Քրիստինե Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Քրիստինե Սահակյան
ԵրկիրՀայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Քրիստինե Սահակյան, հայ օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 5-ին Երևան քաղաքում։ Երևանի Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգչախմբային ընկերությունում ստացել է նախնական երաժշտական կրթություն։ 1990-1999 թվականներն ընկած ժամանակահատվածում սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժնում, իսկ դրանից հետո ընդունվել է ասպիրանտուրա, որտեղ նրա դասախոսը եղել է Գոհար Գասպարյանը[1]։ 1998 թվականին կայացած մենահամերգից հետո՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության կողմից հրավեր է ստացել՝ Փառանձամի դերերգով Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում հանդես գալու համար։ 1998 թվականից սկսած հանդես է գալիս Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես առաջատար մեներգչուհի։ Իր մասնակցությունն է ունեցել Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ», Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Տրավիատա», Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» և մի շարք օպերային ներկայացումների առաջնախաղերի ժամանակ։ Դերերգով հանդես է եկել Չուխաճյանի «Արշակ Բ» (Փառանձեմ), Սպենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ), Վերդիի «Աիդա» (Ամներիս), «Տրուբադուր» (Ազուչենա), Բելլինիի «Նորմա» (Ադալջիզա), Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Սանտուցցա) և այլ օպերային ներկայացումներում։ Երգացանկում ներառվում է բազմաթիվ համերգային աշխատանքներ՝ Մոցարտի «Ռեքվիեմ», Վերդիի «Ռեքվիեմ», Դվորժակի «Ռեքվիեմ», Պերգոլեզիի «Stabat Mater», Ռոսսինիի «Stabat Mater», Բախի «Մատթեոսի չարչարանքները»։ Երգչուհին ելույթներ է ունեցել Ռուսաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիբանանում, Հունաստանում և մասնակցել է մի շարք հեղինակավոր փառատոների։ Պետական նշանակության համերգային բազմաթիվ ծրագրերում ունեցել է իր մասնակցությունը։ 2013 թվականին Աստանայում կայացած ԱՊՀ երկրների նախագահների գագաթնաժողովի ժամանակ ներկայացրել է Հայաստանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Մոսկվայի Երաժշտության միջազգային տան Սվետլանովյան դահլիճում, Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան մեծ ֆիլհարմոնիայի դահլիճում, երևանյան «Սպիվակովը հրավիրում է...» խորագրով փառատոնում մասնակցել է մի շարք համերգների՝ «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո։ Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, պետական երիտասարդական, պետական կամերային «Սերենադ», պետական կամերային նվագախմբերի հետ ունեցել է մի շարք ելույթներ, որտեղ հանդես է եկել որպես մեներգչուհի։ Ունեցել է բազմաթիվ ելույթներ հանրահայտ դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը, Կոնստանտին Օրբելյանը, Յուրի Կոչնևը, Լիոր Շամբադալը, Վահան Մարտիրոսյանը, Յարեմա Սկիբինսկին, Օհան Դուրյանը, Բայրոն Ֆիդետցիսը, Կարեն Դուրգարյանը, Սերգեյ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը։ 2002 թվականից որպես դասախոս աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2015 թվականին ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.opera.am/am/artists/opera_company/149(չաշխատող հղում)
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.