Արցախի Հանրապետության մշակութալուսավորական հիմնարկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մշակութալուսավորական հիմնարկներ Արցախում գործող մշակութալոաավորական հիմնարկների համակարգը ներառում է 10 թանգարան, 230 հանրային և մանկական, գրադարաններ, 237 ակումբ և մշակույթի տուն։

Գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ առաջին ընթերցարանը բացվել է 1865 թվականին Շուշիում։ Գրադարանների թիվը կտրուկ ավելացել է 1920-ական թվականների սկզբներին։ 1924 թվականին բացվել է մարզի ամենախոշոր՝ Ստեփանակերտի մարգային գրադարանը, խրճիթ-ընթերցարաններ են բացվել ճարտար, Բալուջա և այլ գյուղերում։ 1940 թվականին մարզում կար 66, իսկ 1985 թվականին՝ 231 գրադարան (գրքային ֆոնդը՝ 1,6 մլն)։ ԼՂՀ-ում ներկայումս գործում են Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական և Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական, Մուրացանի անվան քաղաքային գրադարանները (երեքն էլ՝ Ստեփանակերտում), ինչպես նաև շրջանի գրադարաններ՝ ԼՂՀ 7 շրջկենտրոններում։ Կան նաև դպրոց, բուհ, և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների գրադարաններ։

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանը Ստեփանակերտում ստեղծվել է 1924 թվականին։ Նախապես կոչվել է ռուս գրող Մաքսիմ Գորկու անվան, գրքային ֆոնդը՝ 2,1 հգ. միավոր, որը գրադարանին նվիրել էին Մոսկվայում սովորող ղարաբաղցի ուսանողներն ու տեղացի ընթերցողները։ Ներկայումս գրադարանի ֆոնդը ներառում է 175,2 հազար գրքային միավոր, ընթերցողների թիվը՝ 5,2 հազար։ 1960 թվականին ստեղծվել է գրադարանի մատենագիտական բաժինը, որն ունի հարուստ տեղեկատու գրականություն, հանրագիտարաններ ու բառարաններ, հետագայում ստեղծվել են նաև երկրագիտական ֆոնդ ու քարտարաններ, Արցախյան ազատամարտին նվիրված թեմատիկ քարտարան։ Գրադարանը հանրապետության գրադարանների մեթոդ, կենտրոնն է։

Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Թումանյանի անվան հանրապետական մանկական գրադարանը բացվել է 1947 թվականին Ստեփանակերտում։ 1965 թվականին գրադարանին տրվել է մարզային մանկական, գրադարանի կարգավիճակ և կոչվել Հովհաննես Թումանյանի անվան։ Սկզբնական շրջանում գրքային ֆոնդը 50 հազար միավոր էր, 1988 թվականին՝ 120 հազար միավոր։ 1992 թվականին գրադարանի շենքը ռմբակոծությունից փլվել է, գրքային ֆոնդի 70 %-ը ոչնչացել։ Ներկայումս գրադարանը տեղավորված է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի առաջին հարկում, գրքային ֆոնդը 46,7 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 7,6 հազար, ունի 42 շրջիկ կետեր, սպասարկման, համալրման և մշակման բաժիններ։ Գրադարանը հանրապետության բոլոր դպրոց, գրադարանների համար մեթոդ, կենտրոն է։

Մուրացանի անվան քաղաքային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրացանի անվան քաղաքային գրադարանը բացվել է 1965 թվականին Ստեփանակերտի Բոգդան Կնունյանցի անվան զբոսայգում՝ որպես Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանի մասնաճյուղ։ Հետագայում գրքային ֆոնդը համալրվել է, իսկ գրադարանը կոչվել է Մուրացանի անվան։ 1981 թվականին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում բացվել են գրադարանի 6 մասնաճյուղեր, ստեղծվել է կենտրոնացված գրադարանային համակարգ, որը վերացվել է 1996 թվականին՝ մասնաճյուղ գրադարանների լուծարումով (պահպանվել է միայն Հայերեն, մեծ պատերազմի վետերանների ակումբին կից գրադարանը)։ Մինչև Արցախյան ազատամարտը (1991-1994) գրադարանի գրքային ֆոնդը 110 հազար միավոր էր պատերազմի ժամանակ մեծ մասը ռմբակոծությունից ոչնչացել է։ Ներկայումս ունի 56,5 հազար միավոր գիրք, ընթերցողների թիվը՝ 3,2 հզ։

Շրջանային գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977-1978 թվականներին ԼՂԻՄ-ի շրջկենտրոնների գրադարանների հիմքի վրա կազմավորվել է շրջակա գրադարանների կենտրոնացված համակարգ (ԳԿՀ), որտեղ ներառված էին նաև գյուղական գրադարանները։ ԳԿՀ-ն գործել է մինչև 1995 թվականը, որից հետո շրջկենտրոնների գրադարանները վերակազմավորվել են շրջակա գրադարանների, իսկ գյուղական մասնաճյուղ-գրադարանները՝ դպրոցական գրադարանների։

Մարտունիի շրջանային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտունիի շրջանային գրադարանը նախապես ունեցել է 2,5 հազար միավոր գիրք։ 1977 թվականին ԳԿՀ շրջանակներում այն միավորել է շրջանի 38 գյուղ. գրադարաններ։ 1992 թվականին գրադարանի շենքը ռմբակոծվել է 65 հազար միավոր գրականությունից պահպանվել է միայն 1000 գիրք։ Ներկայումս գրքային ֆոնդը 16,4 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 2,4 հազար։

Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան շրջանային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադրութի Ավետիք Իսահակյանի անվան շրջանային գրադարանն ստեղծվել է 1932 թվականին, ունեցել է 1,2 հազար միավոր գիրք, որը հետագայում հասել է 30 հազարի։ 1978 թվականին միավորել է 39 գյուղ, գրադարաններ։ Ներկայումս գրքային ֆոնդը 37,4 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 580։

Մարտակերտի շրջանային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտակերտի շրջանային գրադարանը 1968 թվականին ունեցել է 32 հազար միավոր գիրք և միավորել է 55 գյուղ. գրադարաններ։ 1992 թվականին գրավելով Մարտակերտը՝ ադրբեջանցիներն ամբողջովին ոչնչացրել են նաև գրադարանի գրքային ֆոնդը։ Վերաբացվել է 1994 թվականին՝ 1,5 հազար միավոր գրքով։ Ներկայումս գրքային ֆոնդը 20,4 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 650։

Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան շրջանային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան շրջանային գրադարանը մինչև Արցախյան ազատամարտն ունեցել է 300 հազար միավոր գիրք, 5 բաժին, միավորել է 47 գյուղ, գրադարաններ։ Ներկայումս գրքային ֆոնդը 9,3 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 500։

Շուշիի շրջանային գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշիի շրջանային գրադարանը բացվել է 1993 թվականին՝ գրադարանի հին շենքում՝ բնակիչների նվիրաբերած նախնական գրքային ֆոնդի հիման վրա, որը հետագայում համալրվել է։ Ներկայումս գրքային ֆոնդը 16,6 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 1000։

Քաշաթաղի շրջանի Բերձորի գրադարանը գործում է 1998 թվականից։ Գրքային ֆոնդը 12 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 920։

Շահումյանի շրջանի Քարվաճառի գրադարանը գործում է 2004 թվականից։ Գրքային ֆոնդը 3,6 հազար միավոր է, ընթերցողների թիվը՝ 300։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախում գործում են Տիգրանակերտի հնագիտական, Արցախի պետական (Ստեփանակերտում), Ասկերանի, Շուշիի, Մարտունիի, Մարտակերտի, Քաշաթաղի, Հադրութի՝ Արթուր Մկրտչյանի անվան, Քարվաճառի պատմաերկրագիտական, զոհված ազատամարտիկների և անհետ կորած ազատամարտիկների (երկուսն էլ՝ Ստեփանակերտում), Մարտունիի շրջանի Բերդաշեն գյուղի մարտական փառքի թանգարանները, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում՝ ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Խուդյակով), Մարտունիի շրջանի Կոլխոզաշեն գյուղում՝ գեներալ, խորհրդային Միության հերոս Միքայել Պարսեղովի, Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում՝ հայ ազգային ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի, Մարտունու շրջանի Ննգի գյուղում՝ հաս-քաղաքական գործիչ Բոգդան Կնունյանցի, Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղում՝ կուսակցական և պետական գործիչ Ալեքսանդր Բեկզադյանի տուն-թանգարանները և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։