Արարատ (հանդես, Բուխարեստ)
Արարատ | |
---|---|
Տեսակ | հայագիտական հանդես |
Լեզու | ռումիներեն |
Գլխավոր խմբագիր | Վարդան Մեշտուճյան, Վ. Կեմիճյան |
Հիմնադրվել է | 1924 |
Երկիր | Ռումինիա |
Հրատարակման վայր | Բուխարեստ |
Կայք | araratonline.com |
«Արարատ», հայագիտական հանդես, 1942 թվականին՝ երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1924-1942 թվականներին Բուխարեստում՝ ռումիներեն։ Խմբագիրներ՝ Վարդան Մեշտուճյան, Վ. Կեմիճյան (Արամազդ, 1942 թվականին)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսաբանել է գաղթավայրերի, մասնավորապես՝ ռումինահայության կյանքը, ծանոթացրել Սփյուռքում և Խորհրդային Հայաստանում տեղի ունեցող անցուդարձերին, տպագրել գրախոսություններ, ճամփորդական նոթեր, գիտաառողջապահական հոդվածներ, երգիծական նյութեր, Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Հակոբ Պարոնյան, Եղիա Տեմիրճիպաշյանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Շիրվանզադեի, Գրիգոր Զոհրապի, Երվանդ Օտյանի, Վահան Տերյանի և ուրիշների ստեղծագործություններից (հիմնականում Վարդան Մեշտուճյանի թարգմանությամբ), Շ. Դիլի, Անտուան Մեյեի, Ֆրեդերիկ Մակլերի, Ֆրանց Վերֆելի, Նիկոլայե Յորգայի, Կարապետ Բասմաջյանի, Արշակ Չոպանյանի և ուրիշ հայագիտական ուսումնասիրություններից։
Մեծ է «Արարատի» դերը հայ գրականությունն ու մշակույթը ռումինահայերին ու ռումինացիներին ճանաչելի դարձնելու գործում, նպաստել է նաև ռումինահայ գաղութի պատմության ուսումնասիրմանը։
Վերահրատարակվում է 1990 թվականից՝ ռումիներեն՝ որպես Ռումինիայի հայերի միության (նախագահ՝ Վարուժան Ոսկանյան) պաշտոնաթերթ։ Հանդեսի տնօրեն-խմբագիրն է Միքայել-Ստեփան Գազազյանը, խմբագիրներն են Էդուարդ Անտոնյանը և Վարդան Մարթայանը։ Տպագրում է լուրեր Հայաստանի Հանրապետությունից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ռումինահայ համայնքի կյանքից, նյութեր է տպագրում հայ գրականության և մշակույթի վերաբերյալ։
Գործում է նաև «Արարատ» հրատարակչությունը, որի տնօրենը Սիրուն Թերզյանն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |