Իմոն դե Վալերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմոն դե Վալերա
 
Կուսակցություն՝ Ֆիանա Ֆայլ և Շինֆեյներներ
Կրթություն՝ Իռլանդիայի թագավորական համալսարան և C.B.S. Charleville?
Գիտական աստիճան՝ Բակալավր և գիտության բակալավր
Մասնագիտություն՝ մաթեմատիկոս, դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր հոկտեմբերի 14, 1882(1882-10-14)[1][2][3][…]
Ծննդավայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 29, 1975(1975-08-29)[1][2][3][…] (92 տարեկան)
Վախճանի վայր Դուբլին, Իռլանդիա[4]
Թաղված Գլասնևին գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ,  Իռլանդական ազատ պետություն և  Իռլանդիա
Հայր Juan Vivion de Valera?[5]
Մայր Քեթրին Քոլ[5]
Ամուսին Sinéad de Valera?
Զավակներ Brian de Valera?, Emer de Valera?, Vivion de Valera?[5], Máirin de Valéra?[5], Éamon de Valera?[5], Rúaidhrí de Valera?[5] և Terry de Valera?[5]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Իմոն դե Վալերա (իռլանդերեն՝ Éamon de Valera, հոկտեմբերի 14, 1882(1882-10-14)[1][2][3][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 29, 1975(1975-08-29)[1][2][3][…], Դուբլին, Իռլանդիա[4]), իռլանդացի քաղաքական և պետական գործիչ։ 1916 թվականի իռլանդական ապստամբության ղեկավարներից։ 1919-1921 թվականներին եղել է չճանաչված Իռլանդական Հանրապետության խորհրդարանի և կառավարության նախագահը, ապա 1921-1922 թվականներին՝ հանրապետության նախագահը։ 1932-1948, 1951-1954 և 1957-1959 թվականներին եղել է Իռլանդիայի վարչապետը, իսկ 1959-1973 թվականներին՝ հանրապետության նախագահը։ Նրա կառավարությունը հետամուտ էր երկրի տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի ակտիվ ներգրավման և միարժամանակ ռազմաքաղաքական դաշինքներին չմիանալու քաղաքականության։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմոն դե Վալերան ծնվել է 1882 թվականի հոկտեմբերի 14-ին, Նյու Յորք քաղաքում, իռլանդացի Քեթրին Քոլի և իսպանացի Խուան Վիվիոն դե Վալերայի ընտանիքում։ Հնարավոր է, որ Դե Վալերան ապօրինածին է եղել։ Նրա ծննդյան վկայականի բնօրինակում իր անունը նշված է «Ջորջ դե Վալերո»։ Կյանքի վաղ շրջանում նա կոչվում էր Էդուարդ, հետագայում ընդունել է իռլանդական Իմոն անունը։ Երկու տարեկան հասակում քեռու հետ տեղափոխվել է Իռլանդիա։ 1885 թվականին մահացել է Դե Վալերայի հայրը, ինչից հետո մայրը՝ Քեթրինը, կրկին է ամուսնացել։ Մանուկ Դե Վալերան հետ չի ուղարկվել ԱՄՆ մոր հետ ապրելու, այլ մնացել է մոր հարազատ գյուղ Բրուրիում, որտեղ իրեն դաստիարակել է իր տատը, քեռին և մորաքույրը։ Հաճախել է Բրուրիի ազգային դպրոցը և Չարլվիլի Քրիստոնյա եղբայրների միաբանության դպրոցը։ Տասնվեց տարեկանում կրթաթոշակ է շահել և ընդունվել Դուբլինի Բլեքռոք քոլեջ։ 1903 թվականին նշանակվել է մաթեմատիկայի ուսուցիչ Քաշել քաղաքի Ռոքվել քոլեջում։ 1904 թվականին ավարտել Իռլանդիայի թագավորական համալսարանի մաթեմատիկայի բաժինը։ Այնուհետև մեկ տարի սովորել է Դուբլինի Թրինիթի (Երրորդություն) քոլեջում, բայց ֆինանսական դժվարությունների պատճառով ուսումն անավարտ է թողել և վերադարձել ուսուցչական գործի։

1908 թվականին միացել է Գելական լիգային (իռլանդերենի պահպանմանը նվիրված կազմակերպություն), որում ծանոթացել է ուսուցչուհի Շինեյդ Ֆլանագանի հետ։ Դե Վալերան և Ֆլանագանն ամուսնացել են 1910 հունվարի 8-ին։ Հետագայում ունեցել են յոթ երեխա․ Վիվիոն (1910-1982), Իմոն (1913-1986), Բրայան (1915-1936), Րորի (1916-1978), Թերենս (1922-2007), Մարին (1912-1984) և Էմեր (1918-2012)։

Հեղափոխական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Վալերայի քաղաքական գործունեությունը սկսվել է 1913 նոյեմբերի 25-ին, երբ նա միացավ «Իռլանդացի կամավորներ» (անգլ.՝ Irish Volunteers) զինված խմբավորմանը։ Առաջին աշխարհամարտի բռնկումից հետո Դե Վալերան աչքի է ընկել և նշանակվել ղեկավար պաշտոնների կազմակերպության մեջ։ Մասնակցել է զենքի ապօրինի հայթայթմանը և համընդհանուր իռլանդական ապստամբության համար նախապատրաստական այլ գործողությունների։ Անդամագրվել է նաև Իռլանդական հանրապետական եղբայրությանը (անգլ.՝ Irish Republican Brotherhood), որը գաղտնաբար ղեկավարում էր «Իռլանդացի կամավորներին»։

1916 թվականի ապրիլի 24-ին սկսվել է Զատկի ապստամբությունը Դուբլինում։ Դե Վալերայի խմբի առաջադրանքն էր գրավել Բոլանդս-միլ պահեստը և հսկել քաղաքի հարավարևելյան ուղղությունը։ Մեկ շաբաթ տևած մարտերից հետո իռլանդացի ապստամբները հանձնվել են։ Դե Վալերան մահապատժի է դատապատրվել բրիտանական զինվորական դատարանի կողմից, սակայն պատժի միջոցն անմիջապես փոխարինվել է ցմահ տաժանակիր աշխատանքով։ Դե Վալերան 1916-ի ապստամբության այն փոքրաթիվ ղեկավարներից էր, որոնք մահապատժի չեն ենթվարկվել ապստամբության ճնշումից հետո։ Նա համաներմամբ ազատ է արձակվել 1917 թվականի հունիսին։ 1917 թվականի հուլիսի 10-ին ընտրվել է Միացյալ Թագավորության համայնքների պալատի պատգամավոր։ 1917-ին ընտրվել է «Շինն Ֆեյն» (իռլանդերեն նշանակում է «մենք ինքներս») կուսակցության նախագահ։ Այս կուսակցության մեջ են համախմբվել Զատկի ապստամբությունը վերապրած իռլանդացի հեղափոխականները։ 1918 թվականի ապրիլին Դե Վալերան կրկին ձերբակալվել է և տարվել Լինքոլնի բանտ՝ Անգլիայում։

Դե Վալերան Էննիսի դատարանի դիմաց ելույթ ունենալիս, 1917 թ․ հուլիս

1918 թվականի դեկտեմբերի բրիտանական խորհրդարանական ընտրություններում «Շինն Ֆեյնը» հաղթել է Իռլանդիայի 105 ընտրատարածքներից 73-ում։ Այնուհետև «Շինն Ֆեյնի» ընտրված 27 պատգամավորներ ժողովվել են Դուբլինում և հռչակել Իռլանդիայի խորհրդարանը («Դոյլ Էրեն», բառացի՝ Իռլանդիայի ժողով)։ Խորհրդարանի նախագահ է ընտրվել Կահալ Բրուն։ Սրանով սկսվել է Իռլանդիայի անկախության պատերազմ։ 1919 թվականի փետրվարին Դե Վալերան փախել է բանտից Մայքլ Քոլինզի օգնությամբ։ Նույն տարվա ապրիլի 1-ին Դե Վալերան ընտրվել է Իռլանդիայի խորհրդարանի նախագահ (հետագայում հանդես է եկել իբրև հանրապետության նախագահ), ապա մեկնել է ԱՄՆ՝ նորաստեղծ Իռլանդական Հանրապետության համար դիվանագիտական ճանաչում և նյութական օգտություն ձեռք բերելու առաքելությամբ։ Դե Վալերան կարողացավ ամերիկացի համակիրների նվիրաբերությամբ 5 500 000 միլիոն ԱՄՆ դոլար հայթայթել Իռլանդիայի համար, բայց իրեն չհաջողվեց ձեռք բերել Իռլանդական Հանրապետության պաշտոնական ճանաչումն ԱՄՆ-ի կողմից։ Միևնույն ժամանակ տապալվեց Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու փորձը, քանի որ վերջինս բանակցում էր Մեծ Բրիտանիայի հետ առևտրային պայմանագրի շուրջ։

Դե Վալերան մոտ 1918-1921 թթ․

Դե Վալերան Իռլանդիա է վերադարձել 1920 թվականի դեկտեմբերին։ Նրա բացակայության ժամանակ իռլանդացի հեղափոխականների գործողություններն էր համակարգում 29-ամյա ֆինանսների նախարար Մայքլ Քոլինզը։ 1921 թվականի հունվարին Դե Վալերան առաջին անգամ հանդես է եկել Իռլանդիայի խորհրդարանում։ Ի տարբերություն Մայքլ Քոլինզի, որ կողմնակից էր պարտիզանական մարտավարության, Դե Վալերան առաջարկում էր սովորական պատերազմի մեթոդներով կռվել բրիտանացիների դեմ, համարելով, որ պարտիզանական մեթոդները բրիտանացիներին թույլ կտան իռլանդացի հեղափոխականներին ահաբեկիչներ հռչակել։ Այս հարցում հաղթեց Քոլինզի գիծը։ 1921 թվականի մայիսին Իռլանդիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում «Շինն Ֆեյնի» թեկնածուները հաղթել են ընտրատարածքների մեծ մասում (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի, որտեղ ստացել են 52 մանդատից վեցը) և ձևավորվել է նոր խորհրդարան («Երկրոդ Դոյլ»)։ 1921 թվականի հուլիսին կնքվել է զինադադար իռլանդացի հեղափոխականների և Մեծ Բրիտանիայի միջև, ինչից հետո Դե Վալերան մեկնել է Լոնդոն վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջի հետ բանակցելու համար։ Այցի ժամանակ Լլոյդ Ջորջը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ընդունելու հանրապետական վարչաձևի հաստատում Իռլանդիայում և որ նոր իռլանդական պետությունը չի ներառելու ողջ կղզու տարածքը։ Երբ Դե Վալերան հայտնել է, որ պատրաստվում է մերժել Լլոյդ Ջորջի պայմանները, վերջինս սպառնացել է պատերազմը վերսկսել։

1921 թվականի օգոստոսին Դե Վալերան իռլանդական խորհրդարանի կողմից ճանաչվել է իբրև հանրապետության նախագահ։ Այսուհետև խորհրդարանը պատվիրակություն է նշանակել Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագիր բանակցելու և կնքելու համար։ Առանց խորհրդարանի իմացության՝ Դե Վալերան գաղտնի նամակ է հղել պատվիրակներին, որում հրահանգեց որևէ փաստաթուղթ չստորագրել առանց իր հավանության։ 1921 թվականի դեկտեմբերի 6-ին կնքվեց Անգլո-իռլանդական պայմանագիրը, համաձայն որի Իռլանդիան (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) ստանում էր դոմինիոնի կարգավիճակ՝ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ ունեին Կանադան, Ավստրալիան և այլն։ Հաշտության պայմանագրով վերացվում էր 1919 թվականին հռչակված Իռլանդական Հանրապետությունը և ստեղծվում էր այսպես կոչված Իռլանդական Ազատ Պետությունը։ Սա ունենալու էր սեփական բանակ, խորհրդարան, կառավարություն և անկախ դատական համակարգ, թեպետ պետության գլուխը լինելու էր Մեծ Բրիտանիայի թագավորը (փոխարքայի միջոցով)։ Դե Վալերան առարկեց, որ պայմանագիրը կնքվել էր առանց իր հավանության (թեև պատվիրակությունը լիազորվել էր դա անել խորհրդարանի կողմից) և հրապարակեց իր սեփական առաջարկները։ 1922 թվականի հունվարի 7-ին, տասն օր տևած կատաղի վեճերից հետո, Իռլանդիայի խորհրդարանը վավերացրել է Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագիրը՝ 64 կողմ, 57 դեմ և 4 ձեռնպահ քվեարկությամբ։ Այսուհետև Դե Վալերան հրաժարական է տվել և կոչ արել պայմանագրին դեմ քվեարկած պատգամավորներին նույնն անել։ Մարտ ամսին Դե Վալերան մի քանի ելույթ է ունեցել Իռլանդիայի տարբեր բնակավայրերում և ակնարկել, որ պայմանագրի իրականացումը կանխելու համար կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ։

Ողջ իռլանդական ազգային շարժումը, ներառյալ բանակը և «Շինն Ֆեյն» կուսակցությունը, բաժանվել էր պայմանագրին կողմ և պայմանագրին դեմ հանդես եկող ճամբարների։ 1922 թվականի ապրիլի 14-ին Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) 200 զորականներ գրավեցին Դուբլինի գլխավոր չորս դատարանները՝ ի նշան բողոքի Անգլո-իռլանդական պայմանագրի դեմ։ Երկրում ահագնացող երկպառակությունը մեղմելու նպատակով՝ Մայքլ Քոլինզը՝ հաշտության պայմանագիրը կնքած պատվիրակներից մեկը և նորանշանակ վարչապետի պաշտոնակատարը, առաջարկեց նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել պայմանագրի հանդեպ ժողովրդի դիրքորոշումը պարզելու համար։ Դե Վալերան այս առաջարկին իր համաձայնությունն է տվել, և 1922 թվականի հուլիսի 16-ին անցկացվեցին ընտրություններ, որոնց արդյունքում ընտրվել է 58 թեկնածու «Շինն Ֆեյնի» պայմանագրին կողմ հանդես եկող խմբակցությունից, 36 թեկնածու կուսակցության պայմանագրին դեմ հանդես խմբակցությունից և 34 թեկնածու այլ կուսակցություններից, որոնք պայմանագրին կողմ էին հանդես գալիս։

Քաղաքացիական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունները, սակայն, չհանգեցրին ազգային համերաշխության։ 1922 թվականի հունիսի 27-ին Մայքլ Քոլինզը, բրիտանացիների պահանջով, հրաման է արձակել՝ Դուբլինի չորս դատարանները գրաված ԻՀԲ-ականներին ուժով ճնշելու։ Չորս դատարանների ռմբակոծումից հետո ծանր մարտեր ծավալվեցին Դուբլինի փողոցներում պայմանագրին կողմ և դեմ հանդես եկող ուժերի միջև։ Դուբլինի ճակատամարտով սկսվեց քաղաքացիական պատերազմն Իռլանդիայում։ Դե Վալերան ձևականորեն հանդիսանում էր պայմանագրին դեմ հանդես եկող կողմի քաղաքական ղեկավարը, սակայն այդ ուժերը փաստացի ղեկավարում էր Իռլանդական հանրապետական բանակի հրամանատարությունը։ Բրիտանացիների զգալի նյութական օժանդակությամբ քաղաքացիական պատերազմում հաղթեցին պայմանագրին կողմ հանդես եկող ուժերը, թեև 1922 թվականի օգոստոսին սպանվել էր դրանց ղեկավար Մայքլ Քոլինզը (Դե Վալերան հակառակ էր Քոլինզին վերացնելու գործողությանը և հորդորել էր իր զինակից ընկերներին այն չկատարել)։ Հաստատվեց Իռլանդական Ազատ Պետության իշխանությունն Իռլանդիայում։ 1923 թվականի մայիսի 24-ին պայմանագրին դեմ հանդես եկող ուժերը վայր են դրել իրենց զենքերը։ Դե Վալերան կողմ արտահայտվեց այս որոշմանը, հայտատարելով՝ «Առայժմ ռազմական հաղթանակը պետք է թողնվի նրանց, ովքեր ոչնչացրել են հանրապետությունը»։ Միառժամանակ թաքնվելուց հետո, 1923 թվականի օգոստոսին Դե Վալերան ձերբակալվել է իռլանդական իշխանությունների կողմից և բանտարկվել Քիլմեյնամի բանտում։ Ազատ է արձակվել 1924 հուլիսի 24-ին։

Ընդդիմադիր գործունեություն և վերադարձ իշխանության[խմբագրել | խմբագրել կոդը]

1926 թվականի մարտին Դե Վալերան հիմնել է նոր կուսակցություն՝ «Ֆիաննա ֆոյլ» (իռլանդերեն նշանակում է «ճակատագրի մարտիկներ»), որին միացավ «Շինն Ֆեյն» կուսակցության անդամների մեծ մասը։ 1927 թվականի հունիսի 9-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Ֆիաննա ֆոյլ» կուսակցությունը զբաղեցրեց երկրորդ տեղ, դառնալով խորհրդրանում գլխավոր ընդդիմադիր ուժը։ 1932 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Ֆիաննա ֆոյլը» դարձավ խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը։ 1932 թվականի մարտին Դե Վալերան ընտրվել է Իռլանդական Ազատ Պետության Գործադիր խորհրդի նախագահ (այն է՝ վարչապետ)։ Դե Վալերայի կառավարության նպատակն էր աստիճանաբար հրաժարվել Անգլո-իռլանդական պայմանագրից և Իռլանդիայում հանրապետական վարչաձև վերահաստատել։ Նրա պրոտեկցիոնիստական առևտրային քաղաքականության և այլ քայլերի հետևանքով սկսվել է փոխադարձ պատժամիջոցների և տարիֆների բարձրացման շարան Մեծ Բրիտանիայի հետ, որը հանգուցալուծվել է 1938 թվականին։ 1938-ի Մեծ Բրիտանիայի հետ առևտրային համաձայնության արդյունքում Իռլանդիային են վերադարձվել այն ռազմավարական նշանակություն ունեցող երեք նավահանգիստները, որոնք թողնվել էին բրիտանական վերահսկողության տակ 1921 թվականից հետո։

1937 թվականի Դե Վալերայի կառավարությունը հետամուտ եղավ նոր սահմանադրության ընդունման։ Սահմանադրությունից հանվեցին բոլոր այն դրույթները, որոնք Իռլանդիան կապում էին Մեծ Բրիտանիայի հետ։ Վերացվեց հավատարմության երդումը, որ բոլոր պատգամավորները և կառավարության անդամները պարտավոր էին տալ Մեծ Բրիտանիայի թագավորին։ Փոխարքայի պաշտոնը փոխարինվեց Իռլանդիայի նախագահի պաշտոնով, իսկ Մեծ Բրիտանիայի թագավորի մասին բոլոր հիշատակումները հանվեցին սահմանադրությունից։ Իռլանդական Ազատ Պետությունը վերանվանվեց Իռլանդիա։ Նոր սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ երկրի «ազգային տերիտորիան» էր ողջ Իռլանդիա կղզին, չճանաչելով Հյուսիսային Իռլանդիայի անջատումն Իռլանդիայից։ Նոր սահմանադրությունն ընդունվեց հանրաքվեով և ուժի մեջ մտավ 1937 թվականի դեկտեմբերի 29-ին։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Իռլանդիան չեզոք դիրքորոշում է ընդունել, ինչը նոր լարվածություն է մտցրել անգլո-իռլանդական հարաբերությունների մեջ։ Պատերազմի սկզբում Իռլանդիայում հայտարարվել է արտակարգ դրություն։ 1940 թվականին Մեծ Բրիտանիա վարչապետ Ուինսթոն Չերչիլը Դե Վալերային գաղտնի առաջարկ է արել զիջել Հյուսիսային Իռլանդիան՝ Իռլանդիայի չեզոքությունից հրաժարվելու և պատերազմի մեջ մտնելու դիմաց։ Դե Վալերան մերժել է Չերչիլի առաջարկը։ Չերչիլը կրկնել է այս առաջարկը 1941 թվականին և կրկին ստացել բացասական պատասխան։ 1945 թվականին, Ադոլֆ Հիտլերի ինքնասպանությունից հետո, Դե Վալերան ցավակցել է Դուբլինում Գերմանիայի ներկայացուցչին։ Այս քայլը ևս վրդովեց բրիտանացիներին, և պատերազմի ավարտից հետո Չերչիլը հանդես է եկել ռադիոելույթով, որում բացահայտ բողոքել է պատերազմի ընթացքում Իռլանդիայի պահվածքից։ Չերչիլին՝ Դե Վալերնայի զուսպ արձագանքը մեծ ոգևորությամբ ընդունվեց Իռլանդիայում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Վալերայի գերեզմանը

1975 թվականի օգոստոսի 29-ին Իմոն դե Վալերան մահացել է Դուբլինում։ Նա 92 տարեկան էր։ Հուղարկավորության պետական արարորությունից հետո հողին է հանձնվել Դուբլինի Գլասնևին գերեզմանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gwynn D. R. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118764055 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Lundy D. R. The Peerage

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Coogan, Tim Pat (1993). De Valera: Long Fellow, Long Shadow. London: Hutchinson. ISBN 9780091750305.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353