Աշոտ Աբրահամյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աշոտ Աբրահամյանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աշոտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Picto Info sciences exactes.png
Աշոտ Աբրահամյան
Ashot Abrahamyan.jpg
Ծնվել է սեպտեմբերի 17, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:17|2|0}})
Գեղամավան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մահացել է ապրիլի 16, 1985({{padleft:1985|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:16|2|0}}) (66 տարեկանում)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ՀԽՍՀ
Ազգություն հայ
Մասնագիտություն լեզվաբան և ուսուցիչ
Հաստատություն(ներ) ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Անդամակցություն Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Գիտական աստիճան պրոֆեսոր (1964)
Տիրապետում է լեզուներին հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, լատիներեն
Պարգևներ Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Աշոտ Աբրահամյանն իր անձնական գրադարանում

Աշոտ Արսենի Աբրահամյան (1918, սեպտեմբերի 17 - 1985, ապրիլի 16), հայ լեզվաբան, պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շահրիզ (այժմ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան) գյուղում։ 1937 թվականից աշխատել է որպես ուսուցիչ Հրազդանի շրջանի դպրոցներում, վարել նաև ուսմասվարի և տնօրենի պաշտոններ։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1948 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1943 թվականից մինչև մահը դասախոսել է նույն ինստիտուտում։ 1950-1959 թթ. պաշտոնավարել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում իբրև բաժնի (սեկտորի) վարիչ, 1960 թվականից Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հայոց լեզվի ամբիոնի վարիչն էր։ 1963 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ Վարել է ժամանակակից հայոց լեզու, գրաբար, լեզվաբանության ներածություն բուհական դասընթացները։ Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում[1]։ Գրաբարի նրա կազմած ձեռնարկը ակնհայտորեն նպաստել է հին գրական հայերենի ուսուցման գործին։ Հանդես է եկել բազմաթիվ արժեքավոր հոդվածներով, որոնց մեջ անդրադարձել է հայերենի պատմական հնչյունաբանության, բառաքննության խնդիրներին, լեզվի ավանդման գիտամեթոդական խնդիրների ևն։ Նրա թարգմանությամբ (գրաբարից աշխարհաբար) լույս է տեսել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» (1972)։ Մահացել է Երևանում։[2]

1981 թվականի ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1977), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշոտ Աբրահամյանը գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտում հայ մատենագիրների համաբարբառը կազմելու աշխատանքները ղեկավարելու համար ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի ձեռքից ստանում է իր «Վաստակագիրը»:

Տարբեր տարիների և տարբեր առիթներով Աշոտ Աբրահամյանը հոդվածներ է նվիրել արվեստի ու գրականության երևելի դեմքերին՝ Մարտիրոս Սարյանին, Առնո Բաբաջանյանին, Մուշեղ Գալշոյանին և ուրիշների։

Երիտասարդ տարիներին Աշոտ Աբրահամյանը գրել է մի շարք բանաստեղծություններ, որոնք ընդամենը 20-ն են և պահպանված են նրա անձնական արխիվում՝ «Կյանքի լիրիկա» խորագրով։ Բոլորն էլ հանգավոր բանաստեղծություններ են, որոնց առանցքում կա մի վեհացում՝ իր սրտի ու հոգու ամենանվիրական էակը՝ Զեփյուռը:

* * *

Ու այսպես լռին ու մենակ

Կարոտի թևերն են իջնում

Եվ իրենց կրակով անհագ

Հույզերիս օվկիանը վառում:

Կանգնում է սիրտս մի պահ,

Զգում եմ ես մի հևք քնքուշ,

Ու հանկարծ հին սեմի վրա

Փայլում է մի հայացք անուշ:

Եկավ նա, եկավ ինձ այցի՝

Բերելով և՛ արև, և՛ կյանք,

Ցրվեցին ամպերը թախծի՝

Ինչպես մի մոռացված պատրանք:

22.03.1940թ.

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Աբրահամյանի մեծագույն ծառայությունը հայագիտությանը եղել և մնում է հայ միջնադարի երկու մեծարժեք մատյանների աշխարհաբար թարգմանությունը։

Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը»[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին լույս է տեսել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» Աշոտ Աբրահամյանի թարգմանությամբ, որին կցված են գիտական առաջաբան և հմուտ ծանոթագրություններ։ Թարգմանությունը կատարվել է համեմատական քննությամբ մինչ այդ եղած այլալեզու թարգմանությունների և դրանց կցված ծանոթագրությունների հետ։ Ա. Աբրահամյանը թարգմանությունը կատարելիս ծանոթացել է զրադաշտական կրոնի հետ կապված գիտական գրականությանը, անտիկ շրջանի հույն փիլիսոփաների ուսմունքներին, Մխիթարյան հայրերի՝ Եզնիկ Կողբացու երկերին տրված մեկնություններին։

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երկը ներկայացնող առաջաբանում Աշոտ Աբրահամյանը խոսել է այդ պատմության այլալեզու թարգմանությունների մասին։ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունն» առաջին անգամ թարգմանվել է լատիներեն (1717, Բեռլին)։ Նրա ֆրանսերեն թարգմանիչներն են եղել Սեն-Մարտենը և Մարի Բրոսսեն։ Օրբելյանի երկը թարգմանվել է նաև ռուսերեն ու վրացերեն։ Հայերեն աշխարհաբարը թարգմանվել է այս բազմալեզու հրապարակումներից տարիներ անց։ Թարգմանության ծանոթագրությունները, որոնք խիստ մանրատառ են, զբաղեցնում են գրքի 405–549 էջերը, թվաքանակով հասնում են 1778-ի։ Դրանց հիմքում ընկած են գրքի այլալեզու թարգմանությունների հեղինակների բացատրությունները։ Թարգմանության առաջաբանը հետազոտական առումով բաժանված է կարևոր ենթաբաժինների, որոնք պարզում են մատենագրական այդ գլուխգործոցի ստեղծման դրդապատճառները, սկզբնաղբյուրները, ժամանակային ընդգրկումն ու պատմագիտական արժեքը, երկի լեզուն ու ոճը, պատմագիտական մյուս երկերը։

Ա. Աբրահամյանի գիտական աշխատությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1952-1976։
  • Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Երևան, 1953։
  • Բայը ժամանակակից հայերենում, Երևան, 1962։

Կոչումներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտամանկավարժական և հասարակական ակտիվ գործունեության համար 1965 թվականին Աշոտ Աբրահամյանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1977 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։

Աշոտ Աբրահամյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով, Գերագույն սովետի մի քանի պատվոգրերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Բ. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Երևան, 1962։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աելիտա Դոլուխանյան «Տաղանդավոր լեզվաբանն ու մեծ մանկավարժը» (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին), պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 290-294
  • Պրոֆ. Վ. Ա. Քոսյան «Ա. Ա. Աբրահամյան» (Ծննդյան 60-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1979, էջ 251-255

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուրադյան Հայկազ (Թիվ 5, 1979 թ.)։ «Սիրված դասախոսն ու գիտնականը»։ Սովետական Հայաստան: Էջեր 37, 38 
  2. Հ. Զ. Պետրոսյան (1987)։ Հայերենագիտական բառարան։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 11