Լա Սկալա
Լա Սկալա Teatro alla Scala | |
---|---|
Լա Սկալան երեկոյան | |
Տեսակ | օպերային թատրոն |
Տնօրեն | Մարիա Դի Ֆրեդա |
Երկիր | Իտալիա[1] |
Գտնվելու վայրը | Միլան, Իտալիա |
Հիմնադրման ամսաթիվ | օգոստոսի 3, 1778 |
Անվանված է | Սանտա Մարիա ալլա Սկալա եկեղեցի |
Գեղարվեստական ղեկավար | Ալեքսանդր Պերեյրա |
Գլխավոր բալետմեյստեր | Մախար Վազիև |
Երգչախմբի ղեկավար | Բրունո Կազոնի |
Ճարտարապետ | Ջուզեպպե Պիերմարինի |
Կայք | teatroallascala.org |
Teatro alla Scala Վիքիպահեստում |
Լա Սկալա (իտալ.՝ La Scala կամ լրիվ իտալ.՝ Teatro alla Scala), հայտնի օպերային թատրոն Միլանում, համաշխարհային օպերային կենտրոններից` հիմնված 1778 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի շենքը կառուցվել է ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի նախագծով 1776-1778 թվականներին այնտեղ, որտեղ ժամանակին Սանտա-Լուչիա դելլա Սկալա եկեղեցին էր։ Այստեղից էլ ծնվեց թատրոնի անվանումը։ Եկեղեցին իր անվանումը ստացել է 1831 թվականին ոչ թե «աստիճան» բառից (իտալ.՝ skala), այլ նրա հովանավորուհու ազգանունից` Բեատրիչե Ռեջինա դելլա Սկալա (Beatrice Regina della Scala), ով Վերոնայի տիրակալների ցեղի ներկայացուցիչ էր։
Թատրոնի բացումը մեկնարկել է Անտոնիո Սալիերիի «Հանրաճանաչ Եվրոպա» օպերայով 1778 թվականի օգոստոսի 3-ին։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին թատրոնի խաղացանկում ավելացան իտալացի կոմպոզիտորներ Պասկուալե Անֆոսսիի, Դոմենիկո Չիմարոզայի, Լուիջի Քերուբինիի, Ջովանի Պաիզիելլոյի, Սիմոն Մայրի օպերաները։ Սկսած 1830 թվականից՝ խաղացանկում ավելացան Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունները։ Այստեղ են առաջին անգամ ցուցադրվել Բալլինիի «Ծովահենը» (1827), «Նորմա» (1831) օպերաները, Վերդիի «Նաբուկկո»-ն (1842), «Օթելլո»-ն (1887), Պուչինիի «Մադամ Բատերֆլայ»-ը (1904) և «Տուրանդոտ»-ը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1943 թվականի օգոստոսի 16-ին, շենքը լիովին ավերվել է։ Վերականգնել է ճարտարագետ Լ. Սեկկին։ Շենքը վերաբացվել է 1946 թվականին[2]։ Թատրոնի շենքը ժամանակ առ ժամանակ վերանորոգվել է։ Վերջին անգամ դա կատարվել է 2001-2004 թվականներին։ Այդ ընթացքում ներկայացումները տեղի էին ունենում Առչիմբոլդի թատրոնում։ 2004 թվականի դեկտեմբերի 7-ին նոր վերանորոգված բեմում ցուցադրվեց Անտոնիո Սալիերիի «Հանրաճանաչ Եվրոպա» օպերան։
«Լա Սկալան» (իտալ.՝ Teatro alla Scala կամ La Scala) օպերային մշակույթի համաշխարհային կենտրոն է։
Շենքի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի շենքի շինարարական պեղումների ընթացքում գտնվել է մարմարե մի հսկայական մեծաբեկոր, որի վրա պատկերված էր Հին Հռոմում ճանաչված միմոս Պիլադը։ Շատերը դա ընդունեցին որպես լավ նշան։
Ճարտարապետ Ջուզեպպե Պյերմարինիի կառուցած թատրոնի շենքը աշխարհի ամենագեղեցիկ կառույցներից է։ Պահպանված է խիստ նեոդասական ոճը, ունի անթերի լսելիականություն։ Նստատեղերի դասավորությունը համապատասխանում է օպտիկայի խիստ կանոններին։ Թատրոնի երկարությունը 100 մետր է, իսկ լայնությունը` 38 մետր։ Կառույցի ճակատային մասի կենտրոնում վեր է խոյանում կառքերի համար նախատեսված շքամուտք։
Սրահը պայտաձև էր։ Այնտեղ կար եռահարկ օթյակ և պատշգամբ։ Ընդամենը 194 օթյակ և թագավորական օթյակ։ Ամեն օթյակում տեղավորվում էր 8-10 մարդ։ Օթյակները միմյանց միանում էին միջանցքով։ Հետևում օթյակների երկրորդ շարքն էր, ուր տեղադրված էին սեղաններ խաղաքարտի և խմիչքի սիրահարների համար։ Բեմը այդքան էլ մեծ չէր։ Սկզբնական շրջանում պարտերում աթոռ չկար։ Դրա փոխարեն ծալվող և տեղաշարժվող աթոռներ էին։
Լուսավորությունը թույլ էր։ Օթյակներում մոմեր էին վառում, այդ պատճառով պարտերում նստածները հալչող մոմի կաթոցից խուսափելու համար գլխարկները չէին հանում։ Ջեռուցում ևս չկար։ Սրահը հրաշալի էր՝ սպիտակ արծաթագույն և ոսկեգույն երանգներով։ Այստեղ տեղի էին ունենում տարբեր արարողություններ՝ պարահանդեսներ, մոլեխաղեր։ Շենքի կառուցման համար այն ժամանակ ծախսվել է 1 միլիոն լիրա։ Ծախսերն իրենց վրա էին վերցրել քաղաքի 90 մեծահարուստ։
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի 30-ականներից սկսած՝ Լա Սկալայի պատմությունը սերտաճում է իտալացի մեծանուն երաժիշտներ Գաետանո Դոնիցետտիի, Վինչենցո Բելլինիի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի հետ։ Նրանց ստեղծագործությունները այստեղ ցուցադրվում էին առաջին անգամ։ Դրանք էին Բելլինիի «Նորմա» (1831) և «Ծովահենը» (1827) օպերաները, Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջիա» օպերան (1833), Վերդիի «Նաբուկկո»-ն (1842), «Օթելլո»-ն (1887), «Ֆալստաֆ»-ը (1893), Պուչինիի «Մադամ Բատերֆլայ»-ը (1904) և «Տուրանդոտ»-ը (1926)։
Գլխավոր դիրիժորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանկո Ֆաչչո (1871-1889)
- Արտուրո Տոսկանինի (1898-1908)
- Տուլիո Սերաֆին (1909-1914, 1917-1918)
- Արտուրո Տոսկանինի (1921-1929)
- Վիկտոր դե Սաբատա (1930-1953)
- Կառլո Մարիա Ջուլինի (1953-1956)
- Գվիդո Կանտելլի (1956)
- Ջանանդրեա Գավացցենի (1966-1968)
- Կլաուդիո Աբադո (1968-1986)
- Ռիկարդո Մուտի (1986-2005)
- Դանիել Բարենբոյմ (2007-2011)
- Ռիկարդո Շայի (2015-2022)
Օպերային թատերախումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնի բեմում երգել են Զինկա Միլանովան, Մարիա Կալասը, Մարիո դել Մոնակոն, Ռենատա Տեբալդին, իսկ ռուս երգիչներից` Ելենա Օբրազցովան, Թամարա Սինյավսկայան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Սկալա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 490)։ |