Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան (Ստեփանակերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան
Mesrop Mashtots Library of Stepanakert, ArmAg.JPG

Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան, մշակութալուսավորական հիմնարկ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։ Հիմնադրվել է 1924 թվականի դեկտեմբերին[1][2], քաղաքական գործիչ Արմենակ Կարակոգովի նախաձեռնությամբ և մի խումբ ընթերցասեր մտավորականների ջանքերով՝ ԼՂԻՄ Ժողսովետի որոշմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում գրադարանը տեղակայված է եղել Ստեփանակերտի Կոմունիստական փողոցի թիվ 1 տանը։ Այն համարվել է յուրահատուկ դպրատուն ընթերցասերների համար, ծառայել է ժողովրդի կրթությանն ու դաստիարակությանը։ Գրադարանում անցկացվել են անգրագիտության վերացման խմբակի պարապմունքներ։ Սկզբնական շրջանում գրադարանն ունեցել է 2097 կտոր գիրք, 5 ընթերցող՝ օրական 1-20 հաճախականությամբ, մեկ աշխատող։ 1925 թվականից գրքային ֆոնդը հարստացել է պետության կողմից հատկացված միջոցներով։ Կազմակերպվել են հանդիպումներ նշանավոր մարդկանց հետ ( Հակոբ Հակոբյան, 1928

Գրադարանային գործը զարգացել է հատկապես հետպատերազմյան շրջանում։ Ընթերցասրահին կից սկսել է գործել գրական խմբակ, որտեղ ընդգրկվել են ակտիվ ընթերցողները։ Նշանակալի է եղել 1948 թվականին բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հետ հանդիպումը։

Գրադարանում հանդիպումներ են տեղի ունեցել դերասան Վահրամ Փափազյանի, գրողներ Նաիրի Զարյանի, Վաղարշակ Նորենցի, Հրաչյա Քոչարի, Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի, Աշոտ Գրաշու, Գարեգին Սևունցի, Սերո Խանզադյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Քրիստափոր Թափալցյանի, Անահիտ Սեկոյանի, Լեոնիդ Հուրունցի, տեղացի գրողներ Բագրատ Ուլուբաբյանի, Միքայել Հարությունյանի, Իսահակ Ալավերդյանի և շատերի հետ։

Գրադարանի գրքային ֆոնդի հարստացմանը նպաստել են նաև Մոսկվայում, Լենինգրադում, Երևանում, Խորհրդային Միության քաղաքներում բնակվող հայերը, որոնցից են՝ Երևանի պետական համալսարանի դոցենտ Արամ Օհանյանը, որը գրադարանին գրքեր է տրամադրել իր գրադարանից, Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Իսայի Վարունցյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Աթաբեկյանը, ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Գալաչյանը, Ահարոն Մովսիսյանը, Հայկ Տեր-Սարկիսովը և ուրիշներ։

Գրադարանը համալրվում էր նաև պարբերական մամուլի հաշվին։ Տարեկան 40-50 անուն թերթ և 180-200 անուն ամսագիր է մուտք գործել գրադարան։

Մինչև 1961 թվականը գրադարանը կոչվել է Մաքսիմ Գորկու անունով, տեղակայված է եղել Լենինի (այժմ՝ Վազգեն Սարգսյան) պողոտայի մի անհարմար շենքում, ունեցել է աբոնեմենտի, ընթերցասրահի և շրջիկ գրադարանների բաժիններ։ 1961 թվականին գրադարանին տրամադրվել է նոր շենք Կիրովի փողոցում (այժմ՝ Ազատամարտիկների թիվ 3)։

Գրադարանային ֆոնդն ուներ լուսավոր ընթերցասրահ, համալրման և մշակման, տեղեկատու-մատենագիտական և երկրագիտական, մեթոդական և մասսայական միջոցառումների բաժիններ։ Նոր շենք ստանալու կապակցությամբ աշխատողների թիվը 12-ից դարձավ 31։

Բնակչության սպասարկման ձև էին շրջիկ գրադարանները։ Գյուղերում, հիմնարկ-ձեռնարկություններում, թաղամասերում գործում էին 30 շրջիկ կետեր, որոնց ընթերցողների թիվը կազմում էր 2000։ Մեկ տարվա ընթացքում շրջիկներում վերցված գրքերի քանակը կազմում էր 50000 կտոր։

Գրադարանի տեղեկատու-մատենագիտական և երկրագիտական բաժինն ստեղծվել է 1960 թվականին, թեև տեղեկատու-մատենագիտական, երկրաբանական աշխատանքը կատարվում էր դեռևս 1957 թվականից։ Այս բաժնի աշխատանքները ճիշտ կանոնակարգելու համար աշխատողները նախապես ուսումնասիրել են այդ բնագավառում Միության մի շարք առաջավոր գրադարանների աշխատանքի փորձը։

Միջգրադարանային աբոնեմենտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1952-1991 թվականներին գրադարանի սպասարկման լավագույն ձևերից մեկը համարվել է միջգրադարանային աբոնեմենտը։ Գրադարանը կապեր էր հաստատել Մոսկվայի Լենինի անվան հանրապետական գրադարանի, Երևանի Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի, Բաքվի, Թբիլիսիի հանրապետական գրադարանների, Խորհրդային Միության այլ քաղաքների գրադարանների հետ, որոնց ընթերցողների պահանջով տարեկան ստացվում էր 300-ից ավելի գիրք։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համալրման և մշակման բաժին
  • Տեղեկատու-մատենագիտական բաժին
  • Ընթերցասրահ
  • Սպասարկման բաժիններ (հայկական և ռուսական)
  • Մեթոդական բաժին
  • Համակարգչային ընթերցասրահ

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական փաստաթղթերի բացակայության պատճառով առաջին տնօրենի մասին տեղեկություններ չկան։

  • Աշխեն Չալյան (մանկավարժ, ակտիվ կանանցից մեկը, ժամանակակիցների վկայությամբ գրադարանի վարիչ է եղել)
  • Հասմիկ Իսախանյան (1952-1953 թթ.)
  • Սուրեն Կարապետյան (1953-1972 թթ.)
  • Ժան Անդրյան (1972-1974 թթ.)
  • Արկադի Թովմասյան (1974-1975 թթ.)
  • Ռոբերտ Ավանեսյան (1975-1976 թթ.)
  • Ռիմա Ջաբյան (1976-1986 թթ.)
  • Կարինե Հայրապետյան (1986 թվականից)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն, Լեռնային Ղարաբաղի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան, 1924-2014 թթ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]