Հաբսբուրգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաբսբուրգներ (Habsburger), թագավորական դինաստիա, որը կառավարել է Ավստրիայում 1282-1918-ին, Չեխիայում և Հունգարիայում՝ 1526-1918-ին (1867-ից՝ Ավստրո-Հունգարիայում), Իսպանիայում և նրա տիրույթներում՝ 1516-1700-ին, եղել են «Հռոմեական սրբազան կայսրության» կայսրեր 1438-1806-ին (բացի 1742 - 1745)։ 1090-ից Հաբսբուրգները եղել են կոմսեր, 1135-ից՝ լանդգրաֆներ Վերին Հռենոսում և Միջին Շվեյցարիայում, որտեղ մոտ 1020-ին կառուցել են Հաբսբուրգ ամրոցը (այստեղից էլ՝ Հաբսբուրգ տոհմանունը)։ Կարլոս V-ի օրոք (1500-58) Հաբսբուրգների իշխանությանն էր ենթարկվում հսկայական տարածք՝ Գերմանիան, Ավստրիան, Հոլանդիան, Չեխիան, Հունգարիան, Իտալիայի մի մասը, Իսպանիան և նրա ամերիկյան գաղութները։ 1521-22-ի պայմանագրով Կարլոս V Հաբսբուրգի ավստրիական ժառանգական տիրույթները զիջեց եղբորը՝ Ֆերդինանդ I-ին, որը դարձավ Հաբսբուրգի ավստրիական ճյուղի հիմնադիրը։ 1556-ին Կարլոս V իսպանական գահից հրաժարվեց հօգուտ իր որդի Ֆիլիպ II-ի, որը դարձավ Հաբսբուրգների իսպանական ճյուղի հիմնադիրը։

1740-ին, երբ Հաբսբուրգի ավստրիական ճյուղն ընդհատվեց Կարլոս VI կայսրով, վերջինիս դուստր Մարիա Թերեզայի (իշխել է 1740-80-ին) և Լոթարինգիայի Ֆրանց Ստեֆան դքսի ամուսնությամբ սկզբնավորվեց Հաբսբուրգ-Լոթարինգյան դինաստիան։ 1867-ին Ֆրանց Իոսիֆ I-ի օրոք ավստրիական կայսրությունը վերակազմավորվեց երկմիաստկան Ավստրո-Հունգարական կայսրության։ 1918-ի նոյեմբերի 11-ին, առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո-Հունգարիայի պարտության և հեղափոխական ու ազգային-ազաաագրական շարժումների վերելքի պայմաններում Կարլոս I կայսրը (թագավորել է 1916-18-ին) հրաժարվեց գահից, և Հաբսբուրգի միապետությունն ընկավ։ 1919ապրիլի 3-ին Ավստրիայի հանրապետության սահմանադիր ժողովը օրենք ընդունեց Հաբսբուրգին բոլոր իրավունքներից զրկելու, երկրից նրանց վտարելու և ունեցվածքը բռնագրավելու մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png