Ազոլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոմունա
Ազոլո
Asolo
Զինանշան
Asolo-Stemma.png

Asolo01.jpg
Քաղաքի կեդրոն
Կոորդինատներ: 45°48′0″ հս․ լ. 11°55′0″ ավ. ե. / 45.80000° հս․. լ. 11.91667° ավ. ե. / 45.80000; 11.91667
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզՎենետո
ԳավառՏրևիզո
ՔաղաքապետՄաուրօ Միլիօրինի
Մակերես25 կմ²
ԲԾՄ128 մ
Բնակչություն9161 մարդ (2015)
Խտություն366 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ00423
Փոստային ինդեքս31011
Փոստային ինդեքսներ31011
Ավտոմոբիլային կոդTV
ISTAT026003
Պաշտոնական կայքcomune.asolo.tv.it
##Ազոլո (Իտալիա)
Red pog.png
##Ազոլո (Վենետո)
Red pog.png

Ազոլո (իտալ.՝ Asolo), քաղաք և կոմունա Իտալիայում։ Գտնվում է Վենետո մարզի Տրևիզո գավառում[1]։ Բնակչությունը կազմում է 9161 մարդ, խտությունը՝ 366 մարդ/կմ²։ Զբաղեցնում է 25 կմ² մակերես։ Փոստային ինդեքս՝ 31011, հեռախոսային կոդ՝ 00423։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոլոն պարսպապատ քաղաք է, որը վեր է խոյանում լեռների միջով եւ 200-250 մ. բարձրությունից նայում ներքեւում գտնվող հարթավայրին։

Ազոլոյին են պատկանում Սբ. Ապոլլինարէ (այն սովորաբար Կազելլա է կոչվում), Պանյանոյի եւ Վիլլա Դ՛Ազոլոյի երեք գյուղակները։

Քաղաքապետարանի տարածքը տարածվում է Վենետո կոչված հարթավայրի հյուսիսային եզրից մինչեւ լեռնային հատվածը (Ազոլոյի բլուրներ), որից հետո սկիզբ է առնում Վենետոյի ՆախաԱլպերի լեռնային շղթան։ Հարավային կեսն ամբողջությամբ դաշտային է, իսկ հյուսիսային կողմը նշանավորվում է փոքր բլուրների ներկայությամբ որոնց գագաթները հասնում են 379 մետրի։ Միակ նշանակալից գետը Մուզոնեն է, որի հոսքը ծնունդ է առնում հյուսիսից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոլոյի տեղանունը, որը լատիներենով թարգմանվում է Acelum փաստագրված է մ. թ. առաջին դարով։ Գիտնականները նրա ծագումնաբանության մեջ հայտնաբերել են հնդեւրոպական *ak արմատը, այսինքն՝ «սուր[2]», նկատի ունենալով տեղանքի լեռնային բնությունը կամ, ավելի կոնկրետ, բլուրը որի վրա բազմած է Ամրոցը։

Նախապատմական, Հին Վենետիկյան եւ Հռոմեական Դարաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոլոյի քաղաքակրթության մասին կարելի է խոսել արդեն միջին Քարե դարի դարաշրջանում (30.000-35.000 մ. թ. ա.), ժամանակահատված որին պատկանում են մամոնտի[3] եւ սալաքարերի մնացորդները, որոնք հայտնաբերվել են Պանյանոյի տարածքում։ Կրկին Պանյանոյում է հայտնաբերվել հին դարաշրջանի նստավայր (5000 մ. թ. ա.), իսկ Կազելլայում են գտնվել տարբեր ժամանակաշրջանների պատկանող գործիքների մնացորդներ։ Հնագիտական գտածոները սակայն ցույց են տալիս, որ Ազոլոյի ներկայիս տարածքը սկսել է նստավայր դառնալ միայն բրոնզի դարաշրջանից (10-11 դար մ. թ. ա.)։ Ութերորդ դարից մինչեւ առաջին դար (մ. թ. ա.) հինվենետիկյան դարաշրջանի Ազոլոն թերեւս ապրել է գյուղատնտեսությամբ, բուծել ոչխարներ, բրդի առեւտրով զբաղվել, ինչպես նաեւ կենտրոնական դեր է ունեցել դաշտային ու լեռնային կենտրոնների շփման գործում։ Բնակավայրը գտնվում էր ներկայիս քաղաքի տեղանքում։

Ազոլոն անցելով հռոմեացիներին, աճում է իր նշանակությամբ եւ դառնում քաղաք, որի իրավական դաշտը տարածվում էր ներքեւում գտնվող հարթավայրից մինչեւ Պոստումիա ճանապարհը[4]: Այս ժամանակահատվածից մեզ հասել են բազմաթիվ ցուցանմուշներ՝ Բաղնիքները[5], Բոթը՝ ստորգետնյա ջրատարը[6], Ժողովանիստը եւ Թատրոնը[7]: Տեղանունը (Acelum) առաջին անգամ նշվում է մ. թ. առաջին դարում Պլինիոս Ավագի կողմից (Naturalis Historia), ուր կենտրոնը դասում է Oppida Venetorum-ի շրջանում։ Մեկ դար անց, ինչպես Akedon-ը, այն վերագտնում ենք Կլավդիոս Պտղոմեոսի Աշխարհագրություն գործում։

Վաղ Քրիստոնեական Դարաշրջան եւ Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոկկա ամրոց

Հռոմեական դարաշրջանի ավարտին Ազոլոն քրիստոնեություն ընդունեց եւ դարձավ թեմի նստավայրը։ Ռիկկո լեռան վրա, ուր այսօր կանգնած է Ռոկկա[8] ամրոցը, հայտնաբերվել են 7-8 դարերի թվագրվող պաշտամունքային կառույցի եւ նրան հարակից 10-11 դարերի գերեզմանատան եւ 11-րդ դարի բնակավայրի մնացորդներ։

Թեմը վերացվել է 969 թվականին եւ ներառվել Տրևիզոյի եպիսկոպոսարանի մեջ։ Վերահսկվելով Տրևիզոյի եպիսկոպոսի կողմից, Ազոլոն համախմբեց իր ռազմավարական նշանակությունը կառուցելով փառահեղ Ռոկկա ամրոցը (12-րդ դար)։ Ամրոցը 1239 թվականին նվաճեց Էձձելինո Ռոմանոն, սակայն նրա մահից հետո, կրկին մաս կազմեց Տրևիզո քաղաքին։

Վենետիկի Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատերինա Կոռնառո

Սկալիջերացիներից եւ Կառառացիներից հետո Ազոլոն անցնում է Վենետիկի Հանրապետությանը, որն էլ նրան ուժ եւ կարողություն է հաղորդում։ Այդ ժամանակահատվածում ամրապնդվում եւ ամբողջացվում են պարիսպները։ 1459 թվականին ստեղծվում է քաղաքացիական խորհուրդ ամրապնդելու համար տեղական ինքնավարությունը։

Սա է Ազոլոյի ծաղկուն դարաշրջանը որն ընդլայնվում է մինչեւ 1489 թվականը, երբ Կատերինա Կոռնառոն՝[9] Հայաստանի, Կիպրոսի եւ Երուսաղեմի նախկին թագուհին (ամուսնացել էր Ջակոմո Բ Լուզինյանացու[10] հետ) եւ հրաժարական էր տվել հօգուտ Վենետիկյան Հանրապետության։ Նա ապրեց ամրոցում, «Ազոլոյի տիկին» տիտղոսով, շրջապատված արվեստագետների եւ բանաստեղծների հարուստ բանակով։

Քաղաքը խռովությունների կիզակետում է հայտնվում Կամբռայի Լեգայի պատերազմի ժամանակ։ 1509 թվականին Ավստրիայի Մասիմիլիանոս կայսեր զորքերը հասնում են Ազոլո՝ որն էլ հանձնվում է։ Արդեն իսկ հաջորդ տարի վերադառնում է Վենետիկյան Հանրապետությանը։

Տասնվեցերորդ դարից սկսած Ազոլոն լուրջ անկում է ապրում։ Տնտեսական ճգնաժամը սկիզբ է առնում աղետալի իրադարձություններից ինչպիսիք էին սովը, համաճարակն ու հատկապես Սբ. Կոստանցայի երկրաշարժը (1695 թվականի փետրվարի 25-ին), որն ավերում է տարածքը։

1742-ին Ազոլոն արժանանում է քաղաքի կոչման։ 1750-ին հիմնադրվում է Ռիննովատի Ակադեմիան, որն առավել լիցք է հաղորդում շրջակա միջավայրի գրական կենտրոնին։

Նապոլեոնից մինչեւ Իտալիայի Միավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վենետիկի անկման նախօրեին Ազոլոյի տարածքը դառնում է թատերաբեմ Նապոլեոնի ֆրանսիացիների եւ ավստրիացիների պայքարի համար։ Մի շարք քաղաքական խռովություններից հետո, 1815-ին տարածքը վերջնականապես դառնում է ավստրիական՝ որպես Լոմբառդո-Վենետիկյան Թագավորության մասնիկ։

1866 թվականին Ազոլոն, ինչպես նաեւ ամբողջ Վենետոն, անցնում է Իտալիայի Թագավորությանը։ Հաճելի տեղանքը դեպի իրեն է գրավում մեծ թվով մտավորականների, հիմնականում օտարերկրացիների, այդ թվում նաեւ Ռոբերտ Բրաունինգին, Հենրի Ջեյմսին, ՋանՖրանչեսկո Մալիպիեռոյին, Էլեոնորա Դյուսին, Մարիուս դե Մարիային եւ Ֆռեյա Ստարքին։

Առաջին Համաշխարհային Պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատերազմի երկրորդ փուլում Ազոլո քաղաքը գտնվում էր պատերազմի ճակատին շատ մոտ, քանզի այն տեղի էր ունենում Յոթ Քաղաքների սարահարթից (Ազիագո) մինչեւ Գռապպա լեռը (1775 մ.) եւ Չեզեն լեռը (1570 մ.), ինչպես նաեւ դեպի արեւելք, դեպի Պիավե գետը։

Եւ քանի որ բնակչությունը, չնայած առաջին գծում լինելով, մերժեց լքել քաղաքը, նրան շնորհվեց Պատերազմի Խաչ Պատվո շքանշանը։

Երկրորդ Համաշխարհային Պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաշիզտական ռեժիմի անկումից հետո, Իտալական Սոցիալական Հանրապետության ժամանակ (ԻՍՀ)[11] (1943-ի հոկտեմբեր), Նացիստական Գերմանիայի հանձնարարականով, Ազոլո քաղաքը դառնում է որոշ նախարարությունների նստավայր։

Իտալական Պաշտպանության Պարտիզաններն անվախորեն են դիմադրում Գռապպա լեռան վրա, նպաստելով Ազատագրական Պայքարին, չնայած դրանք նշանավորվում են ֆաշիստների[12] սարսափելի ռեպրեսիաներով։

Ազոլո քաղաքն ազատագրվել է Պարտիզանների կողմից նախքան Դաշնակից Զորքերի ժամանումը։

Հայերի Ներկայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնապես հայերի ներկայությունը Ազոլո քաղաքում սկսվել է 1879 թվականին, երբ նրանք գնեցին Վիլլա Կոնտարինին[13] եւ այն վերափոխեցին Վենետիկի Մուրադ Ռափայելյան վարժարանի ամառանոցի։ 1900 թվականին կառուցվել է վարժարանի եկեղեցին ըստ հայկական ճարտարապետական հորինվածքի՝ խաչաձեւ եւ կենտրոնագմբեթ։

Այս վայրում իրենց ամառային հանգիստն են վայելել մի շարք մտավորականներ ովքեր զոհվեցին 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ 1920 թվականի օգոստոսի 20-ին Ազոլոյի քաղաքապետարանում նշվել է Հայաստանի Անկախության օրը։ Ազոլոն ամբողջ տասնիներորդ դարի ընթացքում եղել է Վենետիկի եւ Վենետո նահանգի հայ բնակիչների նախընտրելի վայրը ամառային համգիստն անցկացնելու համար, եւ յուրաքանչյուր ամառ «Հայկական Վարժարանի» սաները համախմբվել են միասին նշելու հայկական «Նավասարդ»ի տոնը։

Այսօր Հայկական Վարժարանը ձեռք է բերվել անհատների կողմից, վերականգնվել եւ մասամբ փոփոխվել է գետնահարկի հավելումով, որ գտնվում է իր առջեւի բակում։ Էձձելինիների սբ. Զենոն գյուղում, Ազոլոյից մոտ 10 կմ հեռավորության վրա, Ալբրիցցիի Վիլլայում, 1896 թվականից գոյություն ունի Վենետիկի Մխիթարյան Հայրերի ամառանոցը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Կռեսպինյագայում (Ազոլոյից 5 կմ հեռավորության վրա) էին բանտարկել Կարմիր Բանակի մի քանի հայ զինվորների, ովքեր գերի էին ընկել գերմանական զորքերին։ Երեք հայ զինվորներ, ովքեր կարողացել էին գոթական գծի մոտակայքում փախչել գերմանական գերությունից, հասել էին Ազոլո եւ միացել էին Պարտիզաններին։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական կենտրոնի պարսպապատերը[14] ավարտվում են Ռոկկա[15] ամրոցի մեջ, որն էլ տեղակայված է Ռիկկո լեռան գագաթին։ Միջնաբերդը, որ նայում է դեպի հարթավայր, իր հերթին բազմել է մի հսկա ժայռի գագաթին։

Ազոլոյի Պատմական Կենտրոնի ճարտարապետությունը հիմնականում նմանվում է Վենետիկյան ճարտարապետությանը, եւ բնորոշվում է հետիոտնային կամարակապ անցումներով որ ընկերակցում են կենտրոնական փողոցները, որոնց վրա բացվում են 14-րդ եւ 17-րդ դարերի թվագրվող պալատներ եւ առանձնատներ։

Տարածքը շաղախված է փոքր ու մեծ վենետիկյան վիլլաներով։ Մոտակա Մազեռ քաղաքում (7 կմ) գտնվում է Վիլլա Բառբառոն եւ նրա փոքրիկ Եկեղեցին[16] կառուցված Անդրեա Պալլադիոյի[17] կողմից։

Ազոլո քաղաքը մաս է կազմում Իտալիայի ամենագեղեցիկ քաղաքների Ակումբին։

Թանգարաններ, Գրադարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հյուրընկալում է Քաղաքային Թանգարանը որը գտնվում է Եպիսկոպոսարանի Պալատում եւ Ռաջոնեի բացօթյա կամարակապ օթյակում, որն օգտագործվում է որպես կոնֆերանսների եւ ցուցահանդեսների դահլիճ։ Թանգարանը պարունակում է մի ամբողջական փաստաթղթերի ապացույց որ վերաբերում է Պլիոչենեից մինչեւ հռոմեական ժամանակաշրջան՝ լավ համալրված պատկերասրահ եւ երեք բաժիններ որ նվիրված են Կատերինա Կոռնառո թագուհուն, դերասանուհի Էլեոնորա Դյուսին (ով թաղված է Սբ. Աննա գերեզմանոցում) եւ Մայր Տաճարի Սուրբ Գանձին։

Թանգարանին կից գտնվում է Պատմական Արխիվը որ պահպանում է թանկարժեք եւ յուրահատուկ փաստաթղթեր որ բաժանվում են երեք ոլորտների՝ հին ռեժիմ (1411-1796), ավստրո-ֆրանսիական ժամանակաշրջան (1797-1814) եւ տասնինը-քսաներորդ դար (1815-1920)։ Քաղաքային գրադարանը գտնվում է Կազելլայում՝ դյուրհասանելի տարածքի յուրաքանչյուր անկյունից։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Կոռնառոյի դղյակը[18], արդեն 1798-ին հարմարեցված որպես Գոլդոնիի թատրոն, ամբողջությամբ վերակառուցվել[19] է նախկինի նմանությամբ եւ անընդհատ օգտագործվում է թատերական, երաժշտական իրադարձությունների եւ համաժողովների համար։ Մշակութային միջոցառումները բազմաթիվ են։ Քաղաքը լի է փոփոխվող ցուցահանդեսների համար նախատեսված տարածքներով, որտեղ հյուրընկալում են արվեստագետների ժամանակավոր ցուցահանդեսներ, ինչպես նաեւ ազգային եւ միջազգային բնույթի գեղարվեստական հանդիպումներ։ Առանձնահատուկ տեղ են գրավում.

• Ազոլոյական Հանդիպումներ – Ազոլոյի Կամերային Երաժշտության Ամենամյա Միջազգային Փառատոն

• Ազոլոյի Գեղարվեստական Ֆիլմերի Ամենամյա Փառատոն

• Ֆանտադիա – Մուլտի Վիզիոն Երկամյա Միջազգային Փառատոն

Յուրաքանչյուր ամսվա երկրորդ կիրակի օրը կազմակերպվում է հնաոճ իրերի հարուստ շուկա

Գյուղատնտեսություն, Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազոլո քաղաքի հարթավայրում հիմնականում մշակվում է եգիպտացորեն։ Մշակվում են նաեւ սոյա, կիվի եւ բանջարեղենի տեսակներ։ Վերջերս վերականգնվում է նաեւ գինու ավանդական արտադրությունը։

Լեռնային գոտիներում, ավանդաբար տնկված խաղողի որթեր եւ պտղատու ծառեր (խնձորենի եւ բալենի) որ լքված են մնացել վերջին տասնամյակների ընթացքում, հին տեղական որթատունկերը գտնվում են վերականգնողական փուլում։

Ազոլոյի եւ Մոնտեբելլունեզեյի միջեւ ընկած տարածքը (Ազոլոյից 15 կմ հեռավորության վրա), կարելի է համարել առավել կարեւոր տարածք - համաշխարհային մակարդակով վերցրած - սպորտային եւ լեռնային կոշիկների արտադրության ոլորտում։ Ազոլոյի երկու արդյունաբերական ոլորտներում ներկա են տարբեր տեսակի կարեւոր արտադրական օբյեկտներ՝ թե՛ արդյունաբերական եւ թե արհեստագործական ոլորտներ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Treviso)»։ Վերցված է 2017 հուլիսի 8 
  2. ԱԱ. ՎՎ., Տեղանունների Բառարան: Իտալիայի աշխարհագրական անունների պատմությունն ու նշանակությունը, Թուրին, Ուտետ, 2006, էջ 51:
  3. Պահպանվում են Պադովայի համալսարանում:
  4. Տարածքների տեղաբաշխման համար հիմնվել են արդեն գոյություն ունեցող ճանապարհների վրա: Հենց Պոստումիայից էին անցնում կարեւոր ճանապարհները, մինչդեռ Աուրելիան կարեւորագույնն էր: Երկու բանուկ պողոտաներն էլ հատվում էին ներկայիս Վիլլա Դի Ռիեզե Պիո 10 պողոտայի մոտակայքում:
  5. Ներկայում տեղակայված են Ազոլոյի գլխավոր հրապարակի տակ: Դրանք հայտնաբերվել են բնիկ հնէաբան Պաչիֆիկո Սկոմաձետտոյի (1831-1888) կողմից 1887 թվականին իրականացրած պեղումների ժամանակ, երբ կառուցում էին Շուկայի Հրապարակը (այսօր՝ Բռունյոլիի հրապարակ):
  6. Չնայած այն կարճ տարածքին որ անցնում է Մոնտե Ռիկկոյով, այն ներառում է բավականին հիմնական օրինակներ որ հռոմեացիներն օգտագործել են ջրատարի շինարարության մեջ:
  7. Հայտնաբերվել է հնէաբան Պաչիֆիկո Սկոմաձետտոյի կողմից – դրա մի մասը մատչելի է Վիլլա Ֆռեյա պարտեզից - եւ Պադովայի համալսարանի համար մի ամբողջ ուսումնասիրությունների համալիր է:
  8. Պադովայի համալսարանի համար դա մի ամբողջ ուսումնասիրությունների համալիր է:
  9. Կատերինա Կոռնեռ https://it.wikipedia.org/wiki/Caterina_Cornaro, (Վենետիկ, 25 նոյեմբեր 1454 – Վենետիկ, 10 հուլիս 1510)
  10. Ջակոմո Բ Լուզինյան https://it.wikipedia.org/wiki/Giacomo_II_di_Cipro
  11. Rubblica Sociale di Salò https://it.wikipedia.org/wiki/Repubblica_Sociale_Italiana
  12. 1944 թվականի սեպտեմբերի «Գռապպայի Հետախուզում» (500-ից ավելի մահացածներ եւ 400-ից ավելի տեղահանվածներ):
  13. Կառուցվել է 1558 թ.-ին վենետիկյան Սուրեան ընտանիքի կողմից ապա ժառանգաբար անցել եւ դարձել է Կոնտարինի ընտանիքի սեփականությունը: Վիլլայի գլխավոր հատվածին կից, որ նայում է դեպի հարթավայր, կա տասնյոթերորդ դարի մի շինություն որ «Ֆռեսկո» է կոչվում եւ տեղակայված է բլրան հյուսիսում, ուր հասնում են թունելի միջոցով: Վիլլայի ճակատային մասը որմնանկարել է Լատտանցիո Գամբառան (1530-1574):
  14. Պարսպապատերը, որ ներկայիս տեղ-տեղ խաթարված են, ձգվել են 1360 մետր երկարությամբ եւ ունեցել են 24 աշտարակներ:
  15. Տեղակայված է 316 մ. բարձրության վրա: Պարիսպների բարձրությունը հասնում է 15 մետրի: Պադովայի համալսարանի համար դա մի ամբողջ ուսումնասիրությունների համալիր է եղել:
  16. Կառուցվել է 1544-ից 1560 թվականներին: Որմնանկարները պատկանում են Պաոլո Վերոնեզեյին, իսկ կճածեփը՝ Ալեսսանդռո Վիտտորիային:
  17. Անդրեա Պալլադիո, (Գոնդոլայի Պիետրոյի Անդրեայի կեղծանունն է) (Պադովա, 30 նոյեմբեր 1508 – Մազեռ, 19 օգոստոս, 1580):
  18. Հավանաբար իր հատակագիծը պատկանում է 10-րդ դարին:
  19. Նախնական թատրոնը մասնատել էին եւ 30-ականներին ծախել մի հնավաճառի: Հետագայում այն գնել է «կրկեսների արքա» ամերիկացի Ռինգլինգը ով եւ այն տեղափոխել է Ամերիկա եւ 1950-ին, Սարասոտայում, վերակառուցել: Ներկայում գործում է որպես Asolo Center for the Performing Arts: