Jump to content

Բեատրիս Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատրիս Հովհաննիսյան
Ծնվել էմարտի 15, 1927(1927-03-15)
Բաղդադ, Մանդատային Իրաք, Միացյալ Թագավորություն
Երկիր ԱՄՆ
Մահացել էհուլիսի 17, 2008(2008-07-17) (81 տարեկան)
Բլումինգտոն, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Երաժշտության թագավորական ակադեմիա

Բեատրիս Հովհաննիսյան (Բեատրիս Օհանեսյան, անգլ.՝ Beatrice Ohanessian, մարտի 15, 1927(1927-03-15), Բաղդադ, Մանդատային Իրաք, Միացյալ Թագավորություն - հուլիսի 17, 2008(2008-07-17), Բլումինգտոն, Հենեպին շրջան, Մինեսոտա, ԱՄՆ), իրաքահայ դաշնակահարուհի։ Իրաքի առաջին համերգային դաշնակահարուհին և առաջին կին կոմպոզիտորն է[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատրիս Հովհաննիսյանը ծնվել է 1927 թվականին, Բաղդադում, հայ ընտանիքում։ Հայրը ծնվել էր Պարսկաստանում և Բաղդադ էր տեղափոխվել բրիտանացիների հետ Հնդկաստանում աշխատելուց հետո[2]։ Մայրը և երկու քեռիները որբացել էին Հայոց ցեղասպաության ժամանակ։ Ծնողները խրախուսել են, որ Բեատրիսը զբաղվի երաժշտությամբ[1]։ Ավարտել է Գեղարվեստի ինստիտուտը՝ ստանալով դաշնակահարի հատուկ հիշատակմամբ որակավորում[3]։ Ավարտելուց հետո եղել է իրեն դասավանդած ռումինացի պրոֆեսոր Ջուլիեն Հերցի օգնականը[4]։ Իրաքի կառավարությունից ստացել է կրթաթոշակ և ուսումը շարունակել Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, սովորել պրոֆեսոր Մաքս Պիրանիի մոտ[3]։ Չորս տարի ուսանելուց հետո ստացել է դաշնակահարի և մանկավարժի, իսկ երկրորդ մասնագիտությամբ՝ երգչուհու որակավորումներ[4]։ Ստանալով Ֆուլբրայթի կրթաթոշակ՝ սովորել է Նյու Յորքի Ջուլիարդ դպրոցում, որն ավարտելուց հետո դեբյուտային համերգով հանդես է եկել Քարնեգի հոլում։ Իրաքում հուլիսի 14-ի հեղափոխության պատճառով նրա կրթաթոշակը երկարաձգվել է ևս մեկ տարով[4]։

Վերադարձ Իրաք

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ապրելու տարիներին Մինեսոտայում Հովհաննիսյանն այցելել է եղբորը՝ Արշամին և նրա կնոջը։ Այնտեղ նա հանդես է եկել Մինեսոտայի նվագախմբի հետ և խրախուսվել է մնալ Ամերիկայում։ Սակայն Հովհաննիսյանը զգում էր, որ ինքը պետք է Իրաքում լինի։

Բոլորն ինձ ասում էին, որ պետք է մնամ Ամերիկայում, բայց ներքին ձայնս ասում էր, որ պետք է վերադառնամ Իրաք և իմ հայրենակիցներին սովորեցնեմ երաժշտություն սիրել։ Դասական երաժշտությունը նոր պետք է ներթափանցեր Իրաք, և ինձ պես մարդկանց կարիք էր զգացվում այն ուսուցանելու համար[4]։
- Բեատրիս Հովհաննիսյան

Այնուհետև Հովհաննիսյանը նշանակվել է Բաղդադի գեղարվեստի ինստիտուտի դաշնամուրային բաժնի վարիչ։ Ամառային արձակուրդների ընթացքում նա վարպետության դասերի և երաժշտական սեմինարների էր մասնակցում տարբեր երկրներում[3]։ 1961 թվականին Հովհաննիսյանը դարձել է Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր համերգային դաշնակահարը և պաշտոնավարել ավելի քան երեսուն տարի[1]։ 1969-1972 թվականներին, միաժամանակ, դասավանդել է Մինեսոտայի համալսարանում և Մաքալիսթեր քոլեջում[3]։ 1980 թվականին՝ Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, նա գրեց առաջին իրաքյան արևմտյան ստեղծագործությունը[4], որն արժանացավ Իրաքի պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Սադդամ Հուսեյնի ուշադրությանը։ Հարցին, թե ինչ պարգև կցանկանար իր ձեռքբերումների համար, նա խնդրեց ավելի լավ դաշնամուր[5]։ Հովհաննիսյանին նվիրեցին Steinway & Sons մակնիշի մեծ դաշնամուր, որը նա թողեց Իրաքում, առաջին Իրաք-քուվեյթյան պատերազմից հետո ԱՄՆ-ում հաստատվելուց հետո։ Հովհաննիսյանի մահվանից առաջ, Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախմբի իր ընկերներից մեկի կողմից պահվող դաշնամուրը, վերջապես, հասել է Մինեսոտա՝ պատված նրա գիշերազգեստներով[6]։

Հետագա կյանք, մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Հովհաննիսյանը մշտապես տեղափոխվել է Միացյալ Նահանգներ՝ բնակություն հաստատելով Միննեապոլիս-Սենտ Պոլում, միանալով եղբորը՝ Արշամին և քրոջը` Սիտային, այնուհետև կրկին սկսել է դասավանդել Մինեսոտայի համալսարանում, Մաքալիսթեր քոլեջում, ինչպես նաև Միննեապոլիսի Սուրբ Թոմաս համալսարանում[5]։ Եղել է Հայ առաքելական Սուրբ Պողոս եկեղեցու երգեհոնահարը[3]։ Հովհաննիսյանը մահացել է 2008 թվականի հուլիսի 17-ին, քաղցկեղից, Բլումինգտոնում, 81 տարեկան հասակում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 Combs, Marianne. Music in Baghdad: An Iraqi pioneer looks back. Minnesota Public Radio. Retrieved August 7, 2008.
  2. Windle, Holly. Baghdad Barcarolle: How Beatrice Ohanessian became Iraq's foremost classical pianist. Nodin Press, 2008, 978-1-932472-78-3, p. 10
  3. 1 2 3 4 5 Obituaries. Star Tribune. Retrieved August 7, 2008.
  4. 1 2 3 4 5 Boghosian Papas, Lisa. Twin Cities' Beatrice Ohanessian: A Famous Pianist and Pioneer of Music Արխիվացված 2007-10-21 Wayback Machine. Armenian General Benevolent Union. Retrieved August 7, 2008.
  5. 1 2 3 Cohen, Ben. Ohanessian was piano prodigy of Iraq, world. Star Tribune. Retrieved August 8, 2008.
  6. Klein, Allegra. Mission to Baghdad Արխիվացված 2008-05-15 Wayback Machine. Strings Magazine. Retrieved August 8, 2008.