Անուշ Ասլիբեկյան
Անուշ Ասլիբեկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1981 (39 տարեկան) |
Ծննդավայր | Սևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ (2003) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու (2018) |
Ստեղծագործական շրջան | 1999 թվականից |
Ուշագրավ աշխատանքներ | «Բարի գալուստ իմ հեքիաթ» «Մոյրաների նոթատետրից» |
Անդամակցություն | Հայաստանի գրողների միություն |
Աշխատավայր | Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Ամուսին | Վահան Արծրունի |
Անուշ Գագիկի Ասլիբեկյան (1981, մարտի 4, Սևան), հայ թատերագետ, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստանի գրողների միության անդամ (2012)։ Արվեստագիտության թեկնածու (2018):
Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունու կինն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-2006 թվականներին՝ ասպիրանտուրայում։ 2000-2005 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը։ 2006 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնում։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է։ 2005 թվականին մասնակցել է ՌԴ Թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին՝ «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում[1]։ 2007-2009 թվականներին Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացմանն ուղղված թրեյնինգների։ Ունի սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող։ 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում՝ մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին։ Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012 թվականից՝ Հայաստանի Գրողների միության անդամ է[2]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականից տպագրվել է հանրապետական մամուլում՝ թատերախոսականներ, հոդվածներ («Նորք», «Սկենե», «Արվեստ», «Հայաստանի Հանրապետություն», «Երկիր», «Ազգ», «Հայաստան», «Հայոց աշխարհ», «Գիտությունը և կրթությունը Արցախում»), պատմվածքներ և բանաստեղծություններ՝ տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ»[3], «Գրեթերթ»[4], «Գանձասար» (Հալեպ), «Դրամատուրգիա», «Անդին»), գիտական հոդվածներ՝ «Հանդես» (ԵԹԿՊԻ-ի գիտական հոդվածների ժողովածու), «Նորք», «Այվազյանական ընթերցումներ-2008», «Այվազյանական ընթերցումներ-2010», «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական հինգերորդ նստաշրջան», «Երիտասարդ հայ արվեստաբանների իններորդ նստաշրջանի նյութեր»։ Ստեղծագործությունները պարբերաբար ներկայացվել են տարբեր գրական կայքերում[5]։
2013 թվականին համացանցում ճանաչվել է «Տարվա լավագույն գրող»։ 2011 թվականին պատմվածքները ընդգրկվել են «Արդի հայ պատմվածք։ Ընտրանի», «Մուգ կապույտ վառ կարմիր», 2013 թվականին՝ «Համբույրի կարոտ ալ կարմիր շուրթեր» գրական տարեգրքերում (կազմող և խմբագիր՝ Ռազմիկ Դավոյան)։
2009 թվականին լույս է տեսել նրա ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» վերնագրով, որտեղ ընդգրկված են պատմվածքներ և մեկ պիես՝ «Թռիչք քաղաքի վրայով», որը 2010 թ. բեմադրվել է Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան)։ Ներկայացումը մասնակցել է շուրջ 20 միջազգային փառատոների՝ ստանալով գլխավոր մրցանակներ։
2013 թվականին հեղինակի «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուի հիման վրա բեմադրվել է «Քո մասին է» ներկայացումը, որն արժանացել է «Արտ Ֆեստ» փառատոնի բրոնզե մեդալի։
Եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ («Արտիստ», «Թատրոն X», «Երիտասարդ բեմադրիչների» փառատոներ, «Արտավազդ» մրցանակաբաշխություն, «Ռիդինգ Ֆեստ», «Դրամատուրգիական դիալոգ», «Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոն»)։
2013 թվականին մասնակցել է «Ներկայի վերականգնումը» դրամատուրգիական միջազգային ընթերցումներին՝ ներկայացնելով «Մերսեդես» պիեսը։
2014 թվականին լույս է տեսել Ասլիբեկյանի երկրորդ՝ «Մոյրաների նոթատետրից» ժողովածուն, որում ընդգրկված են պատմվածքներ և «Պրոֆեսորը» վիպակը[6]։
2015 թվականին Սանկտ-Պետերբուրգում բեմադրվել է Անուշ Ասլիբեկյանի «Կոմիտաս.Լույս բարեբեր» պիեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին (բեմադրիչներ՝ Իվան Լատիշեվ, Համլետ Հայրապետյան)։
2015 թվականին Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվել է «Մերսեդես» պիեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բեմադրիչ Հակոբ Ղազանչյան, գլխավոր դերում՝ Նորա Արմանի, կոմպոզիտոր Վահան Արծրունի[7][8]։
2017 թվականին Ասլիբեկյանն արժանացել է «Երևանյան գրքի փառատոնի» (YEREVAN BOOK FEST-2017) 2-րդ մրցանակի՝ «Դրամատուրգիա» անվանակարգում[9]:
2019 թվականի մայիսից գրականագետ Անի Փաշայանի հետ «Նոյյան տապան» ալիքով հեղինակել և վարում են «Երկուսը հեղինակ որոնելիս» հաղորդաշարը՝ նվիրված ժամանակակից գրականությանը և արվեստին:
Ստեղծագործություննեը թարգմանվել են ռուսերեն, հունարեն, լեհերեն և գերմաներեն:
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բարի գալուստ իմ հեքիաթ: Պատմվածքներ և պիես: «Գրաբեր» հրատարակչություն: 2009: 126 էջ[10]:
- Մոյրաների նոթատետրից: Պատմվածքներ և վիպակ: Երևան, «Ապոլոն» հրատ., 2014, 215 էջ:
- Թռիչք քաղաքի վրայով: Թատերգություններ: Երևան, «ԱՐՄԱՎ» հրատ., 2018, Ժողովածուն տպագրվել է շնորհիվ YEREVAN BOOK Fest-2017 փառատոնի Դրամատուրգիա անվանակարգի 2-րդ մրցանակի դրամաշնորհի, 119 էջ:
- ՊՐՈՖԵՍՈՐԸ: Վիպակ, Երևան, «ԱՐՄԱՎ» հրատ., 2019, 43 էջ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Իմ գործունեության ոլորտը երկու թև ունի՝ թատրոն և գրականություն. Անուշ Ասլիբեկյան»։ Hayern Aysor։ 2017-05-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-20-ին։ Վերցված է 2017-05-20
- ↑ Անուշ Ասլիբեկյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ Անուշ Ասլիբեկյան, «Քո մասին է, Չիկագո»
- ↑ Անուշ Ասլիբեկյան, «Նարեկ»
- ↑ Անուշ Ասլիբեկյան, «Մերսեդես»
- ↑ Անուշ Ասլիբեկյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ МУЗЫКА ВОСПОМИНАНИЙ - МУЗЫКА ПРЕДЧУВСТВИЙ
- ↑ Հայրենադարձության թեման մեր ժամանակակից գրականության մեջ տաբու դարձած էջերից է. Անուշ Ասլիբեկյան
- ↑ «Հայտնի են Գրքի երևանյան փառատոնի ստեղծագործական մրցույթի հաղթողները. մրցանակները հանձնեց Արմեն Ամիրյանը»։ armenpress.am։ Վերցված է 2019-03-18
- ↑ Ասլիբեկյան Անուշ (2009)։ Բարի գալուստ իմ հեքիաթ (հայերեն)։ "Graber" hratarakchʻutʻyun
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անուշ Ասլիբեկյան, Անահիտը… Լանդան… եթե….
- Անուշ Ասլիբեկյան, ՀԵՆԶԵԼ-ԳՐԵՏԵԼ
- Անուշ Ասլիբեկյան. «Արտավազդ»
- Անուշ Ասլիբեկյան Արծրունի, Մերսեդես, Դրամա մեկ գործողությամբ` երեք արարով
|