Ту-134 ինքնաթիռի առևանգման փորձ (1983)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տու-134 ինքնաթիռի առևանգման փորձ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Գրոհի վայրԹբիլիսի
Գրոհի նպատակԽՍՀՄ-ից փախուստ
Տարեթիվնոյեմբերի 18-նոյեմբերի 19, 1983 թվական
Զենքատրճանակներ, ձեռքի նռնակներ
ԿազմակերպիչներԹեյմուրազ Չիխլաձե
Պատանդներ57

Տու-134 ինքնաթիռի առևանգման փորձ, զինված հարձակում, որն իրականացվել է 1983 թվականի նոյեմբերի 18-19-ը Խորհրդային Վրաստանի Թբիլիսի քաղաքում։ Հարձակում իրագործած անձինք, ԽՍՀՄ-ից փախչելու նպատակով, պլանավորում էին առևանգել խորհրային «Աէրոֆլոտ» ավիաընկերության Տու-134А ինքնաթիռը, որն իրականացնում էր Թբիլիսի-Բաթում-Կիև-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ թիվ SU-6833 թռիչքը։

Ինքնաթիռի անձնակազմի կողմից ցուցաբերված դիմադրության պատճառով ինքնաթիռն իջեցվել է Թբիլիսիի օդանավակայանում։ Հաջորդ օրը ԽՍՀՄ ՊԱԿ «A» խումբը գրոհով վերցրեց ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող 57 մարդկանցից (50 ուղևոր և անձնակազմի 7 անդամ) զոհվեց 5-ը։ Եվս 10-ն էլ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Իրադարձությունների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակմանը նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես պարզել է քննությունը, ինքնաթիռի վրա հարձակման ու փախուստի գաղափարական ոգեշնչողը եղել է Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա Թեյմուրազ Չիխլաձեն։ Հենց նա է իր եկեղեցի այցելած վրացական ոսկե երիտասարդության ներկայացուցիչների խմբին ոգեշնչել փախչել Արևմուտք։

Նախնական պլանով՝ ինքնաթիռ ատրճանականերն ու նռնակները պետք է իր սքեմի տակ թաքցրած անցկացներ Չիխլաձեն, սակայն նա հանկարծակի եկեղեցական գծով հնարավորություն առաջացած մեկնելու արտասահման, այդ իսկ պատճառով հոգևորականը ձգձգում էր ինքնաթիռի առևանգման վերաբերյալ վերջնական որոշման ընդունումը։ Դա է պատճառը, որ առևանգման փորձի օրը հարձակում գործած անձինք իրենց հետ չէին վերցրել հոգևորականին[1]։

Հարձակում գործած խումբը բաղկացած էր 7 անձանցից[1][2].

Խմբի անդամների մեծ մասը եղել են ապահովված ընտանիքների անդամներ, իսկ նրանց ծնողները հասարակության մեջ ունեին որոշակի հեղինակություն։ Նրանցից մի քանիսը զբոսաշրջային ուղեգրերով նախկինում եղել էին ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ռուսական աղբյուրները, սակայն, խմբի անդամներին որակում են որպես «ահաբեկիչներ»՝ պնդելով, թե «նրանց ղում էր փառքի ծարավը և արտերկրում որպես խորհրդային ռեժիմի դեմ գաղափարական մարտիկներ դիմավորվելու ցանկությունը»։ Դատարանում նրանցից մեկը հայտարարել էր.

Այ երբ հայր ու որդի Բրազինսկասները աղմուկով, կրակոցներով մեկնեցին, սպանեցին բորտուղեկցորդուհի Նադյա Կուրչենկոյին, ահա այդպես նրանց այնտեղ դիմավորեցին պատվավոր ակադեմիկոսները<...>, Թուրքիայից ԱՄՆ ուղարկեցին։ Ինչո՞վ ենք մենք ավելի վատը[2]։

Օգտվելով «Վրացֆիլմ» կինոստուդիայում իր կապերից՝ խմբի անդամները փակ ցուցադրությամբ դիտել են ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի պատվերով դեպքերից որոշ ժամանակ առաջ նկարահանված «Նաբատ» ուսումնական ֆիլմը։ Արդյունքում շատ գործողություններ նրանք կրկնում էին հենց այդ ֆիլմից[2]։

1983 թվականի նոյեմբերի 17-ին Գեգա Կոբախիձեն և Թինաթին Պետվիաշվիլին ամուսնացան։ Հյուրերի թվում հրավիրված էր նաև նրանց պատահական ծանոթներից մեկը՝ Աննա Վարսիմաշվիլին, որն աշխատում էր Թբիլիսիի օդանավակայանի միջազգային թռիչքների բաժնում։ Օգտվելով նրա օգնությունից՝ խմբի նադմաները հնարավորություն ունեցած ռանց ստուգման ինքնաթիռ տեղափոխել իրենց զենքերը։ Նրանց մոտ կար «ТТ» տեսակի 2 ատրճանակ, նագան տեսակի 2 ատրճանակ և ձեռքի 2 նռնակ։ Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ նռնակները ուսումնական են եղել՝ դրանց մեջ տեղադրված մարտական լիցքերով, ինչի մասին խմբի անդամները տեղյակ չէին եղել։

Թբիլիսիից թռիչք[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի նոյեմբերի 18-ին Կոբախիձեն, Պետվիաշվիլին, Միկաբերիձեն և Ծերեթելին, նորապսակների ու նրանց հյուրերի տեսքով, ժամանում են Թբիլիսի օդանավակայան։ Նրանք ձևացնում էին, թե իբր մեկնում էին Բաթում ամուսնական ճանապարհորդության։ Խմբի 7 անդամներից զատ, նրանց հետ մեկնում էին նաև նրանց ծանոթները՝ Աննա Մելիվան և Եվգենյա Շալուտաշվիլին, որոնք տեղյակ չէին այցի իրական նպատակների մասին։ Ինչպես և հաշվարկվել էր, Վարսիմաշվիլին, առանց հատուկ հսկողության և ստուգման, նրանց թույլատրում է անցնել նստեցման։ Տաբիձեն ու Իվերիելի եղբայրները մյուս ուղևորների հետ միասին անցնում են ընդհանուր սրահ[1]։

Նույն օրը ցերեկային թռիչքով Բաթում պետք է մեկներ նաև Յակ-40 օդանավը, որի տախտակամածին էլ ցանկանում էին հայտնվել խմբի անդամները։ Սակայն այս ուղղությամբ մեկնող ուղևորների ուղևորահոսքի կրճատման պատճառով թռիչքի ուղևորներին նստեցրեցին «Աէրոֆլոտ» ավիաընկերության SU-6833 թռիչքն իրականացնող օդանավը, որը Թբիլիսիից պետք է մեկներ Սանկտ Պետերբուրգ՝ ճանապարհին կանգառներ ունենալով Բաթումում ու Կիևում[3]։

Ժամը 15:43-ին ինքնաթիռը մեկնում է Թբիլիսիի օդանավակայանից։

Ինքնաթիռի անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տու-134А ինքնաթիռը (գրանցման համարը՝ СССР-65807, գործարանային համարը՝ 3352108, սերիական համարը՝ 21-08) թողարկվել էր 1973 թվականի դեկտեմբերի 17-ին Խարկովի ավիացիոն գործարանում։ 1974 թվականի փետրվարի 8-ին փոխանցվել էր «Աէրոֆլոտ» ավիաընկերությանը։ Ուներ Պերմի շարժիչային գործարանի արտադրության Д-30 տեսակի երկու տուրբոռեակտիվ շարժիչներ։ Հարձակման օրն ինքնաթիռն իրականացրել էր «թռիչք-վայրէջքի» 10 506 ցիկլ և թռել 13 273 ժամ[4]։

SU-6833 թռիչքի անձնակազմը եղել է հետևյալ կազմով.

  • Օդանավի հրամանատար — 40-ամյա Ախմատգեր Գարդապխաձե,
  • Երկրորդ օդաչու — Ստանիսլավ Գաբարաև,
  • Ղեկապետ՝ — 29-ամյա Վլադիմիր Գասոյան,
  • Բորտմեխանիկ՝ Անզոր Չեդիա,
  • Ստուգող՝ Զալեն Շերբաթյան։ Վրացական քաղաքացիական ավիացիայի վարչության Թռիչք-նավիգացիոն բաժնի պետի տեղակալ։

Ինքնաթիռի սրահում աշխատում էին երկու բորտուղեկցորդուհիներ.

  • Վալենտինա Կրուտիկովա,
  • Իրինա Խիմիչ

Ինքնաթիռի առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 16:00-ից հետո 6833 թռիչքը պետք է իջեցում կատարեր Բաթումում վայրէջքի համար։ Այդ պահը խմբի անդամներն ընտրել էին որպես խորհրդա-թուրքական սահմանին ամենամոտ լինելու կետ։ Սակայն ուժեղ կողային քամու պատճառով ավիադիսպետչերը անձնակազմին հրաման տվեց վերադառնալ Թբիլիսի, ինչի մասին խմբի անդամները չգիտեին[3]։

Ժամը 16:13-ին խմբի անդամները սկսեցին ինքնաթիռի գրավման գործընթացը։ Ծերեթելին, Տաբիձեն և Կախա Իվերիելին պատանդ վերցրեցին բորտուղեկցորդուհի Կրուտիկովային և շարժվում էին դեպի օդաչուների սենյակի կողմ։ Խմբի մյուս անդամները, կարծելով թե ուղևորներից ոմանք փորձում են խանգարել իրենց, կրակ բացեցին, ինչի հետևանքով զոհվեցին ուղևոր Ա. Սոլոմոնիան և ծանր վիրավորվեցին ևս երկուսը՝ Ա. Պլոտկոն, որը Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկապետ էր ու մեկնում էր արձակուրդի, ինչպես նաև Ա. Գվալիան։ Ռուսական աղբյուրները գրում էին, որ նրանք կապ չեն ունեցել իրավապահ մարմինների հետ[1]։

Ստիպելով բորտուղեկցորդուհի Կրուտիկովային օդաչուներին խնդրել բացել դուռը՝ խմբի անդամները մտել են սրահ ու օդաչուներին ստիպել փոխել թռիչքի ուղղությունն ու թռչել Թուրքիա։ Անձնակազմի մերժմանն ի պատասխան Տաբաիձեն կրակ բացեց, սպանեց բորտմեխանիկին ու ծանր վիրավորեց ստուգողին։ Ղեկապետը, օգտվելով այն հանգամանքից, որ խմբի անդամներն իրեն չեն նկատել, ատրճանակից կրակ են բացում, ինչի հետևանքով Տաբաիձեն զոհվում է, իսկ Ծերեթելին ծանր վիրավորվում[3]։ Խմբի մյուս անդամները հեռանում են ու այդ պահին օդանավի հրամանատարը ևս ատրճանակից կրակ է բացում, ինչի հետևանքով վիրավորվում են Իվերիելի եղբայրները։ Օդանավը վարող երկրորդ օդաչուն (նա և օդանավի հրամանատարը ևս վիրավորվել էին փոխհրաձգության ժամանակ) սկսեց օդում կտրուկ շարժումներ իրականացնեկ, որպեսզի հարձակում գործած խմբի անդամները չկարողանան կանգնել։ Արդյունքում օդանավի կմախքի ու կրող կոնստրուկցիաների ծանրաբեռնվածությունը երեք անգամ գերազանցեց թույլատրելի սահմանը, իսկ ծանրաբեռնվածությունը հասել էր համապատասխանաբար +3,15 և -0,6 գ-ի[4]։ Ինքնաթիռը սական չվնասվեց։

Օգտվելով դրանից՝ ղեկապետը կարողացավ վիրավոր ստուգողին տանել դեպի օդաչուների սրահ, իսկ բորտուղեկցորդուհի Կրուտիկովան, մի կողմ քաշելով Տաբաիձեի մարմինը, օգնեց փակել օդաչուների սրահի դուռը։ Օդանավի հրամանատարն տագնապի ազդանշան ուղարկեց երկիր և սկսեց Թբիլիսի վերադարձը։ Մի քանի կրակ արձակելով օդաչուների սրահի դռան ուղղությամբ՝ նրանք սպանեցին ուղևոր Աբոյանին, ևս 5 ուղևոր էլ վիրավորվեց (իրենց ծանոթներ Մելիվան և Շալուտաշվիլին, Ի. Կիլաձեն, Ի. Ինաիշվիլին ու Ի. Կունդարենկոն)[1]։ Ներքին կապով նրանք ևս մեկ անգամ պահանջեցին շարժվել դեպի սահման։ Սակայն, օգտվելով վատ եղանակից ու մոտեցող մթնշաղից, ժամը 17:20-ին ինքնաթիռի անձնակազմը կարողացավ Թբիլիսիի օդանավակայանում իջեցնել առևանգված ինքնաթիռը[3]։ Ավելին, բորտուղեկցորդուհի Խիմիչը վայրէջքից հետո կարողացավ բացել ինքնաթիռի վթարային դտնեցին մեկն ու թռչել թռիչքուղու վրա։ Նրան օգնող բորտուղեկցորդուհի Կրուտիկովան չհասցրեց թռչել ու սպանվեց Միկաբերիձեի կողմից։ Վերջինս, տեսնելով, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ԽՍՀՄ տարածքում, այլ ոչ թե արտասահմանում, ինքնասպան եղավ[2]։

Թբիլիսիի օդանավակայանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի նոյեմբերի 18-ին, երբ ինքնաթիռը դեռ Թբիլիսիի ճանապարհին էր, օդանավակայան ուղարկվեց ԽՍՀՄ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության օպերատիվ խումբը, որի կազմում կար 9 մարդ (Կ. Մաշնին, Ն. Դաբախիշվիլի, Վ. Գեգեչկորի, Մ. Ջափարիձե, Է. Էլիզբարաշվիլի, Ն. Լավրենտավշիլի, Վ. Սայգանով, Տ. Օկրոսցվարիձե և Տ. Կարսիձե)։ Թբիլիսիի օդանավակայանի արևմտյան թևի վայրէջքի հատվածը շրջափակվել էր զինվորականների կողմից։ Բորտուղեկցորդուհիներ Իրինա Խիմիչի ու Վալենտինա Կրուտիկովայի փախուստի փորձի ու Միկաբերիձեի ինքնասպանության ժամանակ ինքնաթիռում գտնվղ ուղևորներից մեկը՝ երիտասարդ զինվորականը ցատկեց դեպի թռիչքուղի ու փորձում էր փախչել ինքնաթիռից։ Կարծելով, թե նա հարձակում գործած խմբի անդամներից մեկն, զինվորականները կրակ բացեցին վերջինիս ուղղությամբ՝ կարծելով, թե նա փորձում է փախչել։ Ընդորում, փամփուշտների մի մասը կպան ինքնաթիռի կմախքին։ Անձնակազմը ռադիոկապով փորձեց կանգնեցնել կրակը, սակայն կրակոցների պատճառով վնասվել էր ռադիոկայանն ու վիրավորվել էր ստաժորներից մեկը։ Ողջ մնացած անձնակազմի անդամները ավիադիսպետչերի ցուցումով վթարային փրկարարական միջոցների օգնությամբ լքեցին օդաչուների սրահը, իսկ վիրավոր ստուգող Զավեն Շարբաթյանը չկարողացավ անցնել լուսամուտի միջով, մնաց ինքնաթիռում ու մահացավ մի քանի ժամ անց։

Հարձակում գործած անձանց հետ բանակցությունների պատասխանատվությունը ստանձնեց Վրաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Կաձանայան։ Խմբի անդամները կրկնում էին իրենց պահանջը. ավիավառելիք ու դեպի Թուրքիա անարգել թռիչք, հակառակ պարագայում սպառնում էին պայթեցնել ինքնաթիռը։ Բանակցություների ընթացքում պատանդին, որը պետք է փոխանցեր խմբի պահանջները, հաջողվեց փախչել, ընդ որում ճանապարհին նա կոտրեց ոտքը[3]։

Թբիլիսիի օդանավակայան էին ժամանել նաև Վրաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Էդուարդ Շևարդնաձեն, ՊԱԿ նախագահ Ալեքսեյ Ինաուրին, ներքին գործերի նախարար Գուրամ Գվետաձեն և հանրապետության գլխավոր դատախազը։ Վրաստանի ԽՍՀ ներքին գործերի նախարարության ղեկավարության հանձնարարությամբ ջրի, սննդի, դեղորայքի տրամադրման և պատանդներին ազատ արձակման առաջարկների վերաբերյալ միջնորդական բանակցությունները վարում էր օպերլիազոր Ն. Լավրենտաշվիլին։ Օդանավակայան էին բերել նաև խմբի անդամների ծնողներին, որպեսզի վերջիններս համոզեն նրանց վայր դնել զենքերը՝ հետագա արյունահեղությունից խուսափելու համար։ Հարձակում գործած խմբի անդամները չէին ցանկանում լսել նրանց՝ ռադիոկապով հաղորդելով, որ եթե նրանք մոտենան, ապա ինքնաթիռը պայթեցվելու է։ Բացի այդ, նրանք սպառնում էին, որ պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար կսպանեն երեք պատանդի[1]։ ԽՍՀՄ ՆԳՆ քրեական հետախուզության վարչության օպերատիվ խումբը, որը գտնվում էր առևանգված ինքնաթիռի պոչից 20 մետր հեռավորության վրա՝ «РАФ» տեսակի միկրոավտոբուսում, Վրաստանի ՆԳՆ փոխնախարար, գեներալ Վ. Շադուրիից հրաման ստացավ ինքնաթիռի գրավման նախապատրաստության և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, սակայն մոտ կես ժամ անց հրամանը չեղարկվեց, քանի որ Թբիլիսի էր ժամանել ԽՍՀՄ ՊԱԿ «A» խմբի հատուկ թռիչքը՝ խմբի հրամանատար, գեներալ-մայոր Գենադի Զայցևի գլխավորությամբ։ Ինքնաթիռի գրոհի անմիջական ղեկավարումը դրվեց մայոր Միխայիլ Գոլովատովի վրա։ Վարժանքների համար գրոհային խմբի անդամներին հատկացվեց համանման Տու-134 ինքնաթիռ։

Տեխնիկական սպասարկման պատրվակով օդանավից հանվեց վառելիքը, կատարվեցին գրոհի նախապատրաստական աշխատանքներ ու անջատվեց ինքնաթիռի շուրջ լուսավորությունը։ Գրոհային խմբերը ելման դիրքեր զբաղեցրեցին օդաչուների խցիկում ու թեւերի հարթություններում[3]։ Գրոհային խմբերը ղեկավարում էին Գոլովատովն ու Զայցևը[5]։

Նոյեմբերի 19-ին, ժամը 06:55-ին հատուկ ջոկատայինները, օդաչուների խցիկով և թևերի հարթություններով երեք խմբերով ներթափանցելով ինքնաթիռ, սկսեցին գրոհը։ Ինքնաթիռը պատանդառած խումբն այդպես էլ չկարողացավ օգտագործել իր մոտ առկա նռնակները, որոնք մարտական չէին։ Հարձակում գործած անձանց վնասազերծման գործողությունը տևեց 8 րոպե (մեկ այլ տվյալներով՝ 4), որևէ մեկը չտուժեց[2]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առևանգման անհաջողի փորձի հետևանքով զոհվեց 7 մարդ. անձնակազմի 3 անդամ (բորտմեխանիկ Չեդիան, ստուգող Շարբաթյանը և բորտուղեկցորդուհի Կրուտիկովան), 2 ուղևոր և խմբի 2 անդամ (Տաբաիձեն ու Միկաբերիձեն)։ Վիրավորվել է 12 մարդ, այդ թվում անձնակազմի 3 անդամ (օդանավի հրամանատար Գարդապխաձեն, երկրորդ օդաչու Գաբարաևը ու բորտուղեկցորդուհի Խիմիչը), 7 ուղևոր և խմբի 2 անդամ (Իվերիելի եղբայրները)։
  • Ստանալով ավելի ծանր մարմնական վնասվածքներ՝ բորտուղեկցորդուհի Իրինա Խիմիչն ու ղեկապետ-ուղևոր Ա. Պլոտկոն հաշմանդամ դարձան։
  • СССР-65807 կոդով Տու-134А ինքնաթիռը ստացավ կրիտիկական վնասվածքներ և 1984 թվականի հունվարի 23-ին դուրս գրվեց ու վերածվեց մետաղաջարդոնի։
  • Անձնակազմի հրամանատար Ախմատգերի Գարդապխաձեին և ղեկապետ Վլադիմիր Գասոյանին շնորհվեց ԽՍՀՄ հերոսի կոչում, իսկ անձնակազմի մյուս անդամները ստացան պետական մրցանակներ։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքննությունը շարունակվեց շուրջ 9 ամիս։ Այդ ընթացքում խմբի առաջնորդ Իոսիֆ Ծերեթելին չպարզված հանգամանքներում մահացավ քննչական մեկուսարանում։

1984 թվականի օգոստոսին Վրաստանի ԽՍՀ գերագույն դատարանը Թեյմուրազ Չիխլաձեին, Կախա և Պաատա Իվերիելիին ու Գեգա Կոբախիձեին դատապարտեց մահապատժի։ Թինաթին Պետվիաշվիլին դատապարտվեց 14 տարվա ազատազրկման, իսկ Աննա Վարսիմաշվիլին, որը մեղավոր էր ճանաչվել հարձակում գործած անձանց հետ պայմանավորվածության մեջ, դատապարտվեց 3 տարվա պայմանական ազատազրկման[1]։ Վրաստանի ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությունը մերժեց ներման մասին պատժի բացառիկ միջոցի կիրառման վերաբերյալ դատապարտվածների խնդրանքը, իսկ մահապատժի վերաբերյալ դատավճիռն ի կատար ածվեց 1984 թվականի հոկտեմբերի 3-ին։

Էդուարդ Շևարդնաձեն մեղադրվում էր բանակցությունների տապալման մեջ և նրանում, որ հարձակում գործած անձանց համար պահանջում էր մահապատիժ, որպեսզի խորհրդային ղեկավարության շրջանում ամրապնդի իր դիրքերն ու համոզի, որ վրացական ղեկավարությունը կապ չի ունեցել դեպքերի հետ[6]։

Անկախ Վրաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանի անկախության վերականգնումից հետո ձեռնարկվել են փորձեր խմբի անդամների գործողությունները արդարացնելու ուղղությամբ՝ դա որակելով որպես խորհրդային ռեժիմի դեմ պայքար[6]։ 1990-ական թվականների սկզբին քրեական գործի նյութերն այրվել էին մյուս փաստաթղթերի հետ միասին։ Հրդեհը տեղի էր ունեցել ՊԱԿ-ի Թբիլիսիի տեղական բաժնի արխիվում[1]։

Թբիլիսիի ավիաավանում վնասվել է օդաչուներ Շարբաթյանի ու Չեդիայի, ինչպես նաև բորտուղեկցորդուհի Կրուտիկովայի ազգանուններով հուշաքարը[3]։

1991 թվականին Թինաթին Պետվիաշվիլին համաներմամբ ազատ արձակվեց Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հրամանով ու ժամկետից շուտ դուրս եկավ ազատության մեջ։

Մշակութային ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ту-134АК ինքնաթիռը, որն օգտագործվել է 2017 թվականին նկարահանված «Պատանդներ» ֆիլմում:
  • Առևանգման փորձից ոչ շատ առաջ Գեգա Կոբախիձեն որպես դերասան մասնակցել է «Զղջում» ֆիլմի նկարահանմանը։ Նրա մասնակցությամբ տեսարանները վերանկարահանվել են դերասան Մերաբ Նինիձե մասնակցությամբ։
  • 2001 թվականին Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոնում ցանկանում էին բեմադրել առևանգման մոտիվներով ներկայացում։ Սակայն բեմադրումն այդպես էլ չկայացավ։ Որոշ աղբյուրներ դա կապում են այդ ժամանակվա նախագահ Շևարդնաձեի դիրքորոշման հետ։ «Ջինսի սերունդ կամ ուշացած Ռեքվիեմ» անվանումն ստացած ներկայացումը արդյունքում բեմադրվել է Թբիլիսիի ազատության թատրոնում (մասնավոր թատրոն) և մեծ հեղինակություն վայելել Վրաստանում[7]։
  • 2003 թվականին վրացի ռեժիսոր Զազա Ռուսաձեն նկարահանեց «Ավազակները» (վրաց.՝ თვითმფრინავის ბიჭების საქმე) վավերագրական ֆիլմը, որը հիմնված գրավման փորձի դեպքերի վրա[8]։ Նկարահանումների համար կիրառվել է վրացական Transair Georgia ավիաընկերության Ту-134АК ինքնաթիռը[9]։
  • Գրող Դաթո Տուրաշվիլին գրել է «Ջինսի սերունդը» վեպը[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Сергей Турченко. Кровавый рейс № 6833 Արխիվացված 2018-06-23 Wayback Machine // "Труд" от 2 августа 2000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Игорь Атаманенко. Кровавая свадьба Արխիվացված 2012-10-28 Wayback Machine // "Совершенно секретно", № 6 (122) от 1 июня 1999
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Захват в Тбилиси». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 «CCCP-65807 — russianplanes.net — Карточка борта». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Знаковые операции Группы «А» КГБ-ФСБ Արխիվացված 2012-10-28 Wayback Machine / сайт Ассоциации ветеранов подразделения антитеррора «Альфа»
  6. 6,0 6,1 «Герой Советского Союза Гасоян Владимир Бадоевич :: Герои страны». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. ქართული თეატრის ენციკლოპედია — ჯინსების თაობა Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (վրաց.)
  8. «Banditen Ein Film von Zaza Rusadze (de)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  9. «LZ-ACS — russianplanes.net — Карточка борта». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. თვითმფრინავის ბიჭები(չաշխատող հղում) (վրաց.)