Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայկական հարցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայկական հարցը։ ԱՄՆ-ում Հայկական հարցով ու հայերով հետաքրքրվել են Թուրքիայում հայերի 1894- 1896 թթ. ջարդերից դեռևս շատ առաջ։ Ամերիկա-թուրքական պաշտոնական հարաբերությունները հաստատվել են 1830 թվականի բարեկամության և առևտրի վերաբերյալ երկու երկրների միջև կնքված պայմանագրով, և նույն տարում Էլ Արտասահմանյան միսիոներների լիազորների ամերիկյան խորհուրդը որոշում է կայացրել միսիոներներ ուղարկել Կ. Պոլիս՝ տեղի հայերի մեջ աշխատանք տանելու համար։ [[1846 թվականին ստեղծվել է առաջին հայ ավետարանական (բողոքական) եկեղեցին, իսկ հաջորդ տարում օսմանյան կառավարությունը բողոքականներին ճանաչել է որպես առանձին համայնք։ Մինչև 1870-ական թթ. սկիզբն ամերիկյան միսիոներներն արդեն գործում էին Տրապիզոնում, Էրզրումում, Կեսարիայում, Այնթապում, Բրուասյում, Խարբերդում, Մարաշում, Դիարբեքիրում, Բիթլիսում, Վանում և այլուր։

1914 թվականին հիշյալ վայրերում կար 174 միսիոներ, որոնց օգնում էին ավելի քան 1200 տեղացի հայ, բացվել էր 137 եկեղեցի։ Ամերիկյան ուսումնական հաստատությունները դարձել էին լուսավորության կարևոր կենտրոններ Օսմանյան կայսրությունում։ Այդ հաստատությունների դռները բաց էին բոլորի առջև, բայց սովորողների գերակշիռ մասը հայերն էին։ Գործում էր ավելի քան 400 ամերիկյան վարժարան, որոնց թվում՝ 8 քոլեջ, 3 ճեմարան, 46 միջնակարգ դպրոց։ Բացի այդ ամերիկացիներ էին աշխատում 9 հիվանդանոցներում ու 10 դիսպանսերներում, որոնք հիմնականում սպասարկում էին հայերին։ Ամերիկյան միսիոներները գործում էին բարդ իրապայմաններում. մի կողմից նրանք ձգտում էին հայերի մեջ տարածել ամերիկյան հեղափոխության սկզբունքները՝ հավասարություն ու ազատություն, մյուս կողմից նրանք դեմ էին հայ քաղաքական շարժումներին, որոնք ձգտում էին միևնույն նպատակին։ Ամերիկյան միսիոներները երկյուղում էին, որ հայերի դիմադրությունը Օսմանյան կայսրության բռնություններին կարող էր վնասել իրենց իսկ հայերին և վտանգել ամերիկյան միսիոներների գործունեությունը։

ԱՄՆ-ի համար հայկական հարցը, նախ և առաջ, եվրոպական խնդիր էր։ Հենց եվրոպական տերություններն էին կնքել 1878 թվականի Բեռլինի դաշնագիրը, որը ռուսական բանակին ստիպել էր հայկական բարենորոգումների անորոշ հավաստիացումներով հեռանալ Արևմտյան Հայաստանի զբաղեցրած տարածքներից։ Հենց եվրոպական տերություններն էին գաղտնի պայմանագիր կնքել Օսմանյան կայսրության անդամահատման վերաբերյալ։ Եվ ամերիկյան տեսակետից, եվրոպական տերություններն էլ պետք է իրենց միջազգային պարտքը կատարեին հայ ժողովրդի հանդեպ։ Հայկական հարցի վերաբերյալ ամերիկյան կառավարությունը ղեկավարվում էր եվրոպական գործերին չմիջամտելու՝ Մոնրոյի հայտնի ուսմունքով։ Բայց չմիջամտելու քաղաքականությունը չէր նշանակում անտարբերություն հայկական հարցի նկատմամբ։ Ընդհակառակը, հայկական ողբերգությունը, ավելի քան որևէ այլ իրադարձություն արտասահմանում, արթնացրեց ամերիկյան հանրային խիղճը և ծնունդ տվեց երկրում մասնավոր բարեգործության հզոր շարժման։ Դա ուղեկցվում էր հօգուտ հայերի զանգվածային ցույցերով, բանաձևերով ու այլ հանրահավաքներով։ Ամերիկյան հասարակայնության շատ հայտնի ներկայացուցիչներ հայերին օգնելու համար հիմնում էին տարբեր կազմակերպություններ, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը, չնայած այդ ամենին, խուսափում էր հեռուն գնացող քաղաքական պարտավորությունների ստանձնումից։

Ամբողջ Օսմանյան կայսրությունով մեկ ցրված լինելու հանգամանքն ամերիկյան միսիոներներին հնարավորություն էր տալիս ականատես լինել Սասունի 1894- 1896 թթ, ջարդերին, արևմտյան Հայաստանի 1894 թվականի կոտորածներին, Կիլիկիայի 1909 թվականի և 1915-1923 թթ.Մեծ եղեռնի իրադարձություններին։ Նրանց հաղորդումներն ու կոչերը խիստ ազդեցություն էին գործում ամերիկյան հասարակական կարծիքի վրա և երբեմն-երբեմն ամերիկյան կառավարությանը հարկադրում հանդես գալ հօգուտ հայերի՝ ամերիկացիների կյանքի ու գույքի պաշտպանության պատրվակով։ Սասունի ջարդերից (1894) հետո ԱՄՆ-ի սենատը լուրջ մտահոգություն հայտնեց թուրքերի գազանությունների կապակցությամբ, իսկ պետական դեպարտամենտն ապարդյուն փորձում էր հասնել այն բանին, որպեսզի ամերիկյան հյուպատոսության ներկայացուցիչը ուղեկցի տեղում հետաքննություն անցկացնող հանձնաժողովին։ Այնուհետև ԱՄՆ-ն առաջարկեց նոր հյուպատոսարաններ բացել Էրզրումում ու Խարբերդում, որոնք և բացվեցին 1898 թվականին և 1901 թվականին՝ հակառակ օսմանյան կառավարության և Աբդուլ Համիդ ll-ի դիմադրությանը։ 1894-1896 թթ. հայկական կոտորածների ժամանակ ԱՄՆ-ի կոնգրեսը հավանություն տվեց մի քանի բանաձևերի, որոնք եվրոպական տերություններին կոչ էին անում պաշտպանել հայերին՝ իրենց ստանձնած պայմանագրային պարտավորությունների համաձայն։ ԱՄՆ-ի պրեզիդենտ Գ. Քլիվլենդը պնդում էր, որպեսզի Բեռլինի դաշնագիրը ստորագրած պետությունները լուծեն հայկական հարցը։ Չնայած ԱՄՆ-ում իշխող ուժեղ հակաթուրքական տրամադրություններին, հատկապես 1894- 1896 թթ. հայկական կոտորածներից հետո, հաջորդ ամերիկյան վարչակազմերը շարունակում էին հավատարիմ մնալ Մոնրոյի ուսմունքին։ 1909 թվականին ամերիկյան մամուլը տպագրեց մի շարք հաշվետվություններ Կիլիկիայում հայերի ջարդերի մասին։

1915- 1923 թթ., ամերիկացիները, որպես չեզոք երկրի ներկայացուցիչներ, դարձան Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանության վկաներ, նրանց համար ակնհայտ էր այդ հանցագործության կազմակերպված բնույթը։ Ամերիկյան միսիոներների և պաշտոնատար անձանց վկայությունները, հաշվետվությունները շուտով հայտնի դարձան արտասահմանում և վրդովեցին հանրային խիղճը։ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուից պահանջվում էր պաշտոնական չեզոքություն պահպանել, սակայն նա ջանքեր էր գործադրում Կոստանդնուպոլսի դիվանագիտական կորպուսին դրդելու միջամտել ի պաշտպանություն հայերի։ Նա փորձում էր երիտթուրքական պարագլուխներ էնվերին ու Թալեաթին համոզել, որ նրանց հակահայկական քայլերը գրգռում են ամերիկյան հանրային կարծիքը, ինչը բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։ Մորգենթաուն ջանում էր ներազդել նաև Կոստանդնուպոլսի գերմանացի դեսպանի վրա։ 1915 թվականի հուլիսի 10-ին ամերիկյան դեսպանը զեկուցում էր պետական դեպարտամենտին, որ հայերի հալածանքներն «աննախադեպ չափեր» են ընդունել, իսկ մի քանի օր անց հայտնում էր, որ «հայ ազգի ոչնչացման» ծրագիրը իրականացվում է ամենայն հետևողականությամբ։ Նա նույնիսկ առաջարկում էր ֆինանսավորել կես միլիոն հայերի վերաբնակեցումը ԱՄՆ, բայց պետական դեպարտամենտը պատասխանել էր, որ դա գործնական չէ։ Սակայն ոչ Մորգենթաուն, ոչ էլ պետական դեպարտամենտը չառաջարկեցին ռազմական միջամտություն՝ հայկական կոտորածները դադարեցնելու համար։

Անկարող լինելով կասեցնել հայերի տեղահանություններն ու կոտորածները՝ ամերիկացիները փորձում էին օգնության ձեռք պարզել եղեռնից փրկվածներին։ Ազդեցիկ մարդասերներն ու միսիոներները Քլիվլենդ Դոշի և Ջեյմս Բարտոնի գլխավորությամբ կազմեցին Հայ օգնության կոմիտե, որն ավելի ուշ վերակազմավորվեց Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի (Ամերկոմ). այդ կազմակերպությունը նշանակալի օգնություն ցույց տվեց հայերին, հատկապես պատերազմից հետո։

ԱՄՆ-ի Գերմանիայի դեմ պատերազմի մեջ մտնելուց (1917 թվականի ապրիլ) հետո թուրքական կառավարությունը դիվանագիտական հարաբերությունները խզեց ԱՄՆ-ի հետ, բայց ամերիկյան շատ միսիոներներ, վտանգելով իրենց կյանքը, մնացին Թուրքիայում և շարունակեցին իրնեց աշխատանքը։ ԱՄՆ-ի կառավարությունը որոշեց պատերազմ չհայտարարել Թուրքիային, որը ինչ-որ չափով նպաստավոր եղավ հայերին օգնելու համար, բայց հետագայում քաղաքական լուրջ խոչընդոտ դարձավ Մերձավոր Արևելքի հետպատերազմյան կարգավորմանը ԱՄՆ-ի մասնակցելուն։

Երբ պարտված Օսմանյան կայսրությունը ստորագրեց 1918 թվականի Մուդրոսի զինադադարը, ամերիկյան շատ նշանավոր գործիչներ պաշտպանեցին հայերի պահանջը, որպեսզի ԱՄՆ-ն ու եվրոպական դաշնակիցները օկուպացնեն Արևմտյան Հայաստանը, կանխեն այդ վայրերը իսլամադավան գաղթականներով բնակեցնելու թուրքական փորձերը՝ մինչև հաշտության կոնֆերանսը կորոշեր Հայաստանի ապագան։ ԱՄՆ-ի կոնգրեսը ընդունեց նաև բանաձև, որը կոչ էր անում ստեղծել միացյալ հայկական պետություն (Կիլիկիայից մինչև Հայաստանի արևելյան նահանգները)։ Պատերազմից հետո ԱՄՆ-ը հաճախ էր խորհուրդ տալիս եվրոպական դաշնակիցներին, թե ինչ պետք է անել Հայաստանի համար, սակայն ինքը, մարդասիրական օգնությունից զատ, պատասխանատվության որևէ բաժին չէր ստանձնում։ 1919-1920 թվականների Փարիզի հաշտության կոնֆերանսում պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը քանիցս կարեկցել է հայերին և ցանկություն հայտնել, որպեսզի ամերիկյան կոնգրեսը ստանձնի Հայաստանի խնամակալությունը կամ մանդատը՝ Ազգերի լիգայի հովանու ներքո։ Սակայն Հայաստանի մանդատի հնարավորությունները գնալով նվազել են, քանի որ Թուրքիայի հետպատերազմյան կարգավորման հարցը ձգձգվել է, իսկ եվրոպական տերությունները կատաղի վեճեր են բացել ռազմական ավարի բաժանման շուրջը (տես Հայաստանի մանդատ 1920)։ Հետևելով Մոնրոյի ուսմունքին՝ ԱՄՆ-ի սենատը մերժել է Գերմանիայի հետ կնքված Վերսալյան պայմանագիրը, որի հետ նաև՝ Ազգերի լիգային վերաբերող պայմանագիրն ու մանդատների համակարգը։

Անդրկովկասում վերսկսված հայերի կոտորածների և այդ շրջաններից անգլիական զորքերի հետ քաշվելու լուրը ԱՄՆ-ի պետական դեպարտամենտին ու հայամետ շատ կազմակերպությունների դրդեց (1919 թվականի աշնանը) փորձել համոզելՄեծ Բրիտանիային հետաձգել իր զորքերի դուրս բերումն այնտեղից։ Միաժամանակ Վուդրո Վիլսոնը Կոստանդնուպոլսի նոր կառավարությանը նախազգուշացրեց, որպեսզի նա կանխի հետագա դժվարությունները հայերի նկատմամբ, այլապես պրեզիդենտը սպառնում էր հետ վերցնել թուրք, գերիշխանությունը Անատոլիայի թուրքական մասերի վրա պահպանելու իր պարտավորությունը։ Սակայն ԱՄՆ-ը սպառնալիքից այն կողմ չանցավ։ 1919 թվականի սեպտեմբերին սենատում քննարկվեց մի օրինագիծ, որը պրեզիդենտին լիազորում էր Հայաստան ուղարկել զինված ուժեր՝ մինչև հաշտության պայմանագրի կնքումը, և զենք մատակարարել հայկական բանակին։ Միջազգային հարաբերությունների սենատական կոմիտեի ենթահանձնաժողովը լսեց բազմաթիվ վկաների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովհաննես Քաջազնունուն, որոնք պաշտպանում էին բանաձևը։ Եվ երբ բանաձևը ներկայացվեց սենատի լրակազմ նիստին (1920 թվականի մայիս), այն աստիճան բովանդակազրկված էր, որ կորցրել էր իր սկզբնական իմաստը, այժմ արդեն բանաձևը պարզապես ողջունում էր Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի կողմից դե ֆակտո ճանաչելու առթիվ (1920 թվականի ապրիլի 23) և հույս էր հայտնում, որ հայ ժողովրդի ազգային իղձերը կիրականանան։ Բանաձևի միակ քիչ թե շատ իրական նշանակությունն այն էր, որ պրեզիդենտը պահանջում էր անհրաժեշտության դեպքում Սև ծով]]ի նավահանգիստներ ուղարկել ռազմանավեր ու ծովային հետևակ՝ պաշտպանելու ամերիկացիների կյանքն ու սեփականությունը։ Այս իմաստազուրկ բանաձևի ընդունմանը (1920 թվականի մայիսի 15) հաջորդեց Հայաստանի մանդատը ստանձնելու համար իրեն լիազորություններ տալու Վուդրո Վիլսոնի առաջարկի մերժումը (հունիսի 1-ին) սենատի կողմից։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից մեկ տարի անց պետական դեպարտամենտը եվրոպական դաշնակիցներին տեղեկացնում էր, որ չի միջամտելու Թուրքիայի խաղաղ կարգավորման գործերին։ Այդ ժամանակ եվրոպական տերություններն արդեն պայմանավորվել էին ենթադրվող հայկական պետության տարածքը կրճատելու շուրջ՝ նրա մեջ մտցնելով միայն Տրապիզոնի, Բիթլիսի, Էրզրումի և Վանի նահանգների մի մասը։ Դաշնակիցները պրեզիդենտ Վիլսոնին կոչ արեցին ստանձնել Հայաստանի մանդատը և, բոլոր դեպքերում, որոշել Հայաստանի վերջնական սահմանները չորս նահանգների շրջանակներում։ Վիլսոնը չկարողացավ ստանձնել մանդատը, բայց նա համաձայնեց իրավարար լինել հայկական սահմանների հարցում։ Եզրափակիչ հաշվետվությունը, որի համաձայն նախկին Օսմանյան կայսրությունից մոտ 100 հազար կմ 2 անցնում էր նոր հայկական պետությանը, Եվրոպա հաղորդվեց 1920 թվականի նոյեմբերին (տես Վիլսոնի իրավարարական պայմանակարգ)։ Բայց այդ որոշումն այլևս նշանակություն չուներ, քանի որ Մուստաֆա Քեմալի զորքերն արդեն անցել էին ռուս-թուրքական սահմանը և սպառնում էին բուն Հայաստանի Հանրապետության գոյությանը, որի մի մասում հաստատվեց (1920 նոյեմբերի 29) խորհրդային իշխանություն։

Թուրքական ազգայնականների հաջողությունը եվրոպական դաշնակիցներին հարկադրեց համաձայնել 1920 թվականի Սևրի հաշտության պայմանագրի՝ վերանայմանը, որի համաձայն (ի թիվս այլ հարցերի), ստեղծվում էր հայկական միասնական պետություն։ ԱՄՆ-ը 1922-1923 թթ. Լոզանի կոնֆերանս ուղարկեց իր դիտորդներին, բայց նրանք չպաշտպանեցին նույնիսկ Թուրքիայում «Հայկական ազգային օջախ» հիմնելու գաղափարը. Եվրոպական դաշնակիցները շատ շուտով հրաժարվեցին այդպիսի «օջախ» ստեղծելու փորձից և, բավարարվելով ազգային փոքրամասնությունների մասին ընդհանուր հոդվածներով, որտեղ հիշատակություն անգամ չկար Հայաստանի և հայերի մասին, ստորագրեցին Լոգանի պայմանագիրը։ Հետագա տարիներին, ԱՄՆ-ը, որ խոսքերով ընդունում էր հայ փախստականների օրինական իրավունքը՝ վերադառնալ իրենց հայրենի տները, և արդարության կոչ էր անում, որևէ գործնական քայլ չկատարեց։ Ու. Հարդինգի, Կ. Կուլիջի վարչակազմերը երես դարձրին հայկական հարցից և հիմնականում մտահոգված էին Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կարգավորմամբ։ Բայց ամերիկյան հասարակայնության շրջանում դեռևս ուժեղ էին հակաթուրքական տրամադրությունները։ Այդ իսկ պատճառով էլ ԱՄՆ-ի կողմից քեմալական Թուրքիայի ճանաչումը ձգձգվեց մինչև 1927 թվականի հոկտեմբեր։ Թուրքիայի հայ բնակչության վերացմամբ ամերիկյան միսիոներները զրկվեցին իրենց մարդասիրական առաքելությունը այդ երկրռւմ շարունակելու հնարավորությունից. շուտով նրանք էլ վտարվեցին Թուրքիայից։ Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեն մինչև 1930-ական թթ. սկիզբը շարունակում էր գործել Խորհրդային Հայաստանում, վերջին ամերիկացիները ևս հեռացան Հայաստանից՝ այդպիսով ավարտելով ԱՄՆ-ի ավելի քան հարյուրամյա ներգրավումը հայկական գործերում ու Հայկական հարցում։

Հայկական հարցը վերստին ԱՄՆ-ի պաշտոնական շրջանների ուշադրությունը գրավեց 1970-1980-ական թթ., երբ ուժեղացավ համաշխարհային հասարակայնության հետաքրքրությունը Հայկական հարցի և հայերի ցեղասպանության հանդեպ, ինչն իր արտահայտությունը գտավ միջազգային տարբեր կազմակերպություններում, գիտաժողովներում ու հասարակական համաժողովներում Հայկական հարցի և հայերի ցեղասպանության փաստի քննարկումներում։ Հատկապես 1980-ական թթ. ԱՄՆի կոնգրեսը քանիցս անդրադարձել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման հարցին, բայց համապատասխան բանաձևերի ընդունումը միշտ խափանվել է հարցի քննարկման տարբեր փուլերում (վերջին անգամ 1990 թվականի սկզբին)։ Վճռական պահին բանաձևին դեմ են արտահայտվում պետական դեպարտամենտն ու պաշտպանության նախարարությունը, որոնք քաղաքական և ռազմավարական նկատառումներով տեղի են տալիս թուրքական կառավարության ճնշմանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Morgenthau H, Ambassador Morgenthau’s Story, N. Y., 1918; Geabill J. L, Protestant Diplomacy and the Near East, Miinneapolis, 1971;
  • Aftandilian G., Armenia։ Vision of a Republic, Boston, 1981;
  • Hоvannisian R, G., The Republic of Armenia, v. 1-2, A J 1071 1082
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։