Ալֆրեդ Մեծ
Ալֆրեդ Մեծ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 849[1][2] |
Ծննդավայր | Վանտեջ, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիա |
Մահացել է՝ | մոտ. հոկտեմբերի 26, 899[3] |
Վախճանի վայր | Վինչեսթեր, Միացյալ Թագավորություն |
Վինչեսթեր | |
Երկիր | Ուեսեքս |
Տոհմ | Ուեսեքսի տոհմ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Էտելվուլֆ[2][4] |
Մայր | Օսբուրհ[4] |
Երեխաներ | Էթելֆլեդ[5], Էդուարդ Ավագ[4], Էլֆրիթ, Ֆլանդրիայի կոմսուհի[4], Էթելուեարդ[5], Էթելգիֆու[5] և Edmund?[5] |
Հավատք | քրիստոնեություն |
Ալֆրեդ Մեծ (հին անգլերեն՝ Ælfrēd se Grēata; անգլ.՝ Alfred the Great; շուրջ 849 թ. - 899 թ. հոկտեմբերի 26 կամ 901 թ. հոկտեմբերի 28), Ուեսեքսի թագավոր 871—899/901 թվականներին, առաջինն է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել Անգլո-սաքսերի թագավոր տիտղոսը[6]։
Համառ պայքար է մղել 878 թվականին Անգլիա ներխուժած դանիացիների դեմ՝ 879 թվականին պարտության մատնելով նրանց։ Ըստ կնքված հաշտության պայմանագրի Անգլիան բաժանվեց դանիացիների և Ալֆրեդի միջև։ Արևելյան մասը՝ Նորթամբրիան, Արևելյան և Կենտրոնական Անգլիայի մի մասը անցան դանիացիներն, իսկ Ուեսեքսը և Լոնդոնը՝ Ալֆրեդին։ Երկրի այն մասը (հյուսիս-կենտրոն), որն անցավ դանիացիներին, կոչվեց «Դանիական օրենքի շրջան» (դանլո)։ 879 թվականից հետո Ալֆրեդը պատրաստվելով նոր պատերազմի անց է կացրել բարեփոխումներ ռազմական ոլորտում՝ կառուցել է ռազմական նավատորմ, ամրոցներ Ուեսսեքսի ամբողջ սահմանի երկայնքով, վերափոխել ցամաքային զորքը՝ աշխարհազորի հիման վրա ստեղծելով արհեստավարժ բանակ։
Ալֆրեդ Մեծը ուշադրություն է դարձրել կրթությանը։ Քառասուն տարեկանում սովորել է լատիներենը։ Վերականգնել է քանդված վանքերը և վանական դպրոցները, զբաղվել է դասավանդմամբ և մայրցամաքից հրավիրել կրթված վանականների։ Լայնածավալ աշխատանք է տարել լատիներենից անգլոսաքսոներեն թարգմանություններ անելու համար։ Ալֆրեդի ներդրումը ամբողջ երկրում կրթություն և գրագիտություն տարածման գործի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ անգլիական մշակույթի հետագա զարգացման համար։ Միակ անգլիացի միապետն է, ում տրվել է «Մեծ» մականունը[6]:
Կյանքի վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդը ծնվել է Օքսգորդի կոմսության թագավորական կալվածք Վանաթինգում (այսօր՝ Վանթեյջ) 849 թվականին: Նա Ուեսեքսի թագավոր Էյթելվուլֆի և նրա առաջին կին Օսբուրգի կրտսեր որդին էր: Ավագ եղբայրներն էին Էթելբալդը, Էթելբերտը և Էթելրեդը: Արքունի դաստիարակության շնորհիվ Ալֆրեդը տիրապետում էր մի քանի լեզվի և ծանոթ էր հին մատենագիրների աշխատություններին: Դեռ մանուկ հասակում նա հոր պատվերով 853 թվականին ուղևորվում է Հռոմ, որտեղ Լևոն IV պապը նրան օծեց որպես Ուեսեքսի ապագա թագավոր: Հոր հետ Ալֆրեդը ևս մեկ անգամ այցելեց Հռոմ 855 թվականին, որից հետո որոշ ժամանակ ապրեց Արևմտյան ֆրանկական թագավորության արքա Կարլոս II Ճաղատի արքունիքում:
Մանուկ հասակում Ալֆրեդն աչքի էր ընկնում թույլ առողջությամբ, բայց անկոտրում բնավորությամբ: Փոքր տարիքից նա իրեն կոփում էր ռազմական վարժություններով ու որսով՝ ձգտելով ետ չմնալ իր ավագ եղբայրներից ու մեծահասակ ռազմիկներից: Իսկ պատանության տարիներից արդեն մասնակցելով պատերազմներին, նա կռվում էր առաջին շարքերում: Այդպիսով, շուրջ քսան տարեկանում զինվորականների մոտ նա ուներ փորձառու և հմուտ զորականի համբավ, երբ ստանացավ պետության թագը:
Գահակալման առաջին տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆրեդը Ուեսեքսում թագավորեց 871 թվականին՝ իր ավագ եղբայր Էթելրեդի մահից հետո: Նա իր ժամանակի հայրենակիցների մեջ ամենաուսյալ մարդն էր, սակայն գահակալման սկզբում դա իրեն հաջողություն չբերեց. եթե նախկինում նա շահել էր ժողովրդի վստահությունը իր քաջության շնորհիվ, ապա, թագավոր դառնալուց հետո, Ալֆրեդը կորցրեց ժողովրդականությունը: Նա քիչ էր հարգանք ցույց տալիս վիտենագեմոտի (Անգլիայի պատմության մեջ անգլո-սաքսոնական ժամանակահատվածի ժողովրդական հավաք) անդամների գիտելիքների ու փորձի հանդեպ, քանի որ ձգտում էր անսահմանափակ իշխանության, որի մասին կարդացել էր հռոմեական մատենագիրների մոտ: Նաև մտածում էր նորամուծությունների մասին, որոնք չէին ընդունում ավագ սերնդի իշխանավորները: Արքայի ամբարտավանությունը, ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր, որ նա «խնդրարկուներին չէր արժանացնում ընդունելության և ունկնդրության, բարեհաճ չէր թույլ ու խեղճ մարդկանց հանդեպ և նրանց համարում էր ոչնչություն»: Եվ դրանում սաքսերը տեսնում էին հնուց սահմանված իրենց իրավունքների ու ազատության ոտնահարում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Alfred — 1960.
- ↑ 2,0 2,1 Альфредъ Великій (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1835. — Т. 2. — С. 55—56.
- ↑ (unspecified title) — 2 — 1977. — P. 80.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kindred Britain
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Lundy D. R. The Peerage
- ↑ 6,0 6,1 British History: Observations & Assessments from Early Cultures to Today, High School Level, հեղինակ՝ Ջեյմս Սթոբաու
|