Վահրամ Ալազան
Վահրամ Ալազան (Վահրամ Մարտիրոսի Գաբուզյան, նաև` Գարբուզյան, 1903, մայիսի 6 (նոր տոմարով` մայիսի 19) Վան -1966, մայիսի 17, Երևան), հայ բանաստեղծ-արձակագիր, գրական-հասարակական գործիչ է, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Վ. Ալազանը (Գաբուզյան) ծնվել է 1903 թվականին Վասպուրական աշխարհի Վան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արարք թաղամասի ծխական դպրոցում։
Վահրամը անձամբ տեսավ և ապրեց հայոց ցեղասպանության ողբերգությունը, տեղահանության սարսափները, գաղթի ճանապարհին կորցրեց ծնողներին, մի կերպ հասավ Երևան և ապաստան գտավ որբանոցում։ Այստեղ նա ուսմանը զուգընթաց, մասնագիտացավ գրաշարության մեջ։
1918 թվականին Վահրամը «Ուրարտու» տպարանում աշխատում է որպես գրաշար-բանվոր, 1921 թվականին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում՝ գրաշար։ Վ. Գաբուզյան ստորագրությամբ տպագրվում է նրա առաջին բանաստեղծությունը՝ «Կարմիր հաղթանակը»։ Այնուհետև մամուլում՝ լույս են տեսնում նրա բանաստեղծությունները, պոեմները, պատմվածքներն ու ակնարկները, այս անգամ արդեն «Ալազան» ստորագրությամբ։ 1922 թվականին հրատարակվում է գրողի անդրանիկ գիրքը՝ «Տարիների խաղը» պոեմը։ Այս տարիներին Ալազանը ակտիվորեն մասնակցում է գրական ու քաղաքական կյանքին։ Եղել է «Ավանգարդ» թերթի հիմնադիրներից մեկը (1922), «Տպագրական բանվոր» բազմատիրաժ լրագրի խմբագիրը (1922-1930), Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի նախագահ (1923-32), Հայաստանի և Անդրֆեդերացիայի կենտգործկոմների անդամ (1923-36), Հայաստանի գրողների միության վարչության առաջին քարտուղարը (1933-1936), «Գրական թերթի» խմբագիրը (1932-36)։ Վ. Ալազանին բախտ է վիճակվել մասնակցելու 1935 թվականին Փարիզում տեղի ունեցած մշակույթի պաշտպանության միջազգային առաջին կոնգրեսին։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Բանաստեղծի սիրտը» և «Հյուսիսային աստղ» գրքերը։
Ստեղծագործական աշխատանք [խմբագրել]
Ալազանը հետևելով Եղիշե Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգըդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։ Տարբեր տարիների իր բազմաժանր ստեղծագործություններում Ալազանն անդրադարձել է ժամանակի ամենահիմնական երևույթներին՝ սկսած ազատության համար պայքարի հերոսական դրվագներից, նոր մշակույթ ստեղծելու ծրագրային խնդիրներից մինչև Հայրենական մեծ պատերազմը և ետպատերազմյան խաղաղ շինարարությունը։
Ալազանի «Մաքառումներ» (1933), «Բանաստեղծի սիրտը» (1954), «Հորիզոններ» (1957) գրքերում ամփոփված ստեղծագործությունները լավագույն նմուշներ են հայ չափածոյի մեջ։
1934-ին հրատարակվում է Ալազանի «Վաթսուներորդ հորիզոնում» վեպը, որը հայ արձակի լավագույն նմուշներից է։
«Հյուսիսային աստղ» ստեղծագործությունը պատկերում է հյուսիսում գտնվող ապակու գործարանի բանվորության հերոսական աշխատանքը։ «Հյուսիսային աստղ» վեպը անթերի գործ է և թարգմանվել է ռուսերեն։
Վ. Ալազանը հեղինակ է նաև բազմաթիվ քաղաքական-հրապարակախոսական, գրաքննադատական արժեքավոր հոդվածների։ Նա Վ. Նորենցի հետ կազմել, խմբագրել, հրատարակել է Մ. Մեծարենցի երկերի լիակատար ժողովածուն, «Արևմտահայ բանաստեղծներ» հատընտիրը, Պետրոս Դուրյանի «Տաղերը»։
Գրական անունը [խմբագրել]
Գրական գործունեության առաջին տարիներին ստորագրել է Հորձանք և Վ. Անողոք ծածկանուններով: Հետո հարմար գրական անուն որոնելիս` մտաբերել է տարիներ առաջ ընթերցած Գևորգ Բաշինջաղյանի «Ալազանի դաշտավայրում» խորագրով հոդվածը: Նրան դուր է եկել Ալազան անունը, որը դարձել է նրա գրական անունը։
Մեջբերումներ Ալազանի մասին [խմբագրել]
Վահրամ Ալազանը պատկանում է այն գրողների թվին, որոնք չեն մոռացվում և որպես մարդ և որպես ստեղծագործող ապրում են բոլորի հետ։ Սիլվա Կապուտիկյան
Վահրամ Ալազանի բանաստեղծություններից շատերը վերածվել են երգերի, որոնք տարածվել են ժողովրդի մեջ և մասսայականություն են վայելում։ Հրաչյա Թամրազյան
Վ. Ալազանի երկերի մատենագրություն [խմբագրել]
- Ալազան Վ., Տարիների խաղը, Երևան, 1922, 16 էջ:
- Ալազան Վ., Հրաբխապոեզիա. Ժայթքում առաջին, Երևան, 1923, 31 էջ:
- Ալազան Վ., Աշխատանքային, Երևան, 1924, 85 էջ:
- Ալազան Վ., Գյուղի գիշերը, Երևան, 1925, 22 էջ:
- Ալազան Վ., Օրիորդ Օլգա, Երևան, 1925, 16 էջ:
- Ալազան Վ., Պոեմ գյուղի մասին, Թիֆլիս, 1926, 35 էջ:
- Ալազան Վ., Դասալիքը (պատմվածք), Երևան, 1927, 120 էջ:
- Ալազան Վ., Քսանվեցը, Երևան, Պետհրատ, 1928, 63 էջ:
- Ալազան Վ., Ճանապարհին (վեպ), Երևան, Պետհրատ, 1929, 114 էջ:
- Ալազան Վ., Պատմվածքներ, Վաղարշապատ, 1929, 54 էջ:
- Ալազան Վ., Երգեր կառուցման և հաղթանակի, Երևան, Պետհրատ, 1930:
- Ալազան Վ., Պոեմ պատերազմի, խաղաղության և հնգամյա պլանի մասին, Երևան, Պետհրատ, 1931, 40 էջ:
- Ալազան Վ., Եռագույնի ու մահի երկրում, Երևան, Պետհրատ, 1931, 74 էջ:
- Ալազան Վ., Հայ ֆաշիստները գրական անդաստանում (հոդվածներ), Երևան, Պետհրատ, 1932, 87 էջ:
- Ալազան Վ., Խորհուրդների համար (ըստ Օսիպ Կոլչիկի), Երևան, Պետհրատ, 1932, 21 էջ:
- Ալազան Վ., Թղթի և արճիճի հերոսները, Երևան, Պետհրատ, 1933, 13 էջ:
- Ալազան Վ., Մաքառումներ (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1933, 236 էջ:
- Ալազան Վ., Տասներկու տարի (Սովետական Հայաստանի 1920-32-ի մշակութային կյանքի նոթագրություն, հեղինակակից Վաղարշակ Նորենց), Երևան, Պետորատ, 1933, 198 էջ:
- Ալազան Վ., Վաթսուներորդ հորիզոնում (վեպ), Երևան, Պետհրատ, 1934, 568 էջ:
- Ալազան Վ., Դասալիքը, Երևան, Պետրատ, 1934, 96 էջ:
- Ալազան Վ., Կուլտուրայի պաշտպանության միջազգային կոնգրեսի արդյունքներ, Երևան, Պետհրատ, 1935, 64 էջ:
- Ալազան Վ., Դարը, դարի դեմ, Երևան, Պետհրատ, 1936, 12 էջ:
- Ալազան Վ. Բանաստեղծի սիրտը։ Չափածո.- Ե.։ Հայպետհրատ, 1954.- 335 էջ։
- Ալազան Վ. Ժողովրդի կամքը։ (Փոքրիկ պոեմ մեծ աղջկա մասին).- Ե.։ Հայպետհրատ, 1955.- 15 էջ։
- Ալազան Վ. Հյուսիսային աստղ։ Վեպ.- Ե.։ Հայպետհրատ, 1956.- 486 էջ։
- Ալազան Վ. Հորիզոններ։ Չափածո.- Ե.: Հայպետհրատ, 1957.- 387 էջ։
- Ալազան Վ. Հյուսիսային աստղ, Երևան, Հայպետհրատ, 1958, 503 էջ:
- Ալազան Վ., Հուշեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 270 էջ:
- Ալազան Վ. Լուսեղենն ու կարոտը։ Հեքիաթ պոեմ. Ե.; Հայպետհրատ, 1962.- 47 էջ։
- Ալազան Վ. Հուշեր.- Ե.: Հայաստան, 1967.- 374 էջ։
- Ալազան Վ. Անտիպ երգեր։ Չափածո.- Ե.։ Հայաստան, 1972.- 85 էջ։
- Ալազան Վ. Տառապանքի ուղիներով։ (Հուշեր).Ե.։ Խորհրդային գրող, 1990.- 238 էջ։
- Ալազան Վ., Դիրքերում, Երևան, գրքում տպագրման թվականը չկա, 8 էջ:
Գրականություն Ալազանի մասին [խմբագրել]
- Աղավնի։ Մեծ հոգով այս մարդը։ (Ծննդյան 70-ամյակը).- Գրական թերթ, 1973, 18 մայիսի։
- Ափինյան Ա. Անկախության Գինը։ («Եռագույնի ու մահի երկրում» գրքի մասին).- Հայաստանի Հանրապետություն 1991, 30 հունիսի։
- Կապուտիկյան Ս.։ Մարդ, որը ապրում է մեր մեջ։ (Ծննդյան 70-ամյակի առթիվ).- Գրական թերթ, 1973, 18 մայիսի։
- Մանուկյան Ս. Վահրամ Ալազան: (Ծննդյան 80-ամյակի առթիվ).- Գրական թերթ, 1983, 10 հունիսի։