Ագնես Շյոբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ագնես Շյոբերգ
ֆիններեն՝ Agnes Hildegard Sjöberg
շվեդ.՝ Agnes Sjöberg[1]
Ծնվել էնոյեմբերի 15, 1888(1888-11-15)[2]
ԾննդավայրKauhajoki, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 21, 1964(1964-08-21)[2] (75 տարեկան)
Մահվան վայրSeinäjoki, Վաասա նահանգ, Ֆինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
ԿրթությունԲեռլինի համալսարան, Դրեզդենի տեխնիկական համալսարան և HU Berlin
Մասնագիտությունանասնաբույժ
ԱնդամակցությունFöreningen för kvinnans politiska rösträtt i Landskrona?[3]

Ագնես Հիլդեգարդ Շյոբերգ (ֆիններեն՝ Agnes Hildegard Sjöberg, նոյեմբերի 15, 1888(1888-11-15)[2], Kauhajoki, Հարավային Օստրոբոտնիա, Վաասա նահանգ, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 21, 1964(1964-08-21)[2], Seinäjoki, Վաասա նահանգ, Ֆինլանդիա), ֆինլանդացի անասնաբույժ, Եվրոպայում անասնաբուժության բնագավառում դոկտորական դիսերտացիա պաշտպանած առաջին կինը։ Նա հրատարակել է մոտ քսան գիտական հոդվածներ, ինչպես նաև ինքնակենսագրական։ Նա մեծացել է Վազասկայա նահանգում հարուստ կալվածատիրոջ ընտանիքում, մանկուց ֆերմայում զբաղվել է տարբեր գյուղատնտեսական աշխատանքներով, հետաքրքրվել կենդանիներով։ Բարձրագույն կրթություն է ստացել Գերմանիայում, 1918 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա Լայպցիգում անասնաբուժական ակնաբուժության գծով։ Վերադառնալով հայրենիք` զբաղվել է անասնաբուժությամբ։ Հետագայում Ավստրիայում կատարել է գիտական հետազոտություններ անասնաբուժական պարազիտոլոգիայի բնագավառում, այնուհետև կրկին վերադարձել Ֆինլանդիա և Սեյնյայոկիում զբաղվել մասնավոր գործունեությամբ։ Գերմանիայում սովորելու ընթացքում նա զգացել էր իր նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ինչպես դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից. ավելի ուշ, հայրենիքում, որպես կին մասնագետ բախվել է այլ անասնաբույժների անբարյացակամ վերաբերմունքին, նրա համար հաճախորդների հետ ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ էր, քան գործընկերների հետ[4]։ Այն փողոցը, որտեղ գտնվում է Հելսինկիի համալսարանի անասնաբուժության ֆակուլտետը, 2001 թվականից կրում է նրա անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Շյոբերգը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 15-ին, Ֆինլանդիայի մեծ դքսության հյուսիս-արևմուտքում, Վազասկի նահանգի Կաուհայոկի համայնքի Ալա-Կնուուտտիլա (Ala-Knuuttila) կալվածքում, կալվածատեր Յուհան Բեռնհարդ Շյոբերգի և նրա կնոջ՝ Կարին Նորրգորդի ընտանիքում[4], եղել է չորրորդ երեխան ընտանիքում[5]։

Նրա մանկությունն անցել է գյուղական հարուստ ընտանիքում։ Նրա հորն էր պատկանում մի քանի հարյուր հա հողատարածք, որի վրա գտնվում էին վարելահողերը, ձիանոցը, կովերի և խոզերի անասնագոմերը, ինչպես նաև գլխավոր շենքը։ Երեխաները ներգրավված էին կալվածքի գրեթե բոլոր գործերում, մասնակցում էին գյուղատնտեսական աշխատանքներին, ինչպես նաև կաթի վերամշակման ու խոհանոցային գործերին։ Նրանք կրթություն են ստացել սովորելով տնային ուսուցչի մոտ[4]։

Մայրը Ագնեսին համարում էր տարօրինակ երեխա, նա այնպիսին չէր ինչպիսին պետք է լինի «լավ աղջիկը», նա հայրիկի հետ ֆերմա է գնացել չորս տարեկանից, շատ ավելի շուտ, քան իր եղբայրներն ու քույրերը[5]։ Նա հետաքրքրվում էր ձիասպորտով և ամենից շատ սիրում էր աշխատել գոմում[4]։ 1890-ականներին կալվածքի գլխավոր մասնաշենքում կազմակերպվեց անասնապահական դպրոց, որտեղ փոքրիկ Ագնեսը շատ ժամանակ էր ծախսում դասախոսություններ լսելու և ուսանողների հետ գործնական դասընթացների հաճախելու համար։ Հայտնի է, որ դեռևս տասը տարեկան հասակում նա գնում էր անատոմիայի դասընթացների և ուսումնասիրում էր մահացած հորթերի ներքին օրգանները[5]։ Ավելի ուշ Շյոբերգը հիշում է, որ մի անգամ ուսուցչից հարցրել էր, թե արդյոք կինը կարող է դառնալ անասնաբույժ, ինչին նա պատասխանել է, որ դա անհնար է, որից հետո ինքը երկար ժամանակ լաց էր եղել[6]։

Ուսումնառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնեսը սկսել է ոչ պաշտոնական կրթություն ստանալ 1900 թվականից Վաասա քաղաքի աղջիկների շվեդալեզու դպրոցում։ Հինգ տարի անց, դպրոցը ավարտելուց հետո Ագնեսը պատրաստվում էր շարունակել ուսումը, բայց հայրը չհամաձայնվեց։ Նրա կարծիքով՝ ամուսնու և ընտանիքի կարիքները հոգալու համար նա կրթության կարիքը չունի։ Որոշ ժամանակ նա հաճախում էր տնտեսվարության դպրոց, այնուհետև երեք տարի զբաղվում է տնային տնտեսությամբ, և միայն դրանից հետո հայրը ուսուցիչ վարձեց Ագնեսի և կրտսեր քրոջ հետ պարապելու համար[5]։ Բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հասունության ատեստատ ստանալու համար, որպես մասնավոր ուսանող 1911 թվականին նա քննություններ հանձնեց Կուոպիոյի շվեդալեզու կրթահամալիրի դպրոցում, որից հետո նա որոշ ժամանակ գործնական պարապմունքներ է անցել Պորիում՝ տեղի անասնաբույժի հսկողության ներքո։ Հետագայում նա վերհիշում է, որ աղջկան տարել է իրեն օգնական բացառապես զավեշտի համար, բայց բավականին արագ տպավորվել էր աշխատանքի նկատմամբ նրա վերաբերմունքից ու հմտություններից և նամակ էր ուղարկել Ցյուրիխ իր ընկերոջը խնդրելով, որ նա միջնորդություն ներկայացնի նրա տեղի համալսարան ընդունվելու համար[5]։

Շուտով Շյոբերգը ծնողների ֆինանսական աջակցությամբ մեկնեց Ցյուրիխ (Ֆինլանդիայում առաջին անասնաբուժական բարձրագույն ուսումնական հաստատությունը բացվել է միայն 1945 թվականին)։ Նրան ընդունեցին բուհ, բայց բառացիորեն երկու օր անց ետ վերադարձրին նրա փաստաթղթերը, պարզելով, որ նա ունի Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ 1911 թվականին Շվեյցարիայի իշխանությունները, փորձելով դադարեցնել հեղափոխական գաղափարների տարածումը երկրում, արգելեցին ուսանողների ընդունելությունը Ռուսաստանից (ներառյալ` Ֆինլանդիայից)[7]։ Պրոֆեսորներից մեկը նրան խորհուրդ տվեց մեկնել Գերմանիա, Դրեզդենի բարձրագույն անասնաբուժական դպրոց[5]։ Նախկինում այս հաստատությունում կին ուսանողներ չէին եղել, և ղեկավարությունը Շյոբերգի հետ կապված մեկ շաբաթ մտորումների մեջ էր, բայց ի վերջո նրան ընդունեցին «փորձաշրջանով», ռեկտորը ասաց, որ ինքը կարծում է, որ կին անասնաբույժը հարմար է փոքր ընտանի կենդանիներին բուժելու համար[6]։ Շյոբերգը 300 ուսանողներից միակն էր, որ ուսման ընթացքում բախվեց կողմնակալ վերաբերմունքի և նույնիսկ հակազդեցության ինչպես ուսուցիչների, այնպես էլ մյուս ուսանողների կողմից, ընդ որում նրան հատկապես անհանգստացնում էին Ֆինլանդիայից իր հայրենակիցները[4]։ Այսպես, մի անգամ համակուրսեցի-ֆինները փորձեցին նրան հեռացնել կենդանիների վերարտադրողական համակարգի մասին դասախոսությունից[6]։

Հայրենակիցներից ազատվելու համար[4] Դրեզդենում մեկ տարի սովորելուց հետո նա տեղափոխվեց Բեռլին և սկսեց սովորել Բեռլինի համալսարանի անասնաբուժական բարձրագույն դպրոցում (այժմ՝ Հումբոլդտի համալսարան)։ Պրոֆեսորները ընդունեցին, որ նա տաղանդավոր ուսանող է և բարձր գնահատեցին նրա գիտական մտածողությունը[5]։ 1914 թվականին Շյոբերգը գերազանցությամբ քննություններ հանձնեց բակալավրի աստիճանի համար և ամռանը սկսեց աշխատել համալսարանական անասնաբուժական կլինիկայում, որը ղեկավարում էր հայտնի պրոֆեսոր Ռիխարդ Էբերլեյնը[7]։ Նա զբաղվում էր հիմնականում ձիերի խնամքով, միաժամանակ հետազոտություններ էր իրականացնում[8]։ Երբ պատերազմը սկսվեց, նա մեծ դժվարություն ունեցավ Գերմանիայում մնալու հետ կապված։ Եղավ մի պահ, երբ նա, որպես Ռուսաստանի քաղաքացի, ստիպված էր օրը երկու անգամ անձնագրով ներկայանալ և գրանցվել, հետագայում նա ռեկտորի խնդրանքով ազատվեց այդ ամենից, բայց այնուամենայնիվ մնաց իշխանությունների հսկողության ներքո[7]։ Այդ ընթացքում սկսեցին Ռուսաստանից բերվել մեծ թվով ռազմաավարային ձիեր, որոնցից շատերը հիվանդ էին խլնախտով, և Շյոբերգը երկու տարի ուսումնասիրում էր այդ հիվանդությունը։ Ձեռագրի վրա աշխատանքն ավարտելուց հետո այն հանձնեց պրոֆեսոր Ֆրյոներին ընթերցանության համար, բայց որոշ ժամանակ անց իմացավ, որ նա ուսումնասիրության նյութերը հրատարակել է անասնաբուժական հանդեսում իր անվամբ։ Շյոբերգը բողոքեց համալսարանի ռեկտորին գողության փաստի մասին, բայց նա ասաց, որ ինքը ոչինչ չի կարող անել, և նա պետք է արդեն բավարարված լինի, որ պատերազմի տարիներին Գերմանիայում էր սովորում, չնայած որ նա թշնամի պետության հպատակ էր[7][9]։

1915 թվականին Շյոբերգը ստացավ անասնաբույժի վկայական, իսկ 1916 թվականին նա ավարտեց անասնաբուժության բարձրագույն դպրոցը՝ ստանալով լիցենցիատի աստիճան[4] (միջանկյալ աստիճան բակալավրի և դոկտորի միջև)։ 1916-1917 թվականներին աշխատել է մանր կենդանիների անասնաբուժական կլինիկայում որպես օգնական։ Այդ տարիները, ամենադժվարն էին, քանի որ բավարար սնունդ չկար, ամեն ինչ քարտերով էր բաշխվում և հասարակության մեջ ուժեղանում էին հակառուսական (և հակաֆիննական) տրամադրությունները[7]։ Շյոբերգը տեղափոխվեց Դրեզդեն և շարունակեց աշխատել իր դոկտորական ատենախոսության վրա[4]։ Ատենախոսության պաշտպանությունը (գերմաներեն), որը նվիրված էր ձիերի աչքի արտազատման ուսումնասիրման մեթոդներին, տեղի է ունեցել 1918 թվականի հուլիսի 27-ին Լայպցիգի համալսարանում[10]։ Ագնես Շյոբերգը դարձավ Եվրոպայում անասնաբուժության բնագավառում դոկտորական ատենախոսություն պաշտպանած առաջին կինը (ըստ որոշ աղբյուրների, աշխարհում առաջինը)[4]։

Գերմանիայում ապրելու տարիներին նա հազիվ էր ծայրը ծայրին հասցնում և երբեմն էլ հատկապես պատերազմի ժամանակ, նա ստիպված էր սոված մնալ[5], ընդ որում 1914 թվականի ամռանից մինչև 1918 թվականի ամառ նա կապեր չի ունեցել հարազատների հետ[7]։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնես Շյոբերգն աշխատելիս: Լուսանկարը` 1920-ական թվականներ
Ագնես Շյոբերգն աշխատելիս: Լուսանկարը` 1920-ական թվականներ

1918 թվականի աշնանը նա վերադարձավ Կաուհայոկի և հաջողվեց ձեռք բերել համայնքային անասնաբույժի պաշտոնը Սոմերոյում (Վարսինայս-Սուոմի)։ Աշխատանքի առաջին իսկ օրվանից նա բազմաթիվ խնդիրներ է ունեցել տեղական անասնաբույժների հետ արժանանալով նրանց թշնամական վերաբերմունքին, սեռի հետ կապված, տեղի անասնաբուժական ասոցիացիայում նրան զրկել էին ձայնի իրավունքից։ Այնուամենայնիվ, նա մասնագիտական հմտությունների պատճառով խնդիրներ չի ունեցել հաճախորդների հետ, մանավանդ, որ 1920 թվականի ամռանը հնարավորություն ունեցավ անասնաբուժական ծառայություններ տրամադրել շատ ավելի արագ, քան մյուս մասնագետները ։ Նա սկսեց հաճախորդների կանչերին մեկնել իր մեքենայով, այդ ժամանակ Ֆինլանդիայում ընդամենը երկու հարյուր մեքենա կար։

1920 թվականին նա սկսեց աշխատել որպես համայնքային անասնաբույժ Ներպեսում (Օստրոբոթնիա), որը գտնվում էր իր հայրենի Կաուհայոկիի կողքին։ Այստեղ Շյոբերգը նորից բախվեց կենդանիների տերերի կողմնակալ և կասկածելի վերաբերմունքին։ Այնուամենայնիվ, նա արագորեն կարողացավ հաղթահարել դա՝ 1921 թվականին իրականացնելով ձիերի արհեստական սերմնավորում, մի գործընթաց, որն անծանոթ էր տեղի անասնաբույժներին[4]։

Կաուհայոկի, ընդունելություն Շյոբերի մոտ
ապրիլի 30, 1928

Այնուամենայնիվ, նա ավելին էր ուզում, ուստի 1923 թվականին նա թողեց ծառայությունը և ուսման մեկնեց Անգլիա, այնուհետև ԱՄՆ (այդ թվում Կորնելի համալսարան)։ Վերադառնալուն պես նա դիմեց Հանովերի համալսարան կրթաթոշակ ստանալու համար և դրական պատասխան ստանալով՝ 1924 թվականի ապրիլին մեկնեց Գերմանիա, իսկ մի քանի ամիս անց տեղափոխվեց Վիեննա, որտեղ մեկ ու կես տարի զբաղվեց անասնաբուժական մակաբուծաբանության բնագավառի հետազոտություններով[4][10]։ Նրա աշխատանքի արդյունքը դարձավ խոշոր եղջերավոր անասունների աղեստամոքսային տրակտում նեմատոդների վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների հրապարակումը[11], մասնավորապես, նա նկարագրել է մակաբուծական նեմատոդների նոր տեսակներ Ostertagia lyrata–ն (որը ժամանակակից աղբյուրներում կոչվում է Sjöbergia lyrata՝ այս տեսակը առանձնացնելով, որպես հատուկ սեռ Sjöbergia, ի պատիվ նրա)[9]։

1926 թվականի վերջում Շյոբերգը վերադարձավ հայրենի Կաուհայոկի և որոշեց ստեղծել խոշոր գյուղատնտեսական անասնաբուժական կլինիկա, բայց պարզվեց, որ դա բավականին դժվար գործ է։ Նրա աշխատանքը մեծ հետաքրքրություն առաջացրեց Եվրոպայում, բայց Ֆինլանդիայում ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա հետազոտություններին։ 1928 թվականին նա ամուսնացավ, հաջորդ տարի նա երկվորյակներ ունեցավ, մինչդեռ նա շարունակում էր աշխատել որպես անասնաբույժ` նախ Կաուհայոկիում, իսկ 1932 թվականից` Կուրիկկայում։ 1935 թվականին նա զբաղեցրեց մսի որակի վերահսկման տեսուչի պաշտոնը Իլմայոկիում[4]։

1938-1955 թվականներին նա կազմակերպել է իր սեփական անասնաբուժական գոծունեությունը Սեյնայոկիում[5][10], ընդ որում նրա վրա շարունակում էին հարձակվել իր ծառայակից անասնաբույժները, որի արդյունքում նա ստիպված եղավ լքել անասնաբուժական ասոցիացիան։ 1955 թվականին նա վաճառեց իր կլինիկան, բայց համարյա մինչև կյանքի վերջը նա շարունակում էր զբաղվել խորհրդատվական գործունեությամբ[4]։

Ագնես Շյոբերգը 1930-ական կամ 1940-ական թվականներին

Ինչպես նշվում է Ֆիննական գրական ընկերության կողմից 2001 թվականին հրապարակած Ագնես Շյոբերգի կենսագրության մեջ, նրա կյանքը ցույց է տալիս, թե որքան դանդաղ էր ընթանում գործընթացը գենդերային հավասարության ոլորտում և որքան ուժեղ և համառ պետք է լինի կինը, որքան տաղանդավոր պետք է լինի նա, որպեսզի կարողանա պրոֆեսիոնալ աշխատել մի բնագավառում, որտեղ ավանդաբար գործունեություն են ծավալել տղամարդիկ։ Ֆինլանդիայի երկրորդ կին ներկայացուցիչը (Այրի Յասկելյայնեն) անասնաբուժության դոկտոր է դարձել Շյոբերգից ընդամենը տաս տարի անց, իսկ անասնաբուժության բնագավառում առաջին կին պրոֆեսորը (Տերտտու Կատիլա), հայտնվեց միայն 1985 թվականին[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1928 թվականին Ագնեսը ամուսնացավ գյուղատնտես Վեյկկո Կլաավուի (Veikko Klaavu) հետ, 1929 թվականին նրանք ունեցան երկու որդի, որոնց կոչեցին Վեյկկո և Սեպպո։ 1935 թվականին նրանք ամուսնալուծվեցին, Ագնեսը վերականգնեց իր օրիորդական ազգանունը[4], իսկ երեխաները ամուսնալուծությունից հետո մնացին նրա հետ[6]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյոբերգը շուրջ քսան գիտական հոդվածների հեղինակ է[4]։

[нем.]. — Dresden : Franke, 1918. — 62 S. — Клинические и химические микроскопические исследования глазной секреции лошадей (диссертация).

[нем.]. — Wien und Leipzig : Wilhelm Braumüller, 1926. — 57 S. — (Sonderabdruck aus der Wiener tierärztlichen Monatsschrift, 13). — Нематоды в пищеварительном тракте крупного рогатого скота: диагностика, клинико-патологическая симптоматика и терапия.

[фин.]. — Seinäjoki, 1964. — 162 s. — Автобиография Агнес Шёберг.

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Հելսինկիում Ագնես Շյոբերգի պատվին անվանակոչվեց Agnes Sjöbergin katu փողոցը (Agnes Sjöbergin Katu 2 հասցեում է գտնվում Հելսինկյան համալսարանի անասնաբուժության ֆակուլտետը)։ Նրա անունով է կոչվում մեկ այլ փողոց Կաուհայոկիում - Sööpärintie (նրա անուն ազգանունը գրված է ֆիննական ձևով)։ 1955 թվականից ի վեր, Կաուհայոկիի տեղական թանգարանում գործում է Շյոբերգին նվիրված ցուցադրություն[4]։

2018 թվականի ապրիլի 3-ին Հելսինկիի համալսարանում բացվեց ցուցահանդես՝ նվիրված Ֆինլանդական անասնաբուժության երկու ռահվիրաններին՝ Ագնես Շյոբերգին և Վալտեր Էրստրյոմին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[անգլ.] : [арх. 24 Դեկտեմբերի 2012]. — Luxembourg : European Commission, 2009. — P. 126—129. — 169 p. — ISBN 978-92-79-11486-1. — doi:10.2777/41595.

[швед.] : [арх. 12 Հունիսի 2017]. — Ekonomisk-historiska inst., Stockholms univ., 2005. — 54 s.

[фин.] : [арх. 26 Մարտի 2018]. — Oulu : Oulun yliopisto, 2013. — 281 s. — (Acta Universitatis Ouluensis. B, Humaniora 108). — Докторская диссертация. — ISBN 978-952-62-0039-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[фин.] // Tiedenaisia-näyttely. — Helsingin yliopisto & Kristiina-instituutti, 2000. — Дата обращения: 13.03.2018. (Онлайн-выставка «Женщины в процессе познания». См. также английскую версию этой статьи.)

[фин.] // Naisten Ääni -tietokanta. — Suomalainen Naisliitto ry, 2016. — 6 marraskuun. — Дата обращения: 27.01.2018.

[фин.] // Kansallisbiografia-verkkojulkaisu. Studia Biographica 4. — Helsinki : Suomalaisen Kirjallisuuden Seura, 2001. — 24 syyskuun. — Дата обращения: 08.03.2018. — ISSN 1799-4349.

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես Շյոբերգ» հոդվածին։