Այշե Նանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այշե Նանա
թուրքերեն՝ Ayşe Nana
Ծնվել էփետրվարի 10, 1936(1936-02-10)[1][2]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[2]
Մահացել էհունվարի 29, 2014(2014-01-29)[1] (77 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Թուրքիա,  Իտալիա,  Իտալիայի թագավորություն և  Լիբանան
Մասնագիտությունդերասանուհի և պարուհի

Այշե Նուր Նանա (իտալ.՝ Aïché Nana, իրական անունը՝ Կիաշ Նանա, փետրվարի 10, 1936(1936-02-10)[1][2], Ստամբուլ, Թուրքիա[2] - հունվարի 29, 2014(2014-01-29)[1], Հռոմ, Իտալիա), հայազգի թուրքական և իտալական դերասանուհի։ 1958 թվականի նոյեմբերի 5-ին, Հռոմի Տրաստևերե վարչական շրջանում գտնվող «Ռուգանտինո» ռեստորանում հանդես է եկել մերկապարով, որը մեծ աղմուկ է բարձրացրել իտալական հասարակության շրջանում և հիմք հանդիսացել Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանք» (1960 թ.) ֆիլմի դրվագներից մեկի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այշե Նանան ծնվել է Բեյրութում՝ հարուստ հայկական ընտանիքում[3][4][5]։ Դերասանական կարիերան սկսել է 14 տարեկանից՝ պարելով Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շահրեզադե» բալետում[6]։ Մասնակցել է «Միս Բոսֆոր» և «Միս Բիկինի» գեղեցկության մրցույթներին։ Իր իսկ բառերով՝ ինքն առաջինն էր Թուրքիայում, որ հասարակության առջև հանդես է եկել բիկինիով[6]։ Նա հանդես է եկել նաև որպես պորտապարուհի։ 22 տարեկանում նկարահանվել է թուրքական 20 ֆիլմերում[7]։ 1956 թվականին տեղափոխվել է Փարիզ և մասնակցել ֆրանսիացի դերասան, կոմպոզիտոր Ժիլբեր Բեկոյի շոուներին։ Այդ ելույթները նրան որոշակի հանրաճանաչություն են բերել։

1958 թվականին Այշե Նանան տեղափոխվել է Հռոմ, հուսալով, որ կնկարահանվի կինոռեժիսոր Վիտտորիո դե Սիկայի ֆիլմերում։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին նա մասնակցել է «Ռուգանտինո» ռեստորանում տեղի ունեցած փակ երեկույթին։ Այդ երեկույթին ներկա էին երիտասարդ դերասաններ, «ոսկե երիտասարդության» ներկայացուցիչներ, լրագրողներ և պապարացիներ[8]։ Երեկույթի ընթացքում Այշե Նանան հանդես է եկել մերկապարով՝ հյուրերի առջև հետզհետե մերկանալով և ի վերջո պարել է գրեթե մերկ։ Ռեստորանում ներկա լուսանկարիչ Տացիո Սեկիառոլին լուսանկարել է նրա պարի տեսարանները և երեք օր անց լուսանկարները հրապարակել է «L’Espresso» թերթում։ Այն ժամանակվա Իտալիայի հասարակական կարծիքը խիստ պահպանողական էր, ուստի լուսանկարները մեծ աղմուկ բարձրացրեցին։ Արդյունքում Այշե Նանայի դեմ մի քանի դատական գործեր հարուցվեցին՝ «բարոյականության հանդեպ անհարգալից վերաբերմունքի» համար և նա դատապարտվեց եռամսյա բանտային կալանքի։

Մերկապարի դրվագը Ֆեդերիկո Ֆելինիին ներշնչեց, որպեսզի երկու տարի անց նկարահանված իր «Քաղցր կյանք» ֆիլմում այն վերարտադրվի[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրովիզացիոն մերկապարի շնորհիվ Այշե Նանան ձեռք էր բերել աղմկահարույց հանրաճանաչություն։ Սակայն այդ «փառքը» վատ ծառայություն մատուցեց նրան։ Նա երբեք չկարողացավ մուտք գործել իտալական կինոաշխարհ և ստանալ իր երազած դերերը։ Հիմնականում նկարահանվում էր «սպագետտի-վեսթերն» ժանրի ֆիլմերում և թեթև էրոտիկ կինոկատակերգություններում։ Բացի այդ պարային համարներով ելույթներ էր ունենում մյուզիք-հոլլերում։ Նա խաղում էր նաև թատրոնում, բայց այդպես էլ լուրջ հաջողությունների չհասավ[3]։

Այշե Նանան ամուսնացած է եղել իտալացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Սերջիո Պաստորեի հետ[9]։ Մահացել է 2014 թվականի հունվարի 29-ին՝ Հռոմում։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 - «Լիբանանյան դղյակի տիրուհին»
  • 1965 - «Շերիֆը, որը չէր կրակում»
  • 1968 - «Թոմփսոն 1880»
  • 1968 - «Քրիզանթեմներ գիշակերների ոհմակի համար»
  • 1977 - «Նոր հրեշներ»
  • 1978 - «Կեղտոտ աշխարհ»
  • 1978 - «Գիշերվա զավակը»
  • 1979 - «Վանական գայթակղություններ»
  • 1983 - «Պիեռայի պատմությունը»
  • 1985 - «Դավիթ արքան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Le Monde (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1944. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  3. 3,0 3,1 3,2 Philippe Ridet (2014 թ․ փետրվարի 5). «Les dessous de «La Dolce Vita»». www.lemonde.fr (ֆրանսերեն). Le Mond. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  4. Paolo Conti (2014 թ․ հունվարի 30). «Morta a 78 anni Aiché Nanà. Addio alla ballerina della Dolce vita». roma.corriere.it (իտալերեն). Corriere Della Sera. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  5. «Morta Aichè Nana, il suo spogliarello scandalizzò l'Italia intera». www.corriereadriatico.it (իտալերեն). Corriere Adriatico. 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  6. 6,0 6,1 Yasemin Taskin (2012 թ․ դեկտեմբերի 11). «Aiche Nanà: la «dolce vita»? È stata la mia maledizione» (իտալերեն). Rivista culturale Braille. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Nana Aslanoğlu». www.sinematurk.com (թուրքերեն). Sinematurk. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  8. Benito Carlo, Jr. (2010 թ․ ապրիլի 22). «How Anita Ekerberg was duped into a roman orgy» (անգլերեն). Modern Mechanix. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  9. «Aïché Nana на интернет базе-данных фильмов» (անգլերեն). IMDb. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշե Նանա» հոդվածին։