Անտոնիո Սալիերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Սալիերի (նկարիչ` Յոզեֆ Մալեր)

Անտոնիո Սալիերի (իտալերեն` Antonio Salieri, 1750 թ. օգոստոսի 18 , Լենիանո, Վենետիկի հանրապետություն —1825թ. մայիսի 7, Վիեննա), իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ:

Կյանքը [խմբագրել]

Սերվում էր առևտրականների հարուստ ընտանիքից, ուսանում էր տանը ջութակի և տավիղի նվագելուն, այնուհետև սովորել է Պադուա և Վենետիկ քաղաքներում: Երգահան Ֆլորիան Լեոպոլդ Գասսմանի հրավերով 1766 թ. 16 տարեկան հասակում մեկնում է Վիեննա, որտեղ էլ և հաստատվում է մինչև կյանքի վերջը: Շնորհիվ Գասսմանի դասերի` մուտք է գործում Վիեննայի երաժշտական շրջանակներ և ծանոթանում ժամանակի հանրաճանաչ լիբրետիստ Պիետրո Մետաստազիոյի և երգահան Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկի հետ, ընդունվում է կասերական արքունիք ծառայության 1774 թ. որպես արքունի երգահան, այնուհետև` 1788 թ.` կայսերական նվագախմբի կապելմայստեր: Այդ տարիներին Վիեննայում Սալիերին ծանոթանում է Մոցարտի հետ, որի անժամանակ մահը 1791 թ. ըստ չապացուցված վարկածի արդյունք է նրա կողմից թունավորմանը: 1770-80-ական թթ. Սալիերիի օպերաները բեմադրվում են Փարիզում, Վիեննայում և Իտալիայի քաղաքներում: Մասնավորապես, նրա «Ճանաչված Եվրոպա» օպերայի բեմադրմամբ է 1778 թ. բացվում Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի շենքը: 1789 թ. Ավստրիայի կայսր Հովսեփ II-ի մահից հետո Սալիերիի դիրքերը արքունիքում թուլանում են, 1792 թ. նա թողնում է Վիեննայում Իտալական օպերայի տնօրենի պաշտոնը` շարունակելով գրել նոր օպերաներ մինչև 1804 թ., երբ նա որոշում է այլևս չգրել նոր օպերաներ` գիտակցելով, որ երաժշտական ճաշակը փոխվել է և նա այլևս չունի ոչ ստեղծագործական ընդունակություն հարմարվել դրան և ոչ էլ ցանկություն շարունակելու ստեղծագործել: Ստեղծագործելուն զուգահեռ նա զբաղվում էր մանկավարժական գործունեությամբ: Իր սաների թվում տարբեր ժամանակներում եղել էին Լյուդվիգ վան Բեթհովենը, Ֆերենց Լիստը, Ֆրանց Շուբերտը և այլոք: Նա նաև դասավանդել է ժամանակի հայտնի երգիչներին: Իր բոլոր սաներին, բացառությամբ ամենահարուստները, Սալիերին ուսուցանում էր անվճար` դա համարելով իր տուրքը Վիեննայի իր ուսուցչին` Գասսմանին, որը նրա նկատմամբ բարիություն էր դրսևորել, երբ Սալիերին նոր էր եկել Վիեննա:

Կյանքի վերջում, մահից մեկ ու կես տարի առաջ Սալիերին խելագարվում է: Մահանում է Վիեննայում 1825 թ. մայիսի 7-ին:

Ստեղծագործությունները [խմբագրել]

Սալիերին գրել է 40-ից ավել օպերա, որոնցից այսօր որոշակի հետաքրքրություն են ներկայացնում «Դանաիդներ» (ֆր. Les Danaïdes; 1784), «Տարար» (ֆրանսերեն` Tarare; 1787, լիբրետտոն Բոմարշեի) և «Ֆալստաֆ» (ֆր` Falstaff; 1799) օպերաները: Նրա վաղ օպերաները պատկանում են դասական իտալական ոճին, սակայն սկսած 1780-ական թթ. Սալիերին փոխառում է Գլյուկի երաժշտության ոճը, ինչի շնորհիվ նրա օպերաները լավ էին ընդունվում Փարիզում, որտեղ նախքան այդ մեծ հաջողությամբ էին բեմադրվում Գլյուկի օպերաները: Սալիերին նաև գրել է նվագախմբային, կամերային, հոգևոր երաժշտություն, այդ թվում` «Ռեքվիեմը» (1804), որը կատարվել է նրա թաղման արարողության ժամանակ: