գրիմը (1828-1901), որը հետագայում հայտնի է դարձել որպես գրականության պատմաբան, Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և «Գյոթեի միության» համահիմնադիր:
1831-1835 թվականներին Վիլհելմ Գրիմը եղել է Գյոթինգենի համալսարանի գրադարանավար, իսկ 1835 թվականին դարձել է նրա արտահաստիքային պրոֆեսոր: «Գյոթինգեն յոթ» բողոքին մասնակցելու համար (ինչպես և նրա ավագ եղբայրը) 1837 թվականին Հաննովերի հերցոգի կարգադրությամբ հեռացվել է բոլոր պաշտոններից և երկրից արտաքսվել: Սակայն 1841 թվականին պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի կողմից հրավիրվել է Բեռլին, նույն թվականին ընտրվել է որպես Պրուսական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ: 18 տարի (մինչև մահը) դասավանդել է Բեռլինի համալսարանում և աշխատել «Գերմանական բառարանի» վրա: Նրա մահացու հիվանդությունը, որ սկսվել է մեջքի սովորական ֆուրունկուլով, զարգացել է երկու շաբաթվա ընթացքում: 1859 թվականի դեկտեմբերի 16-ին լուծանքը դադարեցրել է նրա տառապանքը[11]:
Գործունեության արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրիմ եղբայրների հրատարակած գերմաներենի պատմության և քերականության գրքերն այդ լեզվի բազմաթիվ բարբառաների ֆոնին հանդես են եկել որպես ազդակ լեզվաբանության՝ որպես ինքնուրույն գիտաճյուղի ձևավորման համար: Վիլհելմ Գրիմը եղբոր հետ միասին կազմել է գերմանական հեքիաթների հայտնի ժողովածուն՝ հիմք դնելով ռունական գրականության համակարգված գիտական ուսումնասիրությանը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118542265 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://hd.housedivided.dickinson.edu/node/22967
- ↑ 6,0 6,1 6,2 http://hd.housedivided.dickinson.edu/node/22953
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/254039/Hanau
- ↑ http://web.archive.org/web/20160401160541/http://jeugdliteratuur.org/auteurs/wilhelm-carl-grimm
- ↑ Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985. S. 10-17.
- ↑ Scherer W. Grimm Wilhelm (Karl) // Allgemeine Deutsche Biographie. Bd. 9. Leipzig, 1879. S. 691.
- ↑ Ibid. S. 694—695.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Гриммы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Wilhelm Scherer. Grimm, Wilhelm // Allgemeine Deutsche Biographie (ADB). — Bd. 9. — Lpz.: Duncker & Humblot, 1879. — S. 690–695. (нем.)
- Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grimm Brothers' Home Page
- Վիլհելմ Գրիմի գործերը Գուտենբերգ նախագծում
- Վիլհելմ Գրիմ (անգլ.) Internet Movie Database կայքում
- Household Tales by the Brothers Grimm, translated by Margaret Hunt
|
- Փետրվարի 24 ծնունդներ
- 1786 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 16 մահեր
- 1859 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրիմ եղբայրներ
- Գերմանացի մանկագիրներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանացի լեզվաբաններ
- Գերմանացի գրողներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ