Դոմենիկո Չիմարոզա
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դոմենիկո Չիմարոզա (իտալերեն՝ Domenico Cimarosa, դեկտեմբերի 17 1749, Ավերսա, Նեապոլ — հունվարի 11 1801, Վենետիկ), իտալացի երգահան, օպերայի նեապոլիտանական դպրոցի կարկառուն ներկայացուցիչ, ավելի քան 80 օպերայի հեղինակ: Առաջին օպերան մեծ հաջողությամբ բեմադրել է 1772 թ Նեապոլում, ապրել և ստեղծագործել է Իտալիայի տարբեր քաղաքներում: 1789 թ ռուսական արքունիքի հրավերում մեկնում է Պետերբուրգ, որտեղ 4 տարի ղեկավարում է արքունական նվագախումբը: 1792 թ Ռուսաստանից հայրենիք վերադառնալիս որոշ ժամանակ մնում է Վիեննայում, որի արքունական թատրոնի համար («Բուրգտեատր») գրում է իր գլուխգործոցը` «Գաղտնի ամուսնությունը» օպերան: Այն շռնդալից հաջողություն է ունենում և ըստ ավանդության կայսր Լեոպոլդ II-ի հրամանով նույն օրը կատարվում է երկրորդ անգամ: 1796 թ Չիմարոզան վերադառնում է Նեապոլ, որտեղ շարունակում է ստեղծագործել և բեմադրել իր օպերաները: Ֆրանսիական հեղափոխությունից հետո 1798-99 թթ Նեապոլի ֆրանսիական զորքերի կողմից կարճաժամկետ գրավման ընթացքում միացել է ֆրանսիացիներին աջակցող ազատական կուսակցությանը, ինչի պատճառով իշխանությանը վերադարձած Բուրբոնները դատապարտում են նրան մահվան: Սակայն ազդեցիկ երկրպագուների միջնորդությամբ մահապատիժը փոխարինվում է աքսորով: Չիմարոզան մահանում է Վենետիկում 1801 թ հունվարի 11-ին աղիքների բորբոքումից: Հիվանդության բնույթը ժամանակակիցներին կասկածել է տվել, որ երգահանին թունավորել են: