Jump to content

Արցախի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԼՂՀ երաժշտություն՝ Արցախում ժողովրդական երաժշտարվեստը զարգացել է հայ ազգային երաժշտության բազմադարյան ավանդույթներով։ Տեղի բարբառի և երաժշտական ելևէջների զուգորդումը երաժշտարվեստին, հատկապես քաղաքային ժողովրդական երգերին հաղորդել է ինքնատիպ երանգ։ Գյուղական երգերում դրսևորված են հայ ժողովրդական երգի բոլոր թեմատիկ ժանրերը։

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա, - Հոկտեմբեր 22, 1935, Փարիզ)

Հայկական հորովել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախը հայկական ավանդական հորովելի նշանավոր կենտրոններից է. դեռևս 1890-ական թվականների սկգբին Կոմիտասը ձայնագրել է Վանանդի «Ձիգ տոր, քաշի», իսկ 1900-ական թվականների սկգբին՝ Ջրաբերդի «Հրեն, հրեն թումբումը» հորովելները, որոնք այդ ժանրի բարձրարվեստ նմուշներից են։ Նույն շրջանում Գրիգոր Սյունին (Միրգայան) գրառել է «Մանած թիլս հաստ եկավ» ճախարակի սրտառուչ (դրսևորված են ղարաբաղցի գեղջկուհու կյանքի դժվարին պայմանները) և «Պապալ-պապալ էս տղեն» աշխույժ երգերը։

Այդ ժանրի երգեր ձայնագրվել են նաև նոր ժամանակներում։ Բանաստեղծ-երգահան Գուրգեն Գաբրիելյանի «Ղարաբաղի հորովել» երգը հաստատուն տեղ ունի պրոֆեսիոնալ և ինքնուս երգիչների երգացանկերում։ Ղարաբաղյան կյանքի ու կենցաղի բազմաբնույթ կողմերն են արտացոլված նրա «Խնեցուն երգը», «Կալին երգը», «Ըրկանքեն երգը» «Հրսընքեն կնանեքը» և այլ երգերում։ «Արցախյան նվագարան»-ում հավաքված են Գ. Գաբրիելյանի՝ տարբեր տարիների հրատարակած ստեղծագործությունների լավագույն նմուշները։

Այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախը հարուստ է ոչ միայն հորովելներով, այլև նվագարանային մեղեդիներով, կենցաղային երգերով (հատկապես՝ կատակերգեր), մենապարերով, զուգապարերով և խմբապարերով, արևագալի երգերով ու իմպրովիզացիոն տիպի այլ ստեղծագործություններով։ Հանրաճանաչ է Արամ Քոչարյանի ձայնագրած «Նախշուն աքիր» սոցիալական թեմայով կատակերգը։ Արցախի ժողովրդական երգերը հավաքել են Հայաստանի ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի գիտական արշավախմբերն ու մի շարք անհատ երգահավաքներ։

Հայ աշուղական և ժողովրդական նվագարանային արվեստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ավանդույթներ ունեն Արցախի հայ աշուղական և ժողովրդական նվագարանային արվեստները։ Նշանավոր է մեծթաղլարցի Չիթչյանների աշուղական տոհմը (հայտնի է 18-րդ դարի վերջից)՝ իր տասնյակից ավելի ներկայացուցիչներով։

ժողովրդական երգիչներ և երաժիշտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախը հայտնի է ժողովրդական երգիչներով և երաժիշտներով, որի համար էլ 20-րդ դարի սկգբին Շուշին անվանել են «Անդրկովկասի կոնսերվատորիա»։ 20-րդ դարի կեսերին ճանաչված էր գուսան Բագրատը։

Ժողովրդապրոֆեսիոնալ կատարող, արվեստն աչքի է ընկնում երաժիշտ-կատարողներով, նաև նվագարանագործ վարպետներով, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են ոչ միայն հայկական այլև Մերձավոր Արևելքի և հարևան այլ ժողովուրդների երաժշտակատարողական արվեստի զարգացմանը։ Արցախի վարպետների նվագարանները բարձր են գնահատվել Անդրկովկասում, Միջին Ասիայում և այլուր։

Արցախի մի շարք գյուղեր [Կոճոշոտ, Սխտորաշեն, Շոշ, Արանզամին (Վարազաբուն), Բերդաշեն, Քերթ, Նորշեն, Թաղավարդ] համարվել են երաժիշտների բնօրրաններ։ Տեղի վարպետները կազմակերպել են պատանի երաժիշտների խմբեր (Կոճոշոտում՝ թառահար Բախտի Հաթամյանը), անվճար սովորեցրել գեղեցիկ հնչերանգներով նվագարաններ պատրաստել։

Նվագարանային արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրածանոթ են արցախցի թառահարներ Միրզա Սադըղջանը (կատարելագործել է թառը և նրա տեխնիկան), Լազար Տեր-Վրթանեսյանը, Արսեն Յարամիշյանը, Լագար Գաբրիելյանը, Գրիգոր Մելիքովը և Բալա Մելիքյանը, քամանչահարներ Ավանես Ավանեսյանը, Արմենակ Սարյանը (Շուշինսկի), որոնք իրենց արվեստով հռչակվել են Կովկասում, Ռուսաստանում և այլուր։ Հայտնի էին նաև ադրբեջանցի երգիչներ Հաջի Գուսին, Բյուլբյուլը (Մուրթուզա Մամեդով), Սեյիդ և Խան Շուշինսկիները, թառահար Կուրբան Պրիմովը և ուրիշներ։

19-րդ դարի վերջից ԼՂ-ի և մասնավորապես Շուշիի հայ երաժշտական կյանքի աշխուժացմանը նպաստել են նաև Ստեփան Դեմուրյանի (1890-1910-ական թվականներին) և Գ. Սյունու (1895 թվական) երգչախմբերը։ Ս. Դեմուրյանի երգչախումբը հանդես է եկել համերգներով, մասնակցել Շուշիի եկեղեցու պատարագներին, բեմադրել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան (1916-1917 թվականներ)։ Շուշիում զինվորական նվագախումբ է ղեկավարել Հովհաննես Իոաննիսյանը։ Երաժշտարվեստի զարգացմանը նպաստել են նաև արցախցի դիրիժորներ Նիկոլայ Թեյմուրազյանը (հիմնել է փողային նվագախումբ), Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, կոմպոզիտորներ Ալեքսանդր Ալեքսանդրյանը, Դանիել Ղազարյանը, Եղիշե Բաղդա¬ սարյանը (Շուշիում կազմակերպել է ժողովրդական գործիքների նվագախումբ՝ հայ անվանի երաժիշտներից), Անդրեյ Բաբաևը, Մ. Չաղալյանը, Ալեքսեյ Հեքիմյանը։ Ռոմանոս Մելիքյանը և Ա. Քոչարյանը Ստեփանակերտում հիմնել են «Հայ երաժշտանոց» երաժշտական տեխնիկումը (1925-1927 թվականներ)։

Գեղարվեստական կոլեկտիվներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-1930 թվականներին ստեղծվել են բազմաթիվ ինքնագործ գեղարվեստական կոլեկտիվներ։ 1925 թվականին քամանչահար Արսեն Սաղյանը Մարտունիի շրջկենտրոնի մշակույթի տանը կազմակերպել է երգի-պարի գեղարվեստական ինքնագործ խումբ (գյուղական բնակավայրերի երաժիշտներից), համերգներով ելույթներ է ունեցել մարզի բնակավայրերում, նկատելի հաջողությունների հասել մարզային և հանրապետական մրցույթներում, ժողովրդական երաժշտարվեստի փառատոներում։ Շուշիում է ծնվել անվանի պարուհի-երգչուհի, աշխարհի ժողովուրդների պարերգերի լավագույն կատարող Արև Բաղդասարյանը։ 1958 թվականից ԼՂ-ում ճանաչված է նաև երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը։

Դպրոցներ և ուսումնարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սայաթ-Նովա

1937 թվականից Արցախում գործում է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, 1961 թվականից՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, 1980 թվականից՝ արվեստի դպրոցը, 1989 թվականից՝ Հայֆիլհարմոնիայի բաժանմունքը, 2001 թվականից՝ պարարվեստի ուսումնարանը, նաև ԼՂՀ երգի-պարի պետական (1958 թվական, հիմնադիր՝ կոմպոզիտոր Տ. Ավետիսյան), «Արփի» մանկապատանեկան պետական (1992 թվական, նախկինում՝ «Արցախի բալիկներ»), «Ղարաբաղ» պետական էստրադային (1997 թվական) անսամբլները, Արցախի պետական (1990 թվական, նախկինում՝ «Վարարակն»), «Վարանդա» մանկապատանեկան պետական (1992 թվական), «Մռակած» պետական կամերային (1999 թվական) երգչախմբերը, Արցախի պետական կամերային (1999 թվական), ջազային (2006 թվական) նվագախմբերը։ ԼՂՀ բոլոր շրջաններում գործում են ժողովրդական գործիքների անսամբլներ, երաժշտական (6՝ իրենց մասնաճյուղերով) և արվեստի (6) դպրոցներ։

Արցախի երաժշտական կյանքն աշխուժացնում են երաժշտական ու երաժշտաթատերական հանդիսությունները, բացօթյա ներկայացումները (լարախաղացների, կենդանավարժների ելույթները և այլն), փառատոները և տոնախմբությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։