Տնտեսական դիվանագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տնտեսական դիվանագիտության ժամանակակից առաքելությունը կոչված է ստեղծել բարենպաստ պայմաններ հայրենական ապրանքների տարածման համար դեպի արտաքին շուկաներ, պաշտպանել երկրի տնտեսական շահերը նրա սահմաններից դուրս, նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, նպաստել նրա մրցունակության բարձացմանը աշխարհում, ապահովել նրա անվտանգությունը։

Ժամանակակից ֆունկցիաներով այն ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից՝ 1945-ից հետո։ Նախկինում տնտեսական դիվանագիտությունը ուղղակիորեն առևտրական դիվանագիտություն էր։ Մինչև վերջին ժամանակներս առևտուրը միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական մասն էր, հատկապես այն երկրների համար, որոնք կախված էին առևտրից և ծովագնացությունից։

Տնտեսական դիվանագիտության զարգացման վրա կարևոր շրջան էր առաջին աշխարհամարտից հետո ընկած շրջանը, երբ այն ընդարձակեց իր սահմանները՝ ստիպելով դիվանագետներին մշակել ավելի նուրբ մեթոդներ դրա իրականացման համար։ Բայց միայն 1945-ից հետո կարելի է խոսել տնտեսական դիվանագիտության ձևավորման մասին։ Տնտեսական դիվանագիտության զարգացման պատմությունը կարելի բաժանել մի քանի փուլերի։

Տնտեսական դիվանագիտության զարգացման փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Սմիթ

Միջնադարի ավարտից մինչև Վերածնունդ՝ 14-16-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրի մեջ գերակշիռ դեր ունեին առևտրական մեծ քաղաքները՝ Վենետիկը, Քյոլնը, Ռիգան և այլն։ Նրանք ապրում էին առևտրի հաշվին և ձգտում ամրապնդել իրենց առևտրական դիրքերը։ Ավելի խոշոր պետությունների նպատակներն էր մետաղների տեսքով փողի կուտակումը։ Նրանց մոտ տիրում էր մերկանտիլիզմի ոգին։ Վերջինիս հիմքում ընկած է այն համոզմունքը, որ երկրի հարստությունը կախված է թանկարժեք մետաղներ՝ ոսկի, արծաթ կուտակելուց։ Որպեսզի դրանց քանակը մեծանա, անհրաժեշտ է դրանք կորզել այլ պետությունների, հետևաբար՝ օտար երկրներ արտահանել ինչքան հնարավոր է շատ ապրանքներ, ներմուծել ծայրահեղ անհրաժեշտ ապրանքներ, և ամբողջ եկամուտը պահել ոսկու և արծաթի տեսքով։ Ապրանքափոխանակության բալանսի պահպանումը ազգերի միջև օտար էր մերկանտիլիզմին, իսկ մրցակցությունը չարիք էր համարվում։

17-րդ դարից մինչև 1750 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդիր էր դրված ապահովել առևտրական բալանսը, սակայն մեթոդների կիրաոումը փոխվում էին կապված արդյունաբերական ճյուղերի ի հայտ գալու հետ։ Այս շրջանի առևտրական քաղաքականության վարաբերյալ դիպուկ պատկերացում է տալիս Ջոշուա Չայլդի 1681 թ-ի «Արևելյան Հնդկաստանի հետ առևտրական տրակտատը», որում աասվում է, որ արտաքին առևտուրը ապահովում է հարստություն, հարստությունը տալիս է հզորություն, իսկ հզորությունը պաշտպանում է մեր կոմերցիան և կրոնը։ Արդյունաբերական քաղաքականությունը ևս նախատեսում էր ընդարձակել արտահանումը։

1750-1870 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի արդյունաբերական հեղափոխությունը խթան հանդիսացավ առևտրական էքսպանսիայի համար դեպի արտաքին աշխարհ։ Այս շրջանին բնորոշ է նոր շուկաների որոնումը։ Այդ աճող պահանջը մասամբ բավարարում էին գաղութները։ Արդեն ի հայտ եկան ազատ առևտրի իրականացման ռեալ նախանշաններ։ 1776 թ-ին Ադամ Սմիթը իր աշխատության մեջ ապացուցում էր, որ միջազգային առևտուրը բարեբեր գործունեություն է, այն վարում է ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը և արդյունաբերական աճին։ Նա առաջ քաշեց այն տեսությունը, որ հարստությունը ոչ այնքան կուտակած ոսկին է, որքան այն, թե ինչ կարելի է նրանով գնել։ Այս շրջանում էր, որ ընդհանուր ինտելեկտուալ զարգացման զուգընթաց, կազմվում էին կանոնավոր ուսումնասիրություններ միջազգային առևտրի վերաբերյալ։ Սկսեցին ակտիվորեն պատրաստվել առևտրական պայմանագրեր, ձգտում էին ձեռք բերել նոր նավահանգիստներ և հայրենակիցների համար երաշխավորումներ ստանալ, որոնք պատրաստվոմ էին գործունեություն ծավալել արտասահմանում։ Նոր շուկաներ բացելու համար դիմում էին Կոնգո, Մարոկկո, Ճապոնիա, Չինաստան։ Արդյունաբերական հեղաշրջումից հետո այդ շուկաների բացումը տեղի էր ունենում գաղութային իմպերիալիզմի միջոցով։

Երկու պատերազմների շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխարհամարտը, որը նման չէր մինչ այդ տեղի ունեցած ոչ մի պատերազմի, մեծ ցնցում առաջացրեց։ Նրա ավարտից հետո աշխարհը հիմնովին փոխվեց, սակայն բարոյապես դժվարությամբ էին հարմարվում այն փոփոխությունների հետ, որոնք կապված էին տնտեսության հետ։ Առաջին հայացքից տեղի ունեցան միայն քաղաքական բնույթի փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունների կոնտեքստում հենց տնտեսական հետևանքները դարձան վճռորոշ։ Այդ նույն շրջանում նավթը դառնում է դիվանագիտության գլխավոր թեման։ Նավթային քաղաքականությունը առաջացավ 1930-ական թթ. հետո։ Առաջացավ խոր տնտեսական ճգնաժամ, որը հանգեցրեց բարոյական և սոցիալական ճգնաժամի, որն էլ հանգեցրեց նախորդից ավելի դաժան պատերազմի։ Տնտեսական այդ ճգնաժամի պատճառներն էին պարտքերի չվճարումը, առաջ եկած նավթի խնդիրը և հին մեթոդներից հրաժարվելու տնտեսական դիվանագիտության անկարողությունը։ Պատերազմն առաջացրեց հումքի անհրաժեշտություն։ Գների հարցը վտանգի նոր աղբյուրներ առաջացրեց։ Այդ հարցը անհանգստացնում էր թե կառավարություններին, թե արտադրողներին և թե սպառողներին։

Շուկայական մեխանիզմը կարգավորելու համար իրականացվեցին մի շարք միջոցառումներ։ Այդ մեթոդները վերաբերվում էին տարբեր ապրանաքների՝ կաուչուկին (Սթիվենսոնի պայամանագիրը, որով նախատեսվում էր դրա կրճատումը բրիտանական գաղութներում, 1922), շաքարին (Կուբայի միջոցառումները 1926 թ.), ցորենին (1928 թ. Կանադայում բուֆերային պաշարների ստեղծումը)։ Ինչ վերաբերվում է նավթին, ապա 1928-ին Շելլ, Անգլո-Իրանական և Ջերսի Ստանդարտ ընկերությունների միջև պայմանագիր կնքվեց, որով կարգավորվում էր մրցակցությունը և գների մեխանիզմը այս հումքի շորջը։ Ավելի ուշ սրանց միացան ամերիկյան 4 խոշոր ընկերություններ։ Այսպես առաջացավ Յոթ քույրերի միավորումը, որը սկսեց պարտադրել իր պայմանները մյուս ընկերություններին։ Ձևավորվեց նավթային քաղաքականություն հասկացությումը։ Նավթի կարևորությունը ընդգծվեց պատերազմի ընթացքում, երբ տանկերի, նավերի, ինքնաթիռների արտադրությունը նավթի խիստ պահանջ առաջացրեց։ Նավթի նշանակությունը լրիվ համապատասխանում էր Վիլսոնին ուղղված նամակում Կլեմենսոնի հետևյալ արտահայտությանը՝ նավթի յուրաքանչյուր կաթիլ համարժեք է մի կաթիլ արյան։

Արտաքին քաղաքականության և դիվանագիտության առջև առաջին անգամ կանգնեցին բարդ տնտեսական խնդիր. տնտեսական կապերի մեխանիզմի վերականգնում, որը խիստ վնասվել էր և որի վերականգման համար պահանջվում էր հատուկ իմացություն, քաղաքական կամք և միջազգային կարգի շուրջ ընդհանուր համաձայնություն։

1945 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Մարքս

Հսկայական կորուստներ կրած աշխարհում անհրաժեշտություն էր դարձել վերակառուցել ամբողջ տնտեսությունը։ Այս շրջանում տնտեսական դիվանագիտության ջանքերն ուղղված էին նախապատերազմյան ժամանակահատվածում իր իսկ կրած անհաջողությունների հետևանքները վերացնելուն և տնտեսական խնդիրների վերաբերյալ նոր մոտեցումներ գտնելուն։ Այս շրջանը, որ տևեց մինչև դարի վերջը, բնորոշվեց տնտեսության ազատականացմանն ուղղված քայլերով, որոնք ամրապնդվեցին 1980-ականներին սահմանափակումների վերացման քաղաքականությամբ։ Տնտեսական դիվանագիտության գաղափարախոսության և գործունեության վրա ունեցած ազդեցության առումով կարելի է առանձնացնել համաշխարհային տնտեսությանը վերաբերող մի քանի հիմնական խնդիր. միջազգային արժութային համակարգի հետ կապված հարցը, տնտեսական զարգացման տարբեր մակարդակների խնդիրը, ինչպես նաև նավթով ապահովված լինելու հարցը։

Պատերազմից հետո հաստատված նոր արժութային համակարգը սկսեց հիմնվել տարբեր երկրների արժույթների հավասարության վրա, որ որոշվում էր ոսկու և դոլարի հետ ամուր հարաբերակցությամբ։ Միջազգային Արժույթի Հիմնադրամը պետք է ապահովեր միջազգային իրացվելիությունը, այն դեպքում, երբ աշխարհում գերիշխող դիրք ունեցող ԱՄՆ-ի տնտեսությունը ապահովում էր ոսկուն արժույթի կապվածության ամրությունը՝ երաշխավորելով իր արժույթի՝ դոլարի փոխակերպվելը ոսկու։ Այսպիսի համակարգը ամրապնդեց ԱՄՆ-ի դիրքերը, որի հզորությունն աճել էր այդ շրջանում։ Այս նոր համակարգը, սակայն, իր ներմուծումից երկու տասնամյակ անց սկսեց թուլության նշաններ ցույց տալ ԱՄՆ-ի գերիշխող դիրքի՝ ավելի ու ավելի քիչ ակնհայտ դառնալուն զուգահեռ, որի հետևանքը եղավ այն, որ հենց ԱՄՆ-ի համար դժվար դարձավ և ցանկություն էլ չմնաց լինել համակարգի հիմքը։

1960-ական թթ. կեսերին նկատվեց ԱՄՆ-ի մրցունակության անկում, վճարային հաշվեկշռի դեֆիցիտի աճ, ավելացող անվստահություն ամերիկյան արժույթի նկատմամբ, ինչը ուղեկցվում էր ԱՄՆ-ի ոսկու պաշարների կտրուկ նվազմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ աշխարհում արդեն սկսել էին վիճարկել դոլարի դերը։ Ի վերջո, համակարգը ինքն իրեն փլուզվեց։ Դրանից հետո հաստատված դրամական միավորների լողացող կուրսերը բազմաթիվ առավելություններ ունեին արժույթների փոխանակման ոլորտում, առավել ևս, որ այս երևույթը լիովին համապատասխանում էր ժամանակի ոգուն. արժույթների հարաբերակցության հաստատումը հենց շուկաներին, այլ ոչ թե ինչ-որ կոնկրետ մարմնին տրամադրելը լիովին համահունչ էր ազատ տնտեսության գաղափարին, որ ամենուրեք տարածվել էր 20-րդ դարի վերջին։

Տնտեսությունը՝ դիվանագիտության կենտրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո տնտեսական զարգացման հետ կապված խնդիրները մնում էին արտաքին տնտեսական քաղաքականության մշտական թեմաներից մեկը։ Երկրների մի մասի տնտեսության և մյուս, սկզբում «չզարգացած», հետո էլ արդեն «զարգացող» երկրներ անվանվող պետությունների տնտեսության միջև հսկայական տարբերություն կար, որն անընդհատ խորանում էր։ Սկզբում կոնկրետ պատկերացումներ չկային այն հարցի վերաբերյալ, թե ինչպես կարելի էր այդ տարբերությունը կրճատել, սակայն զարգացած պետություններն, այնուամենայնիվ, ձեռնամուխ եղան երրորդ աշխարհի զարգացմանն ուղղված գործունեությանը, որն արտահայտվեց կոնկրետ ձևերով, դրանցից յուրաքանչյուրն էլ, իր հերթին դարձավ տնտեսական դիվանագիտության առարկա։ Այդ ձևերից առաջինը օգնությունն էր, լիներ դա ֆինանսական աջակցության, թե տեխնիկական համագործակցության ձևով, նվերների, պարտքերի, կամ էլ տարբեր ոլորտներում կապիտալի ներդրման միջոցով։ Օգնության մեկ այլ եղանակ էր առևտուրը։

1960-ական թթ. առաջացավ այն գաղափարը, որ ավելի քիչ զարգացած երկրները կբարելավեին իրենց դրությունը, եթե ավելի մեծ եկամուտներ ստանային՝ սովորելով ավելի լավ արտահանել իրենց ապրանքները՝ հիմնականում թեթև արդյունաբերության ապրանքները կամ էլ իրենց ունեցած հումքը։ Այն կարծիքը, որ այդ երկրների համար ավելի լավ կլիներ ավելի շատ օգտագործել իրենց արտահանման ներուժը, քան ուղղակի պասիվ կերպով օգնություն ստանալ, լայն տարածում գտավ և սկսեց հաճախ հնչել միջազգային ֆորումներում։ Ըստ էության, խոսքն այնքան օգնության մի ձևը մյուսով փոխարինելու մասին չէր, որքան նրա, որ զարգացած երկրները չվարեին հակասական քաղաքականություն այս երկու ոլորտներում և փորձեին ինչքան հնարավոր է ավելի հավասար հիմքերի վրա հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ։ Այս ուղղությամբ որոշակի քայլեր ձեռնարկվեցին. ներդրվեցին որոշ արտոնություններ այդ երկրներից ներմուծվող ապրանքների համար, այդ արտոնությունները վերաբերեցին 3-րդ աշխարհի բազմաթիվ երկրների։

1945 թ.-ից հետո նավթը շարունակում էր իր հաղթական արշավը՝ որպես ռազմավարական մեծ դեր ունեցող հումք։ Նավթային մեծ պաշարներ ունեցող երկրները ցանկանում էին ավելի մեծ եկամուտներ ունենալ, այդ պատճառով նրանք նախ արդյունահանման քանակները փորձեցին ավելացնել, դրան հաջորդեց կոնցեսիաների վերացումը և, ի վերջո, այդ երկրների նավթա-արդյունաբերական ոլորտի ազգայնացումը. Լիբիան ու Ալժիրը ազգայնացումը սկսեցին 1971 թ., Իրաքում դա տեղի ունեցավ 1972-1975 թթ., Սաուդյան Արաբիայում` 1974 թ.-ից։ Նավթի խնդիրը այս ժամանակահատվածում արդեն միջազգային քաղաքականության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն էր։

1973 թվականի նավթային ճգնաժամը, էմբարգոն, արդյունահանման նվազումն ու նավթի գների կտրուկ աճը, Իրանում շահի գահընկեց արվելուց և հեղափոխությունից հետո երկրորդ նավթային ճգնաժամը 1982 թ. ցույց տվեցին, որ համաշխարհային տնտեսության հավասարակշռությունը վտանգի տակ էր, քանի որ հանկարծ սկսեց նկատվել այնպիսի կարևորագույն հումքի պակաս, ինչպիսին նավթն էր, իսկ նրա գինը ուղղակի դուրս եկավ հսկողությունից։ Սա ստիպում է նավթ սպառող երկրների կառավարություններին տնտեսական դիվանագիտության բոլոր միջոցները գործի դնել իրենց շահերը պաշտպանելու համար. նրանք սկսեցին նոր ուղիներ փնտրել նավթ արդյունահանող պետությունների հետ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու համար։

Այդ ամենը նաև հանգեցրեց նրան, որ աշխարհում տնտեսապես ավելի ձեռնտու և խելամիտ դարձավ ավելի թանկ, բայց, փոխարենը, առավել անվտանգ նավթային ծննդավայրերի հետազոտումը և շահագործումը (օրինակ` Ալյասկայում ու Հյուսիսային ծովում 1976-1978 թթ. ), ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Սրանք են այն հիմնական հարցերը, որոնք տնտեսական դիվանագիտության ուշադրության կենտրոնում էին նախորդ դարի կեսերից սկսած։ Իհարկե, դրանք նորից կարող են փոփոխությունների ենթարկվել՝ կապված ի հայտ եկող նոր իրողությունների հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]