Խանտի-Մանսիական ինքնավար շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ
ռուս.՝ Ха́нты-Манси́йский автоно́мный о́круг — Югра́
Զինանշան
Coat of Arms of Yugra.svg
Դրոշ
Flag of Yugra.svg
Երկիր Ռուսաստան Ռուսաստան (պ)
Կարգավիճակ Ինքնավար օկրուգ
Վարչկենտրոն Խանտի-Մանսիյսկ
Կազմավորում 10 դեկտեմբերի 1930 թ.
Հիմնական լեզու ռուսերեն
Բնակչություն (2010)
1 532 243 (29 տեղ)
Տարածք 534800 կմ² (9 տեղ)
Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ վարչական միավորը երկրի քարտեզին
ISO 3166-2 կոդ RU-KHM
Պաշտոնական կայք


Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգ (ռուս.՝ Ха́нты-Манси́йский автоно́мный о́круг — Югра́), ինքնավար օկրուգ Ռուսաստանի կազմում[1], Ռուսաստանի ֆեդերացիայի միավոր։ Մայրաքաղաքն է Խանտի-Մանսիյսկ քաղաքը։

Մինչև 1940-ը կոչվել է Օստյակո-Վոգուլական, իսկ մինչև 1977-ը՝ Խանտի-Մանսիական ազգային շրջան։

Ստեղծվել է 1930 թվականի դեկտեմբերի 10-ին։ Տարածությունը 523 100 կմ2 է, բնակչությունը՝ 569 000 (1979)։ Բաժանվում է 7 շրջանի, ունի 5 քաղաք, կենտրոնը՝ Խանտի-Մանսիյսկ։

Սահմանակից է Ռուսաստանի Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի, Կրասնոյարսկի երկրամասի, Տոմսկի, Տյումենի և Սվերդլովսկի մարզերի, և Կոմի Հանրապետությանի հետ։

Բնություն[խմբագրել]

Շրջանը գտնվում է Արևմտասիբիրական հարթավայրի կենտրոնական մասում։ Տարածաշրջանը դաշտավայրերի ու բարձրությունների զուգակցություն է, ծայր արևմուտքում Հյուսիսային և Մերձբևեռային Ուրալի արևելյան լանջերի նեղ շերտն է։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ։ Կլիման ցամաքային է, խիստ ձմեռով, կարճատև, տաք ամառով։ Հունվար ամսվա միջին ջերմաստիճանը -20-ից - 22°C է, հուլիսինը՝ 16 - 18°C, տարեկան տեղումները 400 - 500 մմ են։ Շրջանի հյուսիսում տարածված է բազմամյա սառածությունը։ Գլխավոր գետը Օբն է։ Կան ավելի քան 1500 լճեր։ Գերակշռում են տորֆաճահճային և պոդզոլացված, գետերի ողողատներում և լճափերին՝ ալյուվիալ հողերը։ Տերիտորիայի 1/3-ը անտառածածկ է։ Կենդանիներից կան սկյուռ, սամույր, աղվես, նապաստակ, կզաքիս, մշկամուկ, ջրաքիս, թռչուններ, ջրերում՝ ձկներ։

Բնակչություն[խմբագրել]

76,9%-ը ռուսներ են, 5,2%-ը՝ թաթարներ, 4,5%-ը՝ խանտեր, 3.7%-ը՝ ուկրաինացիներ, 2,5%֊ը՝ մանսիներ և այլք (1970)։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 1,1 մարդ Է (1977), քաղաքային բնակչությունը՝ 74,9%։ Առավել բնակեցված են Օբի և Իրտիշի հովիտները։ Քաղաքներն են Սուրգուտը, Նիժնեվարտովսկը, Նեֆտեյուգանսկը, Խանտի-Մանսիյսկը։

Տնտեսություն[խմբագրել]

Առաջատար ճյուղերն են նավթի, անտառային, գազի արդյունաբերությունը, մորթեղենի արդյունագործությունն ու գազանաբուծությունը։ Նավթի արդյունահանմամբ երկրում գրավում է առաջին տեղը (1970)։ Գյուղատնտեսության կարևոր ճյուղը եղջերվաբուծությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, կարտոֆիլ, բանջարեղեն։

Տրանսպորտի հիմնական տեսակներն են ջրայինը և երկաթուղայինը։ Նավարկելի են Օբը, Իրտիշը և դրանց խոշոր վտակները։ Գործում են Շայմ-Տյումեն, Ուաո-Բալիկ-Օմսկ, Սամոտլոր - Կուրգան - Ուֆա - Ալմետևսկ նավթամուղները և Պունգա-Սերով-Նիժնի Տագիլ գազամուղները։ 1975 թվականին շրջանում կար 183 գրադարան, 226 ակումբ, 264 կինոսարք, հայրենագիտական թանգարան, շրջանային 2 թերթ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png