Jump to content

Ալոիս Կարիջեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոիս Կարիջեթ
ռոմանշ.՝ Alois Carigiet
Ծնվել էօգոստոսի 30, 1902(1902-08-30)[1][2][3][…]
ԾննդավայրԹրուն, Շվեյցարիա[1]
Վախճանվել էօգոստոսի 1, 1985(1985-08-01)[4][5][2][…] (82 տարեկան)
Մահվան վայրԹրուն, Շվեյցարիա[1]
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունգրող, նկարիչ, մանկագիր, նկարազարդող և գրաֆիկական դիզայներ
Պարգևներ
ԱնդամակցությունՄիջազգային գրաֆիկական դաշինք[6]
 Alois Carigiet Վիքիպահեստում

Ալոիս Կարիջեթ (գերմ.՝ Alois Carigiet, օգոստոսի 30, 1902(1902-08-30)[1][2][3][…], Թրուն, Շվեյցարիա[1] - օգոստոսի 1, 1985(1985-08-01)[4][5][2][…], Թրուն, Շվեյցարիա[1]), շվեյցարացի նկարիչ և գրքեր նկարազարդող, Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի առաջին դափնեկիր՝ մանկական գրքերի նկարազարդման համար, թատերական դեկորների և զգեստների բեմանկարիչ, գրող[7][8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Քրիստոֆերի և Սուրբ Մավրիկի պատկերները շվեյցարական Վելլա կոմունայի կաթոլիկ եկեղեցու պատին, արված Կարիջեթի կողմից 1940

Ալոիս Կարիջեթը Ալոիս Կարիջեթի և Բարբառա Կարիջեթի` ծննդյամբ Լոմբրիզեր տասնմեկ երեխաներից յոթերորդն էր։ Ծնվել է Գրաուբյունդեն կանտոնի Տրուն փոքրիկ քաղաքում և տեղի ընտանեկան ագարակում ապարել մինչև 9 տարեկան դառնալը։ Կարիջեթների ընտանիքը խոսում էր ռոմանշերեն՝ ռետորոմաներեն լեզվի տեղական բարբառով[9]։ 1911 թվականին, տնտեսական դժվարությունների պատճառով, Կարիջեթ ընտանիքը տեղափոխվել է Քուր կանտոնի մայրաքաղաք, որտեղ Ալոիս ավագը աշխատանք է գտել։ Կուրն ավելի մեծ քաղաք էր, քան Տրունը և այդ քայլը տխուր տպավորություն է թողել 9-ամյա Ալոիսի վրա, որը սովոր էր ապրել բնության գրկում՝ գյուղական անդորրում։ Հետագայում, իր հուշերում, նա Քուրում ապրած տարիների մասին հիշում է որպես «մռայլ բնակարան առաջին հարկում, որը գտնվում էր քաղաքի նեղ նրբանցքում»[10]։

Կուրում Ալոիսն ավարտել է կանտոնի գիմնազիան և 1918 թվականին ընդունվել է նկարիչ Մարտին Ռատի արվեստանոց, որից սովորել է նկարչություն և դեկորատիվ-կիրառական արվեստ։ Ուսումնառության ընթացքում Կարիջեթը իր ազատ ժամանակի մեծ մասը տրամադրել է գյուղական և քաղաքային տեսարաններ, գյուղատնտեսական և տնային կենդանիներ, թռչունների գլուխների և կտուցների մանրամասն նկարելուն, ինչպես նաև իր հարազատների և ընկերների բազմաթիվ ծաղրանկարներին։ Նրա նկարներից շատերը ցուցադրվել են Քուրի գավառագիտական թանգարանում։ Ուսումն ավարտել է 1923 թվականին՝ բարձր գնահատականներով[11]։

1923 թվականից Կարիջեթն աշխատել է որպես պրակտիկանտ Ցյուրիխի Մաքս Դալանգի գովազդային գործակալությունում։ Մի քանի մրցույթներում հաղթելուց և նկարիչ-դիզայներների շրջանակներում հեղինակություն վայելելուց հետո, 1927 թվականին Ալոիսը Ցյուրիխում բացել է իր արվեստի ստուդիան վեց հոգանոց անձնակազմով և պարբերաբար ստացել մեծ քանակությամբ պատվերներ։ Կարիջեթի արվեստանոցում պատրաստել են բազմաթիվ տոնական զարդարանքներ, առևտրային և քաղաքական գովազդային պաստառներ, ուսումնական պաստառներ դպրոցների համար, նկարազարդումներ և ծաղրանկարներ տպագիր մամուլի համար, այդ թվում` Schweizer Spiegel և SBB-Revue ամսագրերի համար[12]։ Կարիջեթը հատկապես մեծ հաջողություն է ունեցել 1937 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում շվեյցարական տաղավարի համար դիորամայի պատրաստման գործում, ինչպես նաև 1939 թվականին Ցյուրիխում անցկացված «Լանդի» շվեյցարական ազգային ցուցահանդեսի պաստառների ձևավորման աշխատանքներում[13]։

1930-ականների սկզբին Կարիջեթը այցելել է Փարիզ, Մյունխեն, Վիեննա և Զալցբուրգ, որտեղ ծանոթացել է «Նոր նյութականութան» այն ժամանակ հայտնի ժողովրդական շարժման ներկայացուցիչներին, ինչն իր արտացոլումն է գտել 1935 թվականին նրա «Կարմիր տուն Մոնմարտրում» (ջրաներկ) և «Տուն և պարտեզ Ասկոնայում» (յուղաներկ ստվարաթղթի վրա)։ Երիտասարդ նկարչի վրա իր ազդեցությունն է թողել նաև ժամանակակից էքսպրեսիոնիզմը։ Օրինակ՝ 1946 և 1952 թվականներին Շվեյցարիայում անցկացվող գյուղատնտեսական ամենամյա տոնավաճառի պաստառներում Կարիջեթը պատկերել է կարմիր ձիեր և կանաչ կովեր, որն ընդունվել է արվեստի քննադատների կողմից, բայց արժանացել է ֆերմերների տարակուսանքին, ինչին նա պատասխանել է, որ կովը կանաչ է, քանի որ խոտ է ուտում։ Էքսպրեսիոնիստական աշխատանքների հետ միաժամանակ Կարիջեթի 1930-ականների աշխատանքներում պատկերված են Գրաուբյունդեն, իսկ երբեմն Ցյուրիխի կանտոնի առօրյա կյանքը, ինչպես նաև տպավորություններ դեպի Ֆրանսիա, Իսպանիա և Լապլանդիա կատարած ուղևորություններից[14]։

Կարիջեթը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել թատրոնի նկատմամբ և 1920-ականների վերջերից զբաղվել է բեմական հագուստների ձևավորմամբ։ Ցյուրիխում բնակվող արվեստի քննադատ Ռուդոլֆ Յակոբ Վելտին Կարիջեթին ներգրավել է որպես սցենարիստ դիզայներ և զգեստների ձևավորող Ցյուրիխի քաղաքային թատրոնում բեմադրվող Ժակ Օֆենբախի «Գեղեցկուհի Ելենա» օպերետում, որից հետո նա մշակել է այդ թատրոնի ևս երեք ներկայացումների դիզայնը։ 1934 թվականին Կարիջեթը դարձել է «Կորնիշոն» կաբարեի կազմակերպիչներից մեկը, ղեկավարել է Ցյուրիխի «Zum Hirschen» ռեստորանում անցկացվող երգիծական ծրագիրը, որը Գերմանիայում նացիստական ռեժիմի օրոք դարձավ ամենահայտնի գերմանալեզու երգիծական ծրագրերից մեկը և գոյատևել է մինչև 1951 թվականը։ Այդ կաբարեի արտիստների թվում է եղել Ալոիսի կրտսեր եղբայրը՝ Ցարլին։ Կարիջեթը պատրաստել է կաբարեի լոգոն գազարի քթով քմծիծաղ տվող մորեխ, իսկ 1935-1944 թվականներին նա պատրաստում է գրոտեսկային զգեստներ, ինչպես նաև տաս կաբարեների ծրագրերի դիզայնը, այդ թվում գեղեցիկ զարդարված փոքրիկ երգեհոնը, որն օգտագործում էր Ցարլին իր ելույթներում[15][16]։

1939 թվականի մայիսին Կարիջեթը իր արձակուրդն անցկացրել է հայրենի Տրունի մերձակայքում և զբոսնելիս Օբերզակսեն կոմունայի լեռնային սանդղավանդներից մեկում հայտնաբերել Պլատենգա գյուղը, որտեղ, իր խոսքով, «ինքն իրեն զգում էր վաղուց կորած դրախտում»[17]։ Դրանից հետո Կարիջեթը թողել է իր բիզնեսը Ցյուրիխում և 1939 թվականի հոկտեմբերից բնակություն է հաստատել Պլատենգում գտնվող տնակում, առանց էլեկտրականության և ջրմուղի։ Իր կյանքի մնացած մասն Ալոիսը ցանկացել է նվիրվել արվեստին․ ամեն օր նա հեռադիտակով մի քանի ժամ անցկացրել է լեռներում և նկարել էսքիզներ ապագա նկարների համար[18]։

1943 թվականին Ալոիս Կարիջեթն ամուսնացել է Բերտա Կարոլինա Մյուլլերի (1911-1980) հետ, ով այդ ժամանակ արվեստագիտություն է սովորել Հալլեում։ 1944 թվականին՝ իրենց առաջին դստեր լույս աշխարհ գալուց հետո, Կարիջեթ ընտանիքը ձեռք է բերել հողակտոր Պլատենգում գտնվող մատուռի մոտակայքում, իսկ 1945 թվականին Ալոիսը նախագծել է իրենց նոր տունը, որը կառուցվել է 1946 թվականին և ստացել «Im Sunnefang» անվանումը։ 1947 թվականին Ալոիսն ու Բերտան իրենց նոր տանն ունեցել են իրենց երկրորդ դստերը։ Դուստրերին արժանապատիվ կրթություն տալու նպատակով Կարիջեթ ընտանիքը 1950 թվականին տեղափոխվել է Ցյուրիխ, որտեղ Ալոիսը կրկին սկսել է զբաղվել դիզայնով և շարունակել է նկարել[19]։

1960 թվականին Կարիջեթը տուն է գնել Տրունում, որտեղ անցկացրել է իր մանկությունը և այն կոչել «Flutginas» («Պտերներ»), որտեղ էլ բնակվում է մինչև իր մահը։ 1962 թվականին Ցյուրիխում ունեցած իր ելույթի ժամանակ Կարիջեթը նկարները բնութագրել է որպես «պատմելու արվեստ» վերացական դարաշրջանում և նկարիչ Ժորժ Ռուոյին անվանել է «մեծագույն»՝ որպես իր գեղարվեստական մոտեցման ոգեշնչող[20]։

Մահացել է Տրոնում 1985 թվականի օգոստոսի 1-ին[21][22]։

Մանկական գրքերի նկարազարդում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիջեթի գրքերի հերոսների պատկերները Դավոսի մոտակայքում գտնվող Լարեթ գյուղում գտնվող տան պատին

1940 թվականին մանկագիր Սելինա Խյոնցը Ալոիսին խնդրել է նկարազարդել իր «Զրնգուն Ուրսլին» գիրքը (գերմ.՝ Schellen-Ursli, ռոմանշերեն՝ Uorsin): Երկար երկմտելուց հետո Կարիջեթը համաձայնվել է։ Խյոնցի գրքերի ստեղծման միջավայրն ուսումնասիրելու համար նա մի քանի շաբաթ անցկացրել է Էնգադինում գտնվող գրողի ծննդավայր Գվարդի գյուղում ծանոթացել է բնակավայրի հատակագծին ու ճարտարապետությանը, ինչը դարձել է նրա գրքի գլխավոր հերոսի բնակավայրի նախատիպը։ Կարիջեթի նկարազարդումներով Խյոնցի գիրքը 1945 թվականի հոկտեմբերին վերջապես լույս է տեսել գերմաներեն, իսկ 1950 թվականին թարգմանվել է անգլերեն։ Գրքի սյուժեն լեռնային գյուղից մի տղայի պատմություն է, որն իր առջև նպատակ է դրել բարձրլեռնային գյուղի հովվից ստանալ կովի ամենամեծ զանգը` ձմռանը հրաժեշտ տալու տոնի առթիվ կազմակերպվող ավանդական երթը գլխավորելու համար։ Խյոնցի գիրքը թարգմանվել է տասը լեզուներով, այդ թվում ճապոներեն և աֆրիկաանս, շուրջ 1,7 միլիոն ընդհանուր տպաքանակով[23]։

Ուրսլիի մասին առաջին գրքի վճռական հաջողությունից հետո, Խյոնցը գրել է նրա սիքվելների շարքը, ընդհանուր առմամբ 6 գիրք՝ Կարիջեթի նկարազարդմամբ, ներառյալ Flurina-ն (Flurina und das Wildvögelein. Schellen-Ursli’s Schwester) 1952 թվականին (անգլ.՝ Florina and the Wild Bird) և La naivera (Der grosse Schnee) 1957 թվականին (անգլ.՝ The Snowstorm): 1960-ականներին Կարիջեթը գրեց Zottel, Zick und Zwerg Eine Geschichte von drei Geissen (1965), Birnbaum, Birke, Berberitze. Eine Geschichte aus den Bündner Bergen (1967) և Maurus und Madleina: Über den Berg in die Stadt (1969) գրքերը, որոնք նկարազարդել էր իր ձեռքով։ 1966 թվականին Zottel Zick und Zwerg գրքի համար Կարիջեթն արժանացել է մանկական գրքի շվեյցարական մրցանակի[23]։

Մանկապատանեկան գրականության միջազգային խորհուրդը, որը 2 տարին մեկ երեխաների համար լավագույն գրքերի հեղինակներին շնորհում է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ (որը հաճախ անվանում են «Փոքր Նոբելյան» կամ «Մանկական Նոբելյան մրցանակ»), որոշում է կայացրել 1966 թվականից սահմանել մանկական գրքերի լավագույն նկարիչ նկարազարդողների լրացուցիչ անվանակարգ։ Այս անվանակարգում Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Ալոիս Կարիջեթը (1966)[7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Alois Carigiet — 2006.
  5. 5,0 5,1 5,2 Alois Carigiet // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00032139
  6. https://a-g-i.org/members
  7. 7,0 7,1 «Hans Christian Andersen Awards». International Board on Books for Young People (IBBY). Retrieved 2013-08-03.
  8. 8,0 8,1 «Alois Carigiet» (pp. 34-35, by Eva Glistrup)
  9. Diggelmann, 1992, էջ 8
  10. Stutzer, 2002, էջ 8
  11. Stutzer, 2002, էջ 8,9
  12. Stutzer, 2002, էջ 10-13
  13. Stutzer, 2002, էջ 20
  14. Stutzer, 2002, էջ 18,19
  15. Stutzer, 2002, էջ 14,15
  16. Diggelmann, 1992, էջ 9
  17. Stutzer, 2002, էջ 22
  18. Stutzer, 2002, էջ 24,25
  19. Stutzer, 2002, էջ 25-31
  20. Alois Carigiet, «Alois Carigiet über sich selbst — Auszüge aus einer Rede», Von Arx & Schnyder (1992), p. 140.
  21. Stutzer, 2002, էջ 50-52
  22. Diggelmann, 1992, էջ 14
  23. 23,0 23,1 Stutzer, 2002, էջ 32-34

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Beat Stutzer. Carigiet. Die frühen Jahre. Pages 8–54. 2002: AS Verlag & Buchkonzept AG, Zürich und München – ISBN 3-905111-73-X
  • Heinz von Arx, Peter Schnyder (editors). Alois Carigiet. 1992: AS Buchkonzept AG, Zürich – ISBN 3-905111-02-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիս Կարիջեթ» հոդվածին։