Բենիամին Ժամկոչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիամին Կարապետի Ժամկոչյան
«Բենիամին Ժամկոչյանի» կիսանդրին.jpg
Ծնվել է 1895, հուլիսի 8
Ծննդավայր Հայնի, Արևմտյան Հայաստան
Մահացել է հունվարի 13, 1984
Մահվան վայր Բեյրութ, Լիբանան
Ազգություն հայ
Մասնագիտություն մանկավարժ, հասարակական գործիչ

Բենիամին Կարապետի Ժամկոչյան (1895, հուլիսի 8, Հայնի, Արևմտյան Հայաստան - հունվարի 13, 1984, Բեյրութ, Լիբանան), հայ կրթական գործիչ, մանկագիր, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենիամին ժամկոչյանի անվան 119 ավագ դպրոցի դիմաց, Տիգրան Մեծի պող. 64

Բենիամին Ժամկոչյանը ծնվել է 1895 թվականին Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի շրջանի Հայնի գյուղում, Կարապետ և Եսթեր Ժամկոչյանների ընտանիքում։ Հազիվ 40 օրական՝ կորցրել է հորը։ Մայրը գերդաստանի մեծերի ստիպմամբ երկրորդ անգամ է ամուսնանում և հեռանում իր երկու զավակներից՝ նրանց հանձնելով իրենց հորական տատի խնամքին։ Երեք տարեկան Բենիամինը և իր մեծ եղբայրը ուղարկվում են Խարբերդի մոտակա Մեզիրե (Մամիւրէթ-Իւլ-Ազիզ) կուսակալանիստ քաղաքի գերմանական որբանոցը, որը կառավարվում էր միսիոներների կողմից։ Այնուհետեւ նրանք ավարտում են դպրոցը, ապա մտնում են նույն միսիոներների հիմնած ուսուցչանոցը (բարձրագույն մանկավարժական կրթօջախ)։

Իր եղբոր օրինակին հետևելով, 19-ամյա Բենիամինը անդամակցում է Հնչակյան ուսանողական միությանը։ 1915 թ. ապրիլի 21-ին ստանում է ուսուցչանոցի ավարտական վկայականը և սկսելով աշխատել որբանոցում որպես հսկիչ և հացագործ՝ ազատվում է աքսորից։ Որոշ ժամանակ անց մի քանի երիտասարդների հետ հեռանում է հաստատությունից և Երիզայում միանում զորավար Անդրանիկի զինվորներին։ Կարինի մոտ մարտի ընթացքում վիրավորվում է և բուժվելու համար տեղափոխվում Սարիղամիշ, Կարս, Թիֆլիս։ Բաթումից անգլիական նավ նստելով հասնում է Պոլիս, որտեղ գաղթականների հանձնախմբում սկսում է զբաղվել կազմակերպչական աշխատանքներով։ 1920 թ. տեղափոխվում է Ադանա և Ազգային Աբգարյան վարժարանում անցնում աշխատանքի որպես ուսուցիչ։ 1921 թ. Ադանայում իր առաջարկով հիմնված Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարժարանում աշխատում է որպես տնօրեն։ Կիլիկիայի հայաթափումից հետո Ժամկոչյանը հասնում է Մերսին, որտեղից բազմաթիվ այլ գաղթականների հետ 1922 թվականի վերջին օրերին նավով տեղափոխվում է Բեյրութ։
Հաստատվելով Լիբանանում՝ Բենիամին Ժամկոչյանը տարբեր տեղերում զբաղվում է ուսուցչությամբ։ 1930 թվականին հրավիրվում է աշխատելու Ազգային Սահակյան վարժարանում և մինչև 1974 թ. մնում նրա տնօրենը։ Պատկանել է Հայ Ավետարանական եկեղեցուն, բայց մեծ հարգանքով է վերաբերվել Հայ Առաքելականին։
Լիբանանի «Սուրբ Գրոց» ընկերության կողմից նրան է վստահվում 19-րդ դարի կեսին լույս տեսած արևմտահայերեն աշխարհաբար Աստվածաշնչի առաջին լուրջ վերամշակումը, որի համար օգտագործել է իրեն մատչելի բոլոր թարգմանությունները՝ գերմաներեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։ Աշխատանքը լույս է տեսել 1981 թ.։
1949 թ. ստացել է Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի (Golden Gate University) գրականության պատվավոր դոկտորի կոչում։
1984 թ. Խորհրդային Հայաստանի լուսավորության նախարարության կողմից Ժամկոչյանին շնորհվել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ։
Մահացել է 1984 թ., Բեյրութում։ 1993 թ. Երևանի թիվ 119 միջնակարգ դպրոցն անվանակոչվեց Բենիամին Ժամկոչյանի անունով (այժմ՝ թիվ 119 ավագ դպրոց)[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խարբերդի գերմանական միսիոներական հաստատություն
    • Որբանոց – 1898-1900 թթ.
    • Նախակրթարան – 1900-1907 թթ. վկայական՝ 30 հունիսի, 1907 թ.
    • Միջնակարգ – 1907-1911 թթ. վկայական՝ 30 հունիսի, 1911 թ.
    • Ուսուցչանոց – 1911-1915 թթ. վկայական՝ 21 ապրիլի, 1915 թ.

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային Աբգարյան վարժարան, ուսուցիչ - Ադանա, 1920-1921 թթ.
  • ՍԴՀԿ Կեդրոնական վարժարան, տնօրեն - Ադանա, 1921-1922 թթ.
  • Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոց, ուսուցիչ - Բեյրութ, 1922-1923 թթ.
  • ՀԲԸՄ Քելեկյան որբանոց, մարզիչ և ընդհանուր հսկիչ - Բեյրութ, 1923-1924 թթ.
  • Ազգային Ս.Նշան վարժարան, ուսուցիչ - Բեյրութ, 1924-1929 թթ.
  • Ազգային Սահակյան վարժարան, տնօրեն - Բեյրութ, 1930-1938 թթ.
  • Դանիական «Թռչնոց Բույն» որբանոց, կրթական տնօրեն - Ջիպեյլ, 1938-1940 թթ.
  • Ազգային Սահակյան վարժարան, տնօրեն - Բեյրութ, 1940-1974 թթ.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1949 թ., գրականության պատվավոր դոկտորի վկայական՝ տրված Լոս Անջելեսի «Գոլդեն Գեյթ» համալսարանի կողմից
  • 1984 թ., Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակ՝ տրված ՀԽՍՀ լուսավորության նախարարության կողմից

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սահակյան վարժարանի դասագրքեր.
  • Կրոն, 1-6-րդ դասարաններ
  • Բաղդատական կրոնագիտություն, 6-րդ դասարան
  • Բարոյագիտություն, 10-12-րդ դասարաններ
  • Հայերեն քերականություն, 1-6-րդ դասարաններ
  • Ազգային պատմություն, 1-6-րդ դասարաններ
  • Գիտություն, 1-6-րդ դասարաններ
  • Աշխարհագրություն, 1-6-րդ դասարաններ
  • Ձայնագրություն, 1-6-րդ դասարաններ
  • «Մանուկը բնութեան մէջ» և «Գիւղին թիթեռնիկը» թատերախաղեր՝ օպերայի վերածված Համբարձում Պերպերյանի կողմից, առաջին անգամ ներկայացվել է 1934 թ., Բեյրութում
  • «Վարդանանք» թատրերգություն ըստ Դերենիկ Դեմիրճյանի համանուն վեպի (1950)
  • «Յուշագիրք Սահակյան Վարժարանի Քսանհինգամեակին» (1948)
  • «Յուշագիրք Սահակյան Լիսէի Քառասունամեակին» (1963)
  • «Յիսնամեայ Պատմագիրք Սահակեան Լիսէի» (1973)
  • «Հայնի» - հայրենի գյուղագրություն (1952)
  • «Պատմագիրք Մամիւրէթ-Իւլ-Ազիզի Գերման Որբանոցներու» (1973)

Խմբագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ուսանող» պաշտոնաթերթ Սահակյան վարժարանի (24 տարի)
  • «Տան բժիշկը» բժշկական հոդվածների ժողովածու, նախաձեռնող՝ Մարի Կիրակոսյան (1968)

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քրիստոսի Վարդապետութեան Հոգին» հեղինակ՝ Լէօ Թոլսթոյ (անգլերենից)
  • «Քրիստոսի Եօթը Խօսքերը» հոգերգություն (օրատորիա), հեղինակ՝ Թեոդոր Տյուպուա
  • «Եղբօրդ Արյունը» 1895 թվականի հայկական կոտորածի մասին գերմանացի անհայտ հեղինակի վեպ (գերմաներենից)
  • «Փոլիաննա» Բ., Գ., Ե. հատորները, մանկական պատմություններ (անգլերենից)։
  • Բանախոսություններ, հոդվածներ՝ տպված զանազան օրաթերթերի և պարբերականների մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յովհաննէսեան Հ., Անզուգական մարդը՝ Բենիամին Ժամկոչեան, Ե., 1995։
  • Յուշարձան ուսուցչապետ Բենիամին Ժամկոչեանի, Ե., 2010։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

[1] [2] [3]

  1. Հայկական Սովետական Հանրագիտարան, 4-րդ հատոր։ Երևան։ 1978։ էջ էջ 218 
  2. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 3 
  3. Յուշարձան ուսուցչապետ Բենիամին Ժամկոչեանի։ Հրատարակութիւն Պէյրութի Սահակեան վարժարանի նախկին սաներու։ 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]