Մամոնտ (լատին․՝ Mammuthus primigenius), սառցադարաշրջանում վերացած, չորքոտանի փղերի ընտանիքի անհետացած կաթնասուն կնճիթավոր կաթնասուն։ Ապրել է Եվրոպայում, Հյուսիսային Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, պլեյստոցենի երկրորդ կեսում։ Մահացել է մոտ 10 հազար տարի առաջ։ Չափերով (բարձրությունը՝ 2, 5-3, 5 մ), մամոնտը չի գերազանցել այժմ ապրող փղերին, քաշը՝ մինչև 7 ա։ Ունեցել է խիտ բրդով ծածկված և բրդի տակ աղվամազածածկույթով մաշկ[1]։ Սնվել է խոտերով և թփուտներով, ձմռանը սնունդ է հայթայթել ձյան տակից՝ խիստ կորացված ժանիքների օգնությամբ։
Մամոնտը եղել է քարի դարում ապրող մարդու ժամանակակիցը։ Մամոնտները ապրում էին Պլիոցենի դարաշրջանից (մոտ 5 միլիոն տարի առաջ) մինչև Հոլոցեն (մոտ 4 500 տարի առաջ)։ Տարածված էին Աֆրիկայում, Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Սիբիրի հյուսիսում և Ալյասկայում հայտնաբերված են մամոնտի ավելի քան 40 դիեր, որոնք պահպանվել են հավերժական սառած ապարներում։ Առավել լրիվ նմուշահատը պեղել է (1901-02) Պետերբուրգի ԳԱ արշավախումբը Բերյոզովկա գետի (Կոլիմայի վտակ) ափին։
Այն ենթարկվել է անատոմիական, հյուսվածաբանական, կենսաքիմիական հետազոտությունների։ Ցուցանմուշ կա նաև ՀՀ ԳԱ երկրաբանական թանգարանում։ Մամոնտի մնացորդները կարևոր ղեկավարող բրածոներ են անթրոպոգենի նստվածքների երկրաբանական հասակը որոշելու համար։ Մամոնտների սառած շերտերում գտնված ժանիքներն օգտագործվում են գեղարվեստական իրերի պատրաստման գործում։
Մամոնտների հիմնական մասը չափերով չէին գերազանցում ժամանակակից փղերին, բացառություն են կազմում Հյուսիսամերիկյան ենթատեսակը Mammuthus imperator- ը, նրա հասակը հասնում էր 5 մետրի իսկ քաշը՛ 12 տոննայի, նաև գաճաճ տեսակները Mammuthus exilis ու Mammuthus lamarmorae մոտ 2 մետր էին և կշռում էին 900 կգ։ Մամոնտները ժամանակակից փղերից տարբերվում էին ավելի խոշոր իրանով, կարճ վերջույթներով, երկար ու խիտ մազածածկով և երկար, կլորացած ժանիքներով։ Ժանիքները ծառայում էին ձմռանը ձյան տակից սնունդ հայթայթելու համար։ Մամոնտների բազմաթիվ դենտինո-էմալային թիթեղներով սեղանատամները լավ հարմարեցված էին կոշտ սնունդը մանրացնելու համար։
↑Վ.Հ. Համբարձումյան և այլն, ed. (1981)։ Հայկական Սովետական Հանրագիտարան. 7-րդ հատոր։ Երևան: «Հայկական Սովետական Հանրագիտարան» հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 196)։