Վիեննական նիզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննական նիզակի լուսանկարը նկարված Հոֆբուրգի ամրոցում

Վիեննական նիզակ (նաև Հոֆբուրգյան նիզակ, Սուրբ Մավրիկիոսի նիզակ, Վիեննական գեղարդ), պատմական իր, որը համարվում է հռոմեացի Լոնգինի կողմից խաչված Հիսուս Քրիստոսի կողը խոցված նիզակի հավանական հավակնորդներից մեկը։ Իրական նիզակը համարվում է քրիստոնեության ամենանշանակալի մասունքներից մեկը։ Վիեննական նիզակը ներկայում պահվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում գտնվող Հոֆբուրգի կայսերական գանձարանում[1]։

Փաստացի հայտնի է, որ նիզակը մեկ անգամ օգտագործվել է Հենրիխ II կայսր թագադրման արարողության ժամանակ։ Պահպանված նկարազարդ ձեռագրերից մեկում առկա է մանրանկարչական դրվագ, որտեղ պատկերված է այդ պատմական պահը։ Կայսրը ձախ ձեռքով բռնել է իշխանությունը խորհրդանշող գունդը, իսկ աջ ձեռքով՝ նիզակը[1]։

Ծագմանն առնչվող առասպել[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ նիզակն իր տիրոջը հաջողություն է պարգևում։

Լոնգինի գեղարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելներից մեկի համաձայն հենց Վիեննական նիզակով է հռոմեացի հարյուրապետ Լոնգինը խոցել խաչափայտի վրա խաչված Հիսուս Քրիստոսի 4-րդ և 5-րդ կողերի միջև ընկած հատվածը՝ վնասելով թոքերը, սիրտը, բայց ոչ ոսկորները։ Նիզակը Գայոսի հորն է փոխանցվել նրա պապից, ով ծառայում էր Գերմանիկոսի բանակում, այնուհետև՝ Գայոսին։ Ավանդության համաձայն Գայոսը ղեկավարում էր հռոմեական ջոկատը, որը պաշտպանում էր Գողգոթան և հենց այդ նիզակով էլ Հիսուսի կողին է հարվածում։ Հովսեփ Արիմաթեացին հավաքեց Քրիստոսի արյունը Գրաալի բաժակում, խաչից իջեցրեց նրա մարմինը, փաթաթեց պատանքով և դրեց վիմափոր գերեզմանի մեջ։ Հիսուսի մահապատժի ժամանակ Գայոսը հավատում էր, որ նա Աստծո Որդին է։ Հետագայում դարձավ քրիստոնյա և դասվեց սրբերի շարքը Լոնգին անունով։ Ավանդության համաձայն՝ Հիսուսի մարմինը ծակելուց անմիջապես հետո նիզակը ձեռք է բերել իր սրբազան կարգավիճակը և դարձել քրիստոնեական աշխարհի ամենակարևոր մասունքներից մեկը[1]։

Սուրբ Մավրիկիոսի նիզակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ առասպելի համաձայն՝ Հոֆբուրգյան նիզակը նախկինում պատկանել է Սուրբ Մավրիկիոսին[1]։

Վիեննական նիզակը սկսեց կոչվել Սուրբ Մավրիկիոսի նիզակ յն բանից հետո, երբ թագավոր և ապագա կայսր Օտտո Մեծը Սուրբ Լոնգինի հիշատակի օրը 955 թվականին տեղի ունեցած Լեխի ճակատամարտում ջախջախեց հունգար հեթանոսներին։ Օտտոների դինաստիայից նիզակը հերթով փոխանցվեց հետագա իշխանության եկած դինաստիաներին և վերջնականապես դարձավ Հաբսբուրգների սեփականությունը[1]։

Միջնադարյան Եվրոպայում այն անվանվում էր Ճակատագրի նիզակ։ Գոյություն ուներ կանխատեսում, որի համաձայն եթե նիզակը հայտնվեր այնպիսի մարդու մոտ, ով կգիտակցեր նրա հրաշագործ գաղտնի հնարավորությունները և կտիրեր այն, ապա այդպիսի մարդը կարող էր վճռեր աշխարհի ճակատագիրը։ Այս առասպելը առաջացել է ասպետ տամպլիերների ժամանակներում և ռոզենկրեյցերների ու մասոնների միջոցով և հասել 20-րդ դար՝ դառնալով Երրորդ Ռեյխի պաշտամունքային առարկաներից մեկը[1]։

Նկարագրույթուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննական նիզակի նկար,
D’après F. de Mély, 1904թ.

Վիեննական նիզակն իրենից ներկայացնում է երկաթե սրածայր, որը ամրացվում էր փայտյա ձողին։ Այդպիսի նիզակի երկարությունը երկու անգամ երկար էր այն բռնող հետևակային զինվորից։ Սրածայրի երկարությունը 50,8 սմ է, լայնությունը՝ 7,9 սմ։ Երկաթյա սրածայրը կազմված է երկու մասից, որոնք իրար են միացված արծաթյա լարով և ծածկված ոսկե թիթեղով։ Սայրին ամրացված է մեխ, որը, համաձայն առասպելի, հանդիսանում է Հիսուսի խաչափայտի մեխերից մեկը։ Մեխը նիզակի սայրին է ամրացված արծաթյա լարով։ Ոսկե թիթեղի վրա գրված է «Աստծո նիզակն ու մեխը» (լատին․՝ LANCEA ET CLAVUS DOMINI): Ներքին օղագոտու վրա գրված է առավել մանրամասն նկարագիր՝ «Աստծո ողորմությամբ հռոմեական մեծն կայսր, թագավորական ընտանիքից Հենրիխ IV-ը հրամայեց պատրաստել այս արծաթյա ամրակը, որպեսզի ամրացվի Աստծո մեխը և Սուրբ Մավրիկիոսի նիզակը» (լատին․՝ CLAVVS DOMINICVS + HEINRICVS D(EI) GR(ATI)A TERCIVS ROMANO(RUM) IMPERATOR AVG(USTUS) HOC ARGENTUM IVSSIT FABRICARI AD CONFIRMATIONE(M) CLAVI LANCEE SANCTI MAVRICII + SANCTVS MAVRICIVS)[1]:

Նիզակի ստորին հատվածը կոտրված է և կազմված է երկու մասից։ Տարբեր ժամանակներում երկու մասերն իրար ամրացնելու նպատակով սայրի վրա հագցրել են կափարիչներ։ Գերմանիայի թագավոր և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Օտտոն III-ի ժամանակ (980-1002 թթ.) կափարիչը երկաթից էր, Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ IV-ի ժամանակ (1050-1106 թթ.)՝ արծաթյա և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ IV-ի ժամանակներից (1316 - 1378 թթ.)՝ ոսկե։

Լիուտպրանդ Կրիմոնացին 961 թվականին ավարտած իր «Պատմություն» աշխատությունում նկարագրում է Օտտո Մեծին պատկանող սուրբ նիզակը։ Այդ նկարագրությունը ամբողջությամբ համապատասխանում է Հոֆբուրգյան նիզակի նկարագրին։ Լիուտպրանդը Օտտոյի նիզակը ներկայացնում է նաև որպես Կառլ Մեծի նիզակ։ Կառլը 774 թվականին այն ստացել է Հռոմի պապից որպես Կոնստանտին կայսր սրբազան նշան։

Ավստրիացի նշանավոր պատմիչ և զինագործ Վենդալեն Բեհայմի «Զենքի հանրագիտարան» աշխատության մեջ Սուրբ Մավրիկիոսի նիզակը հիշատակվում է որպես վաղ միջնադարին բնորոշ երկթև նիզակ, որը ունի հետագա բազմաթիվ ավելացումների հետքեր, ինչպիսիք են սայրի վրայի կտրվածքը և ոսկե կափարիչը։ Բեհայմը այն թվագրում է մոտավորապես 9-րդ դարով և ներկայացնում է որպես իր, որն իրենից հետաքրքրություն է ներկայացնում որպես միջնադարյան նիզակների ամենահին պահպանված նմուշներից մեկը[2]

Հատկապես կարևոր է պահպանված սայրը, որն եթե նույնիսկ այդքան հին չէ, ինչպես ներկայացնում է առասպելը, ապա հաստատապես, կարող է ճանաչվել միջնադարնի ամենահին նմուշը։ Այդ այսպես կոչված Սուրբ Մավրիկիոսի նիզակը գտնվում է Վիեննայի ավստրիական կայսերական պալատի գանձարանում։ Եթե մի կողմ դնենք սրբության քաղը, որով կրոնասեր մարդիկ այն փաթաթել են, ապա մեր առջև կհայտնվի ստորին հատվածում երկթև և սռնակալով սովորական նիզակ։ Այն ոչնչով չի հիշեցնում հռոմեական նիզակի կառուցվածք. հայտնաբերված անտիկ գտածոների թվում չկա նմանատիպ որևէ իր։ Բայց այդ սայրի կառուցվածքում կարելի է հեշտորեն տեսնել միջնադարյան բոլոր նիզակների երկթև կառուցվածքը, որը պատրաստվում էր մինչև 15-րդ դար։ Այդ սայրերում տեսանելի է հատուկ կառուցվածք, որը հին մանրանկարչություններում, ինչպիսին է օրինակ Ոսկե սաղմոսը, նշված է միայն ոչ հստակ գծով։ Նիզակի երկրորդ օրինակը, որը փոքր-ինչ ավելի ուշ է թվագրվում, կրակովյան Մայր տաճարի նիզակն է։
- Վենդալեն Բեհայմ, Պատմություն[2]

2003 թվականին դոկտոր Ռոբերտ Ֆեզերի կողմից կատարված փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ Վիեննայի նիզակը կռվել է (պատրաստվել է) 7-րդ դարում, այսինքն՝ իրոք այն հանդիսանում է վաղ միջնադարյան, և ոչ մի դեպքում չի կարող պատկանել Լոնգինին կամ Սուրբ Մավրիկիոսին[3][4]։

Իսկության փորձաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի նիզակի իսկությունը ապացուցելու կամ հերքելու համար 2003 թվականին բրիտանացի դոկտոր Ռոբերտ Ֆեզերի կողմից կատարվեց Ռենտգենային սպեկտրալ և ֆլուորեսցենային վերլուծություն, որը ապացուցեց, որ նիզակի սայրը պատրաստվել է 7-րդ դարում։ Դոկտոր Ֆեզերը հաստատեց, որ նիզակը չի կարող պատրաստված լինել Հիսուս Քրիստոսի ժամանակներում[3][4][5]։

Հնուց ընդունված է համարել, որ երկաթյա ցիցը հանդիսանում է խաչելության մեխն է. այն ոչ միայն ամուր փակցված է սայրին և այլև չի համապատասխանում առաջին դարում հռոմեացիների կողմից օգտագործված մեխերի կառուցվածքին։
- Ռոբերտ Ֆեզեր, The Sunday Times[5]

.

Բացի այդ, մեխը մանրակրկիտ ձևով պատրաստել է հմուտ դարբին, իսկ դա նշանակում է, որ այն ոչ թե կռվել է, այլ հատուկ պատրաստվել։
- Ալեք Մակլելան[6]

Սայրի չափսը փոքր-ինչ մեծ է այն նիզակների հետ համեմատած, որոնք օգտագործվել են հռոմեական լեգիոներների կողմից։

Դոկտոր Ֆեզելի փորձաքննության արդյունքների համաձայն՝ նիզակի կոտրված սայրը ամրացնող արծաթյա լարը պատրաստված է մոտ 600 թվականին, արծաթյա կափարիչը՝ 11-րդ դարում, իսկ ոսկե կափարիչը՝ 14-րդ դարում[7].

Հոֆբուրգյան նիզակը և Հիտլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադոլֆ Հիտլերը Վիեննական նիզակի մոտ, 1938 թվական

Ադոլֆ Հիտլերի՝ Լոնգինի գեղարդի նկատմամբ ունեցած հետաքրքրությունների մասին նկարագրված է Թեոդոր Ռեյվենսկրոֆի «Ճակատագրի նիզակ» աշխատությունում։ Ռեյվենսկրոֆի պատմում է, որ 1907 թվականի հոկտեմբերին Հիտլերը ժամանել է Վիեննա, որպեսզի ընդունվի Գեղարվեստի ակադեմիա, սական ձախողում է ընդունելության քննությունները։ Մնալով Վիեննայում՝ Հիտլերը իր ընկեր Ավգուստ Կուբիչեկ հետ բնակարան է վարձում, որտեղ նա ապրում էր խիստ աղքատիկ վիճակում։ Առաջին անգամ Հիտլերը Վիեննական նիզակը տեսավ 1909 թվականին, երբ այցելեց թանգարան, պատկերասրահ։ 1909 թվականին ապագա ֆյուրերը նկարում էր Հոֆբուրգյան պալատի ճակատային հատվածի էսքիզները և տաքանալու նպատակով մտավ թանգարան։ Նա հայտնվեց Հաբսբուրգների գանձերի սրահում, որտեղ ցուցադրված էին կայսերական իշխանության խորհրդանիշները[8][9]։

Ըստ Ռեյվենսկրոֆի՝ երբ Ադոլֆ Հիտլերը տեսել է նիզակը, հայտնվել է տրանսի մեջ և միայն հսկիչի՝ թանգարանի փակվելու մասին խոսքից հետո է արթնացել ու լքել սրահը։ Այդ գիշեր Հիտլերը չի կարողացել քնել և վաղ առավոտյան կրկին վերադարձել է Հոֆբուրգյան պալատ։ Երբ թանգարանը բացվել է, նա վազելով մտել է սրահ և ընկղմվել Լոնգինի նիզակի մասին մտածմունքների մեջ։ Այդ օրը կատարվեց այն, ինչ Հիտլերը անվանեց «Ճակատագրի նիզակի էության լուսավորում»։ Լոնգինի նիզակը նրա համար դարձավ սրբազան խորհրդանիշ, որն, ըստ նրա, կրում էր կախարդական ուժ։ Լոնգինի նիզակի ազդեցության հետևանքով Հիտլերը դեպրեսիվ վիճակից հայտնվեց մոլագարության վիճակի, իսկ այդ փոփոխությունն ուղեկցվեց տեսիլքներով[8]։

1938 թվականի մարտի 12-ին Գերմանիային Ավստրիայի միացումից հետո՝ նույն թվականի մարտի 15-ին Հիտլերը Գերմանիայի ռայխսֆյուրեր Հենրիխ Հիմմլերի ուղակցությամբ ժամանեց Հոֆբուրգյան պալատ Հիտլերը և ներկայացրեց իր սեփականության պահանջները Վիեննական նիզակի նկատմամբ։ Պալատի բակում Հիտլերին դիմավորեց Գերագույն կուսակցական դատարանի ղեկավար Վալտեր Բուչը և ավստրիական ՍՍ-ի ղեկավար Էռնստ Կալտենբրուները։ Բուխը պետք է ապահովեր ավստրիական կայսերական իշխանության խորհրդանիշների օրինական փոանցումը Գերմանիային։ Հիտլերը Հիմմլերի հետ միասին մտավ սրահ, որտեղ ցուցադրված էր Ճակատագրի նիզակը։ Փոքր-ինչ ուշ Հիմմլերը դուրս եկավ սրահից՝ Հիտլերին թողնելով մենակ նիզակի հետ, որը նա չէր տեսել շուրջ քառորդ դար։ Հիտլերը հրահանգեց, որպեսզի նիզակը տեղափոխվի Նյուրնբերգ քաղաքի Սուրբ Կատարինա եկեղեցու այն սրահ, որտեղ միջին դարերում անցկացվում էին մայստերզինգերների մրցումներ։

Հոֆբուրգի դիմացի «Հերոսների հրապարակում» կազմակերպվել էր հանրահավաք, որտեղ Հիտլերը հանդես եկավ ելույթով.

Я объявляю немецкому народу о том, что выполнил самую важную миссию в моей жизни. Как фюрер германской нации и рейхсканцлер я перед лицом истории заявляю о вступлении моей родины в Германский рейх!
- Ադոլֆ Հիտլեր, Հոֆբուրգի պալատի դիմաց կազմակերպված հանրահավաքի ժամանակ հնչեցրած ելույթ[10]
Նյուրնբերգ քաղաքի Սուրբ Կատարինա եկեղեցու ավերակները

1938 թվականի հոկտեմբերի 13-ին զրահապատ գնացքով Վիեննայից Նյուրնբերգ է տեղափոխվում Ճակատագրի նիզակն ու ավստրիական կայսերական գանձարանի այլ արժեքավոր նմուշներ։ Այդ իրադարձությունը Նյուրնբերգում վերածվեց տոնախմբության։ Կայարանում հավաքվել էին հազարավոր մարդիկ, որպեսզի տեսնեն գնացքի ժամանումը։ Զինվորները կայարանից մինչև Սուրբ Կատարինա եկեղեցի կենդանի պատ էին ստեղծել, որոնց միջով զրահամեքենաները տեղափոխում էին կայսերական գանձերը։ Բացի Ճակատագրի նիզակից հաշվառման ցուցակում նշված էր նաև Հովհաննես Մկրտչի ատամը, Հիսուսի վերջին գիշերվա սեղանի սփռոցը, Սուրբ Էլմայի պարկը, առաջին Հռոմի պապի աստվածաշունչը, камень из стены Երուսաղեմի տաճարի պատի քար։

Նիզակը տեղափոխեց այն սրահ, որտեղ ժամանակին մայստերզինգերի մրցույթներն էին անցկացվում, և տեղադրվեց բարդ ազդանշանային համակարգով հատուկ պատրաստված զրահապատ տուփի մեջ։ Նյուրբերգի օբերբուրգոմիստեր Վիլլի Լիբելը կարգվեց նիզակի պահապան։ Ֆոլֆրամ Սիեվերսը պատասխանատու էր Ճակատագրի նիզակին առնչվող գիտական ուսումնասիրություններ կատարելու համար։ Երբ Հիտլերը ժամանեց Նյուրենբերգ, այցելեց Սուրբ Կատարինայի եկեղեցի, որպեսզի դիտի նիզակը։

Փստաթղթային տեսքով առկա է ապացույց, որ 1938 թվականին ավստրիական կայսերական գանձերը Վիեննայից Նյուրենբերգ է տեղափոխվել նյուրենբերգյան օբերբուրգոմիստեր Վիլլի Լիեբելլի նախաձեռնությամբ, այլ ոչ թե Հիտլերի[11][12]։ Առկա են նաև ՍՍ-ի Անեներբե ինստիտուտի ուսումնասիրություններ, որտեղ կայսերական խորհրդանիշները դիտվում են որպես Գերմանիայի գերիշխանության խորհրդանիշներ[13]։ Երրորդ Ռեյխի առաջնորդների կողմից Ճակատագրի նիզակի հանդեպ ունեցած առանձնահատուկ հետաքրքրություններն հիմնավորող փաստաթղթային այլ տվյալներ հայտնի չեն։

Ժամանակակից առասպելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին բարձրաստիճան ամերիկյան զինվորականները, Գերմանիայից առգրավված կայսերական գանձերը հանդիսավոր արարողությամբ վերադարձնում են Վիեննային
  • Կամպազիտոր Ռիխարդ Վագները և փիլիսոփա, կամպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն «Պարսիֆալ» օպերայի ստեղծման ժամանակ կատարում են համատեղ ուխտագնացություն դեպի Վիեննա, որպեսզի տեսնեն նիզակը։ Երբ նրանք դիտում են նիզակը, փիլիսոփան ասում է կոմպոզիտորին. - «Աստված մահացավ։ Ես ու դու սպանեցինք նրան»։
  • Գրող Հյուստոն Չամբերլինը 1889-ից 1909 թվականներին հաճախակի այցելում էր Հոֆսբուրգ, ժամերով դիտում էր նիզակը և «զգում ժամանակի շունչը»։ Նա համոզել էր գերմանական վերջին կայսր Վիլհելմ IIին, որ անհրաժեշտ է տիրել նիզակին։ Վերջինը պատրաստվում էր համոզել ավստրիական կայսեր Ֆրանց Յոզեֆ I-ին ուղարկել նիզակը իրեն՝ որպես նպատակ ներկայացնելով իբրև ժամանակավոր ցուցադրության համար։ Վիլհեյմը այդ ճանապարհով փորձում էր խաբեությամբ վերցնել նիզակը և այլևս չվերադարձնել։ Սակայն Ֆրանց Իոսիֆը կանխագուշակում է Վիլհայմի թաքնված նպատակը և մերժում նրան։ Ասում են, որ Ֆրանց Իոսիֆին այդ հարցում օգնել է կախարդ-հրամանատար Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագը։
  • Ադոլֆ Հիտլերին է վերագրվում այն արտահայտությունը, որով նա նկարագրում է «նիզակի իր ճանաչումը» «Նույն պահին ես հասկացա, որ եկել է իմ կյանքի կարևոր պահը։ Երկար րոպեներ ես կանգնել էի և դիտում նիզակը՝ մոռանալով ամեն ինչ ու չնկատելով շուրջը կատարվող ոչինչ։ Թվում էր, որ նիզակը պահպանում է ինչ-որ գաղտնիք, սակայն ինձ պատել էր այնպիսի զգացողություն, որ ես գիտեմ ինչ-որ բան այդ մասին, բայց իվիճակի չեմ վերլուծել այդ միտքը իմ գիտակցության մեջ։ Նիզակը իրենից ներկայացնում էր ինչ-որ մոգական բացահայտում. այն բացեց աշխարհի գաղափարի այնպիսի ճանաչում, որ մարդկային երևակայությունը թվաց ավելի իրական, քան նյութական աշխարհի իրականությունը։ Ի՞նչ խենթություն է տիրել իմ մտքին և փոթորիկ առաջացրել իմ սրտում...»:
  • Միացյալ թագավորության վարչապետ Ուինսթոն Չերչիլին են վերագրում հետևյալ միքտը. - «Մեր կառավարության ոչխարները չեն հասկանում, որ այդ մարդը ցանկանում է տիրել Ճակատագրի նիզակին, և հենց որ նա տիրի այն, կսկսի ամենաարյունալի պատերազմը»։
  • Գեներալ Պատտոնը հետաքրքրվում էր պատմությունով, դիցաբանությամբ,հնագույն խորհուրդներով և այդ հարցերում իսկական գիտակ էր։ Գեներալը Նյուրենբերգում հայտնաբերված գանձերի մեջ փնտրեց ու գտավ նիզակը և այն փոխանցեց ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումանին։ Ըստ առասպելի, տիրելով նիզակին, Թրումանը Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծման հրաման արձակեց։ Մի քանի ամիս անց՝ 1946 թվականի հունվարի 4-ին, Դուայթ Էյզենհաուերի հրամանով գեներալ Կլարկը հանդիսավոր կերպով նիզակը հանձնեց Վիեննայի բուրգոմիստրին (քաղաքապետին)։

Անձինք, որոնք տնօրինել են նիզակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննական նիզակը, Կայսերական խաչը և Կյանք տվող խաչը. Հոֆբուրգյան պալատի գանձարան
  • Կայսր Օտտոն I (912-973 թթ.) - Վիեննական նիզակի առաջին ապացուցված սեփականատերը, ում թագադրման տարեգրքում նկարագված է նիզակը։ Այնուհետև նիզակը նկարագրվում է 955 թվականին Լեխի ճակատամատի համատեքստում։ Օտտո I-ը 968 թվականին հատուկ նիզակի համար Մագդեբուրգում կառուցում է տաճար։
  • Կայսր Օտտոն III (980-1002 թթ.) - աշխարհի մոտալուտ վերջը գալու վախով 1000 թվականին նիզակը փոխանցում է Հռոմի պապին։
  • Հենրիխ IV (1050-1106 թթ.) - իր թագադրման առթիվ իտալացի ոսկերիչին պատվիրում է նիզակի սայրի վրա ամրացնել խաչի «սուրբ մեխը», որով, ըստ կայսեր, խաչել են Հիսուսին։ Կայսեր հրամանով նիզակը փաթաթել են արծաթյա կափարիչով, որի վրա գրված էր «Մեր Աստծո Մեխը»։
  • Ֆրիդրիխ I Շիկամորուս (1122-1190) - Խաչակրաց երրորդ արշավանքի մասնակից։
  • Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն (1194-1250 թթ.):
  • Կայսր Կառլոս IV - առաջինն է, ով նիզակը անվանել է «Աստծո նիզակ» և հրամայել է արծաթը փոխարինել ոսկով, փոխել նախկին գրությունը առավել հստակ գրությամբ՝ «Քրիստոսի Նիզակ և Մեխ»։ Մասունքը հանրային ցուցադրությամբ ներկայացվել է Փարիզյան ամրոցում։ Բրիտանացի պատմիչը, ով գրել է Բոհեմիայի թագավոր Կառլ IV-ի մենագրությունը, պնդում էր, որ Տիրոլի լեռներում գտնվող ցիստերականների վանքում Կառլ IV-ը հայտնաբերել է Փրկչի կողը ծակած նիզակ։
  • Կայսր Սիգիզմունդ I Լյուկսեմբուրգցի (1368-1437 թթ.) - նա հաշվեհարդար տեսավ չեխ բարենորոգիչ Յան Հուսի նկատմամբ և նիզակը Պրահայից բերեց Նյուրնբերգ։ Տեղափոխումը կատարվեց հասարակ ձիակառքով չորս անձի ուղեկցությամբ։ Նիզակը այլ արժեքավոր իրերի (Հովհաննես Մկրտչի ատամ, Սուրբ Աննայի մասունքներ, ծղոտի կտոր, որի վրա, ըստ ավանդության, Մարիամը պառկեցրել էր մանուկ Հիսուսին) հետ միասին թաքցվել էր ձկան մեջ։ Սիգիզմունդ I-ը Նյուրնբերգում պաշտամունքային իրերի պահման վայր է ընտրում Սուրբ Հոգու եկեղեցին (ռմբակոծվել է պատերազմի ժամանակ)։
  • Բարոն ֆոն Գուգել - որպեսզի պաշտամունքային իրը չհայտնվի Նապոլեան Բոնապարտին, Նյրնբերգի քաղաքային խորհուրդը որոշում է կայսերական գանձերը թաքցնել Վիեննայում։ Այդ առաքելությունը իրականացրեց ռեգենբերգյան բարոն ֆոն Գուգելը, ով Սրբազան Հռոմեական կայսրության փլուզումից հետո 1806 թվականին կայսերական գանձերը վաճառեց ավստրիական Հաբսբուրգների կայսերական տանը։
  • ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր Կոնրադ Բուխ - անշլյուսից մի քանի օր առաջ, վաճառականի անվան տակ քողարկված, Վիեննա է ժամանում ՍՍ-ի ներկայացուցիչ Կոնրադ Բուխը, ով անձամբ Հիտլերի հանձնարարությամբ ժամանել էր Վիեննա, որպեսզի չթողնի ավստրիացիներին թաքցնել Արվեստի թանգարանում գտնվող նիզակը։ Թանգարանի № 11 սրահում 155 համարի ապակյա տաղավարի մեջ պահվում էր նիզակը, որի ցուցանակի վրա գրված էր «Սրբազան նիզակ, Կառոլինգների ժամանակաշրջան, 8-րդ դար։ Հետագա ավելացումներից են երկաթ, լատուն, արծաթ, ոսկի և կաշի»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Ravenscroft: Speer, S. 313, Buechner/ Bernhart: Holy Lance, S. 93 и James Herbert: Blutwaffe, Roman, München 1992, S. 249ff. (գերմ.)
  2. 2,0 2,1 (W. Boeheim. Handbuch der Waffenkunde. Das Waffenwesen in seiner historischen Entwicklung vom Beginn des Mittelalters bis zum Ende des 18 Jahrhunders. Leipzig, 1890.(գերմ.)
  3. 3,0 3,1 Piercing An Ancient Tale.(անգլ.)
  4. 4,0 4,1 BBC/Discovery Channel. «Քրիստոսի գեղարդ» ռեպորտաժ, հաղորդավար Չերի Լանգի, ռեժիսիոր Շոն Տրեվիզիկ, Atlantic Productions. Մարտի 31 2003թ.: (անգլ.)
  5. 5,0 5,1 The Sunday Times, Judgment day: Is 'the spear that pierced Christ on the cross' genuine? Forensic scientists decide, April 20, 2003.(անգլ.)
  6. Алек Маклеллан, «Тайна копья Лонгина. В чьих руках судьбы мира?»(ռուս.)
  7. The Times & The Sunday Times archives.(անգլ.)
  8. 8,0 8,1 Trevor Ravenscroft: Der Speer des Schicksals, Die Geschichte der heiligen Lanze, München 1988, S. 312.(գերմ.)
  9. Тревор Равенскрофт, «Копье Судьбы». Издательство: Амфора. ISBN 5-367-00194-7, 0-87728-547-0(ռուս.)
  10. Ադոլֆ Հիտլերի ելույթը Վիեննայի Հոֆբուրգի պալատի պատշգամբից, 1938 թվական:(գերմ.)
  11. Michael Rißmann: Hitlers Gott, Vorsehungsglaube und Sendungsbewußtsein des deutschen Diktators, Zürich/München 2001, S. 138—172.(գերմ.)
  12. Hüser: Wewelsburg, S. 5f. и Friedrich Paul Heller/ Anton Maegerle: Thule, Vom völkischen Okkultismus bis zur Neuen Rechten, Stuttgart 2., erw. und aktualisierte Aufl. 1998, S. 157—162.(գերմ.)
  13. Karlheinz Weißmann: Schwarze Fahnen, Runenzeichen, Die Entwicklung der politischen Symbolik der deutschen Rechten zwischen 1890 und 1945, Düsseldorf 1991, S. 208.(գերմ.)