Այդպես են վարվում բոլորը
Այդպես են վարվում բոլորը իտալ.՝ Così fan tutte, ossia La scuola degli amanti | |
|---|---|
| Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
| Ժանր | ուրախ դրամա և օպերա-բուֆֆա |
| Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[1] |
| Լիբրետտոյի հեղինակ | Լորենցո դա Պոնտե[1] |
| Սյուժեի աղբյուր | Կերպարանափոխություններ և Տրոֆոնիոյի անձավը |
| Գործողությունների քանակ | 3 (8 պատկեր) |
| Գործողության տեղ | Նեապոլ |
| Գործողության ժամանակ | XVIII դ. |
| Կերպարներ | Despina?, Don Alfonso?, Fiordiligi?, Dorabella?, Ferrando?, Guglielmo? և Q63676339? |
| Ստեղծման տարեթիվ | 1790 |
| Առաջնախաղի տարեթիվ | հունվարի 26, 1790[1] |
| Առաջնախաղի վայր | Վիեննա, Burgtheater |
| Կատալոգի համար | 588 |
| Մասն է | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերանի ցանկ |
| Հրատարակման տարեթիվ | 1791 և 1792 |
Այդպես են վարվում բոլորը, KV 588, (ամբողջական անունը՝ «Այդպես են վարվում բոլորը կամ Սիրահարների դպրոց», իտալ.՝ Cosi fan tutte, ossia La scuola degli amanti), Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծած կատակերգական օպերա-բուֆֆա երկու գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակ՝ Լորենցո դա Պոնտե։
Առաջին ներկայացումը կայացել է 1790 թվականի հունվարի 26-ին Վիեննայի արքունական թատրոնում (Theater an der Burg)՝ արժանանալով ջերմ ընդունելության[2]։ Սակայն 5 ներկայացումից հետո այն առժամանակ հանվել է խաղացանկից Ավստրիայի Յոզեֆ II կայսեր մահվան պատճառով։ Սուգի ժամանակաշրջանն անցնելուց հետո կայացել է ևս 5 ներկայացում[2]։ Ներկայումս, շնորհիվ այն հանգամանքի, որ օպերան պարունակում է Մոցարտի երբևիցե ստեղծած առավել գեղեցիկ երաժշտությունը, այն երգահանի հաճախ բեմադրվող ստեղծագործություններից մեկն է։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերերգ | Ձայն | Առաջին ներկայացման դերաբաշխում, 1790 թ. հունվարի 26 (դիրիժոր՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ) |
|---|---|---|
| Ֆիորդիլիջի, օրիորդ Ֆերարա քաղաքից, Դորաբելլայի քույրը, ապրում է Նեապոլում | սոպրանո | Ադրիանա Ֆերարեզե դել Բենե |
| Դորաբելլա, օրիորդ Ֆերարայից, Ֆիորդիլիջիի քույրը, ապրում է Նեապոլում | մեցցո-սոպրանո | Լուիզա Վիլնյով |
| Գուլիելմո, Ֆիորդիլիջիի սիրելին, զինվորական | բարիտոն | Ֆրանչեսկո Բենուչչի |
| Ֆերանդո, Դորաբելլայի սիրելին, զինվոր | տենոր | Վինչենցո Կալվեզի |
| Դեսպինա, սպասուհի | սոպրանո | Դորոթեա Բուսսանի |
| Դոն Ալֆոնսո, տարեց փիլիսոփա | բաս | Ֆրանչեսկո Բուսսանի |
| Երգչախումբ՝ զինվորներ, սպասավորներ, նավաստիներ | ||
Կարճ բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերայի գործողությունները տեղի են ունենում Նեապոլ քաղաքում մոտ 1790 թվականին։
Առաջին գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարան 1. Սրճարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեապոլի սրճարաններից մեկում Ֆերանդոն և Գուլիելմոն (երկու սպաներ) համոզվածություն են հայտնում, որ իրենց նշանածները (համապատասխանաբար՝ Դորաբելլան և Ֆիորդիլիջին) հավերժ հավատարիմ են լինելու իրենց։ Դոն Ալֆոնսոն միանում է բանավեճին և առաջարկում է գրազ առ այն, որ նա կարող է մեկ օրվա ընթացքում ապացուցել, որ ո՛չ Դորաբելլան և ո՛չ էլ Ֆիորդիլիջին ոչնչով չեն տարբերվոմ այլ կանանցից, ունեն նույն փոփոխական բնավորությունը։ Ֆեռնանդոն և Գուլիելմոն ընդունում են գրազը։ Պայմանները պարզ են. երկու սպաները պարտավոր են մոտակա օրը իրենց սիրելի կանանց փորձության ենթարկելու նպատակով անել այն ամենն, ինչ նրանց կկարգադրի դոն Ալֆոնսոն, ոչ մի դեպքում չբացահայտելով նրանց գրազի առարկան։
Տեսարան 2. Ծովափնյա զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիորդիլիջին և Դորաբելլան գովաբանում են իրենց տղամարդկանց (զուգերգ՝ «Ah guarda sorella» — «Ահ, տե՛ս քույրիկ»)։ Ներս է մտնում Ալֆոնսոն, որը վատ լուր է հայտնում. սպաներին կանչել են պատերազմի։ Ներս են մտնում Ֆերնանդոն և Գուլիելմոն գալիս են սրտով կոտրված և հրաժեշտ տալիս (կվինտետ՝ «Sento, o Dio, che questo piede è restio» — «Ես զգում եմ, ո՜վ Աստված, որ իմ ոտքը դժկամ է»)։ Մինչ տղամարդկանց հետ նավը հեռանում է, Ալֆոնսոն և քույրերը մաղթում են նրանց ապահով ճանապարհորդություն (տերցետ՝ «Soave sia il vento» — «Թող քամին մեղմ լինի»)։ Ալֆոնսոն, մենակ մնացած, ուրախությամբ գուշակում է, որ կանայք (ինչպես բոլոր կանայք) հավատարիմ չեն լինի (արիոզո՝ «Oh, poverini, per femmina giocare cento zecchini?» - «Օ՜, խեղճ տղաներ, կնոջ վրա 100 ցեխին գրազ գալ»)։ .
Տեսարան 3. Քույրերի առանձնատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գալիս է Դեսպինան (սպասուհին) և հարցնում է, թե ի՞նչ է պատահել։ Դորաբելլան ողբում է մենակ մնալու տանջանքների համար (արիա՝ «Smanie implacabili» — «Տանջանքներն անհաշտելի»)։ Դեսպինան ծաղրում է քույրերին՝ խորհուրդ տալով նրանց նոր սիրեկաններ վերցնել, քանի դեռ նրանց նշանածները բացակայում են (արիա՝ «In uomini, in soldati, sperare fedeltà?» - «Տղամարդկանցից, զինվորականներից դուք հավատարմությու՞ն եք ակնկալում»)։ Քույրերի հեռանալուց հետո գալիս է Ալֆոնսոն։ Երկյուղ կրելով, որ Դեսպինան կճանաչի կերպարանափոխված տղամարդկանց՝ նա կաշառում է սպասուհուն, որպեսզի նա օգնի գրազը շահելու գործում։ Այնուհետև ժամանում են երկու տղամարդիկ՝ բեղավոր ալբանացիների հագուստով (սեքսետ՝ «Alla bella Despinetta» — «Հանդիպեք գեղեցիկ Դեսպինետային»)։
Ներս են մտնում քույրերը, որոնք տագնապած են իրենց տանը տարօրինակ տղամարդկանց առկայությունից։ «Ալբանացիները» քույրերին ասում են, որ իրենց քույրերի հանդեպ սերն է այստեղ բերել։ Սակայն քույրերը հրաժարվում են ընդունել նրանց սիրահետումները։ Ֆիորդիլիջին խնդրում է «ալբանացիներին» հեռանալ և խոստանում է հավատարիմ մնալ իր նշանածին (արիա՝ «Come scoglio» — «Ինչպես ժայռ»)։ «Ալբանացիները» շարունակում են քույրերի սրտերը գրավելու փորձերը, Գուլիելմոն այնքան հեռու է գնում, որ մատնանշում է իր բոլոր տղամարդկային հատկանիշները (արիա՝ «Non siate ritrosi» — «Մի՛ ամաչեք»), բայց ապարդյուն։ Ֆերանդոն, մնալով մենակ և կանխազգալով հաղթանակը, գովաբանում է իր սերը (արիա՝ «Un'aura amorosa» — «Սիրող շունչ»)։
Տեսարան 3. Ծովափնյա զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Քույրերը տխրության մեջ են` հիշելով պատերազմ գնացած իրենց նշանածներին։ Հանկարծ հայտնվում են «ալբանացիները» և սպառնում թույն խմել, եթե քույրերը չընդառաջեն իրենց սիրահետումներին։ Մինչ Ալֆոնսոն փորձում է հանգստացնել նրանց, նրանք խմում են «թույնը» և ձևացնում, թե կորցրել են գիտակցությունը։ Շուտով դեպքի վայր է գալիս «բժիշկը» (դա զգեստափոխված Դեսպինան է) և, օգտագործելով մեծ մագնիսի բուժիչ ուժը, կարողանում է վերակենդանացնել «ալբանացիներին»։ Տղամարդիկ, ձևացնելով, թե դեռ ամբողջովին ուշքի չեն եկել, Դորաբելլայից և Ֆիորդիլիջիից համբույր են պահանջում՝ համարելով որ դրախտում են և նրանց անվանելով աստվածուհիներ։ Քույրերը հրաժարվում են, նույնիսկ երբ Ալֆոնսոն և բժիշկը (Դեսպինա) հորդորում են նրանց համաձայնվել։
Երկրորդ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարան 1. Քույրերի ննջասենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեսպինան հորդորում է քույրերին ենթարկվել «ալբանացիների» սիրահետումներին (արիա՝ «Una donna a quindici anni» — «Տասնհինգ տարեկան կին»)։ Իր հեռանալուց հետո Դորաբելլան Ֆիորդիլիջիին խոստովանում է, որ ինքը հետաքրքրված է, և երկուսն էլ համաձայնում են, որ սոսկ սիրախաղը ոչ մի վնաս չի կարող պատճառել և կօգնի նրանց ժամանակն անցկացնել, մինչ նրանք սպասում են իրենց սիրեկանների վերադարձին (դուետ՝ «Prenderò quel brunettino» — «Ես կվերցնեմ թխահերին»)։
Տեսարան 2. Ծովափնյա զբոսայգի
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորաբելլան և քողարկված Գուլիելմոն զույգ են կազմում, ինչպես և Ֆերանդոն ու Ֆիորդիլիջին։ Նրանց զրույցը կաշկանդված է ու անհարմար, և Ֆերանդոն հեռանում է Ֆիորդիլիջիի հետ։ Մնալով մենակ Դորաբելայի հետ՝ Գուլիելմոն փորձում է գայթակղել նրան։ Աղջիկը ցույց է տալիս թույլ դիմադրություն, սակայն շուտով նրան է հանձնում մի մեդալիոն, որի մեջ Ֆերանդոյի դիմանկարն է, սրտաձև կախազարդի փոխարեն (դուետ՝ «Il core vi dono» — «Սիրտս քեզ եմ տալիս»)։
Ֆերանդոն նվազ հաջողակ է Ֆիորդիլիջիի հարցում (Ֆերանդոյի արիան՝ «Ah, lo veggio» — «Ահ, ես տեսնում եմ դա» և Ֆիորդիլիջիի արիան՝ «Per pietà, ben mio, perdona» — «Խնդրում եմ, սիրելիս, ներիր»)։ Այդ պատճառով նա կատաղում է, երբ հետագայում Գուլիելմոյից իմանում է, որ իր դիմանկարով մեդալիոնն այդքան արագ տրվել է նոր սիրեկանին։ Գուլիելմոն սկզբում կարեկցում է Ֆերանդոյին (արիա՝ «Donne mie, la fate a tanti» — «Իմ տիկնայք, դուք շատերի հետ եք այդպես վարվում»), բայց հետո չարախնդում է, քանի որ իր նշանածը հավատարիմ է մնացել։
Տեսարան 3. Քույրերի առանձնատան սենյակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորաբելլան խոստովանում է իր անհավատարմությունը Ֆիորդիլիջիին (արիա՝ «È amore un ladroncello» — «Սերը փոքրիկ գող է»)։ Ֆիորդիլիջին, վրդովված իրադարձությունների նման զարգացումից, որոշում է մեկնել ռազմաճակատ և գտնել իր նշանածին։ Սակայն, նախքան նրա մեկնելը, հայտնվում է Ֆերանդոն և շարունակում սիրահետել նրան։ Ի վերջո, Ֆիորդիլիջին տեղի է տալիս և ընկնում նրա գիրկը (դուետ՝ «Fra gli amplessi» — «Գրկախառնության մեջ»)։
Գուլիելմոն հուսահատության մեջ է, մինչդեռ Ֆերանդոն նրան է վերադարձնում իր նախկին չարախնդանքը։ Ալֆոնսոն, ով հաղթել էր գրազը, հորդորում է տղամարդկանց ներել իրենց հարսնացուներին։ Ի վերջո` «Così fan tutte» — «Այդպես են վարվում բոլորը» (կամ՝ «Բոլոր կանայք այդպիսին են»)։
Տեսարան 4
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսարանը սկսվում է քույրերի և նրանց «ալբանացի» փեսացուների կրկնակի հարսանիքով։ Դեսպինան, նոտարի կերպարանքով, ներկայացնում է ամուսնական պայմանագիրը, որը ստորագրում են միայն տիկնայք։ (Տղամարդիկ, իհարկե, գիտակցում են, որ այս հարսանիքը կեղծ է և միայն մասնակցում են խաղին, որպեսզի դաս տան իրենց անհավատարիմ սիրեցյալներին)։
Անմիջապես հետո հեռվից լսվում է զինվորական երաժշտություն, ինչն ազդարարում է սպաների վերադարձը։ Ալֆոնսոն հաստատում է քույրերի վախերը՝ Ֆերանդոն և Գուլիելմոն արդեն տան ճանապարհին են։ «Ալբանացիները» շտապում են թաքնվել (իրականում՝ հանելու իրենց հանդերձանքը)։ Նրանք վերադառնում են արդեն որպես սպաներ՝ հայտնելով իրենց սերը։ Ալֆոնսոն սպաների առջև «պատահաբար» գցում է ամուսնական պայմանագիրը, և երբ նրանք կարդում են այն, զայրույթ են ձևացնում։ Այնուհետև նրանք հեռանում են և րոպեներ անց վերադառնում՝ կիսով չափ «ալբանացու», կիսով չափ՝ սպայական հագուստով։
Բացահայտվում է, որ նոտարը Դեսպինան էր, և քույրերը հասկանում են, որ իրենց խաբել են։ Ի վերջո, բոլորը ներում են միմյանց, և ողջ խումբը փառաբանում է կյանքի անխուսափելի լավ ու վատ պահերն ընդունելու բանական մարդու կարողությունը։
Ընտրյալ սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ և հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այդպես են վարվում բոլորը» հոդվածին։ |
| ||||||||||
