Աշուրբանիպալի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշուրբանիպալի գրադարան
Երկիր Իրաք
Տեսակգրադարան և հավաքածու
ՏեղադրությունՆինվե
Անվանված էԱշուրբանիպալ
Հավաքածուներ
Չափ30 000 կավե սալիկներ

Աշուրբանիպալի գրադարան, հին աշխարհից պահպանված խոշորագույն գրադարանը, հայտնի բոլոր գրադարաններից հնագույնը։ Ձևավորվել է 25 տարվա ընթացքում Ասորեստանի Նինվե մայրաքաղաքում Աշուրբանիպալ արքայի հրամանով (մ.թ.ա. 7-րդ դար)։ Ծառայել է նաև որպես պետական արխիվ։ Արքայի մահից հետո ֆոնդերը ցրվել են տարբեր պալատներով։ Գրադարանը հայտնաբերվել է պատմական Նինվեի տարածքում` ներկայիս Իրաքի Մոսուլ քաղաքից ոչ հեռու[1][2]։ Հնագետների կողմից հայտնաբերված գրադարանը կազմված է 25.000 կավե սեպագիր աղյուսներից։ Գրադարանի հայտնաբերումը 19-րդ դարում մեծ նշանակություն է ունեցել Միջագետքի մշակույթն ուսումնասիրելու և սեպագրերը բացահայտելու հարցում։

Հին պարսկական և հայկական աղբյուրները վկայում են, որ Ալեքսանդր Մակեդոնացին, ոգեշնչվելով Աշուրբանիպալի գրադարանով, որոշել է հիմնադրել սեփական գրադարանը։ Նա մահացել է` առանց իրականացնելու իր մտադրությունը, սակայն նրա բարեկամ և հետևորդ Պտղոմեոս Լագոսը, փորձելով իրականություն դարձնել Ալեքսանդրի մտահղացումը, հետագայում հիմնում է Ալեքսանդրիայի գրադարանը[3]։

Ֆոնդեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուրբանիպալ արքան նախատեսել էր ստեղծել գրադարան, որը կամփոփեր մարդկության կուտակած ողջ գիտելիքը։ Նրան հատկապես հետաքրքրում էին այն տեղեկությունները, որոնք կապված էին պետությունը ղեկավարելու, աստվածների հետ մշտական կապը պահպանելու, աստղագուշակության հետ։ Դրա հետ կապված` ֆոնդերի մեծ մասը կազմում են հմայության, անեծքի, գերբնական ու կրոնական ծիսակատարությունների, դիցաբանական զրույցների տեքստեր։ Տվյալների հիմնական մասը վերցված է շումերական և բաբելոնյան տեքստերից։

Գրադարանն աչքի է ընկնում բժշկական բովանդակությամբ տեքստերի մեծ քանակով (ընդ որում` շեշտված էր հրաշագործություններով բուժվելու սկզբունքը), սակայն Բաբելոնի մաթեմատիկական հարուստ փորձը զարմանալիորեն անտեսվել է[4]։ Այստեղ շատ վկայություններ կան գրական-էպիկական պատմությունների, մասնավորապես Գիլգամեշի և բաբելոնա-աքքադական Էնումա Էլիշ էպոսի։ Շատ են աղոթքներ, երգեր, ինչպես նաև իրավական փաստաթղթեր, աստղագիտական, պատմական ու քաղաքական բնույթի տեղեկություններ պարունակող սալիկները։ Այս եղանակով են մեզ հասել Համմուրապիի օրենքները։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանը հիմնադրվել է ասորական տիրակալ Աշուրբանիպալի հրամանով, ով աչքի է ընկել գիտելիքի նկատմամբ ունեցած իր հետաքրքրություններով[5]։ Արքային նախորդած տիրակալները ունեցել են արքայական ոչ մեծ գրադարաններ, սակայն նրանցի ոչ մեկը չի ունեցել տեղեկություն հավաքելու այնպիսի ձգտում, ինչպես Աշուրբանիպալը։ Նա բազմաթիվ հավաքորդներ է ուղարկել երկրի տարբեր անկյուններ, որպեսզի նրանք պատրաստեն արդեն եղած տեքստերի կրկնօրինակները։ Բացի դրանից` արքան բոլոր խոշոր տաճարներից պատվիրել է տեքստերի կրկնօրինակները, որոնք հետո ուղարկվել են Նինվե։ Արշավանքների ընթացքում Աշուրբանիպալին հաջողվել է ձեռք բերել սեպագիր արձանագրություններ, ինչը նա ևս բերել է Նինվե` հարստացնելով իր գրադարանը։

Գրադարանի կազմակերպություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուրբանիպալի գրադարանավարները տեղեկագրության հավաքման, կրկնօրինակման, մեկնաբանման, դասակարգման հսկայական աշխատանք են կատարել, ինչի մասին վկայում են բազմաթիվ մեկնաբանությունները։ Աշուրբանիպալն ինքը մեծ կարևորություն էր տալիս գրադարանի կանոնակարգմանը։ Ամեն սալիկի վրա գրված է եղել նրա անունը, հիշատակարանում նշվել է բնօրինակի անվանումը։ Գրադարանում եղել են գրքերի հետ վարվելու վարքականոնի հարյուրավոր պահանջներ, ինչը թույլ է տվել ուղղել տեքստերը կամ ստեղծել կրկնօրինակները այն տեքստերի, որոնք գրված են եղել մոմանյութերով։ Ի տարբերություն սեպագրերի, որոնք հրդեհի դեպքում ամրանում էին` մոմանյութերով աղյուսները երկար կյանք չունեին. դրանք չեն պահպանվել, ինչպես որ չեն պահպանվել մագաղաթե և պապիրուսե թղթագլանները։ Դատելով հին գրացուցակներից` մեր օրեր չի հասել Աշուրբանիպալի գրադարանային ֆոնդերի 10 %-ն անգամ[6]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպագիր տեքստերի հսկայական քանակությունը, որ հասել է մեր օրեր, բացառապես Աշուրբանիպալի` գրավոր խոսքի հանդեպ ունեցած մեծ սիրո արդյունք է։ Շատ դեպքերում միայն պահպանվել են Միջագետքի գրավոր հուշարձանների կրկնօրինակները։ Ներկայացված շատ տեքստեր ունեն հազարամյակների պատմություն, չնայած սալիկներն այնքան էլ հին չեն. նորմալ պայմաններում դրանք հազիվ 200 տարի էին դիմանում։

Աշուրբանիպալը պարծենում էր այն հանգամանքով, որ նա ասորական միակ միապետն է եղել, որ իմացել է կարդալ և գրել։ Գտնված սալիկներից մեկի վրա կարդում ենք.

Ես սովորել եմ այն, ինչն ինձ տվել է իմաստուն Ադապան (շումերա-աքքադական դիցաբանությունում առաջին մարդը, ով եղել է կիսաստված), տիրապետել եմ սալիկների գրության խրթին արվեստին, հասկացել եմ երկրի և երկնքի մարգարեությունները, մասնակցում եմ իմաստունների բանավեճերին, նրանց հետ կանխագուշակում եմ ապագան զոհաբերված կենդանիների միջոցով։ Ես կարողանում եմ լուծել բարդ խնդիրներ, բազմապատկման ու բաժանման ոչ հասարակ խնդիրներ, մշտապես կարդում եմ վարպետորեն գրված սալիկներ այնպիսի բարդ լեզուներով, ինչպիսիք են շումերերենը, աքքադերենը։

Աշուրբանիպալի գրառումներն աչքի են ընկնում գեղարվեստական բարձր արժանիքներով (հավանաբար կազմվել են լավագույն գրագիրների կողմից)։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշուրբանիպալից հետո նրա մայրաքաղաքը հայտնվում է բաբելոնցիների հարձակման տակ։ Գրադարանը չի թալանվել, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, այլ հայտնվել է այն շինությունների ավերակների տակ, որոնց մեջ պահպանվում էին։

1849 թվականին գրադարանի մեծ մասը, որը պահպանվում էր Եփրատի հյուսիսարևմտյան մասում գտնվող պալատում, հայտնաբերել է հնագետ Օստին Հենրի Լայարդը։ Երեք տարի անց Լայարդի օգնականը` բրիտանացի դիվանագետ և ճանապարհորդ Օրմուզ Ռասամը, պալատի հակառակ կողմում հայտնաբերում է գրադարանի երկրորդ մասը։ Երկու մասերն էլ պահպանության են փոխանցվում Բրիտանական թանգարանին։ Գրադարանի հայտնաբերումը թույլ տվեց գիտնականներին պատկերացում կազմել ասորական մշակույթի մասին։ Մինչ այդ Ասորեստանի մասին հայտնի էր միայն Հերոդոտոսի և հույն այլ պատմիչների գործերից, որոնք իրենց հերթին վկայակոչել են պարսկական աղբյուրներ։ Գիտական շրջանակներում ցնցող տպավորություն թողեց այն հանգամանքը, որ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային ջրհեղեղի պատմությունը գրեթե համընկնում էր Աստվածաշնչում ներկայացվող տարբերակին։

Սալիկները հայտնաբերելու պահին մեծ ուշադրություն չի հատկացվել դրանց գտնվելու վայրերին։ Բրիտանական թանգարանում գտածոյի երկու մասերն էլ նույն սրահում են տեղավորել այնպես, որ արդեն չի կարելի ճշտել, թե որ սալիկը պալատի որ մասում է հայտնաբերվել։ Գիտնականները աշխատում են դրանք դասակարգել, ցուցակագրել և վերծանել տեքստերը։ Բրիտանական թանգարանը իրաքցի գիտնականների հետ աշխատում են Իրաքում գրադարան-թանգարան հիմնելու ուղղությամբ, որտեղ պետք է ներկայացվեն գիրք-սալիկների կրկնօրինակները։

Պալատական գրադարանի կավե սալիկներ
Գիլգամեշի հատված ներկայացնող կավե սալիկ, Բրիտանական թանգարան
Գիլգամեշի հատված ներկայացնող կավե սալիկ, Բրիտանական թանգարան  
Աստղագիտական թեմայով սալիկ, Բրիտանական թանգարան
Աստղագիտական թեմայով սալիկ, Բրիտանական թանգարան  
Հոմանիշների սալիկ, Բրիտանական թանգարան
Հոմանիշների սալիկ, Բրիտանական թանգարան  

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Polastron, Lucien X.: "Books On Fire: The Tumultuous Story Of The World's Great Libraries" 2007, pages 2-3, Thames & Hudson Ltd, London
  2. Menant, Joachim: "La bibliothèque du palais de Ninive" 1880, Paris: E. Leroux
  3. Phillips, Heather A., "The Great Library of Alexandria?". Library Philosophy and Practice, August 2010
  4. Возможно, при распределении фондов по дворцам тексты по математике были вывезены в неизвестное пока науке хранилище, где при разграблении Ниневии ими завладели вавилоняне.
  5. Roaf, M. (1990). Cultural atlas of Mesopotamia and the ancient Near East. New York: Facts on File
  6. BBC iPlayer - In Our Time: The Library at Nineveh

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Grayson, A.K. (1980). «The Chronology of the Reign of Ashurbanipal». Zeitschrift für Assyriologie. 70: 227–245.
  • Luckenbill, Daniel David (1926). Ancient Records of Assyria and Babylonia: From Sargon to the End. Vol. 2. Chicago: University of Chicago Press.
  • Oates, J. (1965). «Assyrian Chronology, 631-612 B.C». Iraq. 27: 135–159.
  • Olmstead, A.T. (1923). History of Assyria. New York: Scribner.
  • Russell, John Malcolm (1991). Sennacherib's Palace without Rival at Nineveh. Chicago: University of Chicago Press.
  • Klaas R. Veenhof: Geschichte des Alten Orients bis zur Zeit Alexanders des Großen, Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2001, ISBN 3-525-51685-1
  • Elena Cassin, Jean Bottero, Jean Vercoutter (Hrsg.): Die Altorientalischen Reiche III. Das Ende des 2. Jahrtausends, Fischer, Frankfurt am Main (Fischer Weltgeschichte, Bd. 4) ISBN 3-89350-989-5
  • Maximilian Streck: «Assurbanipal und die letzten assyrischen Könige bis zum Untergange Niniveh’s», Hinrichs, Leipzig 1916 [1]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]