Արարատ (ամսագիր, Էջմիածին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արարատ
Տեսակամսագիր
Լեզուհայերեն
ՀրատարակիչԷջմիածնի Մայր Տաճար
Հրատարակման վայրՎաղարշապատ

«Արարատ», կրոնաբարոյական, բանասիրական և հայագիտական ամսագիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաջին պաշտոնական հրատարակությունը։

Լույս է տեսել 1868–1919 թվականներին Էջմիածնում։ Խմբագիրներ՝ Աբել արքեպիսկոպոս Մխիթարյան, Խորեն Ստեփանե, Արիստակես եպսկոպոս Դավթյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գալուստ Տեր-Մկրտչյան, Գարեգին Հովսեփյան, Մ. Տեր-Մկրտչյան, Հուսիկ արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյան, Աբել արքեպիսկոպոս Աբրահամյան (Նազարյան), Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյան (Մագիստրոս), Ներսես վարդապետ Միքայելյան, Բաբկեն վարդապետ Աղավելյան, Տիրայր վարդապետ (Տեր-Հովհաննիսյան), Գյուտ վարդապետ Տեր-Ղազարյան։

Խմբագրի գործակցի պաշտոնում աշխատել են Ղազարոս Աղայանը, Պտրոս Սիմեոնյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հակոբ Մանանդյանը։

Հրատարակել է կաթողիկոսական կոնդակներ ու քաղվածքներ՝ սինոդի գրագրություններից, կրոնադավանաբանական ուսումնասիրություններ։ «Արարատ» հայագիտական առաջին հանդեսն է Կովկասում և մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղի զարգացմանը։

Հրատարակել է մատենագիտական բնագրեր, վավերագրեր, հիշատակարաններ, ուղեգրություններ, միջնադարյան հայ տաղերգուների երգեր։

Տպագրել է սեպագիր արձանագրությունների նկարներ և դրանց վերծանությունը (պրոֆեսոր Քերովբե Պատկանյան), Գալուստ Տեր-Մկրտչյանի, Գարեգին Ա Հովսեփյանի, Կ. Տեր-Մովսիսյանի, Տիրայր եպիսկոպոսի ուսումնասիրությունները, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Լեոն Մելիքսեթ-Բեկի, Հովսեփ Օրբելու աշխատություններն ու հոդվածները, նաև Կոմիտասի՝ հայ և համաշխարհային երաժշտությանը վերաբերող ուսումնասիրությունները։

«Արարատ»-ի էջերում մեծ տեղ է հատկացվել գրականության հարցերին, տպագրվել են Մ. Բերբերյանի, Ավետ Տերտերյանի, Թադևոս Ավդալբեգյանի հոդվածները՝ նվիրված հայ և համաշխարհային գրականության դասական հեղինակներին։

«Արարատ»-ը լուսաբանել է դպրոցական գործերի վիճակը երկրում, տպագրել հոդվածներ տեսական-մանկավարժական թեմաներով (Սեդրակ Մանդինյան, Գուրգեն Էդիլյան

2006 թվականից Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ««Արարատի» ժառանգությունը» խորագրով առանձին հատորներով շարունակաբար լույս է ընծայում հոգևորականների՝ հանդեսի էջերում տեղ գտած գիտական, կրոնական հրապարակումները, տպագրվել են Աբել Մխիթարյանի, Հուսիկ Տեր-Մովսիսյանի, Խաչիկ Դադյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Կարապետ Տեր-Մկրտչյանի, Արշակ Տեր-Միքայելյանի, Մեսրոպ Տեր-Մովսիսյանի, Երվանդ Տեր-Մինասյանի հոդվածների ժողովները, «Սուրբ Էջմիածինը և Հայոց ցեղասպանությունը» հատորը։

Գրական Մատենագիտություն «Արարատ» ամսագրի (կազմակերպիչ՝ Ս. Կոծինյան), Էջմիածին, 1970 թվական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։