Բելսկիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բելսկի եղբայրներից)
Տուվյա, Ասաել և Զուս Բելսկիներ

Բելսկիներ, հրեա չորս եղբայրներ (Տուվյա, Ասաել, Զուս և Արոն), որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բելառուսում ստեղծել են հրեական պարտիզանական ջոկատ։

Նախքան 1941 թվականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելսկի ընտանիքի նախնիները 19-րդ դարում բնակություն են հաստատել Ստանկևիչի գյուղում, որը տեղակայված է Լիդա և Նովոգրուդոկ քաղաքների միջև՝ Նալիբոկի անտառից ոչ հեռու։ Նրանք եղել են այդ գյուղի միակ հրեա ընտանիքը[1]։

20-րդ դարի սկզբում Դավիթ և Բելլա Բելսկիների ընտանիքը վերապրել է գերմանական օկուպացիան, Առաջին համաշխարհային պատերազմից հետո ապրել են Լեհաստանի տիրապետության տակ, իսկ 1939 թվականից հետո դարձել են ԽՍՀՄ քաղաքացի։ Ընտանիքն ունեցել է 11 երեխա։ Հարևանների հետ հարաբերությունները միշտ չէ, որ հարթ են եղել. մի անգամ Բելսկի եղբայրները նույնիսկ ստիպված են եղել ուժով կանգնեցնել իրենց հողի մի մասը խլելու փորձը[2]։

Դավիթի ու Բելլայի ավագ որդին՝ Տուվյան, ծնվել է 1906 թվականին, սովորել է հրեական կրոնական դպրոցում, ապա լեհական դպրոցում։ Իմացել է վեց լեզու՝ իդիշ, ռուսերեն, բելառուսերեն, լեհերեն, եբրայերեն և գերմաներեն։ Ծառայել է լեհական բանակում և ստացել ունտեր-սպայի աստիճան։ Որպես կնոջ օժիտ՝ ստացել է ոչ մեծ խանութ[1]։

Տուվյայի երկու կրտսեր եղբայրները՝ Ասաելն ու Զուսը, Արևմտյան Բելառուսի՝ ԽՍՀՄ միանալուց հետո զորակոչվել են Կարմիր բանակ։

Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելուց կարճ ժամանակ առաջ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատն սկսել է ակցիա բուրժուական տարրերի հայտնաբերման և նրանց Սիբիր աքսորելու ուղղությամբ։ Տուվյան, լինելով խանութի սեփականատեր, նույնպես եղել է այդ կատեգորիայի մարդկանցից։ Խանութի ազգայնականացումից հետո նա հասկացել է, որ շուտով կգա իր հերթը, և հեռացել է քաղաքից և այլ վայրում աշխատանքի ընդունվել որպես հաշվապահի օգնական[1]։

Ջոկատի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի ամռանը գերմանական զորքերի՝ Բելառուս ներխուժումից և հրեաների նկատմամբ զանգվածային հաշվեհարդարներից հետո Տուվյան, ինչպես նաև տուն վերադարձած Ասաելն ու Զուսը 1941 թվականի դեկտեմբերին իրենց հայրենի գյուղից ոչ հեռու՝ անտառում, ստեղծել են հրեական պարտիզանական ջոկատ։

Բելսկի երկու եղբայրներին՝ Յակովին ու Աբրամին, նացիստները գնդակահարել են դեռ ամռանը։ Դեկտեմբերի 7-ին Բելսկիների ծնողներն ու կրտսեր քույրը, ինչպես նաև Սիլան՝ Զուսի կինը և նրանց նորածին դուստրը գնդակահարվել են տեղացի 4000 հրեաների թվում։ Կրտսեր եղբայրը՝ 12-ամյա Արոնը, հրաշքով խուսափել է մահվանից ու միացել ավագ եղբայրներին[3]։

Եղբայրները հասցրել են անտառ տեղափոխել իրենց հարազատների մի մասին, որոնք էլ կազմել են ապագա ջոկատի հիմքը, որի կազմում սկզբում եղել է 17 մարդ[4], իսկ միակ զենքը եղել է ատրճանակը։ Հրամանատար է ընտրվել Տուվյա Բելսկին։

1942 թվականի օգոստոսին Նովոգրուդոկի գետտոյից եկածների շնորհիվ ջոկատի անդամների թիվը հասել է 250-ի։ 1942 թվականի աշնանը Բելսկիների ջոկատն սկսել է մարտական գործողություններն ու նվաճել հեղինակություն տեղի պարտիզանների շրջանում։ Տուվյա Բելսկին իրեն դրսևորել է որպես վճռական ու փորձառու հրամանատար։ Այդ ամենը մեծ դեր է կատարել խորհրդային պարտիզանական շարժման ղեկավարության կողմից Բելսկիների ջոկատի պաշտոնական ճանաչման գործում։ 1943 թվականի փետրվարին Բելսկիների ջոկատն ընդգրկվել է Լենինյան բրիգադի «Հոկտեմբեր» պարտիզանական ջոկատի կազմում[5]։

Ջոկատի գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոկատի հրամանատարությունն ունեցել է հետևյալ կազմը[6][7].

  • Տուվյա Բելսկի – ջոկատի հրամանատար,
  • Ասաել Բելսկի – մարտական խմբի հրամանատար, հետախուզության պատասխանատու,
  • Զուս Բելսկի – հետախուզության գծով հրամանատարի տեղակալ, զինված պաշտպանության պատասխանատու,
  • Արոն Բելսկի – կապավոր պարտիզանական այլ ջոկատների, գետտոների և նրանց հետ, ովքեր հրեաներին օգնել են փախչել գետտոյից ու միանալ պարտիզաններին,
  • Լազար Մալբին – շտաբի պետ (1944 թվականի մարտի 25-ից՝ Ի. Շեմյատովեց),
  • Սոլոմոն Վոլկովիսկի – հատուկ ջոկատի պետ,
  • Տանխել Գորդոն – հրամանատարի տեղակալ քաղաքական գծով (1944 թվականի հունվարից),
  • Էլիյախու Բլյախեր – հրամանատարի տեղակալ,
  • Դավիթ Բրուկ – ռաբբի։

Տուվյան, որ տիրապետել էր մի քանի լեզվի և կարող էր ձևանալ ոչ հրեա, հաճախ է գնացել հրեական գետտո՝ մարդկանց համոզելու, որ փախչեն անտառ։ Նա ընդունել է բոլոր հրեաներին, այդ թվում նաև կանանց, ծերերին ու երեխաներին։ Այնուամենայնիվ, ջոկատը եղել է ռազմական լուրջ ուժ, որի հետ ստիպված են եղել հաշվի նստել բոլորը՝ գերմանացիները, խորհրդային պարտիզանները, մերձակայքի բնակիչները։

Իր գլխավոր խնդիրը Տուվյա Բելսկին համարել է հնարավորինս շատ հրեաների փրկությունը։ Նացիստների նկատմամբ ատելության հետ մեկտեղ Բելսկի եղբայրները հետևել են «ավելի լավ է փրկել մեկ ծեր հրեա կնոջ, քան սպանել տասնյակ գերմանացի զինվորների» սկզբունքին[8]։

Իր կողմից ջոկատ բերված Լիդայի գետտոյի կալանավորներին Տուվյա Բելսկին ասել է[1].

Ընկերներ, սա ամենաերջանիկ օրերից մեկն է իմ կյանքում։ Ահա այսպիսի պահերի համար էլ ապրում եմ ես. տեսեք՝ ինչքան մարդ է կարողացել դուրս պրծնել գետտոյից։ Ես ոչինչ չեմ կարող երաշխավորել ձեզ։ Մենք փորձում ենք կենդանի մնալ, բայց մենք բոլորս կարող ենք զոհվել։ Եվ մենք կփորձենք պահպանել որքան հնարավոր է շատ կյանքեր։ Մենք ընդունում ենք բոլորին և ոչ ոքի չենք մերժում, ո՛չ ծերերին, ո՛չ կանանց։ Մեզ սպառնում են բազմաթիվ վտանգներ, բայց եթե մեզ վիճակված կլինի մահանալ, մենք, ծայրահեղ դեպքում, կմեռնենք որպես մարդ։

Ջոկատը նման է եղել մի ամբողջ գյուղի, որ կոչվել է «Անտառային Երուսաղեմ»։ Ջոկատում գործել են հացի փուռ, դարբմոց, կաշվի գործարան, բաղնիք, հիվանդանոց և դպրոց։ Ջոկատում եղել են անասմապահներ, երաժիշտներ, բրուտներ, խոհարարներ ու դերձակներ։ Այնտեղ նույնիսկ կազմակերպվել են հարսանիքներ, որ անցկացրել է ռաբբի Դավիթ Բրուկը[6]։

Ջոկատի անդամներն ապրել են գետնափոր տներում։ Նրանք, որոնք մասնակցել են ռազմական գործողություններին, վերանորոգել են զենքեր, կարել են հագուստ կամ այլ ծառայություններ են մատուցել խորհրդային պարտիզաններին, դրա փոխարեն ստացել են զինամթերք, ուտելիք և դեղամիջոցներ։ Բելսկիների ջոկատի ականահատները համարվել են լավագույն դիվերսանտները և մեծ հարգանք են վայելել պարտիզանների շրջանում[4]։

Այն բանից հետո, երբ 1943 թվականի գարնանը ջոկատի անդամների թիվը հասել է մինչև 750 մարդ, այն կոչվել է Օրջոնիկիձեի պատվին և դարձել Կիրովի անվան պարտիզանական բրիգադի մաս։ Պարտիզանների հետ հարաբերությունները միշտ չէ, որ եղել են հարթ, սակայն Բելսկիների ջոկատի անդամներին վիրավորել ոչ ոք չի համարձակվել, որովհետև եղբայրները կարող էին ոտքի հանել ավելի քան հարյուր մարտիկների, որոնք պատրաստ էին պաշտպանել յուրայիններին ցանկացած ոտնձգությունից[9]։ Մեծ դեր է ունեցել նաև Բելառուսիայի Կոմունիստական կուսակցության Բարանովիչիի ընդհատակյա մարզկոմի քարտուղար Վասիլի Չերնիշյովի («գեներալ Պլատոն») աջակցությունը։

Գլխավոր խնդիրը եղել է մեծ թվով մարդկանց համար սննդի հայթայթումը։ Գյուղացիներն սկսել են համագործակցել պարտիզանների հետ այն բանից հետո, երբ հասկացել են, որ Բելսկինեը որսի օբյեկտ չեն։ Երբ տեղի գյուղացիներից մեկը մի խումբ հրեաների մատնել է նացիստներին, Բելսկիների ջոկատից վրիժառուների խումբը ոչնչացրել է մատնիչին իր ընտանիքի հետ՝ հրդեհելով նրա տունը։ Հետագայում Բելսկիների ջոկատը հայտնի է եղել նաև նրանով, որ ակտիվորեն պատժել է կոլաբորացիոնիստներին[10]։ Ըստ տեղի բնակիչների հիշողությունների՝ Բելսկիներին շատերն են լավ վերաբերվել։ Մալայա Իզվա գյուղից Կլավդիա Դուխովնիկը պատմել է, որ Ասաելը հրամայել է գյուղացիներին վերադարձնել այն ոչխարը, որ վերցրել էին պարտիզանները, իսկ Արոնը նդակահարել է տեղացի հակասեմականներին, որը բազմիցս բռնությունների էր ենթարկել կանանց այդ շրջանում[11]։

Պարտիզանական այլ ջոկատներ դժկամությամբ են ընդունել գետտոյից փախած հրեաներին։ Եղել են դեպքեր, որ նրանց ուղարկել են հետ, որտեղ նրանց սպասում էր անխուսափելի մահ, կամ նույնիսկ գնդակահարել են[9]։ Հրեաների համար փրկություն է եղել Տուվյա Բելսկու ջոկատը[3]։

Գերմանացիները մի քանի անգամ հարձակվել են ճամբարի վրա, ջոկատը նահանջել է, բայց ցույց է տվել զինված դաժան դիմադրություն։ «Գերման» ամենախոշոր հակապարտիզանական գործողության ընթացքում, որն սկսվել է 1943 թվականի հուլիսի 15-ին, ջոկատն անցել է ճահիճների միջև գտնվող ոչ մեծ կղզի, որտեղ գերմանացիները չեն կարողացել հասնել նրանց[1][12]։

Դրանից հետո ջոկատը բաժանվել է ընտանեկան ու ռազմական հատվածների։ Ընտանեկան ճամբարը, որ այն ժամանակ ներառել է մոտավորապես 700 մարդ և կոչվել է «Կալինինի անվան ջոկատ», տեղակայվել է Նալիբոկի անտառում, իսկ նրա ղեկավարը եղել է Տուվյա Բելսկին։ Մարտիկներն ընդգրկվել են «Օրջոնիկիձի անվան ջոկատում» Զուսի գլխավորությամբ և վերադարձել Ստանկևիչիի շրջան։ Ասաելը գլխավորել է հետախուզության բաժինը Կիրովի անվան բրիգադի շտաբում[12][3]։

Ամենադաժան հարձակմանը ջոկատը ենթարկվել է Բելառուսի ազատագրման նախօրեին։ 1944 թվականի հուլիսի 9-ին նահանջող գերմանական զորամասերը հարձակվել են պարտիզանների վրա, ինչի արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվել են, ինը մարդ՝ զոհվել։ Հաջորդ օրը Կարմիր բանակը մտել է Նալիբկի անտառի շրջան[12]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելսկիները կարողացել են ոչնչացումից փրկել 1230 հրեայի։ Բոլոր եղբայրները վերապրել են օկուպացիան և ողջ են եղել Կարմիր բանակի կողմից Բելառուսի ազատագրման ժամանակ։ Շուտով Տուվյա Բելսկին կանչվել է Մինսկ, որտեղ կազմել է մանրամասն զեկույց իր ջոկատի գործունեության մասին։

Պատմական գիտությունների դտոր Դավիթ Մելցերը գրում է, թե ջոկատը կործանել է «թշնամու՝ ռազմաճակատ գնացող 6 էշելոն, պայթեցրել 20 երկաթուղային և ճանապարհային կամուրջ, անցկացրել 12 բաց մարտ և դարանակալում, ոչնչացրել 16 ավտոմեքենա կենդանի ուժի հետ միասին, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 250 գերմանացի զինվոր և սպա»։ Զուս Բելսկին անձամբ ոչնչացրել է 47 նացիստների ու կոլաբորացիոնիստների։ Տուվյայի գլխի համար գերմանացիները նշանակել էին պարգև 100 000 ռայխսմարկի չափով[13][14]։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականին՝ Բեկառուսիայի ազատագրումից հետո, Ասաելը ջոկատի մի մասի հետ ընդգրկվել է Կարմիր բանակի կազմում և զոհվել Գերմանիայում պատերազմի ավարտից կարճ ժամանակ առաջ։ Նրա կինը՝ Խայան, որի հետ ամուսնացել էր ջոկատում, այդ ժամանակ գտնվում էր հղիության վերջին ամսում։

Ըստ որոշ տվյալների՝ պատերազմից հետո Տուվյան ու Զուսը հալածանքների են ենթարկվել Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից, այդ պատճառով էլ փախել են Լեհաստան[12]։ Սակայն պատերազմից հետո լեհերը թշնամաբար են վերաբերվել հրեաներին, և Բելսկի եղբայրները տեղափոխվել են Պաղեստին, որտեղ ապրել են Ռամաթ Գանում և Հոլոնում։ Իսրայել պետության ստեղծումից հետո Տուվյան ու Զուսը մասնակցել են Անկախության պատերազմին։

Իսրայելում պատերազմից հետո Բելսկիները հազիվ են ծայրը ծայրին հասցրել, և 1955 թվականին Զուսն ու Տուվյան իրենց ընտանիքների և Արոնի հետ տեղափոխվել են ԱՄՆ։ Նրանք բնակություն են հաստատել Բրուքլինում (Նյու Յորք)։ Տուվյան դարձել է բեռնատարի վարորդ, իսկ Զուսը եղել է մի քանի տաքսիների սեփականատեր։

1986 թվականի ամռանը Բելսկի եղբայրների կողմից փրկված մարդիկ կազմակերպել են հանդիսավոր ճաշկերույթ նրանց պատվին Նյու Յորքի «Հիլթոն» հյուրանոցում։ 600 մարդ հոտնկայս ծափահարություններով ողջունել է 80-ամյա Տուվյա Բելսկուն։ Վերջինս մահացել է նույն թվականի դեկտեմբերին։ Սկզբում նա թաղվել է Լոնգ Այլենդի հրեական գերեզմանատանը, սակայն մեկ տարի անց վերաթաղվել է Երուսաղեմում՝ Հար Համենուհոտում։ Տուվյա Բելսկու՝ իդիշով գրված հուշերի (394 էջ) անգլերեն թարգմանությունը հրատարակության է նախապատրաստվել 2011 թվականին։ Զուս Բելսկին մահացել է 1995 թվականին։ Մայամի բնակություն հաստատած Արոնը 2007 թվականին իր կնոջ հետ միասին մեղադրվել է խարդախության մեջ[15][16][17]։

Ոչ մի պաշտոնական պարգև Բելսկի եղբայրները չեն ստացել։ Նրանց փրկած մարդկանցից 2008 թվականի վերջին կենդանի էր 29 մարդ[18], սակայն փրկվածների սերունդները եղել են տասնյակ հազարավոր[19]։ Տուվյայի որդին՝ Ռոբերտ Բելսկին, իր հոր մասին ասել է[18].

Երբ նա լինում էր հարսանիքում կամ բար միցվայում, նա բավարարվածություն էր զգում այն բանից, որ տեսնում էր նրանց երեխաներին ու թոռներին, ովքեր վերապրել էին. ընտանիքների վերականգնում, որոնք չունեին պահպանվելու շանս։

Բելսկիների սերունդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուվյա Բելսկու երկու որդիները՝ Ռոբերտն ու Միքին, ինչպես նաև նրանց երեխաներն ու թոռներն ապրում են ԱՄՆ-ում։ Զուս Բելսկու երկու որդիները 1973 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ից տեղափոխվել են Իսրայել և մասնակցել Ահեղ դատաստանի պատերազմին։ Ասաելն ունեցել է դուստր, որը ծնվել է նրա մահվանից հետո։

Զուսի թոռը՝ Իլան Բելսկին, 2008 թվականին ավարտել է համալսարանն ԱՄՆ-ում, տեղափոխվել Իսրայել և ծառայել պարաշյուտային-դեսանտային ուժերում։ Զուսի մյուս երկու թոռները նույնպես ծառայել են Իսրայելի պաշտպանության բանակում, իսկ ևս մեկ թոռը եղել է պահեստային[13]։

Ռազմական հանցագործության մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Լեհաստանի Ազգային հիշողության ինստիտուտը Բելսկիների ջոկատի որոշ անդամների մեղադրել է Մինսկից 120 կմ հեռավորության վրա գտնվող Նալիբոկի բնակավայրում կոտորած կատարելու համար։ 1943 թվականի մայիսի 8-ին այդ բնակավայրի վրա պարտիզանների հարձակման արդյունքում զոհվել է 128 մարդ, այդ թվում՝ երեք կին, մի քանի դեռահասներ և տասնամյա երեխա[20][21]։

Պարզվել է, որ հարձակվողների թվում եղել են Բելսկիների ջոկատի մի քանի անդամներ։ Սակայն Տուվյա Բելսկու որդին՝ Ռոբերտը, ինչպես նաև կենդանի մնացած մի շարք պարտիզաններ պնդել են, որ Բելսկիների ջոկատը ոչ մի կապ չի ունեցել այդ դեպքի հետ, քանի որ այդ օր գտնվել է Նալիբոկիից 100 կմ հեռավորության վրա[14]։ Նրանք համոզված են, որ Նալիբոկիի շրջանում ջոկատը հայտնվել է միայն 1943 թվականի օգոստոսին[22]։

Դրանից բացի, խորհրդային պարտիզանների զեկույցում նշվել է, որ մարտի ընթացքում գյուղում ջախջախվել է գերմանական ինքնապաշտպանական կայազորը։ Նաև պարզվել է, որ ինքնապաշտպանական ուժերը Նալիբոկիում Կրայովի բանակի զորամասի անունի տակ գործել են օկուպացիոն ուժերի վերահսկողության ներքո և համագործակցել են նրանց հետ[14]։ Մինսկի գետտոյի կալանավոր և պարտիզան Լեոնիդ Օկունի հուշերի համաձայն՝ 1943 թվականին «շատ մեծ թվով պարտիզաններ են զոհվել այդ ակականների ձեռքից, և նրանց դեմ սկսվել է պատերազմ»[23]։

Բելսկի եղբայրները գրականության մեջ և կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելսկի եղբայրների ճակատագրի մասին գրվել է մի քանի գիրք.

  • 1949 թվականին Տուվյան Երուսաղեմում հրատարակել է եբրայերեն թարգմանված իր հուշերը «Անտառային հրեաները» խորագրով։ Հուշերի լիակատար տեքստը իդիշով (394 էջ) գտնվել է Նյու Յորքի Հրեական գիտահետազոտական YIVO ինստիտուտի արխիվներում, իսկ անգլերեն տարբերակը հրատարակության է նախապատրաստվել 2011 թվականին[24],
  • 1994 թվականին Կոնեկտիկուտի համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Նեխամա Թեկը հրատարակել է «Կանչ։ Բելսկի պարտիզանները» (անգլ.՝ Defiance. The Bielski Partisans) գիրքը[25],
  • 1998 թվականին Ալան Լևինը հրատարակել է Fugitives of the Forest: The Heroic Story of Jewish Resistance and Survival during the Second World War գիրքը[26], որը վերահրատարակվել է Lyons Press հրատարակչությունում 2008 թվականի հոկտեմբերին (ISBN 978-1-59921-496-2) և 2010 թվականին (ISBN 978-1-59921-968-4),
  • 2001 թվականին Ասաել Բելսկու դուստրը հրատարակել է գիրք իր հոր և Բելսկիների պարտիզանական ջոկատի մասին,
  • 2003 թվականին լրագրող Փիթեր Դաֆին գրել է «Բելսկի եղբայրները» (անգլ.՝ The Bielski Brothers) գիրքը[27]։

Նեխամա Թեկի գիրքը հիմնված է պարտիզանական ջոկատի անդամների և Բելսկիների հարազատների հուշերի վրա, իսկ Փիթեր Դաֆիի գիրքը՝ վավերագրական տվյալների վրա, որոնք նա հավաքել է Բելառուսում, Իսրայելում և ԱՄՆ-ում։ Նեխամա Թեկը գրում է, թե բազմիցս դիմել է Բելառուսի իշխանություններին՝ խնդրելով իրեն թույլ տալ աշխատել արխիվներում և ուղարկել իրեն անհրաժեշտ նյութերի պատճենները, սակայն ոչ մի պատասխան չի ստացել[28]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելսկի եղբայրների մասին նկարահանվել են մի շարք ֆիլմեր.

  • Առաջին վավերագրական ֆիլմը՝ «Բելսկի եղբայրները» (անգլ.՝ «The Bielski Brothers»), թողարկվել է 1993 թվականին Մեծ Բրիտանիայում[29],
  • 2006 թվականին ԱՄՆ-ում History հեռուստաալիքն ստեղծել է «Բելսկի եղբայրները։ Երուսաղեմն անտառում» (անգլ.՝ «The Bielski Brothers: Jerusalem in the Woods») վավերագրական ֆիլմը[30],
  • 2008 թվականին համաշխարհային վարձույթ է հանվել Էդվարդ Ցվիկի «Կանչ» (անգլ.՝ Defiance) հոլիվուդյան գեղարվեստական ֆիլմը, որի գլխավոր դերերում նկարահանվել են Դենիել Քրեյգը, Լև Շրայբերն ու Ջեյմի Բելը[31]։ Ֆիլմն ստեղծվել է Նեխամա Թեկի գրքի հիման վրա։

Հիշատակի հավերժացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լռության մատնում պաշտոնական պատմագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին խորհրդային Բելառուսում լռության է մատնվել հրեա պարտիզանների գործունեությունը։ Մասնավորապես «Պարտիզանական կազմավորումները Բելառուսում Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941 թվականի հունիս – 1944 թվականի հուլիս)» պաշտոնական ուղեցույցում, որ հրատարակվել է Կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտի կողմից 1983 թվականին, չկա հիշատակոմ ոչ Բելսկի եղբայրների[32], ոչ էլ նրանց ջոկատի մասին։ Պարտիզանական շարժմանը հրեաների մասնակցությունը թաքցվել է «այլ ազգություններ» ձևակերպման տակ[9], չնայած միայն Բելառուսիայի հրեական 14 պարտիզանական ջոկատներում ու խմբերում կռվել է 1650-ից ոչ պակաս մարտիկ, իսկ Բելառուսի պարտիզանական ջոկատների կազմում ընդհանուր առմամբ եղել է 10-ից[33] մինչև 15[34] հազար հրեա։ Բելսկիների ջոկատի մասին չի հիշատակվում նույնիսկ «Բելառուսը Հայրենական մեծ պատերազմում (1941-1945 թթ.)» հանրագիտարանային միհատորյակում, որը հրատարակվել է 1995 թվականին[35][36]։

Ցուցադրություններ թանգարաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելսկի եղբայրների պարտիզանական ջոկատի գործունեությանը նվիրված մշտական ցուցադրություններ և արխիվային նյութեր գոյություն ունեն մի շարք թանգարաններում, մասնավորապես Հոլոքոստի թանգարանում (Վաշինգտոն), Աղետի և հերոսականության թանգարանում (Երուսաղեմ), Նովոգրուդոկի գետտոյի թանգարանում (Եվրոպական դիմադրության թանգարան Նովոգրուդչինում)[7][37], Բելառուսի հրեաների պատմության և մշակույթի թանգարանում (Մինսկ) և այլն[38]։

2008 թվականի նոյեմբերին Բելսկի եղբայրներին նվիրված ցուցադրություն է բացվել Ֆլորիդայի Հոլոքոստի թանգարանում (անգլ.՝ Florida Holocaust Museum)[18][39]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Илья Куксин Я стану известен только после смерти…
  2. Daniel Rubin: The heroes among us(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 «Памяць. Навагрудскi раён», 1996, էջ 323
  4. 4,0 4,1 Окунь Леонид Исаакович Արխիվացված 2013-11-03 Wayback Machine
  5. Лесные евреи Արխիվացված 2009-03-05 Wayback Machine
  6. 6,0 6,1 Четвёртый брат Արխիվացված 2008-10-02 Wayback Machine
  7. 7,0 7,1 «Музей еврейского сопротивления на Новогрудчине». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  8. О рецензии на книгу Питера Даффи в «Чикаго Трибьюн» 25.08.2003
  9. 9,0 9,1 9,2 Лесные евреи
  10. ««Лесные евреи» выходят из леса». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
  11. Березюк Е. (6 мая 2015). «Мой брат Дэниел Крейг. Почему Голливуд снял фильм о четырех белорусских евреях». TUT.BY. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 30-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Эпопея братьев Бельских(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 A family of warrior Jews, from partisan to paratrooper Արխիվացված 2009-02-05 Wayback Machine(անգլ.)
  14. 14,0 14,1 14,2 Еврейские партизаны злят Польшу(չաշխատող հղում)
  15. «Partisan hero accused of kidnapping 'scam'». theguardian.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  16. «Holocaust hero Bielski accused of stealing $250,000 from elderly neighbor Israel News». Haaretz. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  17. «Jewish hero who rescued Jews from Nazis charged with conning Holocaust survivor». Daily Mail. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  18. 18,0 18,1 18,2 Little-known tale of heroic brothers opens at Holocaust Museum Արխիվացված 2013-11-02 Wayback Machine,(անգլ.)
  19. «Կանչ» ֆիլմի հետգրությունից։
  20. Śledztwo w sprawie zbrodni popełnionych przez partyzantów radzieckich na żołnierzach Armii Krajowej i ludności cywilnej na terenie powiatów Stołpce i Wołożyn Արխիվացված 2007-10-16 Wayback Machine(լեհ.)
  21. «Jewish Brothers' Resistance Inspired 'Defiance'» (անգլերեն). National Public Radio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 22 января 2009-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublish ed= ignored (օգնություն)
  22. О фильме Эдварда Цвика
  23. Г. Койфман (06 февраля 2007 года). «Окунь Леонид Исаакович». Я помню. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  24. Marjorie Backman «Guerilla Writer». The Jerusalem Post, 18 июня 2010.
  25. Nechama Tec. Defiance: The Bielski Partisans. — USA: Oxford University Press, 1994. — 304 p. — ISBN 9780195093902(անգլ.)
  26. Levine, Allan. Fugitives of the Forest: The Heroic Story of Jewish Resistance and Survival during the Second World War. — USA: Stoddart, 1998.
  27. Peter Duffy The Bielski Brothers: The True Story of Three Men, Who Defied the Nazis, Saved 1,200 Jews and Built a Village in the Forest. — HarperCollins Publishers, 2003. — ISBN 0-06-621074-7
  28. Братья Бельские
  29. The Bielski Brothers(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  30. The Bielski Brothers: Jerusalem in the Woods(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  31. Defiance(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  32. Командный состав партизанских формирований, действовавших на территории Белоруссии в период Великой Отечественной войны
  33. И. Альтман об евреях-партизанах
  34. «Белорусские евреи в Великой отечественной войне». Посольство Республики Беларусь в Государстве Израиль. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 12-ին.
  35. Беларусь у Вялікай Айчыннай вайне (1941—1945) Արխիվացված 2013-11-13 Wayback Machine ISBN 985-6557-48-8
  36. Еврейское антинацистское сопротивление в Белоруссии Արխիվացված 2012-03-09 Wayback Machine
  37. Туннель
  38. «Сайт музея в Новогрудке». Музей еврейского сопротивления на Новогрудчине. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  39. Courage and Compassion: The Legacy of the Bielski Brothers Արխիվացված 2010-01-29 Wayback Machine

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]