Կիմ Ջոնգ Ուն
Կիմ Ջոնգ Ուն (կորեերեն՝ 김정은), հայտնի նաև «Մեծ Հաջորդող» պատվանունով (ծն. 1983/1984 թ. հունվարի 8), Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ: Նա երկրի նախկին գերագույն առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին և հաջորդողն է:
Նրա կյանքի մանրամասները գաղտնի էին պահվում ամբողջատիրական վարչակարգի կողմից մինչև 2010 թվականը: Իննսունական թվականներին Պակ Չոլ ծածկանունով սովորում էր Շվեյցարիայի մի մասնավոր դպրոցում: 2002—2007 թվականներին եղել է Կիմ Իր Սենի անվան Զինվորական Ակադեմիայի ուսանող: 2010 թվականին ստանձնել է բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում և բանակում, ինչի հետևանքով ժառանգորդության փաստը պաշտոնաբար հաստատվել է: 2011 թ. դեկտեմբերի 29-ին, նրա հոր թաղումից մի օր անց Կիմ Յոնգ Նամի կողմից հայտարարվեց «մեր կուսակցության, բանակի և երկրի գերագույն առաջնորդ»:
Բովանդակություն |
Ծննդյան ժամանակ [խմբագրել]
Կիմ Ջոնգ Ունի, ինչպես նաև իր հայր Կիմ Ջոնգ Իլի ծննդյան տարեթիվն անհայտ է: Տարբեր աղբյուրներ առաջարկում են 1982, 1983 կամ 1984 թվականը: Ըստ հետախուզական տվյալների, նա ծնվել է 1984 թվականին: Նրա ծննդյան օրը, հունվարի 8-ը հայտարարվել է Հյուսիսային Կորեայի պետական տոն և նշվել է պաշտոնաբար առաջին անգամ 2011 թվականին:
Դպրոցական տարիները Շվեյցարիայում [խմբագրել]
Կիմ Ջոնգ Ունի կյանքի մանրամասները, անունը և լուսանկարները գաղտնի էին պահվում մինչև ժառանգորդության գործընթացի սկիզբը: Նա իննսունական թվականներին ուսանում էր Շվեյցարիայում: Շվեյցարական մամուլը, ինչպես նրա դասընկերները տվյալներ են հայտարարեցին նրա դպրոցական տարիների վերաբերյալ:
Ըստ «Լ'Էբդո» վերնագրով շվեյցարական թերթի, նա Պակ Չոլ ծածկանունով մասնավոր դպրոց էր հաճախում Բեռն քաղաքում մինչև 1998 թ.: Ուսանում էր անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Ըստ նրա դասընկերների, վախկոտ և քչախոս էր, սակայն սիրում էր դահուկը և բեյսբոլը:
Կիմ Ջոնգ Ունը սովորում էր նաև Լիբեֆելդի պետական դպրոցում: Նա Շվեյցարիայում էր մինչև 1999 թվականի վերջը կամ 2000 թվականի սկիզբը: Ըստ նրա դասընկերների, անսպասելիորեն անհետացավ:
Ժառանգորդության աստիճանական հայտարարությունը [խմբագրել]
Հյուսիսային Կորեան աշխարհի վերջին կոմունիստական պետություններից է: Երկիրը դե ֆակտո «գերագույն առաջնորդ» ունի, որը պետք է զբաղեցնի մի քանի բարձր պաշտոններ կոմունիստական կուսակցությունում (Կորեայի բանվորական կուսակցություն), բանակում և պետական ուրիշ մարմիններում: Գերագույն առաջնորդի պաշտոնը ժառանգական է: Նախորդ առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի ժառանգորդության գործընթացը մոտ քսան տարի տևեց: Այդ ընթացքում նա նախապատրաստվում էր իր հայր Կիմ Իր Սենի կողմից (հավանաբար 1976 թվականից մինչև 1994 թ.) ու զանազան պաշտոններ ստանձնեց (1980—1997 թթ.): Իսկ Կիմ Ջոնգ Ունը միայն իր հոր վերջին տարիներին է ընտրվել և ընդամենը 2 տարի տևեց իր նախապատրաստությունը:
Նրա հայրը սկզբից Կիմ Ջոնդ Նամին (իր ավագ որդուն) էր նախընտրում որպես ժառանգորդ: Սակայն վերջինը 2001 թվականին Ճապոնիայի սահմանապահների կողմից ձերբակալվել է կեղծ անձնագրի պատճառով: Թեև քիչ անց ազատվել է, Կիմ Ջոնգ Իլը փոխեց իր նախագիծը և հավանաբար իր միջնեկ որդի Կիմ Ջոնգ Չուլին ընտրեց որպես հաջորդ ժառանգորդ: Բայց ըստ Կիմ Ջոնգ Իլի նախկին խոհարար Կենջի Ֆուջիմոտոյի, Կիմ Ջոնգ Չուլը չափազանց «աղջկաբարո» էր համարվում երկիրը ղեկավարելու համար:
2008 թ. օգոստոսին ու կրկին նոյեմբերին, ըստ հետախուզական տեղեկությունների, Կիմ Ջոնգ Իլը ուղեղի կաթված է ստացել: Հետագայում պետական տոնակատարություններին ավելի հազվադեպ էր երևում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, 2009 թվականին Կիմ Ջոնգ Իլը Կիմ Ջոնգ Ունին ներկայացրեց երկրի պետական մարմիններին, որպես հաջորդող: Կիմ Ջոնգ Իլի երրորդ որդին ներկայացվում էր որպես «Ճաճանչավառ Ընկեր» (영명한 동지, Յոնգմյոնգհան Տոնգջի):
2010 թ. սեպտեմբերի 28-ին գումարվեց Հյուսիսային Կորեայի կոմունիստական կուսակցության խորհրդաժողովը և Կիմ Ջոնգ Ունն ընտրվել է Կենտրոնական Կոմիտեի անդամ: 17 տարեկան ընդմիջումից հետո, գումարվեց նաև Կենտրոնական Կոմիտեի լիագումար նիստը, որպեսզի Կիմ Ջոնգ Ունը նշանակվի Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի փոխնախագահ: 2010 թ. հոկտեմբերի 10-ին Կիմ Ջոնգ Ունը իր հայրի կողքին մասնակցեց կոմկուսի 65-ամյակի տոնակատարմանը, ինչը ժառանգորդության միանշանակ արտահայտություն էր համարվում:
2011 թվականին Կիմ Ջոնգ Ունը ուղեկցում էր իր հորը երկրի տարբեր վայրերում անցկացվող պաշտոնական այցերին: 2011 թ. ընթացքում Կիմ Ջոնգ Ունի մրցակիցներից շատերը հեռացվել են իշխանությունից:
Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո [խմբագրել]
2011 թ. դեկտեմբերի 17-ին մահացավ Կիմ Ջոնգ Իլը: Նրա մահվան լուրը հայտարարվեց Հյուսիսային Կորեայի զլմ-ներում դեկտեմբերի 19-ին, ու Կիմ Ջոնգ Ունը ներկայացվեց որպես «Մեծ Հաջորդող»: Դեկտեմբերի 28-ին նա ղեկավարեց իր հոր թաղման արարողությունը:
Հյուսիսային Կորեայի մամուլը 2011 թ. դեկտեմբերի 24-ին Կիմ Ջոնգ Ունին հիշատակեց որպես Կորեայի Ժողովրդական Բանակի գերագույն հրամանատար: Դեկտեմբերի 30-ին Կորեայի Բանվորական Կուսակցության Քաղաքական Գրասենյակը հայտարարեց, որ Կիմ Ջոնգ Ունը ստանձնեց Կորեական Ժողովրդական Բանակի գերագույն հրամանատարության պաշտոնը: 2012 թ. հունվարի 9-ին Հյուսիսային Կորեայի զինված ուժերը տոնական հավաքման ժամանակ արտահայտել են բանակի հավատարմությունը նոր ղեկավարի հանդեպ:
2011 թ. դեկտեմբերի 29-ին Կիմ Յոնգ Նամը հայտարարեց, որ Կիմ Ջոնգ Ունն է երկրի կուսակցական, ռազմական և պետական գերագույն ղեկավարը: Այնուամենայնիվ, չնայած արդեն զբաղեցնում է զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը, մյուս երկու անհրաժեշտ պաշտոնը (կոմկուսի գլխավոր քարտուղար և Կենտրոնական Զինվորական Հանձնաժողովի նախագահ) դեռ չի ստանձնել, այդտեղ ճանաչված է միայն պաշտոնակատար: Դա նշանակություն չունի, քանի որ Կիմ Ջոնգ Իլը միայն իր հոր մահից երեք տարի անց կարողացավ ստանձնել այդ երկու պաշտոնը:
2011 թ. դեկտեմբերի 29-ից Կիմ Ջոնգ Ունը համարվում է Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ ըստ համաշխարհային դիվանագիտական աղբյուրների:
Կիմ Ջոնգ Ունի պատվանունները [խմբագրել]
Կիմ Ջոնգ Ունի ամենահաճախ կիրառվող պատվանուններն են «Մեծ Հաջորդող», «Ճաճանչավառ Ընկեր», «Արուսյակ Հրամանատար»: