Խեթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեթեր

Խեթեր, հաթեր, հնագույն ժողովուրդ Փոքր Ասիայում։ Խեթերն իրենց ցեղակից լուվիացիների և պալայացիների հետ մ. թ. ա. XXV դ. Բալկաններից (որոշ ուսումնասիրողներ ենթադրում են՝ Կովկասից) թափանցել են Փոքր Ասիա և Հալիս գետի ավազանից դուրս մղել տեղաբնիկ խատտերին (հաթերին), որոնց անունը հետագայում դարձել է խեթերի էթնոսի և երկրի (Հաթի, Խատտի) անվանումը։ Գիտական գրականության մեջ գործածվող «խեթեր» անվանումը վերցված է Աստվածաշնչյան «քեթ» ձևից։ Մ. թ. ա. XIX-XVII դդ. խեթերի մոտ ձևավորվել է դասակարգային հասարակություն, մ. թ. ա. XVIII դ.՝ սկզբնավորվել Խեթական պետությունը։ Խեթական պետության կործանումից հետո ասորեստանյան, ուրարտական և հին արևելյան այլ աղբյուրներում Կիլիկիայի արևմտյան մասը, Հյուսիսային Ասորիքի Կարքեմիշի շրջանը հիշատակվում են որպես խեթերի երկրներ։ Հետագայում Կարքեմիշի շրջանի խեթերն արաբացել են, Կիլիկիայի արևելյան մասում բնակվող խեթերը՝ հայացել։ Նախկին Վատտին մտել է Փռյուգիայի կազմի մեջ, իսկ բնակիչները՝ խեթերը, որոնք անտիկ աղբյուրներում հիշատակվում են «սպիտակ ասորիներ» անունով, հետագայում, հավանաբար, հունացել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png