Մշկամուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մշկամուկ
Մշկամուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Համստերանմաններ
Ցեղ Մշկամկներ
Տեսակ Մշկամուկ
Լատիներեն անվանում
Ondatra zibethicus

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 180318
NCBI 10060

Մշկամուկ (լատ.՝ Ondatra), օնդատրա, համստերանմանների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում կլիմայավարժեցումը սկսվել է Շիրակի մարզի Արդենիս լճում, այժմ հանդիպում է նաև Արփի լճում և Ախուրյան գետի ու ջրամբարի ափերին։ Բնակվում է ջրափնյա և ծանծաղուտային բուսականությամբ հարուստ բնական և արհեստական, հոսող ու կանգուն ջրատարների, ջրամբարների, ճահիճների, ճահճացած աղբյուրների ափերին՝ կուղբի բներում (հյուղակիկ), բարձր ափի դեպքում՝ բարդ կառուցվածքով հողափոր, հազվադեպ՝ լողացող բներում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը մինչև 36 սմ է, պոչինը՝ 28 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 1, 5 կգ։ Մորթին միագույն է՝ բաց շագանակագույնից սև։ Մեջքի մազածածկը բաժանվում է ստևի և աղվամազի։ Պոչը կողքերից սեղմված է՝ պատված մանր թեփուկներով ու նոսր, կարճ մազածածկով։ Հետին թաթերի մատների արանքում ունի լողաթաղանթ։ Աճուկային շրջանում կան մշկային գեղձեր։ Ունի կիսաջրային կենսակերպ, լավ լողում և սուզվում է (մինչև 12 ր կարող է մնալ ջրի տակ)։

Սննդառություն[խմբագրել]

Սնվում է ջրափնյա և ծանծաղուտային բույսերով (գերադասում է եղեգը), բուսական կերի պակասության դեպքում՝ նաև մանր ձկներով, գորտերով, անողնաշարավորներով և այլ կենդանական կերով։ Ակտիվ է մթնշաղին։ Կտղուցի շրջանում արուն արտադրում է մշկաբույր գեղձազատուկ։

Բազմացում և զարգացում[խմբագրել]

Բազմանում է տարին 1 -2 անգամ, ունենում միջինը 6-7 ձագ։

Մորթատու կարևորագույն կենդանիներից է։ Մորթին բարձրորակ է։ Երբեմն վնասում է ոռոգման համակարգերը և ամբարտակները։ Տուլարեմիայի, լեպտոսպիոզի և մարդու այլ վարակների բնական կրող է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png